Բաքուն ավիահարված է հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին․ զոհերի/վիրավորների թիվը աճում է

Ալիևի ցեղասպան ուժերն ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին։ Գնդակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է: Այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հնարավոր չէ տարհանել: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ադրբեջանական ԶՈՒ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Արցախի ԲԿ-ում այս պահին գտնվում է 80 վիրավոր. արձանագրվել է մահվան 5 դեպք

Ադրբեջանի կողմից սկսած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գտնվում է 80 վիրավոր, նախնական տվյալներով ՝15-ը քաղաքացիական անձիք են։ Արձանագրվել է մահվան 5 դեպք:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:

Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։

Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են

Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

Հորդորում ենք Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները․ Ժոզեպ Բորել

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք մեծ ծավալներով սեպտեմբերի 19-ին իրականացվում են Լեռնային Ղարաբաղի տարբեր հատվածներում՝ հանգեցնելով քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում զոհերի ու վիրավորների։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարության մեջ նշել է, որ հարկավոր է դադարեցնել բռնությունը՝ խաղաղության բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով։

«Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ հատվածներում։ ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում անհապաղ կասեցնել առճակատումը և հորդորում ենք Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։ Հրատապ անհրաժեշտություն կա վերադառնալու Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը։ Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչությանը արտագաղթել։ Բռնությունը պետք է դադարեցվի, որպեսզի բարենպաստ միջավայր ստեղծվի խաղաղության և կարգավորման բանակցությունների համար։ Անհրաժեշտ է բոլոր կողմերի իրական հանձնառությունը՝ աշխատելու բանակցային արդյունքների ուղղությամբ։ ԵՄ-ն շարունակում է լիովին ներգրավված մնալ երկխոսությունը դյուրացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

Պեսկովը «Ադրբեջանի ռազմական գործողության ֆոնին” մտածում է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս զինվորականները փորձում են Լեռնային Ղարաբաղում գործընթացը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության ֆոնին մեզ համար առաջնայինը Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումն է։ Խոսքն, իհարկե, հայ բնակչության մասին է։ Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները: Ռուս զինվորականները փորձում են Լեռնային Ղարաբաղի գործընթացը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն: Դրա համար միակ երաշխիքը ստորագրված եռակողմ փաստաթղթերն են», – ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա չի հաստատել, որ Ադրբեջանը Ռուսաստանին նախապես զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում պատրաստվող գործողության մասին:

«Ես չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղյակ ենք պահվել»,-պատասխանել Է Պեսկովը լրագրողներին այն հարցին, թե արդյոք Բաքուն Մոսկվային տեղյակ է պահել ծրագրերի մասին:

Նա ընդգծել է, որ Կրեմլը ցավով է իմանում, որ Լեռնային Ղարաբաղում արդեն կան զոհեր, ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է խաղաղ բնակչության համար:

«Ինչ վերաբերում է մեր խաղաղապահների զորակազմի ավելացմանը, ապա առաջին հերթին ձևակերպվում է առաջարկը մեր զինվորականների կողմից, և, իհարկե, դա ենթակա է համաձայնեցման բոլոր կողմերի հետ», – պատասխանել Է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք չի նախատեսվում ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանի ուղարկած նամակից հետո կապի մեջ չեն եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, եղել է մանրամասն նամակ, որտեղ շարադրված է հայկական կողմի տեսակետը տեղի ունեցողի վերաբերյալ։ Այդ ժամանակ աշխատանքներ էին տարվում Ղարաբաղ մարդասիրական օգնության հոսքը վերականգնելու ուղղությամբ։ Եվ ի գոհունակություն մեզ, երեկվա դրությամբ այս աշխատանքը պսակվել է հաջողությամբ։ Առաջին խմբաքանակը երկու ուղղությամբ գնաց Աղդամի և Լաչինի ճանապարհներով, սակայն, ցավոք, դա մեզ չփրկեց ռազմական գործողությունների վերսկսումից։ Դրանից հետո այլ շփումներ չեն եղել»,- ասել է Պեսկովը։

Պեսկովն ասել է նաեւ, որ Ռուսաստանը կապի մեջ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ, սակայն շփումները ռազմական գծով են տեղի ունենում։

«Շփումներն իրականացվում են ռազմական գծով, ինչպես նաև այլ գերատեսչությունների միջոցով։ Համաձայնեցվում է ավելի բարձր մակարդակով շփումներ իրականացնելու հնարավորությունը։ Վերջնական պայմանավորվածության հանգելու դեպքում հավելյալ տեղեկատվություն կներկայացնենք։ Խոսքը այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով շփումների մասին է»,- ասել է Պեսկովը։

Մակրոնը Փաշինյանին տեղեկացրել է, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Քննարկվել է Բաքվի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը:

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում:

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը», – գրել է նա:

ԵԱՀԿ գործող նախագահը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ապաէսկալացման կոչ է արել

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման և տեղի բնակչությանը սպառնացող վտանգի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում ռազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության համար դրանցից բխող վտանգի առնչությամբ: Անհապաղ ապաէսկալացման կոչ եմ անում։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և մարդասիրական մտահոգությունները պետք է գերակայեն», – գրել է նա։

Օսմանին հավելել է, որ թեմային կանդրադառնա նաև Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ նախատեսվող հանդիպումների ընթացքում։

«Այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ժամանակ ես հանդիպում կունենամ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և կկրկնեմ իմ կոչը՝ շարունակելու դիվանագիտական շփումները և առաջնահերթությունը տալու կայուն խաղաղության ջանքերին», – հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Ֆրանսիան կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ

Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինության կիրառմամբ ռազմական գործողության սկիզբը, այդ թվում՝ բնակելի շրջանների դեմ, նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ոչ մի արդարացում չի կարող լինել միակողմանի այն գործողությունների համար, որոնք սպառնում են հազարավոր քաղաքացիական անձանց, նրանք արդեն տառապում են մի քանի ամիս տևած ապօրինի շրջափակումից։ Այդ գործողությունները հակասում են բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին:

Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի հարգմանը: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ճակատագրի համար պատասխանատվությունը բացառապես կրում է Ադրբեջանը։

Ֆրանսիան կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ:

Փարիզը սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի վճռական պատասխան տա այս անընդունելի հարձակմանը՝ համաչափ տարածաշրջանի անվտանգության համար ստեղծված ռիսկերին»:

Ստեփանակերտը դիմում է միջազգային ակտորներին

Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ, այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմից։

«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր:

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:

Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով»,- ասվում է հայտարարությունում։