Ասեսն ասեսն տեռնաս չի

«ԱՀ քաղաքացիները «9009», «0044», «4452» կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել։

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։

Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»։

Արցախի Հանրապետության ԱԱԾ

Նկարում է տարբեր թեմաներով, առանձնահատուկը՝ արցախյան բարբառով շապիկներն են

Նկարներում Անգելինայի աշխատանքներն են, ով ապրում, սովորում և ստեղծագործում է Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքում:

Սկզբում շապիկների վրա նկարչությունը հոբբի էր, նկարում էր իր և հարազատների համար, հետո ժամանակի ընթացքում, շատերն էին հարցնում, թե որտեղից են այդ թեմատիկ աշխատանքները, Անգելինան որոշեց, որ ժամանակն է ունենալ սեփական բիզնեսը:

Նշում է , որ նպատակներից մեկը հենց օնլայն խանութ ունենալն էր և սեփական, տարբերվող ապրանքների տարածումն Արցախում և նրա սահմաններից դուրս:

Նկարում է շատ տարբեր թեմաներով, որոնցից առանձնահատուկը, իհարկե, արցախյան բարբառով շապիկներն են, որոնք յուրահատուկ կոլորիտ են հաղորդում աշխատանքներին և այն մարդկանց, որոնք կրում են դրանք:

Շրջափակման պատճառով այժմ անհնար է հումք ներմուծել, սակայն եթե հաճախորդն է տրամադրում շապիկը, ապա Անգելինան մեծ սիրով նկարում է:

Քրիստինե Ալահվերդյան

Նարինեն երազում է իր նկարների ցուցահանդես կազմակերպել Արցախում

Նարինեն Ստեփանակերտից է։ Նա դժվարին կյանքի միջով է անցել, բայց փորձությունները նրան ոչ թե կոտրեցին, այլ ավելի ուժեղ դարձրին։ Վաղ մանկության տարիներին նա վերապրել է Արցախյան առաջին պատերազմը, բայց հիմա ժպիտով է հիշում այդ դժվարին, բայց անհոգ օրերը։

Երջանիկ մանկությունն ավարտվեց տխուր. 14 տարեկանում անհաջող վիրահատության արդյունքում ողնաշարի վնասվածք է ստացել։ Այդ ժամանակվանից նրա համար այլ կյանք սկսվեց։ Նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել, որոնք արժանապատվորեն հաղթահարել է։

Ժամանակի ընթացքում Նարինեն իր օրինակով համոզվեց, որ ֆիզիկական սահմանափակումները չեն կարող խանգարել մարդուն վայելել կյանքը, պետք է հաշտվել իրականության հետ, նպատակ դնել և առաջ գնալ։

Ամեն մեկն իր խնդիրներն ունի։ Ոմանց մոտ դրանք տեսանելի են, իսկ ոմանց՝ թաքնված, ասում է նա։

Նարինեն մանկուց սիրում էր նկարել. Վնասվածքից հետո նա որոշել է լրջորեն զբաղվել նկարչությամբ։ Ք.Քոքսի վերականգնողական կենտրոնում, որտեղ նա բուժվում էր, գործել է նկարչական խումբ, որտեղ նա կատարելագործել է իր հմտությունները ուսուցչի օգնությամբ։

Նկարչության հանդեպ կիրքը գերակշռեց, եւ նա ընտրեց հենց այս մասնագիտությունը ու սկսեց պատվերով  դիմանկարներ նկարել։

Նա առցանց մասնակցել է Լոնդոնում անցկացված ոսկե տաղանդների մրցույթին՝ զբաղեցնելով մրցանակ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գյուրջյանի անվան կիրառական արվեստի համալսարան։

Անարգելք միջավայրի և հարմար տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով նա չէր կարողանում ամեն օր հաճախել դասերին, բայց ոչինչ չէր կարող խանգարել նրան իր նպատակներին հասնելու ճանապարհին։ Հեռակա սովորելով՝ նա գերազանցությամբ ավարտել է համալսարանը։

Ի թիվս այլ խնդիրների, Նարինեն ուներ նաև հոգեբանական խոչընդոտներ։

Կուզենայի, որ մարդիկ մեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին կանք, և չունենային այն բարդույթները, որոնք արցախյան հասարակության մեծ մասն ունենում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդու տեսնելիս, ասում է նա։

Այժմ Նարինեն ապրում է Ռուսաստանում, զբաղվում է վեբ դիզայնով, ինչպես նաև առցանց և օֆլայն նկարչության դասեր է անցկացնում երեխաների համար։

Նարինեն սիրում է աշխատել երեխաների հետ, և երեխաները նույնպես ձգվում են դեպի նա։ Նա շատ է անհանգստացած Արցախում շրջափակման մեջ գտնվող իր ընտանիքի և ընկերների համար և հուսով է, որ շուտով կկարողանա վերադառնալ հայրենիք՝ հանդիպելու նրանց, ինչպես նաև երազում է իր նկարների ցուցահանդես կազմակերպել Արցախում։

Նարինեի ստեղծագործություններից մի քանիսը կարող եք դիտել այստեղ։

Արսեն Աղաջանյան

Պուտինը հույս ունի, որ Բաքուն շահագրգռված չէ Ղարաբաղում էթնիկ զտումներով, բայց իրականում դա Ալիևի գործն է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ չի կարծում, որ Հայաստանի հետ հարաբերություններում շրջադարձ կա։

«Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ կարելի է խոսել։ Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, մենք առաջարկեցինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի վերահսկողության տակ, նաև Ղարաբաղը, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց դրան, թեև մենք մեկ տասնամյակ փորձել ենք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Երբ հարցնում էինք՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ կռվելու ենք։ Լավ։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով, խոսքը ոչ միայն վերջին հակամարտության արդյունքների մասին է, այլև այն, որ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։

«Եվ Պրահայի հայտարարությունը սա ֆիքսեց թղթի վրա։ Մենք գիտենք այս մասին։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս դրված չէ սեղանին, այն լուծված է։ Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը։ Սա մեր որոշումը չէ, այլ Հայաստանի ղեկավարությանը»,- նշել է նա։

«Եթե այդպես է, ասում են մեզ, ապա բոլոր հարցերը, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, պետք է մեզ հետ լուծվեն երկկողմանի հիմունքներով։ Դե, ինչ կարող ենք ասել այստեղ։ Այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ապա մենք ի՞նչ պետք է անենք»,- ասել է Պուտինը։

Սենատում լսումներ են Բերձորի միջանցքի վերաբերյալ

ՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատի նիստում նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ունի ցեղասպանության բոլոր նշանները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սենատորը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար:

Մենենդեսը ներկայացրել է Արցախում սովամահության առաջին զոհի լուսանկարները և շեշտել՝ Ադրբեջանի վարչակարգը ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։

«Ադրբեջանում Ալիևի կառավարությունը սարսափելի բռնությունների արշավ է իրականացնում, որոնք ունեն Արցախի հայերի դեմ ցեղասպանության բոլոր նշանները։ Նրանք նպատակային և չարամիտ կերպով շուրջ 120 հազար քրիստոնյա հայերի արգելափակել են Ղարաբաղի լեռներում․․․ Ալիևը և նրա վարչակարգը փորձում են այս մարդկանց մատնել սովի՝ ստիպելով մահանալ կամ ենթարկվել քաղաքական հպատակեցման», – ասել է Մենենդեսը՝ հիշեցնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է անցյալ տարվա դեկտեմբերից։

Սենատորը հանգամանորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում վերջին 9 ամիսների ընթացքում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը, որի պատճառով ավելացել են թերսնուցումից մահացության դեպքերը։

«Այս պահին ԱՄՆ-ն ձախողվում է։ ԱՄՆ-ն չի բավարարում հումանիտար կարիքները և հանրային կերպով բավականաչափ ճնշում չի գործադրում Ալիևի վրա՝ դադարեցնելու էթնիկ զտման արշավը», – ասել է Մենենդեսը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել անվտանգության ապահովմանն ուղղված ցանկացած տեսակի աջակցություն Ադրբեջանին:

Մենենդեսը կոչ է արել փոխել մոտեցումը և ոչ միայն աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, այլև միջնորդ հանդիսանալ կողմերի միջև համաձայնագրի կնքման գործում։

«Վստահ եմ, որ Միացյալ Նահանգները կարող է և պետք է ակտիվ դերակատարում ունենա այս հակամարտության լուծման հարցում», – ասել է նա։

Սենատորը նաև համոզված է, որ հարկավոր է էթնիկ զտման այս արշավը կազմակերպողներին, այդ թվում՝ Իլհամ Ալիևին, պատասխանատվության ենթարկել իրենց հանցանքների համար։

Բոբ Մենենդեսը կարծում է, որ այս իրավիճակի հանգուցալուծման համար ԵՄ-ն նույնպես պետք է քայլեր ձեռնարկի։ Նա հիշեցրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ մտահոգության մասին։

«Հուսով եմ, որ այդ խոսքերը կուղեկցվեն գործողություններով։ Ադրբեջանի գազը վերցնելու և այդ երկիրը, մեջբերում եմ, «էներգետիկ ոլորտի կարևոր գործընկեր» ներկայացնելու փոխարեն նրանք նաև պետք է ճնշում գործադրեն շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ», – ասել է Մենենդեսը։

Սենատորը շեշտել է, որ այժմ աշխարհը տեղյակ է Ալիևի ցեղասպանական մտադրությունների մասին և պետք է թույլ չտա, որ նրան հաջողվի բնաջնջել այս հայկական համայնքը։ Նա հավելել է, որ Աղդամի ճանապարհը բացելը Լաչինի միջանցքը բացելու այլընտրանք չէ։ Բոբ Մենենդեսը խոստացել է, որ կանի ամեն բան, որպեսզի հայերի դեմ այս դաժան արշավն իրականացնողները վճարեն դրա համար և արդարադատության ենթարկվեն։

Ինչով է բեռնված ռուսական Կարմիր խաչի բեռնատարը. ՍԶՄ նախարարությունը հրապարակել է ցանկը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:

Այս մասին տեղեկացնում են սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
Ստորև ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը.
1.Продуктовые наборы – 1000 наборов
В один набор входит:
-Масло подсолнечное 0.9 л – 1 шт
-Сахар песок 1 кг – 1 шт
-Мука пшеничная 2 кг – 1 шт
-Макароны рожки 500 гр – 3 шт
-Крупа гречневая 1 кг – 1 шт
-Пшено 1 кг – 1 шт
-Крупа манная 1 кг – 1 шт
-Овсяные хлопья 0,5 кг – 1 шт
-Тушенка 0,5 кг – 5 шт
Общий вес одного набора – 11,4 кг
2.Постельное белье – 270 наборов
В один набор входит:
-Комплект постельного – 1 шт.
-Подушка – 1 шт.
-Одеяло – 1 шт.
3.Гигиенические наборы – 200 наборов
В один набор входит:
-Зубные щетки- 3 шт.
-Мыло – 10 шт.
-Градусник – 1 шт.
4.Детские наборы – 192 набора
В один набор входит:
-Кисель детский – 1 шт.
-Пастилки витаминные – 3 шт.
-Зубная щетка – 1 шт.
-Пюре детское – 1 кор. (8 шт. )
-Рыбий жир детский (в капсулах) – 1 шт.
-Присыпка – 1 шт.
«Հումանիտար օգնությունը տրամադրվելու է մեր բնակչությանը, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ասկերանի մոտ հերթապահությունը շարունակվում է՝ “մահիկով” բեռնատարները բաց չթողնելու համար

Կովկասագետ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս, Արցախի անվտանգության և զարգացման ճակատի կողմից Ասկերանում անցկացվող ակցիայի համակարգող Հովիկ Ավանեսովը Step.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին շարունակում են Ասկերանի մոտ հերթապահությունը՝  այսպես կոչված “Կարմիր մահիկի” ադրբեջանական բեռնատարների անցումը կանխելու համար։ «Ամեն ինչ անելու ենք, որ նրանք չմտնեն Արցախի տարածք»,- ասաց նա։

Ադրբեջանի կողմից «մարդասիրական օգնությունը» մեզ համար անընդունելի է, նշել է նա։ «Կարմիր մահիկ կոչվածը մարդասիրական խնդիրների հետ կապ չունի, այս կազմակերպության անդամները «էկոակտիվիստների» հետ միասին փակել են Արցախ-Հայաստան ճանապարհը, այսինքն՝ վճռագործության մասնակիցներ են, նրանց թվում կան նաև մարդիկ, ովքեր վերապատրաստվել են ադրբեջանական ռազմական ճամբարներում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր «հումանիտար բեռներով» ռուսական մեքենա է ժամանել Ստեփանակերտ Ակնա-Ասկերան ճանապարհով։ Երեկ Ճակատի ներկայացուցիչները հայտարարեցին, որ թույլ չեն տա, որ որեւէ բեռ դուրս գա Ակնայից։ Հարցին, թե ոստիկանները ո՞ւժ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, երբ ռուսական բեռնատար էր անցնում, Հովիկ Ավանեսովն ասաց, որ ինքը այդ պահին հեռու է եղել և չի կարող հաստատել այս տեղեկությունը։

Փաշինյանը Արցախի նախագահին «առաջնորդ» անվանեց և ասաց, որ քաղաքական խնդիր չպիտի լինի

Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդի՝ Սամվել Շահրամանյանի վրա շատ ծանր պատասխանատվություն է դրված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին և Սամվել Շահրամանյանի՝ այդ պաշտոնում ընտրվելուն։

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ամփսոսում եմ։ Կարող եմ ասել, որ ամբողջ շրջանում մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում։ Կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ, որ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա»,- ասաց Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է առաջնորդվի դիրքորոշումները և մոտեցումները միջազգային հանրության հետ համադրելու, դա չհակադրելու տրամաբանությամբ։ Ըստ վարչապետի՝ պետք է առաջնորդվել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով։

«Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։ Մենք չպետք է թույլ տանք ավելորդ քաղաքականացմամբ՝ հարցի հումանիտար էությունը ձևափոխվի քաղաքականի։ Մեր մոտեցումները բխում են այդ տրամաբանությունից»,- նշեց Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք շփում կա ԼՂ իշխանությունների հետ, Հայաստանի վարչապետը պատասխանեց․

«Այո, այդ շփումը կա, եղել է, և կարևոր է, որպեսզի ՀՀ իշխանությունն իրադրությանը ծանոթանալու համար առաջին աղբյուրից տեղեկությունը ստանա»։

Ո՞ւր է տանում «աղդամի միջանցքը». Ռուսաստանը նոր ծրագրեր ունի՞

Ռուսական «մարդասիրական» բեռով մեքենան հատել է Ակնա-Ասկերան գիծը և հասել Ստեփանակերտ։ Քանի որ Ռուսական Կարմիր Խաչի կայքում տեղեկություն չկա Արցախ «օգնություն» ուղարկելու մասին, ոչ ոք չգիտի, թե ինչ կա մեքենայում (թեև, ասում են՝ վերմակներ), և արդյոք այն կգնա «բացելու» Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը։

Օգոստոսի 29-ից ճանապարհին կանգնած քաղաքացիները տեղի ոստիկանական ուժերի օգնությամբ ցրվել են։ Հենց երեկ Ասկերան-Ակնա ճանապարհը հսկող Ռուբեն Վարդանյանի ստեղծած Արցախի անվտանգության և զարգացման ճակատի ներկայացուցիչները վստահեցնում էին, որ թույլ չեն տա բեռների անցումը։ Բայց թողեցին:

Հիշեցնենք, որ Բաքուն հայտարարել էր, որ այդ բեռը կապ չունի Բերձորի միջանցքի և Ակնա տանող ճանապարհի միաժամանակ բացման համաձայնության հետ։

Բա ինչի՞ հետ է դա կապված։ Որպեսզի Ռուսաստանը չկորցնի դեմքը և ցույց տա, թե ո՞վ է այստեղ շեֆը։ Եվ որ ցանկության դեպքում նա կարո՞ղ է ճանապարհ բացել։ Դե ուրեմն թող բացի Բերձորի միջանցքը։ Այնտեղ օրեր շարունակ կանգնած են բեռներ Հայաստանից ու Ֆրանսիայից։ Եվ դրանք վերմակներ չեն, այլ այն, ինչ պետք է արցախցուն։

Եվ ևս մեկ կարևոր հարց՝ հայկական կողմը Ասկերանի ճանապարհին անցակետ կտեղադրի՞։ Այժմ այնտեղ ոստիկանական կետ կա, բայց եթե, ինչպես ուրախությամբ պնդում են Բաքվի լրագրողները, Ակնայից ճանապարհը «բացվել է», ապա ո՞վ է ստուգումներ իրականացնելու, ռուսե՞րը։ Բաքվի ԶԼՄ-ներն արդեն եռանդով գրում են Ստեփանակերտի թյուրքալեզու “բնակիչների” «վերադարձի» մասին։

Հետաքրքիր է, որ «Աղդամի երթուղին» սահուն վերածվեց «միջանցքի»։ «Միջանցք» դեպի որտե՞ղ: Արդյո՞ք Ռուսաստանը մտադիր է օգտագործել այս միջանցքը՝ Ադրբեջանի տարածքով իր զորախմբի համար ապրանքներն Արցախ հասցնելու և Արցախից Ռուսաստան «հայրենակիցներ» արտահանելու համար։ Թե՞ Բաքվի բեռները Ստեփանակերտով Շուշի տեղափոխելու համար։

