Հայաստանը միջազգային խաղաղապահ ուժեր պահանջեց Արցախի համար

  • 01:31 22.09.2023

Ադրբեջանի ԶՈւ-ն վերահսկում է ԼՂ հիմնական ճանապարհները, հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ փաստացի իրավիճակի մասին։ Այս մասին ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Միամտություն կլիներ կարծել, թե այս ամենը նախապես պլանավորած չի եղել։ Ադրբեջանական ագրեսիան ծավալվել է բարբարոսաբար, դիտավորյալ։ Սա ողբերգության վերջին արարն էր։  Երբ 2022-ի դեկտեմբերին ԱԽ հրատապ նիստ հրավիրեցինք, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց։ Որոշումները չհարգվեցին Ադրբեջանի կողմից, և կրկին խորհուրդը չարձագանքեց։ Միջազգային հանրությունը կասկածամտությամբ արձագանքեց մեր նախազգուշացումներին»,- նշել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ հիմա էլ այս դահլիճում շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին։

«Այս մոտեցումը և այս եզրաբանությունն այլևս կիրառելի ու տեղին չեն։ Չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր»,- նշել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է իր պահանջները ԱԽ-ին․

Դատապարտել մարտական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը։

Պահանջել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից բխող պարտավորությունների լիակատար իրականացում։

Անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում։

Ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կամզակերպությունների համար ԼՂ անխոչընդոտ հասանելիությունը։

Ապահովել կողմերի լիարժեք և բարեխիղճ համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ։

Ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում և 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերադարձը իրենց տներ ԼՂ-ում։

Ապահովել կենսական պարագաների մատակարարման վերականգնումը։

Անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով երկկողմանի ազատ տեղաշարժը։

Պահանջել ադրբեջանական ռազմական մարմինները դուրս գան ԼՂ բնակավայրերից։

Բացառել պատժողական գործողությունները ԼՂ քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ

Հնարավորություն ստեղծել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ լինի, որը կպահպանի անվտանգությունը և կայությունը ԼՂ-ում։