Արցախի իշխանություններն ընդունում են կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկը

«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:

Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ», – հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Մարտակերտը շրջափակման մեջ է. բնակիչներին չեն հասցրել տարհանել

Մոտ մեկ ժամ առաջ Մարտակերտում որոշում է կայացվել տարհանել բնակիչներին, հիմնականում կանանց ու երեխաներին, սակայն այս պահին արդեն տարհանումը կասեցված է։

«Փաստինֆո»-ին Արցախից տեղեկություններ են հասնում, որ բնակիչներին չեն հասցրել տարհանել; «Մոստը խփել են ու փակել։ Կաշենը վերցրել են, մոտակայքով։ Շրջափակման մեջ են, քաղաքի հետ կապ չկա։ Վանք գյուղը և շրջապատը տարհանել են։ Մարտակերտը լրիվ կտրվել է»։

Ստեփանակերտի քաղաքապետարանը կոչ է անում․ տեղաշարժվելու կարիք չկա

Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Այս մասին հաղորդում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

«Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա,  հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սամվել Շահրամանյանի հայտարարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ։ Այս մասին հաղորդում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:

Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

Մահերի և վիրավորների թիվն արագորեն աճում է. Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանական ցեղասպան ուժերը շարունակում են ռազմական գործողություններն ու դիրքային առաջխաղացումը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանն ու օբյեկտներին։ Մահերի և վիրավորների թիվն արագորեն աճում է», գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Բաքվին չդիմակայելը կարող է հանգեցնել ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի․ Լեմկինի ինստիտուտ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել․

«Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրանից բխող բժշկական արտակարգ իրավիճակների՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլ նաև մահանալու վտանգի՝ քաղաքացիական հատվածներին հասցված ավիահարվածների, անօդաչու թռչող սարքերի հարվածների և զանգվածային գնդակոծության հետևանքով։ Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի ունեցավ ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ երկիրը (խմբ.՝ Արցախի Հանրապետությունը), ի վերջո, ստիպված եղավ անկլավ թույլ տալ 2023 թ․ հունիսի 15-ից ի վեր առաջին օգնության առաքման մուտքը։

Այս պահին ժամանակի հրամայականն է, որ հզոր ղեկավարները և պետությունները դեմ կանգնեն Ադրբեջանին և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ագրեսիա չեն հանդուրժի, և որ դրա դեմ կօգտագործվեն ցեղասպանության կանխարգելման գործիքակազմի բոլոր հասանելի տարբերակները։ Եթե նման բան չարվի, ապա արդյունքում այդ ղեկավարները և պետությունները պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար։ Ադրբեջանին չդիմակայելը կարող է նաև հանգեցնել սրացման, որը կբերի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի, քանի որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան տարածքային հավակնություններ են հետապնդում Հայաստանի հարավում և Իրանի հյուսիսում», նշված է հայտարարությունում։

Լեմկինի ինստիտուտը նշում է, որ ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող բոլոր փորձագետները կասկած չունեն՝ «այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է»։

Գուտերեշը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրադրությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը տարածել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառման առնչության և զոհերի՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում, մասին հաղորդումների առնչությամբ։ Նա ցավում է, որ այս անհանգստացնող զարգացումները հաջորդեցին տեղի բնակչությանը սեպտեմբերի 18-ին այդքան անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրմանը։

Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դե-էսկալացնել իրադրությունը և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Նա շարունակում է մտահոգված մնալ տեղում հումանիտար իրավիճակով և կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու հումանիտար կազմակերպությունների լիարժեք հասանելիությունը դրա կարիքն ունեցող անձանց։ Նա կողմերին կոչ է անում կրկին կենտրոնանալ վստահության ամրապնդման և տարածաշրջանում տևական խաղաղության ապահովման ջանքերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքների մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս․ Արցախի ՊՆ

Գիշերվա ընթացքում մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս, հայտնում են Արցախի ՊՆ-ից:

Բաքուն մահաբեր ուժ է կիրառում Ստեփանակերտի բնակելի շրջանների դեմ. ԱՄՆ կոնգրեսականները հայտարարությամբ են հանդես եկել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնը և Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, նշել՝ ամիսներ շարունակ նախազգուշացրել են, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ։

«Դեռևս վաղ է գնահատել ադրբեջանական հարձակման ամբողջ մասշտաբը, սակայն, ըստ ստացվող հաղորդագրությունների, Ադրբեջանը մահաբեր ուժ է կիրառում Ստեփանակերտի բնակելի շրջանների դեմ:

Նախագահ Ալիևն այս հարձակումը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վտարելու նպատակով։ Այսպես կոչված «մարդասիրական միջանցքները», որոնք նրանք բացել են խաղաղ բնակիչների համար, կոչված են միայն շարունակելու էթնիկ զտումների արշավը, բռնության, սովի և վախի միջոցով հարկադրելու նրանց լքել հայրենիքը:

Միացյալ Նահանգները պետք է օգտագործի դիվանագիտական գործիքակազմը, այդ թվում՝ պատժամիջոցները՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղում մնալու հայերի իրավունքը։

Կոչ ենք անում Պետքարտուղարությանը և մեր միջազգային գործընկերներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ադրբեջանական ուժերի հետագա ագրեսիան և ապահովելու մարդկանց անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Երկու մեռնող կայսրություններ իրենց բիճի ձեռքերով փորձում են կոտրել հայ ժողովրդի մի մասի կամքը

Երկու մահամերձ կայսրություններ՝ Թուրքիան և Ռուսաստանը, ամբողջ աշխարհի աչքի առաջ, իրենց բիճի ձեռքերով, փորձում են կոտրել հազարավոր տարիներ իր հողի վրա ապրած հայ ժողովրդի մի մասի կամքը։ Ավելի քան մեկ դար է, ինչ օտար հողի ագահ գիշատիչները չեն կարողանում հաղթահարել արցախցիների՝ սեփական հողի վրա ապրելու բնածին իրավունքի ուժը։

Կայսրությունների բոլոր զենքերն ուղղել են մի փոքր ժողովրդի դեմ՝ կանանց, ծերերին, երեխաներին, տղամարդկանց, ովքեր սովոր են պաշտպանել իրենց տունը։ Քանի զոհ, վիրավոր, քանի գյուղ է արդեն տեղահանվել։ Ամարաս, Կաշեն, Ճանկաթաղ, Դրմբոն, Խրամորթ, Նախիջևանիկ (որտե՞ղ են քո նռերը), ի՞նչ է հաջորդը։

«Անվտանգության երաշխավորը» Մոսկվան ամեն ինչում մեղադրում է Հայաստանին. «Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում պաշտոնական Երևանի ճանաչումը Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Սա փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումը», – ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Պեսկովը, ճանաչելով «Բաքվի ռազմական գործողությունների իրավունքը», կոչ է անում միայն շատ չսպանել խաղաղ բնակիչներին։ Մնում է, որ Պուտինը հայտարարի, որ Արցախի ժողովրդին կարող ենք փրկել միայն Ռոստով և Լուգանսկ տանող ավիաչվերթներով։ Ոչ դեպի Հայաստան։

Շոյգուն գնաց Իրան՝ «այաթոլլաներին երաշխիքներ տալու»՝ եթե չմիջամտեք, օգուտներ կստանաք։ Իրանը համաձայնվեց Ռուսաստանի հետ գործարքի, որը 200 տարի առաջ խլեց Ղարաբաղն իրենից և 1941 թվականին ստեղծեց «սոցիալիստական ​​պետություն» Իրանի սրտում։

Պետքարտուղար Բլինկենի հետ զրույցում Ալիևն ասել է, որ «պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունը»։ Բայց նա չդադարեց, և հիմա էլ Ստեփանակերտը գնդակոծվում է։

Նախագահ Մակրոնը հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրելու։ Ինչպիսի՞ն կլինի իրավիճակը Ղարաբաղում մինչև սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի անկախության օրը։

Երեկ Երևանում մի քանի բողոքի ցույցեր եղան՝ ՄԱԿ-ի շենքի մոտ՝ խաղաղապահ զորքեր տեղակայելու պահանջով, Ռուսաստանի դեսպանատան մոտ, Հանրապետության հրապարակում և Փաշինյանի նստավայրի մոտ։ Ցուցարարների պահանջները լիովին հակասում են Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը։ Հայաստանի իշխանությունը չի խոսում Արցախի անվտանգության երաշխիքների մասին՝ պատասխանատվությունը գցելով Ռուսաստանի վրա։ Խոսվում է միայն «հեղափոխության» և «իշխանափոխության» վտանգի մասին՝ «Աստված մի արասցե Փաշինյանին տապալեն»։ Եվ ով է պատրաստվում է նրան հեռացնել, նա ամեն ինչ անում է «ճիշտ»:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան. «Եթե Ռուսաստանը ցանկանում է մնալ տարածաշրջանում, ապա պետք է որոշ քայլեր ձեռնարկի դա կանխելու համար։ Եթե ոչ, ապա, այո, Ռուսաստանը կհեռանա տարածաշրջանից»։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր ինքնիշխան տարածքը»։ «Հայկական կողմը պարբերաբար զգուշացրել է իր միջազգային գործընկերներին, որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ և ցեղասպանություն կազմակերպել Լեռնային Ղարաբաղում»։

Եվ վերջ, սա է Հայաստանի ներկայիս իշխանության դիրքորոշումը։

Իսկ Արցախի ժողովուրդը հերոսաբար դիմադրում է։ 30 տարի առաջ Ղարաբաղը փլուզեց Խորհրդային Միությունը, հերթում են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Եվրամիությունը։