ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ չի ընդունել Արցախի վերաբերյալ, ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ բնակիչներին լքել տարածաշրջանը

  • 08:57 22.09.2023

ՄԱԿ-ում գիշերն ավարտվել է Արցախի հարցով Անվտանգության խորհրդի նիստը, որը նախաձեռնել էր Ֆրանսիան՝ Հայաստանից ստացված նամակից հետո։ ԱԽ-ն որեւէ փաստաթուղթ կամ բանաձեւ չի ընդունել։

Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարարի ելույթում ոչ մի խոսք չկար Ռուսաստանի և Թուրքիայի դերի, ոչ մի խոսք՝ ինքնորոշման իրավունքի մասին։ Ելույթներում միջազգային ուժեր տեղակայելու համար հազիվ լսելի կոչեր հնչեցին, Արարատ Միրզոյանն էլ առաջարկեց մտածել այս մասին, սակայն ՌԴ ներկայացուցչի խոսքերից հետո, թե «ռուս խաղաղապահներին այլընտրանք չի կարող լինել», այս թեման մարեց։

Ավելին, գրեթե բոլոր ելույթներում ասվում էր, որ արցախցին պետք է մնա Արցախում։ Իսկ Բաքվի ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ Փաշինյանի այն խոսքերին, որ արցախցիների ֆիզիկական գոյությանը այժմ ոչինչ չի սպառնում, և նրանց հեռանալու կարիքը չկա։

Լեռնային Ղարաբաղից քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով անընդունելի է, ասել է ԵՄ խոսնակ Բորելը։

Անհույս վիճակում գտնվող մարդկանց տարհանումը ԵՄ-ն, փաստորեն, համարում է «էթնիկ զտում» և կոչ է անում ստիպել «ինտեգրվել», որպեսզի ոչինչ չսպառնա տարածաշրջանային խաղաղությունը ապահովող «Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին»։

Արարատ Միրզոյանը հազիվ իրեն ստիպել է առաջարկել՝ «դիտարկել խաղաղապահ ուժերի ստեղծման հնարավորությունը, որը կպահպանի անվտանգությունն ու կայունությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՄԱԿ-ի մանդատով»։ Թեկուզ նա չի պնդել եւ չի բացատրել, չնչու է դա հիմա առաջարկում։

Նա ոչինչ չի ասել տարհանման անհրաժեշտության մասին, սակայն կոչ է արել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և… ապահովելու վերջին ագրեսիայի ժամանակ եւ 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանվածների վերադարձը իրենց տներ։ Լեռնային Ղարաբաղ։ Այսինքն՝ ոչ միայն արցախցիներին չազատել, այլեւ այնտեղ տանել 2020թ. տեղահանվածներին։ Ըստ երեւույթին, որպեսզի «ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին» ոչինչ չսպառնա։

ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել Բաքվին «պահպանել ռազմական գործողություններր վարելու կանոնները»՝ նշելով, որ «Ադրբեջանը միջազգային պարտավորություններ ունի հարգելու իր տարածքում ապրող բոլոր մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները»։ Նա ընդգծել է «միջազգային առաքելության տեղակայման կարևորությունը՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը»։ Բայս նույնպես չի պնդել։

Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ «Ադրբեջանը պարտավոր է շոշափելի երաշխիքներ տալ, որ ուժ չի կիրառի և միջազգային հանրության աջակցությամբ կգնա խաղաղ երկխոսության։ «Ադրբեջանը պարտավոր է համաներում տրամադրել զինվորականներին և ուժերին, որոնք ընդունել են հրադադարը, բացի միջանցքից, նա պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական առաքելություն»,- ասաց նա։

Ռուսաստանի ներկայացուցչի խոսքով՝ պետք է մշակվի ճանապարհային քարտեզ՝ «Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Ադրբեջանի սահմանադրական համակարգին ինտեգրելու համար»։

«Ռուսական խաղաղապահ առաքելությանը այլընտրանք չկա, մենք մտադիր ենք շարունակել աշխատանքը բոլոր ոլորտներում, որոնք համաձայնեցրել են երեք առաջնորդները», – ասել է Ռուսաստանի ներկայացուցիչը։

Եւ այլն․․․ Փաստորեն, բոկորն, այդ թվում Հայաստանը ճանաչեցին Բաքվի ցեղասպանության իրավունքը՝ Արցախի ժողովրդին զրկելով անգամ տարհանման իրավունքից։

Թուրքիայի ներկայացուցիչը, ով չգիտես ինչու ներկա էր այնտեղ, հայտարարեց հաջորդ նպատակի մասին՝ «Զանգեզուրի միջանցքը»։ «Արցախյան օպերացիայի» հաջողությունը եւ ՄԱԿ-ի արձագանքը հուսադրող է։