Համաշխարհային մամուլը աչքերը գետնին անդրադառնում է Արցախի բնիկ ժողովրդի արտաքսմանը իրենց հազարամյա հայրենիքից՝ այդ գործընթացն անվանելով կա՛մ «գաղթ», կա՛մ «կամավոր տարհանում», կա՛մ «էթնիկ զտումներից խուսափելու փորձ»։ Արտասահմանյան, փաստորեն, և հայկական մամուլը խուսափում են ճշգրիտ իրավական գնահատականներից՝ «բռնի տեղահանում» և «ցեղասպանություն»:
Խուսափելը պայմանավորված է մի քանի գործոններով.
1․ Մի ամբողջ ժողովրդի ողբերգությունը որպես տեղահանություն և ցեղասպանություն գնահատելը ենթադրում է մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործությունների մեղադրանքներ, որոնք պետք է առաջադրվեն Արցախի վերացման շուրջ կոնսենսուսի բոլոր կողմերի՝ Բաքվին, Մոսկվային, Անկարային, Թել Ավիվին և հայ քաղաքական դասին։
2․ Նման գնահատումը ներառում է փախստականների և ցեղասպանության զոհերի կարգավիճակի շնորհում՝ վնասի համապատասխան գնահատմամբ, փոխհատուցմամբ և պատմական հուշարձանների, գերեզմանատների և լքված մշակութային արժեքների անվտանգության համար միջազգային կառույցների պատասխանատվություն։
Տեղահանությունն իր անունով կոչելուց և քաղաքական գնահատական տալուց հրաժարվելը նշանակում է, որ Արցախի ժողովրդին ցեղասպանության դատապարտած ուժերն ու երկրները պատրաստվում են թողնել ճակատագրի քմահաճույքին, ինչպես Բաքվից և Սումգայիթից 1990-ի սկզբի բռնագաղթածներին են թողել։ Ինչպես 2020թ. Հադրութից ու Շուշիից բռնի տեղահանվածներին են թողել։
Այդ ուժերը մտադիր են իսպառ վերացնել հայկական մշակութային ու պատմական հետքը տարածաշրջանում՝ դրանով իսկ փոխելով Հայկական լեռնաշխարհի աշխարհաքաղաքական կառուցվածքը ողջ աշխարհի աչքի առաջ։ Եթե սրան գումարենք Երևանում և Հայաստանի մնացած քաղաքներում նկատելի ժողովրդագրական փոփոխությունները, ապա կարող ենք փաստել, որ Հայկական լեռնաշխարհում հայ էթնիկական խմբի գերակշռությունն ավարտվում է։
Հայաստանի գործող իշխանությունն ու ընդդիմությունը երբեք մեղադրանք չեն առաջադրի հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանության մեղավորներին, հատկապես Մոսկվային։ Դա պետք է անեն հասարակությունը և կազմակերպությունները, որոնք հիմնական մեղադրյալների թվում կներառեն Հայաստանի ներկայիս իշխող կուսակցությանը։ «Քաղաքացիական պայմանագիրն» այսուհետ պատմության մեջ կմնա ամոթի խարանով։ Այս իմպոտենտ կուսակցության կողմից իր քաղաքականության հիմք ընդունված “դիմադրության մերժումը” հասել է «զանգեզուրին». արդեն ասում են, որ եթե «միջանցքը» կանխելու համար պետք է զոհաբերել ևս հարյուր հայի, ավելի լավ է համաձայնվել միջանցքին՝ առանց «զոհերի և հերոսների»:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: