Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված արցախցիները պահանջում են իրենց ուղղաթիռով տարհանել և իրենց պաշտպանություն ապահովել։ Այս մասին իր X միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հազարավոր արցախցիներ, երբ ադրբեջանական ուժերը մոտենում էին Ստեփանակերտին, և հատկապես զինադադարի հայտարարումից հետո, հավաքվել էին ռուս խաղաղապահների շտաբի մոտ։ Նրանք պահանջում են իրենց տարհանել ուղղաթիռով եւ ավելի լավ պաշտպանություն ապահովել»,- գրել է նա։
Ռուսական զորքերը բաց չեն թողնում արցախցիներին։ Ռազմական գործողություններից առաջ շատերը զգուշացնում էին տեղահանությունների՝ որպես էթնիկ զտումների մասին, բայց, ըստ երևույթին, ընտրվեց ավելի “հաջող” տարբերակ՝ հարկադիր շրջափակում և «ինտեգրում», առանց մերժման կամ հեռանալու իրավունքի։
Եթե արցախցիները հեռանան, Կրեմլը ո՞ւմ է«պաշտպանելու», սակայն Լավրովը կարգադրել է «պաշտպանել հայերի՝ որպես ազգային փոքրամասնություն իրավունքները՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում»։ Բաքվին էլ արցախցիների հեռանալը ձեռնտու չէ, թե չէ նրանց կմեղադրեն էթնիկ զտումների մեջ, կարող են նույնիսկ մի երկու սանկցիաներ կիրառել։
Եվ այսպես՝ մարդիկ “չեն հեռանում”, Աղդամից ստանում են լույս, գազ, ջուր, թոշակներ, ի՞նչ էթնիկ զտումներ։ Իսկ այն, որ նրանք բռնությամբ են պահվում, ոչ մեկին ապացուցել չի կարելի։ Չէ՞ որ Արցախ էլ ոչ մեկին չեն թողնի։ Իդեալական գետտո։
Կրեմլը դեռևս որևէ պատճառ չի տեսնում խոսելու Լեռնային Ղարաբաղում «էթնիկ զտումների» մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ թիրախ են միայն ռազմական թիրախները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Մենք համոզված ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»,- ընդգծել է նա։
Ռուսաստանի Դաշնությունը ընդունում է, որ այժմ Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է, ասել է Պեսկովը։ «Իսկ Ադրբեջանը գործում է իր տարածքում, որը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,- հավելել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտում է ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության, հատկապես հասարակության ամենախոցելի հատվածների վրա։
«Անցյալ տարվա դեկտեմբերից նրանք ապրում են շրջափակման մեջ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների։ Ես խորապես անհանգստացած եմ, որ նրանց անվտանգությունը կրկին վտանգի տակ է, և նրանց մարդու իրավունքները ոտնահարվում են՝ ավելացնելով տառապանքը։
Կարևոր է երաշխավորել կանոնավոր և անխոչընդոտ մուտքը մարդասիրական օգնություն տրամադրողների և տեղական բնակչության մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների համար», – ասաց Մարդու իրավունքների հանձնակատարը:
Հանձնակատարը հումանիտար միջանցք չի պահանջել նրանց համար, ովքեր չեն ցանկանում «ինտեգրվել»։ Արդյո՞ք ԵՄ-ն բռնի «ինտեգրումը» էթնիկ զտումներ կանվանի։ Թե՞ Պեսկովի նման կասի, որ Ալիեւը խոստացել է ամեն ինչ անել այնպես, ինչպես պետք է, թեկուզ բռնի։
Եթե Արցախի «համակենտրոնացման ճամբարը» հաջողվի, ապա հաջորդ քայլը կլինի Հայաստանում նույն գետտոն ստեղծելը, դե ինչ՝ փակել Զվարթնոցն ու Շիրակը և հայ-վրացական սահմանը, կառուցել Զանգեզուրի և Ջերմուկի միջանցքները։ Այդ ժամանակ Հայաստանը «սահմաններ» կունենա միայն Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Իսկ ո՞վ է սա անվանելու էթնիկ զտում։