Ադրբեջանական հրթիռակոծությունից զոհված 2 երեխաների մարմինները ծնողները չեն կարողանում գտնել․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում պատմել է ադրբեջանական հրթիռակոծման հետևանքով վիրավորված և զոհված մի քանի երեխաների ճակատագրերի մասին։

Տեսանյութում նա 7-ամյա Ռուզաննա Հայրապետյանի հետ է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից։

«Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը սկսել է իր ցեղասպան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և հրթիռակոծել բնակավայրերը, մի խումբ կանայք և երեխաներ ապաստանել են մի տանը, որը նույնպես հայտնվել է հրթիռակոծության ներքո, ինչի հետևանքով առնվազն 5 քաղաքացիական անձ է զոհվել, որոնցից 3-ը՝ երեխաներ։ Ավելի քան 10 անձ է վիրավորվել, նրանց թվում նույնպես շատ են եղել երեխաները։

Ռուզանն այդ երեխաներից մեկն է։ Նա վիրավորում է ստացել ոտքերի շրջանում, բայց, բարեբախտաբար, նրա վիճակը ծանր չէ, բժիշկներն ասում են, որ նա կքայլի։ Ռուզանի եղբայրն ու քույրը ևս վիրավորվել են։ Ավագ քույրն ինձ պատմել է, որ զոհված երեխաներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մյուս երկուսի գտնվելու վայրը հայտնի չէ, ծնողները չեն կարողանում գտնել նրանց մարմինները։ Երկու զոհված երեխաների եղբայրը ծանր վիրավոր է, գտնվում է մանկական հիվանդանոցում»,- ասել է Բեգլարյանը։

Բեգլարյանի խոսքով՝ ամենաշատ թվով զոհերն ու վիրավորները հենց Սառնաղբյուրից են, քանի որ այնտեղ մեծ խմբով կանայք և երեխաներ են եղել։

«Մեր ունեցած վերջին տվյալներով զոհվել է 5 երեխա, 13-ը՝ վիրավորվել, սակայն փաստահավաք առաքելության արդյունում պարբերաբար նոր դեպքեր ենք հայտնաբերում, այնպես որ տվյալները առաջիկայում կթարմացվեն»,- հավելեց նա։

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսասազրույցում ողջունել է ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման վերաբերյալ

Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից:

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում՝ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության միջնորդությամբ։

ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին Եվլախում:

Ինչու արցախցիներին միջանցք չեն տրամադրում

Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված արցախցիները պահանջում են իրենց ուղղաթիռով տարհանել և իրենց պաշտպանություն ապահովել։ Այս մասին իր X միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հազարավոր արցախցիներ, երբ ադրբեջանական ուժերը մոտենում էին Ստեփանակերտին, և հատկապես զինադադարի հայտարարումից հետո, հավաքվել էին ռուս խաղաղապահների շտաբի մոտ։ Նրանք պահանջում են իրենց տարհանել ուղղաթիռով եւ ավելի լավ պաշտպանություն ապահովել»,- գրել է նա։

Ռուսական զորքերը բաց չեն թողնում արցախցիներին։ Ռազմական գործողություններից առաջ շատերը զգուշացնում էին տեղահանությունների՝ որպես էթնիկ զտումների մասին, բայց, ըստ երևույթին, ընտրվեց ավելի “հաջող” տարբերակ՝ հարկադիր շրջափակում և «ինտեգրում», առանց մերժման կամ հեռանալու իրավունքի։

Եթե ​​արցախցիները հեռանան, Կրեմլը ո՞ւմ է«պաշտպանելու», սակայն Լավրովը կարգադրել է «պաշտպանել հայերի՝ որպես ազգային փոքրամասնություն իրավունքները՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում»։ Բաքվին էլ արցախցիների հեռանալը ձեռնտու չէ, թե չէ նրանց կմեղադրեն էթնիկ զտումների մեջ, կարող են նույնիսկ մի երկու սանկցիաներ կիրառել։

Եվ այսպես՝ մարդիկ “չեն հեռանում”, Աղդամից ստանում են լույս, գազ, ջուր, թոշակներ, ի՞նչ էթնիկ զտումներ։ Իսկ այն, որ նրանք բռնությամբ են պահվում, ոչ մեկին ապացուցել չի կարելի։ Չէ՞ որ Արցախ էլ ոչ մեկին չեն թողնի։ Իդեալական գետտո։

Կրեմլը դեռևս որևէ պատճառ չի տեսնում խոսելու Լեռնային Ղարաբաղում «էթնիկ զտումների» մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ թիրախ են միայն ռազմական թիրախները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Մենք համոզված ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»,- ընդգծել է նա։

Ռուսաստանի Դաշնությունը ընդունում է, որ այժմ Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է, ասել է Պեսկովը։ «Իսկ Ադրբեջանը գործում է իր տարածքում, որը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,- հավելել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտում է ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության, հատկապես հասարակության ամենախոցելի հատվածների վրա։

«Անցյալ տարվա դեկտեմբերից նրանք ապրում են շրջափակման մեջ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների։ Ես խորապես անհանգստացած եմ, որ նրանց անվտանգությունը կրկին վտանգի տակ է, և նրանց մարդու իրավունքները ոտնահարվում են՝ ավելացնելով տառապանքը։

Կարևոր է երաշխավորել կանոնավոր և անխոչընդոտ մուտքը մարդասիրական օգնություն տրամադրողների և տեղական բնակչության մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների համար», – ասաց Մարդու իրավունքների հանձնակատարը:

Հանձնակատարը հումանիտար միջանցք չի պահանջել նրանց համար, ովքեր չեն ցանկանում «ինտեգրվել»։ Արդյո՞ք ԵՄ-ն բռնի «ինտեգրումը» էթնիկ զտումներ կանվանի։ Թե՞ Պեսկովի նման կասի, որ Ալիեւը խոստացել է ամեն ինչ անել այնպես, ինչպես պետք է, թեկուզ բռնի։

Եթե ​​Արցախի «համակենտրոնացման ճամբարը» հաջողվի, ապա հաջորդ քայլը կլինի Հայաստանում նույն գետտոն ստեղծելը, դե ինչ՝ փակել Զվարթնոցն ու Շիրակը և հայ-վրացական սահմանը, կառուցել Զանգեզուրի և Ջերմուկի միջանցքները։ Այդ ժամանակ Հայաստանը «սահմաններ» կունենա միայն Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Իսկ ո՞վ է սա անվանելու էթնիկ զտում։

Եվրոպայի աչքերի առաջ զարգացող էթնիկ զտումները չպետք է անտեսվեն եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կողմից. Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող

ԵՄ-ն պետք է կենտրոնանա այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղում մնացող մարդկանց կյանքերը պաշտպանվեն, իսկ Եվրոպայի աչքերի առաջ զարգացող էթնիկ զտումները չպետք է անտեսվեն եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման թեմայով Եվրոպական խորհրդարանում քննարկման ժամանակ նշեց Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն։

Ըստ եվրապատգամավորի՝ կանխարգելիչ դիվանագիտությունը «լիովին ձախողվել է» ինչպես եվրոպացիների, այնպես էլ միջազգային հանրության կողմից, «որն ամիսներ շարունակ սպասում էր, որ այս ամենը տեղի կունենա»։

«Մենք չպետք է փոխզիջումների գնանք ավտորիտար որևէ վարչակարգի հետ։ Նախ և առաջ, պետք է պատժամիջոցների ենթարկվեն բոլոր նրանք, և ձերբակալման հրամաններ տրվեն բոլոր նրանց համար, ովքեր իրագործում են էթնիկ զտում, որովհետև մենք չենք կարող կրկնել մի բան, որը տեղի է ունեցել Բալկաններում շատ տարիներ առաջ», – ասաց Զովկոն։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների զոհվելու մասին

Դիտակետից վերադարձող ռուս խաղաղապահների ավտոմեքենայի վրա Լեռնային Ղարաբաղի Ջանյաթաղի շրջանում կրակել են հրաձգային զենքից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Տեղեկատվության համաձայն՝ խաղաղապահ զորախմբի անդամների ուղղությամբ արձակված կրակահերթի հետևանքով զոհվել են մեքենայում գտնված զինծառայողները։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է. ԵԽ պատգամավոր

Արցախի հայերը ադրբեջանական հարձակումից հետո կցանկանան հեռանալ տարածաշրջանից, և դա բնական է, քանի որ վերջին ամիսների ընթացքում նրանք ադրբեջանցիների կողմից ենթարկվել են սովի, նրանց եկեղեցիները և մշակութային ժառանգության այլ օբյեկտներն ավերվել են, քաղաքացիական անձինք գնդակոծության են ենթարկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեց շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերշը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման թեմայով քննարկման ժամանակ։

«Բնականաբար, նրանք վախենում են իրենց կյանքի համար․․․ Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է», – արձանագրեց Վեյմերշը՝ շեշտելով, որ ԵՄ-ն որևէ գործողություն չի ձեռնարկում Արցախում էթնիկ զտումները կասեցնելու ուղղությամբ։

Եվրախորհրդարանի հանձնաժողովի նախագահը մեղադրել է Բորելին ՀՀ օգնությունը մերժելու համար

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, ով մի քանի օր առաջ կոշտ քննադատության էր ենթարկել Շառլ Միշելին եւ նրան մեղադրել ԵԽ բանաձեւերն անտեսելու մեջ, Արցախում իրավիճակի վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, թե «Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ»:

Նրա խոսքով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնության կոչերին։

«Բարձր ներկայացուցիչը մերժել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցության Հայաստանի խնդրանքը՝ պատճառաբանելով խաղաղության, ոչ թե պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ Ադրբեջանն ամրապնդեց իր առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը՝ զենք ստանալով, մասնավորապես, Թուրքիայից և Իսրայելից, ինչի վրա մենք աչք փակեցինք», ասել է նա։

Նշենք, որ Ուկրաինային ռազմական օգնությունը Եվրամիությունն իրականացնում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։

Նատալի Լուազոյի խոսքով, Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունը անտեսել է այդ նախազգուշացումները։ «Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, ովքեր կարծում են, որ մեր պասիվությունը «կանաչ լույս» է վառում», – ասել է Լուազոն:

«Հայաստանը չի համաձայնել, համաձայնել է հայատյաց, արյունարբու մի անձնավորություն, որն էն գլխից ատում էր թե արցախահայությանը, թե հայությանը»

Նրանք, ովքեր այսօր ասում են, որ վերջ, Արցախը տրված է, սխալվում են, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ նախ՝ պատմությունը վերջ չունի. «Այսօր պետք է խոստանանք, որ մենք վերադառնալու ենք  մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը մերն է, չի կարող լինել ուրիշներինը: Երկրորդ, մենք պետք է հստակեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանավորվածությանը հավասար գաղտնի և հանցավոր պայմանավորվածությունների  շնորհիվ: Այսինքն դա հանցագործություն է և ոչ միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ կենդանի դիակների կողմից, այլեւ բոլոր նրանց կողմից՝ Շառլ Միշել, Բորել, Բլիքեն, Լավրով, Զախարովա, որոնք ձևացնում են, որ չեն հասկանում, որ բանավոր որևէ հայտարարության հիման վրա, որը չի անցել իրավական ընթացակարգ, չի կարելի մեջբերումներ անել, թե Հայաստանը համաձայնվել է: Հայաստանը չի համաձայնել, համաձայնել է հայատյաց, ամբողջովին ատելությամբ և արյունարբու մի անձնավորություն, որն էն գլխից ատում էր թե արցախահայությանը, թե հայությանը»։

Պուտինը չխոսաց զինադադարի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ։

«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ճանապարհ», ասել է ՌԴ նախագահը Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նիկոլ Փաշինյանի ուղերձը հրադադարի տեքստի վերաբերյալ

Քիչ առաջ ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրմանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ. սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողություններին: Այս մասին իր ուղերձում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, մենք ծանոթացանք տեքստին ու քանի որ այդ տեքստի ձեւավորմանը ՀՀ-ն որեւէ կերպ չի մասնակցել եւ քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետեւյալն է, որ տեքստում հիշատակվում է ՀՀ զինված ուժերը, եւ խոսվում է ԼՂ-ից Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին: Առաջինը, այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021-ի օգոստոսից Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի: Բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը եւ ԼՂ-ի իշխանությունների կողմից դրա ընդունումը ընդունում ենք ի գիտություն:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, ԼՂ-ի հայության անվտանգության հարցն է եւ տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ  նրանք ամբողջությամբ եւ այլեւս առանց վերապահումների ընդունել են ԼՂ-ի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը՝ ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, եւ ապրելու արժանապատիվ ու անվտանգ:  Իմ ընկալումն այն է, որ սրանով նաեւ այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դրված է ռուսական խաղաղապահ առաքելության վրա: Բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով, ՌԴ խաղաղապահ զորախումբը ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված ունեցել ենք որոշակի վերապահումներ»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի հետ, ըստ էության, կապ չունեցող տեքստում Հայաստանի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը եւ գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ: Իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լինել Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը: Այս առումով իմ գնահատականը,  առնվազն նաեւ այսօրվա իրադարձությունների համատեքստում, առնվազն գոյության շատ լուրջ իրավունք ունի, բայց դա իմ գնահատականն ու իմ համոզմունքն է:

Մենք տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն, կշարունակենք հետեւել զարգացումներին եւ եթե լրացուցիչ գնահատական, լրացուցիչ ասելիք ունենանք այս առումով, անպայման դա կկիսենք ձեզ հետ:

Վերջին տեղեկատվությունը, որ ինձ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետեւյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է: Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, առավել եւս այս պայմաններում կայունությունը եւ ռազմական գործողությունների դադարը շատ կարեւոր է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ հիմա ամենակարեւոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. «Գործնական առումով մենք կհետեւենք իրադարձություններին: Մենք գուցե որոշակի մտքերի փոխանակում կունենանք  մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված եւ լրացուցիչ գնահատականներ եւ ասելիք ունանալու պարագայում անպայման այն կկիսենք ձեզ հետ»:

ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Արցախում զինադադարի մասին

Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ, որը կիրականացվի Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համաձայնեցված»,- ասել են գերատեսչությունում։

Կրեմլի խոսնակը չի կարող հաստատել Արցախում հրադադարի մասին տեղեկությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Արցախում ռուս խաղաղապահների միջնորդությամբ հրադադարի մասին տեղեկությունները, հայտնել է, որ չի կարող հաստատել այդ տեղեկությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես դեռ այդ տեղեկությանը մանրամասն չեմ տիրապետում, հետեւաբար չեմ կարող բան ասել այդ հաշվով։ Մեկ անգամ եւս կրկնում եմ. այնտեղ մշտապես շփումներ են իրականացվում, ուստի չեմ կարող ստույգ հաստատել դա»,- տեղեկացրել է Պեսկովը լրագրողներին։