ԱՄՆ չգիտի՞, որ հայերը հեռանում են․ “մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից գազի եւ ջրի մատակարարումների վերականգնման վերաբերյալ հայտարարված պարտավորությունը”

  • 17:33 28.09.2023

Մենք նախկինի պես խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով եւ կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը եւ խուսափել ռազմական գործունեության ցանկացած վերսկսումից: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Ռ. Քարփենթերը։

«Ինչպես սեպտեմբերի 26-ին նախագահ Ալիեւի հետ զրույցում ընդգծել է պետքարտուղար Բլինքենը, ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններից եւ ապահովել անարգել հումանիտար հասանելիություն։ Ուժի կիրառումն անընդունելի է եւ հակասում է տարածաշրջանում արդար, հարատեւ եւ արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին:

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղի ներսում ստեղծված հումանիտար իրավիճակով: Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից գազի եւ ջրի մատակարարումների վերականգնման վերաբերյալ հայտարարված պարտավորությունը եւ կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այդ եւ այլ պարտավորությունները: Մենք կոչ ենք անում միջազգային մարդասիրական կազմակերպություններին անարգել մուտք գործել տարածաշրջան՝ կարիքավոր բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների համար։

Բացի այդ, մենք կողմերին կոչ ենք անում ապահովել հումանիտար աշխատողների պահպանությունն ու անվտանգությունը։ Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության ջանքերին՝ օգնելու տեղահանվածներին ապաստան եւ հարմարավետություն գտնել Հայաստանում եւ շարունակելու ենք աջակցել Հայաստանի կառավարությանը նրա ջանքերում:

Lեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պետք է հնարավորություն ունենան իրենց տներում մնալ խաղաղության եւ արժանապատվության մեջ։ Նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ եւ վերադառնալ, պետք է ապահով անցում ապահովվի չեզոք, անկախ երրորդ կողմի հսկողության ներքո: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ապահովման համար։

Ադրբեջանը նաեւ պատասխանատվություն է կրում իր ուժերի կողմից միջազգային իրավունքի պահպանման ապահովման համար, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, որը կարգավորում է ռազմական գործողությունների վարումը, քաղաքացիական բնակչության պաշտպանությունը եւ մարտիկների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը: Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, ովքեր մեկնում են Հայաստան, կկարողանան ազատ վերադառնալ իրենց տները։

ԱՄՆ-ն հանձնառու է մարդասիրական օգնություն ցուցաբերել տարածաշրջանին։ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը սեպտեմբերի 26-ին Գորիսում հայտարարել է ավելի քան 11,5 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին՝ աելի քան 23 միլիոն ԱՄՆ դոլարից զատ, որը ԱՄՆ-ն արդեն տրամադրել է որպես մարդասիրական օգնություն 2020 թվականից ի վեր։

Մենք ընդգծել ենք Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի միջեւ երկխոսության կարեւորությունը եւ հույս ունենք ապագայում տեսնել բովանդակալից քննարկումներ։

ԱՄՆ-ն կշարունակի ամենաբարձ մակարդակով համագործակցել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ կայուն խաղաղություն հաստատելու համար»,-նշել է նա։