Արցախի օմբուդսմենը հրապարակել է Սառնաղբյուրում սպանված երեխաների անունները

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։  Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները.

Ալեքսանդր Ալեքսանյան

Գոհար Գրիգորյան

Նվեր Պողոսյան (երեխա)

Միքայել Պողոսյան (երեխա)

Դավիթ Ալեքսանյան (երեխա)։

Արտաքսում

Արցախի առաջին 377 բնակիչները, հիմնականում Եղցաող գյուղից, արդեն Կոռնիձորում են։ 118 մարդ ցանկացել է մեկնել իրենց ընտրած բնակության վայր, իսկ 98-ը ներկայումս ապահովված է կառավարության կողմից տրամադրված բնակարանով:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների արդյունքում տարհանված, անօթևան մնացած և Իվանյան գյուղում գտնվող ռուս խաղաղապահների մշտական ​​տեղակայման գոտու մոտ գտնվող քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի լրատվական ծառայությունից։ Քաղաքացիների այս խումբը ցանկություն է հայտնել տեղափոխվել Հայաստանում գտնվող իրենց հարազատների մոտ։

Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում որոշում է կայացվել, ըստ որի՝ վերոնշյալ քաղաքացիներին Հայաստան անխոչընդոտ տեղափոխելու համար հատկացվել է 30 ավտոբուս։

Իմ ունեցած տեղեկություններով՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ այսօր Մարտակերտից Ստեփանակերտ կտեղափոխվի մոտ 4 հազար մարդ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը։

Զգացողությունն այնպիսին է, որ արցախցիների մեծ մասը ցանկանում է հեռանալ, սակայն Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Շտապ անհրաժեշտություն կա բացել մարդասիրական միջանցք, որը թույլ կտա մարդկանց ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը: Զուգահեռաբար մնացածներին պետք է ապահովվեն միջազգային ամուր երաշխիքներ»,- ասաց նա։

Սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կապահովվի ՊԲ անձնակազմի ելքը Լեռնային Ղարաբաղից Լաչին-Ստեփանակերտ և Քարվաճառ-Վարդենիս ուղղությամբ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ հայտարարության մեջ։ Ճանապարհորդության համար կօգտագործվեն ավտոբուսներ և անձնական տրանսպորտ, ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարությունը պատշաճ հոգալու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածների տարրական կարիքները։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան հայտնել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։ Ներքին տեղահանվածների կարիքների նախնական հաշվառումն ու գնահատումն իրականացվում է Կոռնիձոր համայնքի մոտ գտնվող կետում։ Բնակարանային խնդիրներ ունեցողներին տեղափոխում են Գորիսում ստեղծված համակարգող կենտրոն։ Կեցությունը չի սահմանափակվելու Սյունիքի մարզով, անհրաժեշտության դեպքում կացարան կկազմակերպվի այլ տարածքներում:

Կիրականացվի անօթևան մնացած և Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ

Կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշենք, որ հազարավոր տարհանված արցախցիներ Ստեփանակերտի  օդանավակայանում են, քնում են մեքենաների վրանների մեջ, զրկված են ապրելու տարրական պայմաններից:

«Տեղեկացնում ենք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։

Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ»,- հայտնել է շտաբը՝ հղում անելով ԱՀ կառավարությանը։

Փաշինյան․ Եթե չկարողանանք միջազգային մեխանիզմներ ստեղծել, ԼՂ-ի մեր քույրերին եւ եղբայրներին կընդունտնք Հայաստանում

Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ՝ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետեւություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, իր հերթական ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ի՞նչ է տեղի ունենում, եւ ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական է ապագայի համար։ Վերջին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի եւ անվտանգության տեսակետից։ Սա երեւաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022-ի սեպտեմբերին, եւ ցանկը դեռ կարելի է շարունակել։

2020 թվականի դեկտեմբերին ԼՂ-ի Խծաբերդի եւ Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ-ի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը ԼՂ-ի վրա լրջագույն հարցեր են բարձրացնում նաեւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների եւ մոտիվների մասին։ Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ի հայությունը այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում. «եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ եւ էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ-ի հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։

Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։ Իհարկե, ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ-ի մեր քույրերին եւ եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետություն։ Սրանով, սակայն վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլեւ ավելի կսրվեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել եւ իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»։

Շտապօգնության 23 մեքենա Լեռնային Ղարաբաղից ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու են տեղափոխում. ԱՆ

Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ  Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։ Հայտնում են առողջապահության նախարարությունից:

Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։

Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Լեռնային Ղարաբաղ է հասցվել 150 տոննա հումանիտար բեռ ու 65 տոննա ալյուր

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Եւս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Հերոսների լուսանկարներն հանվեցին, ի հիշատակ մնացին ծաղիկները

Ստեփանակերտում Ազատամարտիկների այգում 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ստենդից հանվել են լուսանկարները։ Քաղաքապետարանից պարզաբանել են, որ դա հարազատների ցանկությունն է, որպեսզի լուսանկարները չվնասվեն հրետակոծությունից կամ չպղծվեն։

Շոլց, Լատինինա և Զախարովա. Նիկոլը մեծ մարգարե է

Երբ Բլինքենը, Շոլցը, մնացածը, նույնիսկ հայերին կարեկցող «հայերի նման հին» ռուս լիբերալներն ասում են, որ այո, իհարկե, «իրավական առումով Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», ի՞նչ նկատի ունեն: Կոնկրետ ի՞նչ իրավական փաստաթղթեր: Դրանցից ոչ մեկը չի մեջբերում անգամ ամենաանտեսված միջազգային փաստաթղթ, որտեղ կճանաչվեր այդ պատկանելությունը։ Նույնիսկ Ալիևը հղում չի անում նման փաստաթղթերին, քանի որ դրանք չկան։ Եթե ​​նրանք լինեին, ապա վաղուց բոլորի աչքի մեջ կմտցնեին։

Փաստաթղթերի բացակայության փաստը հաստատում են Լավրովն ու сo, ովքեր իրենց հանցանքներն արդարացնելու համար հղում են անում բացառապես Նիկոլի բանավոր հայտարարությանը։ Ի՞նչ եք կարծում, Լավրովը կանդրադառնար կասկածելի Նիկոլի կասկածելի հայտարարությանը, եթե իր ձեռքում ունենար «Ղարաբաղի պատկանելության» վերաբերյալ «երկաթբետոնե փաստաթղթեր։

Չէր անի, բայց որտեղի՞ց գտնել նման օրինական ապացույցներ, եթե նրանք չկան: Նիկոլը ժամանակին «գտել է» միայն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, սակայն Ալիևն նույնիսկ դա չի ճանաչել, քանի որ այն չի ներառում Ղարաբաղը։ Եվ ակնհայտ է, որ եթե այս հանցավոր կառույցի տակից հանեք «Նիկոլի բանավոր ճանաչումը», ապա կառույցը կփլվի։ Հենց դրա համար են նրան պահում։

Նիկոլը երեք հայտարարություն արեց, որոնք պահում են այս կառույցը. «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», «Ղարաբաղում ֆիզիկական վտանգ չկա բնակչության համար», և «եթե պահանջենք բացել Լաչինի միջանցքը եւ փրկել մարդկանց, մեզ կմեղադրեն էթնիկ զտումների մեջ»։ Բոլորը ուրախությամբ վերցրեցին ու անխնա օգտագործում են այս երեք կեղծ սյուների վրա կառուցված կառույցը, որպեսզի Հայաստանն ակամա չշեղվի մատաղի զոհասեղանի ճանապարհից և փրկի 120 հազար արցախցի՝ սեփական հողի վրա և արժանապատիվ ապրելու իրենց բնածին իրավունքով։ Աշխարհը ճանաչում է ոչ թե իրավունքն ու արժանապատվությունը, այլ այն, ինչ ասել է մեծն Նիկոլ մարգարեն։ Պետք է նրան Նոբելյան մրցանակ տալ։ Նիկոլայ Հրաշագործն ու Սանտա-Կլաուսն էլ այսուհետ կպատկերվեն Նիկոլի դեմքով։

Ամբողջ աշխարհի կեղծավորությունը՝ սկսած Շոլցից, Բլինքենից, վերջացրած Զախարովայով, Լատինինայով, ավելի փոքր արիստովիչներով ու վասաձեներով, զուգորդված տեղացի արցախատյացների հետ, ուղղված է արդարացնելու ռուս-թուրքական ագրեսիան, իսկ Հայաստանում՝ փաստարկել դատապարտված ընթացքը դեպի Թայիփ Յաթաղանի ու նրա կամակատար Պուտինի զոհասեղան։

«Ժողովրդավարական» համաշխարհային հանրությունը, ոտնահարելով իր բոլոր արժեքները (ինչպես պարզվեց՝ կեղծ), հրահրում է Հայաստանի կոտորածը՝ պարզապես Ուկրաինայի համար օրակարգում պահելու սուրբ «1991»-ը, տխրահռչակ «սահմանների անձեռնմխելիությունը», որոնք գծված են, ի դեպ, բոլորի սիրելի Ստալինի կողմից։

Ճիշտ է, արդեն բացահայտ ասում են, որ ռուս-թուրքական նորացված դաշինքը Հայաստանի նվաճումից հետո մինչև նոյեմբերի վերջ «կլուծի» Ղրիմի, Կիպրոսի, Աբխազիայի և «Հարավային Ադրբեջանի» հարցը։ Էրդողանը նոր հողեր է ձեռք բերում Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։

Ռուս-թուրքական դաշինքը այս պահին հիմնված է Նիկոլի բանավոր հայտարարության և Շոլցի ու Լավրովի կողմից այս «հայտարարությունը» որպես «օրինական պատկանելություն» ճանաչելու վրա։ Աշխարհը մանրացել է։

ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար: Ամատունին նաև հավելել է, որ երեկ կազմակերպության միջոցով 9 վիրավոր տեղափոխել է ԼՂ տեղական հիվանդանոցներ:

«Ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 19-ի, սա առաջին անգամն է, որ մեր կազմակերպությունը կարողացել է հասցնել սննդային պարագաներ տեղի բնակչությանը: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մեր թիմերն աշխատում են՝ նաև որոշում կայացնողերի հետ քննարկելով տարբեր կարիքները և հնարավորությունը կրկնելու նման աջակցությունը, ինչպես նաև այլ հարցերով փորձել ենք մարդասիրական առաքելությունը իրականացնել»,- ասել է նա:

Ւնֆոշտաբը հաղորդում է պայմանավորվածությունների մասին

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.

-Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ,

-որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,

-ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,

-Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,

-սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,

-Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:

Մեր հայրենակիցներին խնդրում ենք պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների:

Այս օրհասական պահին իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը: