Ադրբեջանը կալանավորել է ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը շինծու մեղադրանքներով կալանավորել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Մանուկյանը մեղադրվում է «կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն իրականացնելու, զենք-զինամթերք ապօրինի ձեռքբերելու, պահելու և փոխադրելու, զինված կազմավորումներ և խմբեր ստեղծելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» մեջ։

«Սեպտեմբերի 27-ին Դավիթ Մանուկյանը ձերբակալվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել որպես մեղադրյալ, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվն անցել է 91 հազարը

Սեպտեմբերի 29-ի ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 հազար 448 անձ է ժամանել Հայաստան: Հակարի կամուրջը այդ պահի դրությամբ հատել է 19 հազար 103 տրանսպորտային միջոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 հազարի: Հաշվառված անձանց թիվը կազմում է 69 հազար 916: Որոշակի թվային դինամիկայից կարելի է եզրակացնել, որ արդեն կա ժամանողների հոսքի ինտենսիվության նվազում։»,- նշեց նա:

Բաղդասարյանը տեղեկացրեց՝ պետության տրամադրած կեցավայրերից օգտվողների թիվն աճել է:

«Եթե ժամը 12-ի դրությամբ այդ թիվը 20 հազար 306 էր, ապա այս պահի դրությամբ՝ 23 հազար 433 է: Ըստ մարզերի բաշխվածության Արագածոտնու մարզում՝ 976, Արարատի մարզում՝ 6031, Արմավիրի մարզում՝ 2124, Գեղարքունիքի մարզում՝ 2137, Լոռու մարզում՝ 1187, Կոտայքի մարզում՝ 5323, Շիրակի մարզում՝ 837, Սյունքի մարզում՝ 2050, Վայոց ձորի մարզում՝ 1555, Տավուշում 1183 անձ պետության կողմից տրամադրված կեցավայրից է օգտվել»,- պարզաբանեց նա:

Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինստիտուտը նաև աշխարհի առաջնորդներին է մեղադրել ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ։

«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների», – գրում է ինստիտուտը X սոցցանցի իր էջում:

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի կողմից վերջին օրերին արված հայտարարությունն այն մասին, որ կողմերն ունեն տարաձայնություններ և պետք է համաձայնեն խոսել միմյանց հետ ու իրավիճակի հանգուցալուծման հասնել։

Ըստ ինստիտուտի հայտարարության. «Ցեղասպանությունը «պարզապես տարաձայնություններ ունենալու» խնդիր չէ»։

«Ավելին, ենթադրել, որ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել՝ նպաստելով Ալիևի անպատժելիությանը ցեղասպանություն իրականացնելու գործում, լավագույն դեպքում սուտ է: Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է համաշխարհային առաջնորդներին, որ նրանք վարվում են այնպես, որ հնարավոր են դառնում նրանց հանդեպ ոչ միայն ցեղասպանության մեղսակցության մեղադրանքները, այլև հանցագործությանն օժանդակելու և դրդելու մեղադրանքները», – նշված է գրառման մեջ։

«Դասավանդիր Հայաստան»-ը ի աջակցություն արցախահայությանը մեկնարկում է նոր ծրագիր

«Դասավանդիր Հայաստան»-ը ի աջակցություն արցախահայությանը մեկնարկում է նոր ծրագիր բռնագաղթված այն արցախցիների համար, որոնք հետաքրքրված են կրթական ոլորտով և դպրոցներում աշխատանքով: Գրանցվելու համար այցելեք հետևյալ հղումով

Լրացրեք եւ միացեք։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի գերեվարման մասին

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ  Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից գերեվարվել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկություն է հրապարակել «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով հրամանատարին մոտ կանգնած մարդկանց։

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը 2015-18 թվականներին զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ճակատագիրն անհայտ է. ով է դառնալու երաշխավորը

Forrights

Սեպտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը որոշել է ներկայանալ Ադրբեջանի իրավապահ մարմիններին։ Այս որոշման մասին Բաբայանը գրել է ֆեյսբուքյան իր էջում.

Նա ասել է, որ ընդգրկված է Ադրբեջանի սեւ ցուցակում, իսկ ադրբեջանական կողմը պահանջել է, որ նա ներկայանա Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ «Այսօր որոշեցի Ստեփանակերտից մեկնել Շուշի»,- գրել է նա։

Մեկ օր անց հայտնի չէ՝ Բաբայանը հանձնվե՞լ է Ադրբեջանի իշխանություններին, ի՞նչ են արել նրա հետ Շուշիում, թե՞ հաշվի է առնվել նրա կամավոր հայտնվելը։

Նույն օրը Բաքուն մեղադրանք է առաջադրել նախօրեին կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու և օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Ադրբեջանի Հանրապետություն ապօրինի ժամանումը կազմակերպելու մեջ»:

Հայաստանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի  ապօրինի ձերբակալության վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ձերբակալությունը, չի արտասանել Ռուբեն Վարդանյանի անունը և հայտարարություն չի արել Արցախի ղեկավարության տարհանման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին։ Ընդհանրապես, սեփական քաղաքացիներին «լքելը» ներկայիս իշխանության բրենդն է։

Արցախի բնակչության տեղահանությունից հետո Արցախի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ճակատագիրը որոշ բացառություններով հայտնի չէ։ Մասնավորապես, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ասել է, որ առաջիններից է, որ ժամանել է Հայաստան։ Իսկ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասաց, որ ինքն ապահով տեղում է։

Հայտնի չէ, թե ինչ կլինի մնացած պաշտոնյաների հետ, այդ թվում՝ մեկ ամսից քիչ առաջ ընտրված նախագահի, պետական ​​նախարարի հետ, ով երբևէ չի երևացել հանրությանը։ Հայտնի չէ նաեւ, թե ինչ ընթացակարգով են նրանք բաց թողնվելու Հայաստան, կամ մեկ այլլ տեղ։ Reuters-ը հայտնել է, որ Բաքուն ունի մոտ 300 հոգանոց ցուցակ, որոնց նախատեսում է ձերբակալել։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանի անունից տարածված երեկվա ուղերձում նշվում է, որ նա «հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի պետական ​​բոլոր կառույցներն ու կազմակերպությունները լուծարելու մասին»։ Նշվում է, որ հրամանագիրն ընդունվել է «հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքը վայր դրած զինծառայողների ազատ, կամավոր և անարգել անցումը ապահովված է»։ Միևնույն ժամանակ, հրամանագրում չի շոշափվում Արցախի ղեկավարության ճակատագիրը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, պայմանավորվածություններ էին ձեռք բերվել Ադրբեջանի հետ, որոնք նույնպես ոչինչ չեն ասում Արցախի ղեկավարության ճակատագրի մասին։

Խոսակցություններ կային, որ իբր պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուս խաղաղապահների հետ՝ ուղղաթիռներով որոշ մարդկանց տեղափոխելու վերաբերյալ՝ Հայաստան կամ երրորդ երկիր։ Սակայն Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Բաբայանի ճակատագիրը վկայում է պայմանավորվածությունների բացակայության մասին։

ՄԱԿ-ում քննարկումների ժամանակ շատ երկրներ ուշադրություն հրավիրեցին Բաքվի կողմից «հանդուրժողական» վերաբերմունքի անհրաժեշտության վրա նախկին մարտիկների և զենքերը վայր դրած նախկին զինվորականների նկատմամբ։ Շատ սպաներ ու զինվորներ իսկապես արդեն Հայաստանում են, և նրանց դեմ բողոքներ չեն եղել։ Բայց պաշտոնյաներին կարծես «մոռացել են»։

Իսկ ո՞վ կարող է դառնալ պաշտոնյաների Հայաստան անվտանգ տարհանման երաշխավորը։ Պաշտոնական Երեւանն այս մասին հրապարակային հայտարարություններ չի անում։ Ռուսաստանի և արևմտյան ներկայացուցիչների հայտարարություններում եւս նման ակնարկներ չկան, թեև, ըստ ամենայնի, դրանք պատկանում են «քաղաքացիական անձանց» կատեգորիային, որոնց պետք է երաշխավորվի անարգել մուտքը միջանցքով։

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի կալանավորումը, ասաց, որ սա ուղերձ է Հայաստանի ղեկավարությանը, որ իրենք կարող են լինել հաջորդը։

Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորությունը «Եռաբլուրում»

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում Արցախի Մարտունու քաղաքապետ։ Ազնավուր Սաղյանի հուղարկավորության արարողությունը:

Հուղարկավորությանը ներկա են Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամբել Բաբայանը:

Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետեւանքով:

Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի Հանրապետությունը լուծարելու որոշմանը՝ շեշտելով, որ նախագահի ստորագրած հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։

«Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։

Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում», – գրել է նա։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է, Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի

Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի:

Ընդ որում, Հանրապետության նախագահը այս սպառնալիքի փաստը հստակ արտացոլել է իր իսկ հրամանագրում. «հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը և ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից …»:

Այսպիսով, Արցախի Հանրապետության գոյությունը դե ֆակտ դադարել է ագրեսիայի արդյունքում:

Առաջարկում եմ, խնդրում եմ՝ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանին արտագնա նիստ անել և քննարկել այդ հրամանագրի սահմանադրականության հարցը (դիմել կարող են խորհրդարանի պատգամավորները), սա անհրաժեշտ է հետագա իրավաքաղաքական առողջ ու սթափ զարգացումների համար: Արցախի Հանրապետության բոլոր սահմանադրական մարմինները պարտավոր են շարունակելու իրենց վտարանդի գործունեությունը: Չի կարելի այս համատարած ընկճախտի մթնոլորտում ապագա սերնդին զրկել գոնե ամուր իրավական հիմքեր ունենալու հնարավորությունից և տարվել զուտ կենցաղային հարթությամբ մեղավորներ փնտրելու անպտուղ ու ցածրակարգ զբաղմունքով:

Չի կարեի կրկնել այն պատմական մեծագույն սխալը, որ գործեցինք Նախիջևանի պարագայում՝ այդպես էլ երբեք այդ զորեղ փաստարկը չներառելով բանակցային օրակարգ:

Ոճրագործի պարզած ձեռքը սեղմելը և, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելը ևս առոչինչ է լինելու՝ վերը նշված հիմնավորումներով»,  գրել է նա։

ԼՂ-ում պայթյունի վայրից մինչև օրս հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար»,-ասված է հայտարարությունում:

Ցանկալի կլինի, որ ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ- ում. փոխնախարար

Հայաստանի պաշտպանության նախարարության համար ցանկալի կլինի, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք Պաշտպանության բանակի զինծառայողներ են եղել, ծառայության ընդունվեն ՊՆ-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված զինվորականներին ինչո՞վ կաջակցի, որ ծառայեն Հայաստանում բանակում:

«Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ Պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում, որովհետև իրենք մեր հայրենակիցներն են, և իրենց փորձը, զինվորական գիտելիքները ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին»,-ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ այս առումով ՊՆ-ն պետք է ուսումնասիրություն իրականացնի: Եվ այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվել ՀՀ ԶՈՒ-ում ծառայության, Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ կանի, որ այդ հնարավորությունը ստանան: Փոխնախարարը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների մեջ օրակարգային է աշխատանք գտնելու հարցը:

Լեռնային Ղարաբաղ կմեկնի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսների հերթական խմբաքանակը

Երևանի քաղաքապետարանը  շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան ուղևորված 25 ավտոբուսներն արդեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տեղափոխել են Գորիս:

Ավտոբուսների հերթական խմբաքանակը սեպտեմբերի 29-ին կրկին կմեկնի ԼՂ:

«Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»,- ասված է հաղորդագրության մեջ: