Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչպես Կոռնիձորում, այնպես էլ Գորիսում գործող մեր հաշվառման կայաններում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Հաշվառումից հետո հասկանում ենք, թե ով միանգամից տեղավորվելու կարիք ունի։ Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում։ Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրնց նախընտրած վայրը գնալ, իրենք ազատ են որոշելու, թե որտեղ պետք է տեղակայվեն։ Բայց դա չի նշանակում, որ մենք իրենց հետ կապ չենք պահպանում և իրենց խնդիրներին չենք արձագանքում։ Այս օրերին գործարկել ենք առաջնային կարիքի հարթակ, ԼՂ մեր հայրենակիցները կարող են արձանագրել իրենց կարիքները։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 3000 դեպք և դրանց մասով գնահատում է իրականացվելու և մենք աջակցություն ենք տրամադրելու։ Դրանք կարող են տարբեր լինել՝ սննդի կարիք, հագուստ, սոցիալական որոշակի աջակցություն»,-նշեց նախարարը։
Մկրտչյանը նաև ավելացրեց, որ նոր հարթակ են գործարկել. սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակը. «Մենք գիտենք, որ տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ ցանկություն են հայտնել աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը և որպեսզի մենք նրանց հնարավորություն տանք նեցուկ լինել այց գործընթացին և ճիշտ տեղաբաշխենք ռեսուրսները, այս հարթակում արդեն 170 առաջարկ ենք ստացել, կրկին կգնահատենք կարիքները և դրանք համապատասխան կուղղորդենք»։
Նա նշեց, որ նախարարությունն աշխատանքները պլանավորում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով.«Այս պահի դրությամբ մեր խնդիրն է, որպեսզի արցախահայերին հնարավորություն տանք տեղակայվելու։ Մենք գործարկել ենք նաև թեժ գիծը՝ 114, և այս ընթացքում ավելի քան 6000 զանգ ենք ստացել ամենատարբեր խնդիրներով:
Եվ Գորիսում, եւ Կոռնիձորում բազմաթիվ կամավորներ կան եւ մենք գործարկեցինք կամավորների հերթագրման հարթակ: Այս պահին այդտեղ գրանցված են 650 կամավորներ: Այդ հավաքագրումը շարունակվում է եւ վստահ ենք, որ այդ թվերը կմեծանան»,-ընդգծեց նախարարը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: