Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն:
Փաշինյանն այս մասին ասաց ուղիղ եթերում:
Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում են՝ վարչապետը վստահեցրեց. «Այդպիսի բան չկա»:
Կոմունիկացիայի որոշ դժվարություններ ու բարդություններ կան: «Ինչքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից՝ դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան: Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է»,-ասաց վարչապետը:
Վարչապետն ասաց, որ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, դա է տեղեկատվությունը: Դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն: Գոնե այս պահի դրությամբ մենք որևէ նման տեղեկատվության չենք տիրապետում»,-ասաց վարչապետը:
Գնացել է տեղեկատվություն, թե ՀՀ-ն արգելել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները տեղափոխվեն Հայաստան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը դեկտեմբերի 10-ից փակ է։ Այդ ողջ ընթացքում Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել։ Այս շաբաթվա մեկնարկին հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու համար։ Մենք սրա մասին չենք հայտարարել։ Ընդհուպ՝ հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր եք նախապատրաստել՝ մի քանի տասնյակ հազար» , – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե վերլուծելով իրադրությունն այնպիսի տպավորություն է ստանում, թե ուժեր կան, ովքեր ուզում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա։
Էվակուացիան այս իրավիճակի «պլան Ա-ն չպետք է լինի, նույնիսկ՝ «պլան Բ»-ն, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց պետք է լինի անպայմանորեն «պլան Գ»-ն այն նկատառումով, որ հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից ու մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա, մանավանդ, հրադադարի պայմաններում։
«Իհարկե, կան տեղահանված քաղաքացիներ, բայց մեր միջազգային շփումներով մենք խնդիր ենք դնում, որ նրանք վերադառանան իրենց տներ»,- ասաց նա։
Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը չի նշանակում, որ Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու հարցն այլևս Ադրբեջանի օրակարգում չէ, նրա նպատակը չէ: э
Վարչապետը հիշեցրեց՝ դեռ ԼՂ-ի դեմ հարձակման առաջին օրն է ասել, որ այս գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է:
«Սա նաև նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել: Այն, որ ԼՂ-ում հրադադար է հաստատված, դա չի նշանակում, որ այն այլևս այն մարդկանց օրակարգում չէ, որոնք բերել էին օրակարգ»,-ասաց Փաշինյանը:
ԼՂ-ում հաստատված հրադադարի պայմանների բանակցություններին ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունեցել, այդ տեքստի պայմանների քննարկման կողմ չի եղել:
«Մենք տեղյակ ենք եղել, որ նման գործընթաց է տեղի ունենում, բայց մենք որևէ մասնակցություն չենք ունեցել: Եվ ես այդ գործընթացի վերաբերյալ իմ տարակուսանքը հայտնել եմ այն կտրվածքով, որ այնտեղ հիշատակվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ ԼՂ-ից դուրս բերելու մասին՝ այն պայմաններում, երբ մենք ասել ենք, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,-ասաց վարչապետը:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:
«Այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը մեր ունեցած տեղեկատվությամբ՝ ՊԲ-ի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին: Նույնը, համապատասխանաբար, վերաբերում է Ադրբեջանի ԶՈՒ-ին»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին, ցավոք, Ստեփանակերտի մոտակայքում մի միջադեպ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, տեղ-տեղ որոշակի խախտումներ լինում են: