«Մարտակերտի բնակչին խաղաղապահները համոզել էին, տարել էին դաշտ, տրակտորի ղեկին Ադրբեջանի դիպուկահարը սպանել էր նրան՝ խաղաղապահն էլ կողքը նստած»

Հայաստանը չի կարող աչք փակել ռուս խաղաղապահների ձախողումների վրա, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ տարի Մարտակերտի բնակչին խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները համոզել էին, տարել էին դաշտ ու ասել, որ մենք երաշխավորում ենք քո անվտանգությունը, կարող ես քո տրակտորով դաշտը հերկել, տրակտորի ղեկին Ադրբեջանի դիպուկահարը սպանել էր նրան՝ խաղաղապահն էլ կողքը նստած»,- նշեց Փաշինյանը։

Նա ասաց, թե շատ բաներ կան, որ հայկական կողմը չի ցանկացել բարձրաձայնել, խոսել այդ մասին՝ հասկանալով, որ իրավիճակը բարդ է։

«Բայց մեկ, երկու, երեք, չորս, հինգ, տասը…ըստ էության, այս վերջին բռնկումը ինչո՞ւ է տեղի ունեցել, եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչո՞ւ հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, ի վերջո, բոլորն ահազանգում էին դրա մասին, ու մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»,- ասաց նա։

Արցախում հեռախոսակապի խնդիրը հնարավոր կլինի լուծել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում

Արցախի Հանրապետությունում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով, ինչը հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ն:

«Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից ու մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն:

Փաշինյանն այս մասին ասաց ուղիղ եթերում:

Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում են՝ վարչապետը վստահեցրեց. «Այդպիսի բան չկա»:

Կոմունիկացիայի որոշ դժվարություններ ու բարդություններ կան: «Ինչքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից՝ դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան: Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է»,-ասաց վարչապետը:

Վարչապետն ասաց, որ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, դա է տեղեկատվությունը: Դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն: Գոնե այս պահի դրությամբ մենք որևէ նման տեղեկատվության չենք տիրապետում»,-ասաց վարչապետը:

Գնացել է տեղեկատվություն, թե ՀՀ-ն արգելել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները տեղափոխվեն Հայաստան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը դեկտեմբերի 10-ից փակ է։ Այդ ողջ ընթացքում Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել։ Այս շաբաթվա մեկնարկին հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու համար։ Մենք սրա մասին չենք հայտարարել։ Ընդհուպ՝ հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր եք նախապատրաստել՝ մի քանի տասնյակ հազար» , – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե վերլուծելով իրադրությունն այնպիսի տպավորություն է ստանում, թե ուժեր կան, ովքեր ուզում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա։

Էվակուացիան այս իրավիճակի «պլան Ա-ն չպետք է լինի, նույնիսկ՝ «պլան Բ»-ն, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց պետք է լինի անպայմանորեն «պլան Գ»-ն այն նկատառումով, որ հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից ու մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա, մանավանդ, հրադադարի պայմաններում։

«Իհարկե, կան տեղահանված քաղաքացիներ, բայց մեր միջազգային շփումներով մենք խնդիր ենք դնում, որ նրանք վերադառանան իրենց տներ»,- ասաց նա։

Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը չի նշանակում, որ Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու հարցն այլևս Ադրբեջանի օրակարգում չէ, նրա նպատակը չէ: э

Վարչապետը հիշեցրեց՝ դեռ ԼՂ-ի դեմ հարձակման առաջին օրն է ասել, որ այս գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է:

«Սա նաև նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել: Այն, որ ԼՂ-ում հրադադար է հաստատված, դա չի նշանակում, որ այն այլևս այն մարդկանց օրակարգում չէ, որոնք բերել էին օրակարգ»,-ասաց Փաշինյանը:

ԼՂ-ում հաստատված հրադադարի պայմանների բանակցություններին  ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունեցել, այդ տեքստի պայմանների քննարկման կողմ չի եղել:

«Մենք տեղյակ ենք եղել, որ նման գործընթաց է տեղի ունենում, բայց մենք որևէ մասնակցություն չենք ունեցել: Եվ ես այդ գործընթացի վերաբերյալ իմ տարակուսանքը հայտնել եմ այն կտրվածքով, որ այնտեղ հիշատակվում  է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ ԼՂ-ից դուրս բերելու մասին՝ այն պայմաններում, երբ մենք ասել ենք, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,-ասաց վարչապետը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը մեր ունեցած տեղեկատվությամբ՝ ՊԲ-ի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին: Նույնը, համապատասխանաբար, վերաբերում է Ադրբեջանի ԶՈՒ-ին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին, ցավոք, Ստեփանակերտի մոտակայքում մի միջադեպ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, տեղ-տեղ որոշակի խախտումներ լինում են:

Արցախցիները Երեւանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անում

2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիները եւ նրանց միացած անձինք բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՌԴ դեսպանատան մոտ։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը, իրենք պահանջում են, որ ռուսական զորքերը անվտանգ միջանցք ապահովեն Արցախից մարդկանց տարհանման համար, որոնց Ռուսաստանը օգտագործում է որպես պատանդ։

Ցուցարարները պահանջում են Ազգային ժողովից արտահերթ նիստ գումարել եւ քննարկել Արցախում բնակվող 120 հազար ՀՀ քաղաքացիների ճակատագիրը։

Հաջորդ օրը պատերազմ էր, հղի կանաց մասին նյութս ուշացավ

Նկարում՝ պատերազմի օրը Ստեփանակերտում ծնված երեխան

Աղետից մեկ օր առաջ խոսում էի շրջափակման մեջ գտնվող հղիների հետ, նյութ էի պատրաստում, թե ինչպես են դիմակայում շրջափակմանը, պլանավորել էի հաջոդ օրը նյութը հրապարակել, բայց հաջորդ օրը պատերազմ էր:

Առաջին միտքս հարազատներս են, ընկերներս, որոնց հետ կապ հաստատել չի ստացվում, բայց հետո՝ այդ երիտասարդ կանայք, որոնք մոռացել են շրջափակման դժվարությունների մասին, և միակ բանը, որի մասին մտածում են՝ իրենց երեխաների, ամուսիների կյանքն է:

Տղամարդիկ նորից պատերազմում են, կանայք կրկին պետք է ուժեղ լինեն, դիմակայեն, կյանքեր փրկեն, սպասեն իրենց եղբայրներին, ամուսիներին, հայրերին:

Երեկ մեր ընկերները պատմում էին մի երիտասարդ կնոջ մասին, ով 2 փոքր երեխաների հետ տեղահանվել էր իր հարազատ գյուղից, սկզբում ամուսնուն էր սպասում՝ ասում էին վիրավոր է, հանգստացնում էին։ Բայց կինը մի բան զգում էր․ Ստեփանակերտ էր եկել ամուսնուն փնտրելու, իսկ ամուսինն արդեն զոհվել էր Արցախի 120.000 հայի համար։

Քրիստինա Ալավերդյան

ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ

Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար խնդիրների, այդ թվում՝ ցանկացողներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցի շուրջ ՀՀ կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

Նման սցենարի սպասարկման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արվում են, մշակվել են տարբեր սցենարներ։

Եվրախորհրդարանի 60-ից ավելի պատգամավոր դիմել է Բորելին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ նամակ են հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իր լայնածավալ հարձակման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոազոն։

«Ավելի քան 60 եվրոպացի պատգամավորներ հետևեցին ինձ՝ պահանջելով, որ Եվրոպան պատժամիջոցներ սահմանի Իլհամ Ալիևի վարչակարգի դեմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա հարձակման համար», – հայտնել է Լուազոն՝ գրառմանը կցելով Բորելին ուղղված նամակի պատճենը։

Ինչպես ասվում է նամակի տեքստում, պատգամավորները ԵՄ-ին կոչ են անում միջոցներ ձեռնարկել էթնիկ զտումները և նոր պատերազմը կանխելու համար։

«Ադրբեջանը նոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Մենք կոչ ենք անում ԵՄ-ին անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ վերջ դնելու սկսվող էթնիկ զտմանը և թույլ չտալու, որ այս հարձակումը վերածվի նոր պատերազմի», – գրված է նամակում։

Պատգամավորները Բորելին հարցնում են, թե «ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման, և ինչպիսի պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել ԵՄ-ն հրադադարի ռեժիմը խախտելու համար պատասխանատու Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»։

Սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման թեմայով։ Պատգամավորները դատապարտել են այդ լայնածավալ հարձակումը և ընդգծել Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը։

Այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր. Կառավարություն

Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի կառավարությունը:

«Դրանց հասցեների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվի հետ պայմանավորվածություն չկա

Արցախի պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվի հետ պայմանավորվածություն չկա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Եվլախում կայացած հանդիպումից հետո նա հայտարարեց, որ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն։

Նշվում է, որ Արցախի պատվիրակությունը լքել է Եվլախը։

Մինչդեռ Բաքվի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ դժվար է ակնկալել, որ բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում։ «Ես կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից։ Պետք չէ սպասել, որ Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում»,- ասել է Ամիրբեկովը Sky News Arabia-ի եթերում։

Պուտինը ուրախ-ուրախ զանգել է Ալիեւին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիեւի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղի “հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման կարեւորությունը”: Երեւի, նա նկատի ուներ, որ պետք չէ մարդկանց թույլ տալ լքել Արցախը, պետք է պահել նրանց այնտեղ, որպեսզի ռուս խաղաղապահների ներկայությունը իմաստավորվի։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման եւ հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը: «Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այդ հարցերի շուրջ փոխգործակցել ռուս խաղաղապահների հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել բանակցային աշխատանքը՝  2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հունով, առաջին հերթին՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի եւ Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, նույն սխեմայով “կբացվեն” ճանապարհները եւ “սահամանազատում” կիրականացվի։ 

Բաքուն օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել

Բաքուն օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել, այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ 13։00-ից, այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ շարունակում են բռնությունները։

Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել են մեկ քաղաքացիական անձի, այժմ կրակում ու շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ»,- X-ում գրել է Բեգլարյանը։

Բաքվի զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն

Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի խոսնակը:

«Դրոշի հետ կապված լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները՝ միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց։

Արցախում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է գրառման մեջ: