Գուտերեշը, Օսմանին ու Թյուրքը մտահոգված են Ղարաբաղից փախստականների հետ կապված իրավիճակով

  • 23:13 26.09.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի մեծ թվով բնակիչների Հայաստան տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակով, կազմակերպությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հակը։

«Գլխավոր քարտուղարը շատ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց տեղափոխությամբ դեպի Հայաստան։ Կարևոր է, որ տեղահանված բնակչության իրավունքները պաշտպանված լինեն, և նրանք ստանան իրենց անհրաժեշտ մարդասիրական օգնությունը, ինչպես նաև պաշտպանությունը փախստականների մասին միջազգային իրավունքի համաձայն», – ասել է նա:

«Այս պահին մենք մարդասիրական աշխատանքով չենք զբաղվում։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի և փախստականների հարցերով վարչության ներկայացուցիչները, այնուամենայնիվ, այնտեղ են՝ Հայաստանի հարավում, ուր գնում է տեղահանված բնակչության մեծ մասը»,- շարունակել է նա։- «Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղից է այն շարժվում, որքան գիտեմ, այնտեղ կան ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Ժնևում տարածված հայտարարության մեջ նա կոչ է արել պաշտպանել էթնիկ հայ բնակչության իրավունքները։

«Ես մտահոգությամբ եմ հետևում փխրուն հումանիտար իրավիճակի զարգացմանը։ Կարևոր է, որ էթնիկ հայ բնակչության իրավունքները պաշտպանված լինեն տեղերում, և բոլոր գործողությունները հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա»,- նշել է Թյուրքը։ «Բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն։ Տուժածներին պետք է հասանելի լինի մարդասիրական օգնությունը»,- ընդգծել է նա։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ պետությունների պարտականությունն է երաշխավորել էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների «սեփական մշակույթը զարգացնելու, սեփական կրոնը դավանելու կամ սեփական լեզուն կիրառելու» իրավունքը: «Յուրաքանչյուր պետություն պետք է նաև պաշտպանի իր տարածքում գտնվող փոքրամասնությունների գոյատեւումն ու ազգային կամ էթնիկական, մշակութային, կրոնական և լեզվական ինքնությունը», – հայտարարել է Թյուրքը։

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կոչ է անում ապահովել անհրաժեշտ հումանիտար մուտք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերվի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյունից տուժածներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության X-ի պաշտոնական միկրոբլոգում:

ԵԱՀԿ գործող նախագահն է Բույար Օսմանին։