Տեղեկատվական խառնաշփոթը սպառնում է հանգեցնել քաոսի: Ո՞ւր են Արցախի իշխանությունները

  • 16:08 23.09.2023

Համացանցում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական զորքերը մտել են Ստեփանակերտ, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։ «Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտելուց հետո, իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար ռուս խաղաղապահները տեղակայվել են Ստեփանակերտի արվարձաններում, այդ թվում՝ Կրկժան թաղամասում”, ասված է հաղորդագրության մեջ։

Այսօր առավոտյան նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի անունից տեղեկություն եւ տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիները տանկերով մտնում Ստեփանակերտ։ Ըստ երևույթին, Բեգլարյանի հաշիվը կոտրվել է։

Հայկական մի շարք լրատվամիջոցներ տարածել են այդ տեղեկատվությունն, որն այս անգամ Ստեփանակերտում խուճապի ալիք չի բարձրացրել։ Երկու օր առաջ նմանատիպ տեղեկություններն արդեն իսկ ահաբեկված, առանց կապի մնացած բնակիչներին ստիպեցին լքել իրենց տները։ Հետո պարզվեց, որ լուրերը սուտ են, և մարդիկ վերադարձել են իրենց տները։

Այսօր ոչ ոք խուճապի չի մատնվել, սակայն տեղեկատվական ահաբեկչությունը դարձել է վտանգավոր մարտահրավերներից մեկը այն պայմաններում, երբ մարդիկ նույնիսկ հեռանալու հնարավորություն չունեն։ Պաշտպանվելու տեղ էլ չկա. «անվտանգության» սուտի երաշխավորները՝ ի դեմս ռուսական զորքերի, ակտիվորեն մասնակցում են են ցեղասպանությանը և հայկական բանակի զինաթափմանը։

Միևնույն ժամանակ, ռուսական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում՝ հայտնելով, որ իբր օգնում են արցախցիներին, կերակրում և «տարհանում» իրենց տներից՝ արտաքսումը ներկայացնելով որպես բարեգործություն և «խաղաղապահություն»։ Իսկ Բաքվի պաշտոնյաները բացահայտ ստում են, թե միջանցքը բաց է, որ իրենք սնունդ ու այլ բաներ են տրամադրում արցախցիներին, բայց Հայաստանը չի ընդունում հայերին՝ սուտ հայտարարություններով միա այլկարգի տեռորի ենթարկելով ժողովրդին։

Արցախի կառավարությունը պետք է ստանձնի տեղեկատվական ղեկը և կառավարի առնվազն տեղեկատվական հոսքերը։ Հասկանալի է, որ ամեն ինչ բարդ է, սակայն տեղեկատվության պակասը սպառնում է հանգեցնել քաոսի՝ հասկանալի հետեւանքներով։