Եվրախորհրդարանի հանձնաժողովի նախագահը մեղադրել է Բորելին ՀՀ օգնությունը մերժելու համար

  • 18:20 20.09.2023

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, ով մի քանի օր առաջ կոշտ քննադատության էր ենթարկել Շառլ Միշելին եւ նրան մեղադրել ԵԽ բանաձեւերն անտեսելու մեջ, Արցախում իրավիճակի վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, թե «Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ»:

Նրա խոսքով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնության կոչերին։

«Բարձր ներկայացուցիչը մերժել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցության Հայաստանի խնդրանքը՝ պատճառաբանելով խաղաղության, ոչ թե պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ Ադրբեջանն ամրապնդեց իր առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը՝ զենք ստանալով, մասնավորապես, Թուրքիայից և Իսրայելից, ինչի վրա մենք աչք փակեցինք», ասել է նա։

Նշենք, որ Ուկրաինային ռազմական օգնությունը Եվրամիությունն իրականացնում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։

Նատալի Լուազոյի խոսքով, Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունը անտեսել է այդ նախազգուշացումները։ «Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, ովքեր կարծում են, որ մեր պասիվությունը «կանաչ լույս» է վառում», – ասել է Լուազոն:

f