 

ԱՄՆ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղն ու այնտեղ անցկացված նախագահի ընտրությունների արդյունքները. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը ի պատասխան լրագրողի հարցին անդրադաձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, գրում է Ամերիկայի ձայնը:

Խոսնակն ընդգծել է, որ «թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացում», սակայն Վաշինգտոնը, ինչպես նախկինում էլ, «չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չի ճանաչում այստեղ վերջերս անցած, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները»։

«Կարծում եմ, եթե ցանկանում եք խոսել գերատեսչության [պետքարտուղարության] կողմից ցուցաբերած հրատապության մասին, ապա պետք է նայել ոչ միայն այն հեռախոսազրույցին, որն այն ժամանակ [սեպտեմբերի 1-ին] ունեցել է պետքարտուղարը [Ալիևի հետ], այլ այն, որ պետքարտուղարը շաբաթվա վերջին զրուցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ, երբ նա ճանապարհորդում էր: Մեկ զանգ կատարվել է Նյու Դելիից, մեկ զանգ՝ Հանոյից։ Կարծում եմ, որ ես ուղղակիորեն կխոսեմ իրավիճակի մասին, քանի որ դա մի բան է, որին պետքարտուղարն անձամբ ներգրավված է եղել, երբ նա միջազգային ճանապարհորդության մեջ էր, և, իհարկե, ներգրավված է եղել պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քիմը և այլք»,- նշել է Միլերը ի պատասխան լրագրողի հարցման, թե ինչու է պետքարտուղարությունը միայն օրեր անց հրապարակել սեպտեմբերի 1-ին Ալիևի հետ ունեցած պետքարտուղարի զրույցը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ խոսնակն ընդգծել է. «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչպես որ պետքարտուղարն է ասել շաբաթվա վերջին իր արած հայտարարության մեջ, անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի ճանապարհները՝ թույլ տալու համար ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական պաշարների մատակարարումը տղամարդկանց, կանանց և երեխաներին Լեռնային Ղարաբաղում: Մենք հորդորում ենք առաջնորդներին, ինչպես որ դա արել է պետքարտուղարը իր կոչերում, չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք լարվածություն են առաջացնում կամ շեղում այդ նպատակից:

Միլերը հավելել է. «Մենք մշտապես շեշտել ենք Լեռնային Ղարաբաղում ճանապարհների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացում, սակայն ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում վերջին օրերին այստեղ անցած, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները»,- պնդել է Միլերը

Պետքարտուղարության խոսնակը նաև նշել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ չլուծված խնդիրները ուղիղ երկխոսության միջոցով լուծելու համար: Եվ դա է պատճառը, որ պետքարտուղար Բլինքենը և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հետևողականորեն ներգրավված են եղել, և կլինեն այս հարցում»,- ասել է Մեթյու Միլերը:

Հարցուպատասխանի ընթացքում պետքրատուղարության խոսնակը կրկին ընդգծել է. «Ես պարզապես հստակ ասացի, որ մենք ցանկանում ենք, որ երկու ճանապարհները վերաբացվեն՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար: Պետքարտուղարը դա պարզ է նշել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարներին այս օրերին, ինչպես նաև պետքարտուղարության և Միացյալ Նահանգների կառավարության այլ ներկայացուցիչները»,- եզրափակել է Միլերը:

Ռուսաստանի բեռնատարը հասել է Ակնայով Ստեփանակերտ

Ռուսաստանի “Կարմիր Խաչ” ընկերության բեռնատարը, ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։ Այդ մասին հայտնում է “Մեր սարերը” արցախյան ռադիոն։

Հիշեցնենք, որ բեռնատարի մեջ հիմնականում վերմակներ են։

Հիշեցնենք, երեկ Բաքուն հայտարարեց, որ սա միանվագ գործողություն է եւ կապ չունի Բերձորի միջանցքի եւ Ակնայով ճանապարհի միաժամանակ բացման հետ։

Մոսկվան մինչ այս պահը որեւէ հայտարարություն չի արել։ Ի՞նչ պայմանով է Ստեփանակերտ մտել ռուսական բեռնատարը։