Քիչ առաջ ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրմանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ. սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողություններին: Այս մասին իր ուղերձում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, մենք ծանոթացանք տեքստին ու քանի որ այդ տեքստի ձեւավորմանը ՀՀ-ն որեւէ կերպ չի մասնակցել եւ քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետեւյալն է, որ տեքստում հիշատակվում է ՀՀ զինված ուժերը, եւ խոսվում է ԼՂ-ից Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին: Առաջինը, այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021-ի օգոստոսից Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի: Բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը եւ ԼՂ-ի իշխանությունների կողմից դրա ընդունումը ընդունում ենք ի գիտություն:
Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, ԼՂ-ի հայության անվտանգության հարցն է եւ տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ եւ այլեւս առանց վերապահումների ընդունել են ԼՂ-ի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը՝ ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, եւ ապրելու արժանապատիվ ու անվտանգ: Իմ ընկալումն այն է, որ սրանով նաեւ այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դրված է ռուսական խաղաղապահ առաքելության վրա: Բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով, ՌԴ խաղաղապահ զորախումբը ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված ունեցել ենք որոշակի վերապահումներ»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Հայաստանի հետ, ըստ էության, կապ չունեցող տեքստում Հայաստանի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը եւ գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ: Իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լինել Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը: Այս առումով իմ գնահատականը, առնվազն նաեւ այսօրվա իրադարձությունների համատեքստում, առնվազն գոյության շատ լուրջ իրավունք ունի, բայց դա իմ գնահատականն ու իմ համոզմունքն է:
Մենք տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն, կշարունակենք հետեւել զարգացումներին եւ եթե լրացուցիչ գնահատական, լրացուցիչ ասելիք ունենանք այս առումով, անպայման դա կկիսենք ձեզ հետ:
Վերջին տեղեկատվությունը, որ ինձ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետեւյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է: Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, առավել եւս այս պայմաններում կայունությունը եւ ռազմական գործողությունների դադարը շատ կարեւոր է»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ հիմա ամենակարեւոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. «Գործնական առումով մենք կհետեւենք իրադարձություններին: Մենք գուցե որոշակի մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված եւ լրացուցիչ գնահատականներ եւ ասելիք ունանալու պարագայում անպայման այն կկիսենք ձեզ հետ»: