Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի «վերաինտեգրման» հարցը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի «վերաինտեգրման» հարցը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Հաթերքից տեղահանվածները պատմում են Մարտակերտի շրջանի իրավիճակի մասին
https://www.facebook.com/step1.am/videos/634141798702177
Ստեփանակերտում գտնվող անձանցից տեղեկություններ են ստացում, որ քաղաքում կրակոցների ձայներ են լսվում։ «Չենք հասկանում ինչ վիճակ ա, լսում ենք կրակոցներ, ծայրամասի բնակիչներին ասել են՝ տնից գնացեք ներքև»,-հայտնում են Ստեփանակերտից։
«Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել», հայտնում են Ստեփանակերտից։
Այլ աղբյուրներ հայտնում են, որ Բաքվի զինվորականները կրակոցներով ներխուժել են Ստեփանակերտ։
Արցախի պատվիրակությունը ռուս զինվորականների ուղեկցությամբ արդեն հասել է Եվլախ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԼՂՀ պատվիրակության կազմում են Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։
Բաքուն ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու»։
Արցախի պատվիրակությունը ռուս զինվորականների ուղեկցությամբ ավտոշարասյունով մեկնել է Եվլախ։ Այսօր տեղի կունենան բանակցություններ Բաքվի ներկայացուցիչների հետ։
Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերել է կոմպետենտություն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված, Բաքուն դա գնահատում է, ասել է Ալիևը։
«Հայաստանի ղեկավարությունը երեկ և այսօր դրսևորեց անսպասելի քաղաքական կոմպետենտություն։ Մենք դա գնահատում ենք և համարում ենք կարևոր գործոն», ասել է Ալիեւը տեսաուղերձում։
Նա նաեւ հայտարարել է․ «Մենք ճանաչում ենք նրանց [Հայաստանի] տարածքային ամբողջականությունը, մենք հայտարարել ենք այդ մասին, մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»/
Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։
«Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:
Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու նրա արևմտյան «գործընկերները». Իսկ ռուս խաղաղապահները հերոսաբար փրկում են խաղաղ բնակիչներին գնդակոծությունից
Meduza-ի տրամադրության տակ է հայտնվել ձեռնարկ, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան ՌԴ նախագահի վարչակազմն ուղարկել է պետական և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունները։ Սակայն այն ժամանակ Փաշինյանը և Ալիևը ուղղակիորեն խոսել են միայն իրենց երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման մասին։
Կրեմլի ձեռնարկի տեքստում ասվում է.
Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին այս հայտարարությանը դրդել են արևմտյան «գործընկերները», որոնք պետք է ամբողջությամբ կիսեն նրա հետ հետևանքների պատասխանատվությունը։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանին գործելու համար, այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր ներքին գործ։
Կրեմլը պետական լրատվամիջոցներին խորհուրդ է տալիս ռուս խաղաղապահների կարգավիճակը բնութագրել որպես «դիտորդական», մինչդեռ կառավարամետ լրատվամիջոցների աշխատակիցները պետք է պատմեն «քաղաքացիներին տարհանելու» հարցում խաղաղապահների օգնության մասին։ Ձեռնարկը կազմողները առանձին-առանձին խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայում։
Վաշինգտոնը խորապես մտահոգված է Բաքվի ձեռնարկած ռազմական գործողություններով, և կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին։ Նա հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն և ընդգծել է՝ մենք բազմիցս շեշտել ենք, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին։ Քըրբին տեղեկացրեց նաև, որ ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է իր դաշնակիցների և գործընկերների հետ այս հարցի առնչությամբ ու ուշադրությամբ հետևում է զարգացումներին, գրում է Ամերիկայի ձայնը:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի հայությունը հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելուց մեկ օր անց: Համաձայնությունը կնքվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ և նախատեսում է տեղական ժամանակով ժամը մեկից զինադադարի հաստատում, սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում բանակցությունների անցկացում Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայության ներկացուցիչների միջև, Լեռնային Ղարաբաղի հայերի ռազմական ուժերի զինաթափում, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հեռացում տարածքից: Այս վերջին դրույթի վերաբերյալ Երևանը, որը հայտարարել էր, որ չի մասնկացել որևէ տեսքով զինադադարի տեքստի մշակմանը, իսկ ավելի վաղ շեշտել է, որ չի ներգրավվի ռազմական գործողություններում, հայտնել է իր տարակուսանքն այս առիթով՝ շեշտելով, որ «2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ Եվլախում, թե այլուր առաջնային քննարկվող օրակարգային հարց պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդիրը: Կարծում եմ, որ այն դեռևս կպահանջի միջազգային ներգրավվածություն, նկատել է նախկին դեսպանը:
«Ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարող դա ապահովել։ Հանդիսանալով հրադադարի համաձայնագրի միջնորդներ՝ նրանք, սակայն, ի վիճակի չեն պարտադրել հրադադարը, ու կարծում եմ՝ երբեք էլ կարող չեն եղել»,- պնդում է Կազլյարիչը:
Նրա կարծիքով, ռազմական այս վերջին գործողությունները Բաքվի կողմից ավելորդ էին և որևէ կայունություն չբերեցին գործընթացին:
«Ես պարզապես չեմ տեսնում, որ մենք գտնվում ենք կայուն վիճակում, որը կխոչընդոտի մոտ ապագայում նոր պատերազմի վերսկսումը: Ես դա պարզապես չեմ տեսնում»,- նշում է նա, գրում է Ամերիկայի ձայնը:
Ավելի քան 40 ԱՄՆ կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոնկրետ գործողություններ ձեռնարկելու՝ «մանդատ և խաղաղապահ առաքելություն ստեղծելու» համար՝ պաշտպանելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 120,000 հայ քրիստոնյաներին` Ադրբեջանում շարունակվող ցեղասպանությունից, հայտնում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը:
«Մենք միանում ենք Կոնգրեսի հայկական խմբի մեր գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Բայդենին, որը համահունչ է Ցեղասպանության կոնվենցիայով Ամերիկայի բարոյական և իրավական պարտավորություններին, առաջնորդել ջանքերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ ստեղծելու մանդատ՝ աջակցելու, կառավարելու և պաշտպանելու Ալիևի ռեժիմի կողմից ցեղասպանության սպառնալիքի տակ գտնվող Արցախի հայերին»,- ասել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին ուղղված նամակում օրենսդիրները դատապարտել են Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը և հարձակումը արցախցի խաղաղ բնակիչների վրա։ «Այս շաբաթ ադրբեջանական ուժերի զանգվածային հարձակումը մինչ օրս հայերի դեմ նրանց ցեղասպանական արշավի ամենասարսափելի էսկալացիան էր: Այն կոչված էր հպատակեցնելու բնակչությանը, որը ամիսներ շարունակ սովամահ էր եղել ադրբեջանական ռեժիմի օրոք, մինչդեռ նախագահ Ալիևը բազմիցս խաղաղություն և լարվածության թուլացում էր խոստանում Միացյալ Նահանգներին և այլ միջազգային խաղացողներին»:
Օրենսդիրները նախանշել են կոնկրետ քայլեր, որոնք կարող է ձեռնարկել Միավորված ազգերի կազմակերպությունը՝ Արցախի հայ բնակչությանը պաշտպանելու համար։ «Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է արագ գործի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում անկախ մոնիտորինգ իրականացնի և երաշխավորված պաշտպանություն ապահովի անմեղ խաղաղ բնակչության հետագա արյունահեղությունը կանխելու և տարածաշրջանում հայերի անվտանգությունը ապահովելու համար:
ՄԱԿ-ը պետք է նաև շտապ մարդասիրական օգնություն տրամադրի՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և այլ պետական կառույցների հետ համակարգելով և աշխատի ապահովելու, որ Լաչինի միջանցքը բաց մնա մարդասիրական օգնության փոխադրման համար»:
Օրենսդիրները նաև կոչ են արել Բայդենի վարչակազմին կիրառել 907-րդ հոդվածի սահմանափակումները Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ և «պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ ուժեղ ազդանշան ուղարկելու համար, որ մեր երկիրը չի հանդուրժի քաղաքական բռնությունը»:
«Մենք հաստատապես հավատում ենք, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պատասխանատվություն են կրում գործելու և կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը, որին մենք այժմ ականատես ենք լինում: Այս պահը կարող է լինել վերջին հնարավորությունը՝ փրկելու այս մարդկանց և կանխելու էթնիկ զտումները։ Մի վատնեք այն»:
Կոնգրեսականների նամակը հասել է սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին, որտեղ նախատեսվում է քննարկել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հարցը։
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որից 13-ը երեխաներ են: Այս պահին կա հաստատված 10 քաղաքացիական զոհ, որից 5-ը՝ երեխա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ստեփանյանը։
Արցախում ցեղասպանությունը կատարվել է ժամանակակից ռազմագիտության բոլոր կանոններով. սկզբում 9 ամիս սովամահ, բոլոր ռեսուրսների՝ գազի, վառելիքի, դեղորայքի, հացի իսպառ բացակայություն, ապա սեպտեմբերի 19-ի անիծյալ օրը՝ լայնածավալ հարձակում, անմիջապես՝ կապի կայանի ոչնչացում և հոսանքազրկում։
Արցախում սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսվեց «տեղեկատվական գիշերը», և “խավարի” քողի տակ օրը ցերեկով իրականացվեց 21-րդ դարի ցեղասպանությունը։ Թեև նույնիսկ հազվագյուտ ստացված կադրերն ու տեղեկությունները բավարար են ցեղասպանությունը փաստելու համար։ Տեղեկություններ էին ստացվում հազվագյուտ մարդկանցից, ովքեր կարողացել են լիցքավորել հեռախոսը և միանալ ինտերնետին:
Ստեփանակերտի բնակիչներին քշել են նկուղներ, քաղաքն անընդհատ գնդակոծվել է՝ “շումովոյ էֆեկտն” էլ մարդկանց թույլ չէր տակիս փողոց դուրս գալ։ Լուսազրկվել եւ արգելափակվել են պետական և տեղեկատվական լրատվամիջոցները։ Որոշ տեղեկություններ տարածում էին ներկայիս եւ նախկին օմբուդսմեններ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարհանը։ Եղել է մի քանի լուր Արցախի ԱԳՆ-ից եւ ՊՆ-ից։ Հետո իրենք էլ լռեցին։
«Արցախպրես»-ը չէր աշխատում, Արցախի տեղեկատվական շտաբը, ըստ երևույթին, գրավվել էր ռուս «մասնագետների» կողմից, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որոնք հստակ գրված էին ռուս սպեցսլուժբիստների կողմից։ Անգամ հրադադարին Արցախի ղեկավարության համաձայնության մասին հայտարարության տեքստը ներկայացվել է ռուսերեն տարբերակով։
Բազմաթիվ գյուղերից ռուս «խաղաղապահները» «առատաձեռնորեն» տարհանել են մարդկանց՝ որպես փրկում «սպառնալիքի գոտուց»։ Այսինքն՝ մարտնչող բանակի թիկունքում գտնվող գյուղերը հանձնվել են Ադրբեջանին։ Մահացածների, անհայտ կորածների և վիրավորների թիվը հայտնի չէ։ Մարդկանց բերման ենթարկեցին ինչ-որ «բազաներ», առանց հացի, առանց կապի, նույնիսկ օգնություն խնդրելու հնարավորության։
Ճանապարհին կրակել են մարդկանց, տեղեկություններ կան երեխաների սպանության և դանակահարությունների մասին։ Հարյուրավոր ընտանիքներ չեն կարողանում գտնել միմյանց, համացանցում կան երեխաների լուսանկարներ՝ խնդրելով գտնել: Տեղեկություններ կան սպանված երեխաների մասին, որոնց մարմինները ծնողները չգիտեն, թե ինչպես գտնել: Պարզ չէ նաև, թե «ցուցակներով» քանի հոգի է գերեվարվել որպես “ռազմական հանցագործ”։
Բաքուն և ռուսական քարոզչությունը տեղեկատվություն են տարածում, որ «զինաթափումն» օրինական է, և միայն դա կարող է դադարեցնել պատերազմը տարածաշրջանում։ Պեսկովն ասաց, որ սա «էթնիկ զտում» չէ, Շառլ Միշելը և այլ խավիարակերը համաձայնեցին, միայն խնդրեցին ավելի քիչ մարդ սպանել։ Հայաստանի վարչապետն ասաց, որ ամեն ինչ եղել է ըստ պլանի, միայն նշեց, որ Հայաստանը պետք չէ խառնել, քանի որ եթե խառնեք, այստեղ իշխանափոխություն կլինի։ Բայց Մոսկվան ու Բաքուն ու նրանց նավթը ծծողները չեն ցանկանում Հայաստանում իշխանափոխություն։ Փաշինյանը ոչինչ չի ասել Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մասին։ Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում հիմա խոսում է էթնիկ զտումների, բայց ոչ ցեղասպանության մասին.
Ոչ ոք, այդ թվում՝ Երևանյան իշխանությունները, չպահանջեցին մարդասիրական միջանցք բացել ցեղասպանության ենթարկված մարդկանց համար՝ դատապարտելով նրանց ցեղասպանությունը շարունակելու։
Արցախում փորձարկված 21-րդ դարի ցեղասպանության սխեման՝ “շրջափակում, տեղեկատվական «գիշեր», համակենտրոնացման ճամբար”, ռուսներն ու թուրքերը կօգտագործեն այլ երկրներում, որոնց «կփրկեն» հաջորդիվ՝ Վրաստանում, Իրանում, Հայաստանում, Ուկրաինայում։ Իսկ նրանք, ովքեր ուրախանում են Արցախի ցեղասպանությունից և ասում, որ միայն այսպես «խաղաղությունը կարող է գալ տարածաշրջան», կարող են պատրաստվել այս սխեմային իրենց երկրներում։ Լեհաստանն արդեն պատրաստվում է։
Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնում, նա, ինչպես միշտ, թուրքերի հետ դաշինքում է։