Ջոն Էբներ․ Եթե կառավարությունն ասի, որ Արցախն ինքնորոշման իրավունք չունի, ստիպված կլինեն առերեսվել Սյունիքի խնդրի հետ

Միջազգային հանրությունը, մեծ տերությունները նախագծում են մի ամբողջ ժողովրդի ելքը Լեռնային Ղարաբաղից,: Հենց այդպիսի արդյունք է նախապատրաստվում: Այս մասին սեպտեմբերի 15-ին Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էբները։

Նրա խոսքով՝ մեծ տերությունները օրակարգից հանել են ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«ԱՄՆ-ն խոսում է Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի զուգահեռ բացման մասին։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ երկու ճանապարհները միաժամանակ բացվեն՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում տիրող սովը։ Ինչի՞ կբախվի բնակչությունը»,-հարց ուղղեց Էբները։

Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ համապատասխան պայմաններ չեն եղել, բայց նրանց մի մասը հետագայում վերադարձել է՝ մտածելով, որ անվտանգ կլինի, եւ նրանք կլինեն ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո:

«Այժմ Ռուսաստանից այդ աջակցությունն այլեւս չկա, եւ անհնար է պատկերացնել, որ ժողովուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, եթե նա գտնվի Ադրբեջանի ղեկավարման ներքո»,-ասաց նա։

«Այսօր պատերազմն իրականացվում է դիվանագիտական դաշտում՝ Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի հասնելու նպատակով։ Վերջերս նախագահ Ալիեւի ներկայացուցիչը հայտարարել է, որ ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, եթե անջատողական խմբավորումները շարունակեն պատանդ պահել սեփական ժողովրդին: Դա ցեղասպանության սպառնալիք է։ Ընդ որում, մեծ տերությունները, կարծես, աջակցում են Ադրբեջանին «,-ասաց նա։

Էբները նշեց, որ անհրաժեշտ է պաշտպանել ԼՂ ժողովրդի  իրավունքները։

Ադրբեջանի իշխանությունը  պետք է պատժվի։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է եւ՛ նախագահին, եւ՛ զինվորականներին, եւ՛ տնտեսական պատժամիջոցների սահմանմանը, որոնք պետք է ազդեցություն ունենան ոչ թե ադրբեջանական ժողովրդի, այլ ղեկավարության, պատասխանատվություն կրողների վրա:

Նա հիշեցրեց, որ նույնիսկ 30 տարի անց Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումները, իսկ այսօր պատերազմը հասել է արդեն Հայաստանի տարածք։

«Անցած շաբաթ մենք այցելեցինք Տեղ գյուղ եւ տեսանք Հայաստանի օկուպացված տարածքները։ Այնտեղ արդեն էթնիկ զտումներ են իրականացվում։ Ադրբեջանի նպատակը շատ պարզ է՝ հողն առանց հայերի»,-ասաց նա։

Նա նկատեց, որ ՀՀ կառավարությունը իրավունք չունի ասելու, որ Արցախը ինքնորոշման իրավունք չունի, քանի որ դա միջազգային իրավունք է: «Շատ ռիսկային կլինի, եթե կառավարությունն ասի, որ Արցախն ինքնորոշման իրավունք չունի։ Նրանք, ովքեր կհետեւեն այդ տրամաբանությանը, ստիպված կլինեն առերեսվել Սյունիքի խնդրի հետ»,-եզրափակեց նա։

 

ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը

ՄԻԵԴ-ը մերժել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով հարազատների դիմումը։

Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը «Փաստինֆո»-ին  ասել է, որ դատարանը գտել է, որ խոսքն աճյունի մասին է, եւ անհապաղ միջոցի կարիք չկա, այդ պատճառով էլ ենի դին վերադարձնելու հարցն  անհապաղ չեն քննարկելու։

«Մեզ համար այս որոշումն անսպասելի էր։ Ուզում եմ ընդգծել, որ ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, քույր-եղբայրները Արցախում են ու շատ վատ վիճակում։ Միաժամանակ, Հելենի աճյունը պետական հոգածության տակ չէ, այսինքն, բանակցություններ աճյունն Արցախ վերադարձնելու ուղղությամբ չկան։ Արդեն մոտ մեկ ամիս Գորիսի դիահերձարանում է։ Հայաստանում Հելենը ոչ մի այլ հարազատ չունի, միայն ես եմ և իրավասու չեմ որևէ որոշում կայացնելու»։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ընտանիքի անդամներին տեղափոխեն Հայաստան, որպեսզի այստեղ մասնակցեն աղջկա հուղարկավորությանը, Սաֆարյանը պատասխանել է, որ այդ տարբերակն իրենց համար անընդունելի է։ «Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ եթե նրանք գան Հայաստան, հետո կկարողանան վերադառնալ Արցախ։ Միաժամանակ, եթե հիմա այստեղ հուղարկավորենք՝ հետագայում արտաշիրիմելու հետ կապված խնդիրներ են առաջանալու, իսկ ծնողների համար դա էլ  անընդունելի է։ Հիմա հարազատներն էլ  չգիտեն՝  ինչ են անելու»։

 

Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում հատուկ զեկույցով հանդես կգա Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Armenpress

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Արցախից ստացվող տեղեկությունները մտահոգիչ են ու տագնապալի։ Սեպտեմբերի 15-ին կայացած ասուլիսում Քերոլայն Քոքսը հայտնել է, որ այս շաբաթ իր գործընկերների հետ այցելել է Սյունիքի մարզի Տեղ համայնք, հանդիպել հայ զինվորականների, ովքեր եղել են առաջնագծում, իրենց աչքերով տեսել են այն վայրերը, որտեղ դիրքավորվել են ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումները։

«Մենք այցելեցինք նաև Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեսանք բեռնատարների շարասյունը, որը պետք է հումանիտար օգնություն տեղափոխեր Արցախ, սակայն շրջափակման պատճառով զրկված է այդ հնարավորությունից։ Տեսանք ադրբեջանական անցակետը, որն ապօրինաբար թույլ չի տալիս մարդասիրական բեռներ տեղափոխել կարիքավորներին։ Արցախից մեզ հասած տեղեկություններն իսկապես մտահոգիչ են ու տագնապալի։ Այնտեղ շատերը նույնիսկ ուշաթափվում են սովից, անձամբ տեսել եմ մի մարդու լուսանկարը, ով մահացել է սովահարությունից։ Հղի կանանց 90 տոկոսն ունի անեմիա, վիժումների քանակը սաստիկ ավելացել է սթրեսի բարձր մակարդակի և կենսական ապրանքների ու դեղամիջոցների անհասանելիության պատճառով։ Հատկապես վտանգված է քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հաշմանդամների, տարեցների ու երեխաների կյանքը»,- ասաց Քերոլայն Քոքսը։

Նա վկայակոչեց Արցախից ստացված տեղեկությունները, որոնց համաձայն՝ սննդի պաշարները վերջանում են, նույնիսկ հացի կտրոնով հաց ստանալը երաշխավորված չէ, մարդիկ իրենց զգում են ինչպես բանտում՝ չիմանալով, թե որքան ժամանակ պետք է մնան նման ծանր պայմաններում։ Բարոնուհին ցավով արձանագրեց, որ Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից վտարվելու, էթնիկ և կրոնական զտման ենթարկվելու հարաճուն վտանգի առջև, մանավանդ որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի էլ թաքցնում Հայաստանը գրավելու իր ռազմավարական նպատակները։

Քերոլայն Քոքսի խոսքով՝ այս վճռորոշ պահին, երբ ժողովրդավարությունը գլոբալ մակարդակում նահանջ է արձանագրում, ինքս շատերի նման հիասթափվում եմ գերտերությունների քայլերից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի ընդունի Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։

«Խաղաղության պայմանագիր ստանալու և առևտրային համաձայնագիր կնքելու դիմաց արցախահայությունից ակնկալում են հրաժարում ինքնորոշման միջազգային իրավաչափ իրավունքից։ 120 հազար բնիկ հայեր այդ դեպքում կդառնան հակահայկական ավտորիտար պետության քաղաքացիներ, քանի որ Ալիևների ընտանիքի ռեժիմը մարդկանց հիմնարար իրավունքների ոտնահարման, ազատությունների լայնամասշտաբ սահմանափակման տխրահռչակ պատմություն ունի։ Փաստորեն նման պայմաններում պետք է ինտեգրվի արցախահայությունը, որը ստիպված կլինի իր ժողովրդավարությունը զոհել ավտորիտար ռեժիմին՝ զրկվելով սեփական տարածքը տնօրինելու հնարավորությունից։ Մեծ ցավով պետք է ընդունենք այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել։ Այն ինչ հիմա արվում է Արցախի նկատմամբ, շատ հավանական է, որ հետագայում կարվի նաև Հայաստանի նկատմամբ»,- եզրակացրեց բարոնուհի Քոքսը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության նախագահ Ջոն Էյբներն իր հերթին ասաց, որ Արցախում երեսուն տարի անց դեռ տեղի են ունենում էթնիկ զտումներ, և պատերազմն այսօր եկել է նաև Հայաստան։

«Մենք տեսել ենք ռազմական գործողությունների արդյունքում գրավված հայկական տարածքները, որտեղից մարդիկ տարհանվել են։ Պատերազմը սովորաբար ունենում է տարբեր գործիքներ, ընթանում է տարբեր մակարդակներում, սակայն Ադրբեջանի նպատակները շատ պարզ են, նոր չեն, դրանց ծանոթ ենք կոնֆլիկտի պատմության ողջ ընթացքում։ Ադրբեջանը ցանկանում է այդ տարածքները տեսնել առանց հայերի։ Այժմ հակամարտությունը տեղափոխվել է դիվանագիտական տիրույթ, որն ուղեկցվում է ռազմական սպառնալիքներով»,- ասաց Էյբները։

Նա վկայակոչեց Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբաևի հարցազրույցը «Դոյչե Վելե»-ին, որի ընթացքում նա ասել է, որ «Արցախում ցեղասպանությունը հնարավոր է, եթե այնտեղ սեպարատիստները շարունակեն գործել»։ Էյբների կարծիքով՝ դա հենց ցեղասպանության սպառնալիք է, մինչդեռ գերտերությունները սատարում են Ադրբեջանին, իսկ ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն ասես դուրս է մղվել միջազգային օրակարգից։

Բանախոսները շեշտեցին, որ խորապես հիասթափված են միջազգային հանրության, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ջանքերից՝ կանխելու Արցախում հնարավոր կործանարար զարգացումները։ Նրանք պնդեցին այն տեսակետը, որ վաղուց հասունացել է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահը։

Քերոլայն Քոքսը հավաստիացրեց, որ Միացյալ Թագավորություն վերադառնալուն պես խորհրդարանի Լորդերի պալատում կկազմակերպի քննարկում և հանդես կգա Լաչինի միջանցքում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկույցով։

 

Արցախի նախագահը անդրադարձել է Արցախից քաղաքացիական անձանց տեղափոխման խնդիրներին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ խորհրդակցության օրակարգում Բաքվի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն էր և դրա հաղթահարման մեխանիզմները։

Արծարծվել են նաև բնակչության պարենային խնդիրների լուծման, գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման, կենսական նշանակության ապրանքների բաշխման  հետ կապված և այլ հրատապ խնդիրներ:

Նախագահ Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկի հանրապետությունում առկա պարենային ռեսուրսների կետրոնացման, բնակչությանը կենսական նշանակության ապրանքների տրամադրման գործընթացը կտրոնային համակարգի  միջոցով  կազմակերպելու ուղղությամբ:

«Մենք պետք է անհապաղ արձագանքենք բնակչության շրջանում  առկա դժգոհություններին, օգտագործեք բոլոր անհրաժեշտ միջոցները գյուղատնտեսական ապրանքների գնաճը կանխելու, գները կարգավորելու և առկա սուղ միջոցներն արդար բաշխելու համար», – ընդգծել է երկրի ղեկավարը:

Խորհրդակցության ընթացքում Նախագահն անդրադարձել  է  նաև ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական անձանց տեղափոխման խնդիրներին: Սամվել Շահրամանյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկողության պայմաններում, թափանցիկ  ու գործող կարգերին համաձայն: Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է տեղերում աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը:

 

Բաքուն հաստատեց՝ Բերձորի միջանցքը լինելու է ֆիլտրացիոն գոտի․ առայժմ 400 հոգանոց ցուցակ

«Ադրբեջանա-հայկական սահմանին Լաչինի անցակետի ստեղծումից և դրա գործունեությունը սկսելուց հետո աշխատանքներն արագացվել են շուրջ 400 հետախուզվողների ձերբակալման և հետաքննության տեղափոխման ուղղությամբ», լրագրողներին ասել է Բաքվի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը։

Նրա խոսքով՝ «Ղարաբաղում ռազմական հանցագործություններ կատարած հայազգի մի քանի անձինք ձերբակալվել են»։ «Անցակետի տեղադրումից հետո արագացվել են մոտ 400 հետախուզվողների ձերբակալելու եւ հետաքննությանը փոխանցելու աշխատանքները։ Հուսով եմ, որ այս ուղղությամբ ապագայում մենք ավելի դրական արդյունքների կհասնենք»,- ասել է Քեմրան Ալիեւը։

«Անավարտ պատերազմ». շնորհանդես առանց հեղինակի

Օրերս Երևանում «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Արցախի մասնաճյուղի նախաձեռնությամբ և միության կենտրոնական վարչության աջակցությամբ տեղի ունեցավ արցախյան ֆոտոբլոգեր Դավիթ Ղահրամանյանի «Արցախ. Անավարտ պատերազմ» ֆոտոգրքի շնորհանդեսը։

Գիրք-ալբոմում ներկայացված են 44-օրյա պատերազմի, պատերազմից հետո և արցախյան բլոկադայի ամիսների ընթացքում արված մինչև 120 լուսանկար։ Գիրքը հրատարակվել է երեք լեզուներով և արդեն տարածվել է աշխարհի տարբեր երկրներում։

Step1.am-ի հետ զրույցում Դավիթ Ղահրամանյանն ասաց, որ սկզբում գիրքը բաղկացած էր երկու մասից՝ պատերազմ և պատերազմից հետո։ Բայց հետո որոշվեց ներառել նաեւ շրջափակման թեման։

«Արցախի շրջափակման պատճառով չկարողացա ներկա գտնվել երևանյան շնորհանդեսին, այդպես էլ չշոշափեցի ալբոմը, չթերթեցի։ Բայց ինձ հնարավորություն տրվեց հեռակա կարգով մասնակցել էջադրմանը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հնարավորություն են տվել աշխարհին փոխանցել իրական Արցախն ու նրա բնակիչների պատմությունը։ Ես շարունակում եմ ապրել և աշխատել Արցախում և անկեղծորեն հուսով եմ, որ Արցախին սատարող մարդկանց շնորհիվ կկարողանամ աշխարհին մատուցել ավելի իրական պատմություններ մեր Հայրենիքի մասին»։

Ներկայացնում ենք մի քանի լուսանկար գրքից.

Արցախում ձմռանն են պատրաստվում․ փոշոտ նկուղներից հանում են վառարաններ, փայտ

Շրջափակում, սննդի պակաս, տրանսպորտի բացակայություն, օրեցօր խորացող  ճգնաժամ և մոտալուտ ցուրտ ձմեռ։ Արցախում բոլոր խնդիրներից զատ մարդկանց ևս մեկ հարց է անհանգստացնում՝ ձմեռը: Անցած ձմեռը թեև շրջափակման մեջ էր անցել էր, սննդի խնդիրներ կային, սակայն մարդիկ կարողացան հաղթահարել ցուրտ օրերի ծանրությունը․որոշները փայտե վառարաներով, որոնք հանել էին փոշոտ նկուղներից, հիշելով հին օրերը՝ հացը, պանիրը, պլեճը և մայրիկներին, որոնք վառարանի մոտ փոքր թասի մեջ փոքրիկ երեխաներին էին լողացնում:

Այդ փոքրիկները հիմա նույն պայմաններում արդեն սեփական երեխաներին են լողացնում՝ աչքերի մեջ դառնությամբ, քանի որ կարծում էին, որ այդ ցուրտ և մութ օրերը այլևս ետ չեն դառնալու:

Այսօրվա սերունդը նաև հայրիկներին է հիշում, ովքերը տուն գալուց վերարկուների տակից հանում էին թերթի մեջ փաթաթված հացը, որը մեծ դժվարությամբ էին գտնում:

Հիմա էլ՝ ո՛չ հաց կա, ո՛չ էլ տոպրակներ, իսկ այն ժամանակվա տղաները իրենք են վերարկուների տակից հաց տանում իրենց երեխաների համար, որոնք պետք էր այլ մանկություն ունենային՝ խաղաղ և անհոգ։

Քրիստինե Ալահվերդյան

Արցախի հանձնումը չի երաշխավորելու տևական խաղաղություն. Քերոլայն Քոքս

«Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից էթնիկ և կրոնական զտումների աճող հավանականության առջև և դեռ որևէ ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին», – Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԹ լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, նշելով, թե վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ։

«Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ՝ ՀԱՊԿ-ի դաշինքը։ Հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություներ ունենա Երևանի, Սևանի կամ Զանգեզուրի նկատմամբ։ «Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը, այն է՝ գրավել ձեր հայրենիքը,- ասել է բարոնուհին, ավելացնելով․- առանց հայկական Արցախի Հայաստանի Հանրապետության գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան վտանգված է այսօր»։

«Խիստ ծանր սրտով է, որ մենք պետք է ընդունենք այն անհանգստացնող հավանականությունը, որ հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը»։

«Կան նրանք, ովքեր ցանկանում են այն ավարտին հասցնել և կան նրանք, ովքեր չեն կարողանում և չեն ցանկանում դադարեցնել այն։ Միանգամայն հնարավոր է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև ՀՀ նկատմամբ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցվող պայմանագրի արդյունքում եթե Արցախը հանձնվի, ապա տարածքում տևական խաղաղություն չի երաշխավորվում և չի էլ կարող։ Ձեր ազգի համար այս վճռորոշ պահին իմ հույսն ու աղոթքն է, որ համայն հայությունը կշարունակի բարձր պահել Արցախի համար պայքարը որպես միասնության խորհրդանիշ», – ասաց բարոնուհի Քոքսը։

 

Լեռնային Ղարաբաղում  իսկապես  սարսափելի հումանիտար  իրավիճակ է․ Պետդեպ

«ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է զբաղվել  Լաչինի միջանցքի վերաբացման հարցով, որը Վաշինգտոնի կարճաժամկետ առաջնահերթությունն է»-, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի Երևան այցին՝ սեպտեմբերի 14-ի ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Միացյալ Նահանգների երկարաժամկետ առաջնահերթությունն է, ըստ Մեթյու Միլլերի, «որքան հնարավոր է շուտ հասնել ընդհանուր խնդրի խաղաղ կարգավորման»։

Պատասխանելով հարցին, թե «ո՞րն է Պետդեպարտամենտի ուղերձը տառապող հայ քրիստոնյաներին», Միլլերն ասել է. – «Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ենք ասել։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝  Լեռնային  Ղարաբաղում  իսկապես  սարսափելի  հումանիտար  իրավիճակը լուծելու  համար»։

Երեկ Երևանում ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին ընդունել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

«Մենք մի քանի շաբաթ ունենք». ԱՄՆ-ը դեռ չի որոշել՝ աջակցել Արցախի՞ն, թե՞ էթնիկ զտումներին

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի  պաշտոնակատար Յուրի Քիմը նշել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իրենք ինտենսիվ աշխատել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի խնդրի կարգավորման ուղղությամբ։

«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ և դրա հետևանքներով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Մենք անընդհատ ասում ենք, որ այս միջանցքը պետք է բաց լինի առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտի շարժի համար»,- ասել է դիվանագետը։ Քիմն ընդգծել է մարդասիրական պաշարների վերականգնման հրատապությունը։

Նա նշեց, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն, ԱՄՆ ՄԶԳ գործընկերները, ինքը և շատ գործընկերներ ակտիվորեն ներգրավված են այս հարցում՝ հասնելու Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը և անխափան շահագործմանը, ինչպես նաև մարդասիրական այլ ուղիների: Քիմը նաև ասել է, որ Լու Բոնոն կրկին տարածաշրջանում է՝ Լեռնային Ղարաբաղ մատակարարումների անհապաղ և անխոչընդոտ թույլտվություն ստանալու նպատակով։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ վերականգնել մասնավոր մարդասիրական տրանսպորտի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև գիտակցում է լրացուցիչ երթուղիների կարևորությունը։

Նա ընդգծել է. «Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների փորձեր՝ լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ»:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նշել է. «Նախագահ Ալիևն ասում է, որ ինքը էթնիկ զտումներ չի կազմակերպում։ Բայց դա հենց այն է, ինչ նա անում է»,- հավելելով, որ Ալիևը ձգտում է քաղաքականապես ստրկացնել կամ սովի մատնել Արցախի ժողովրդին։

Նա մեջբերեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցի մի մասը. «Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է, առանց անհապաղ հիմնարար փոփոխությունների, մի քանի շաբաթից հայերի այս խումբը կոչնչացվի»։ «Մի քանի շաբաթ, մենք այնքան ժամանակ ունենք», – ընդգծել է Մենենդեսը:

«Ես աջակցում եմ ցանկացած ջանքերի՝ ապահովելու կայուն խաղաղություն և անվտանգություն և հիմնարար իրավունքները տարածաշրջանի բոլոր մարդկանց համար: Բայց իրականությունն այն է, որ խոսակցությունն անօգուտ է, երբ այդ բանակցությունների կողմերից մեկը էթնիկ զտումների քաքաղաքակությամբ է զբաղվում»,- ասել է Մենենդեսը:

«Եվ ինչու մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցները այն գործողությունների համար, որոնք, կարծում եմ, բոլորս կարող ենք համաձայնել, որ հստակ պատժելի են», – եզրափակեց Մենենդեսը:

Յուրի Քիմը թվարկել է այն պատճառները, թե ինչու է ԱՄՆ-ն օգնում Ալիևին (իրականում թույլ տալով Արցախում էթնիկ զտումները).

  1. Ադրբեջանը ներդնում է մեր կրթական չափորոշիչները, 2. մեր զինվորականների հետ միասին մասնակցում է խաղաղապահ ուժերին, 3. Իրանի հետ երկար սահման ունի, 4. վառելիք է մատակարարում մեր եվրոպացի գործընկերներին։

Մենենդեսը քմծիծաղ տվեց.« էթնիկ զտումներ իրականացնելու իրավունք ստանալու համար շա՞տ չեն կետերը»:

Նա հարցրեց Քիմին, թե ինչու Բայդենի վարչակազմը չի կատարում ՄԱԿ-ի դատարանի որոշումը: Քիմը պատասխանել է, որ այս հարցի պատասխանը պետական ​​գաղտնիք է։« Ինձ երբեմն տարակուսում է Պետդեպարտամենտի գործունեությունը, այդ թվում՝ ձեր այս պատասխանը»,- անդրադարձել է Մենենդեսը։