Կրեմլը ուղղորդում է ռուսական ԶԿՄ-ներին՝ Արցախի դեմ ագրեսիան լուսաբանել հայատյաց ոգով․ պաշտոնական փաստաթուղթ

  • 08:59 21.09.2023

Ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու նրա արևմտյան «գործընկերները». Իսկ ռուս խաղաղապահները հերոսաբար փրկում են խաղաղ բնակիչներին գնդակոծությունից

Meduza-ի տրամադրության տակ է հայտնվել ձեռնարկ, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան ՌԴ նախագահի վարչակազմն ուղարկել է պետական ​​և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունները։ Սակայն այն ժամանակ Փաշինյանը և Ալիևը ուղղակիորեն խոսել են միայն իրենց երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման մասին։

Կրեմլի ձեռնարկի տեքստում ասվում է.

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին այս հայտարարությանը դրդել են արևմտյան «գործընկերները», որոնք պետք է ամբողջությամբ կիսեն նրա հետ հետևանքների պատասխանատվությունը։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանին գործելու համար, այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր ներքին գործ։

Կրեմլը պետական լրատվամիջոցներին խորհուրդ է տալիս ռուս խաղաղապահների կարգավիճակը բնութագրել որպես «դիտորդական», մինչդեռ կառավարամետ լրատվամիջոցների աշխատակիցները պետք է պատմեն «քաղաքացիներին տարհանելու» հարցում խաղաղապահների օգնության մասին։ Ձեռնարկը կազմողները առանձին-առանձին խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայում։

f