Փաշինյան․ Եթե չկարողանանք միջազգային մեխանիզմներ ստեղծել, ԼՂ-ի մեր քույրերին եւ եղբայրներին կընդունտնք Հայաստանում

  • 13:10 24.09.2023

Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ՝ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետեւություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, իր հերթական ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ի՞նչ է տեղի ունենում, եւ ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական է ապագայի համար։ Վերջին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի եւ անվտանգության տեսակետից։ Սա երեւաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022-ի սեպտեմբերին, եւ ցանկը դեռ կարելի է շարունակել։

2020 թվականի դեկտեմբերին ԼՂ-ի Խծաբերդի եւ Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ-ի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը ԼՂ-ի վրա լրջագույն հարցեր են բարձրացնում նաեւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների եւ մոտիվների մասին։ Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ի հայությունը այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում. «եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ եւ էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ-ի հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։

Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։ Իհարկե, ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ-ի մեր քույրերին եւ եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետություն։ Սրանով, սակայն վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլեւ ավելի կսրվեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել եւ իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»։