Բաքվին չդիմակայելը կարող է հանգեցնել ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի․ Լեմկինի ինստիտուտ

  • 11:09 20.09.2023

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել․

«Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրանից բխող բժշկական արտակարգ իրավիճակների՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլ նաև մահանալու վտանգի՝ քաղաքացիական հատվածներին հասցված ավիահարվածների, անօդաչու թռչող սարքերի հարվածների և զանգվածային գնդակոծության հետևանքով։ Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի ունեցավ ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ երկիրը (խմբ.՝ Արցախի Հանրապետությունը), ի վերջո, ստիպված եղավ անկլավ թույլ տալ 2023 թ․ հունիսի 15-ից ի վեր առաջին օգնության առաքման մուտքը։

Այս պահին ժամանակի հրամայականն է, որ հզոր ղեկավարները և պետությունները դեմ կանգնեն Ադրբեջանին և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ագրեսիա չեն հանդուրժի, և որ դրա դեմ կօգտագործվեն ցեղասպանության կանխարգելման գործիքակազմի բոլոր հասանելի տարբերակները։ Եթե նման բան չարվի, ապա արդյունքում այդ ղեկավարները և պետությունները պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար։ Ադրբեջանին չդիմակայելը կարող է նաև հանգեցնել սրացման, որը կբերի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի, քանի որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան տարածքային հավակնություններ են հետապնդում Հայաստանի հարավում և Իրանի հյուսիսում», նշված է հայտարարությունում։

Լեմկինի ինստիտուտը նշում է, որ ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող բոլոր փորձագետները կասկած չունեն՝ «այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է»։