Վե՞րջ զիջումների քաղաքականությանը

Սեպտեմբերի 9-ին, նոր նախագահի ընտրությունից անմիջապես հետո, Արցախի կառավարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը մարդասիրական օգնություն կհասցնի Ասկերան՝ Ակնայով։ Իսկ հասարակության վրդովմունքը նվազեցնելու համար նաեւ հայտարարություն արեց, որ նաեւ բացվելու է Լաչինի միջանցքը մարդասիրական տրանսպորտի համար։

Որոշ ժամանակ անց ադրբեջանական կողմը հայտարարեց, որ միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն չկա, ոչ ոք չի պատրաստվում բացել այն, իսկ ռուսական բեռների տեղափոխումը միանգամյա բնույթ է կրում։ Ի պատասխան, ինչը զարմանալի էր, Արցախի իշխանությունները հրաժարվել են մարդասիրական օգնությունից։

Զարմանալին այն է, որ իշխանությունները հրաժարվեցին հենց ռուսական օգնությունից։ Որտեղի՞ց է նման քաջությունը: Նոր իշխանությունն իրո՞ք համարձակվել է հրաժարվել զիջումների և անվիճելի հնազանդության քաղաքականությունից։

Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ից այլեւս պետական ​​պաշտոնյա չէ, սակայն շարունակում է ասոցացվել իշխանությունների հետ։ Նա բացատրել է. «Արցախյան կողմն ընդունել է Ռուսաստանի առաջարկը՝ Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնություն ընդունել այն պայմանով, որ Լաչինի միջանցքը կբացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահների միջոցով մարդասիրական մատակարարումների համար։ Սակայն Ադրբեջանը միշտ վերջին պահին արգելափակում է բոլոր նախաձեռնությունները՝ փորձելով բարձրացնել իր բանակցային շեմը և ձգձգել գործընթացը՝ միաժամանակ ճնշում գործադրելով արցախյան կողմի վրա և շարունակելով ցեղասպանությունը։

Հրամայական է, որ բոլոր միջազգային դերակատարները հրապարակայնորեն արձանագրեն ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքը՝ անցնելով զուտ խոսքերից գործնական ճնշման։ Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության սովորական մոտեցումը մեղսակցությունն է»:

Փաշինյանը և Էրդողանն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:

Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամ

Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածելու հարցում այս անգամ հատել է տրամաբանության սահմանները. Արցախի ՊՆ

ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն այս անգամ հատել է տրամաբանության սահմանները։

«Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք»,- ասված է հայտարարության մեջ;

ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հայտարարությունը Ռուսաստանի Կարմիր Խաչի կողմից Արցախ ուղարվելիք օգնության վերաբերյալ

Ի պատասխան Step1.am-ի հարցման` ռուսական Կարմիր խաչի Արցախ ուղարկվելիք մարդասիրական օգնություն մասին՝ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը ներկայացրել է հետևյալ հայտարարությունը.

«Մենք հերքում ենք այն պնդումները, թե ԿԽՄԿ-ն խոչընդոտում է Ռուսաստանի Կարմիր Խաչի կողմից օգնություն տրամադրելու ջանքերին կամ առաջ է տանում որևէ քաղաքական օրակարգ: Մարդասիրական օգնությունը թույլ տալու որոշում կայացնելու իրավունքը՝ միայն որոշում կայացնողների ձեռքում է:

Մեր առաքելությունը զուտ մարդասիրական է՝ օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն ամենաշատը՝ չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին համապատասխան։ Անցած շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարել որոշումներ կայացնողների և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի մեր գործընկերների հետ՝ Լաչինի և Աղդամի ճանապարհներով օգնություն փոխադրելու տարբերակների շուրջ: Կազմակերպությունը գործում է թափանցիկ, համակարգում է իր գործունեությունը բոլոր որոշում կայացնողների հետ և միայն նրանց համաձայնությամբ»:

Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար

Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը»,- գրել է դեսպանությունը X-ի իր էջում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հույս ունի, որ Ֆրանսիան ԼՂ հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԽ-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ֆրանսուա Քսավիյե Բելյամին համոզված է՝ եթե Ադրբեջանի դեմ խիստ պատժամիջոցների առաջին փաթեթը կիրառվի, ապա Ալիևը կհասկանա, որ պետք է դադարեցնի ագրեսիան։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում եվրախորհրդարանականը նշել է, որ վտանգված են մարդկային կյանքեր, և Եվրոպան չի կարող լռել՝ հակադրվելով իր իսկ սկզբունքներին։ Բելյամիի խոսքով՝ Ալիևին պետք է իրականություն վերադարձնել, որպեսզի նա հասկանա, որ Եվրոպան է Ադրբեջանին պետք, ոչ թե Ադրբեջանը Եվրոպային։ Եվրապատգամավորն անընդունելի է համարում ԵՄ-ի այն քաղաքականությունը, երբ լարվածությունը թուլացնելու կոչեր են արվում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։ Նրա խոսքով՝ հանցագործի և զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է։

-Պարո՛ն Բելյամի, դուք շատ մոտիկից եք հետևում Հայաստանում և Արցախում զարգացումներին։ Նույնիսկ մինչև Լաչինի միջանցք հասաք այս գարնանը, որպեսզի Ձեր աչքով տեսնեք ամեն ինչ։ Վերջերս կրկին Երևանում էիք։ Ալիևի ռեժիմի քաղաքականությունն ինչո՞ւ է անպատիժ մնում։ Ո՞րն է Ձեր հետևությունը։

-Քաղաքական կամքի բացակայության պատճառով, ցավոք, եվրոպական երկրները իրավիճակը շատ պարզունակ կերպով են պատկերացնում։ Կենտրոնանալով ուկրաինական պատերազմի վրա, որն, իհարկե, հիմնական թեմա է, նրանք մոռանում են, որ, եթե մենք ուզում ենք հետևողական լինել, ապա չենք կարող այսօր պատժամիջոց չկիրառել պարոն Ալիևի ռեժիմի նկատմամբ, որը միջազգային իրավունքի շատ լուրջ խախտումների համար մեղավոր է։ Այս դեպքում՝ խախտվում է մարդասիրական իրավունքը։ Ես մի քանի ամիս առաջ ուղղում էի ներկայացրել, որ Եվրախորհրդարանը պատժամիջոցներ պահանջի պարոն Ալիևի դեմ, և այս ուղղումն ընդունվեց, և հիմա մենք սպասում ենք, որ Հանձնաժողովը վերջապես գործի, որպեսզի մենք պարզապես կարողանանք միջոցներ ձեռնարկել։ Այսօր վտանգված են մարդկային կյանքեր։ Վերջին օրերին մի քանի հայ զինվորներ սպանվել կամ վիրավորվել են բացարձակապես անհիմն ագրեսիայի հետևանքով։  Նորից եմ կրկնում մարդկային կյանքեր են վտանգված, և մենք լռելու իրավունք չունենք։

-Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է իր  պայմաններն ընդունելի դարձնել բռնության, ուժի կիրառման միջոցով։ Օրեր առաջ Ադրբեջանը նոր ագրեսիա ձեռնարկեց  Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր։ ԵՄ արձագանքը մտահոգիչ է, քանի որ բացի խորը մտահոգությունից և կողմերին հրադադարը հարգելու կոչ անելուց, ոչինչ չի արվում։ ԵՄ-ի օգտագործած բառապաշարը տարրական է դարձել։  Կարծեք թե, մոտեցումը հետևյալն է՝ ինչ-որ բան ասել միայն ասելու համար։  Ինչպե՞ս կբացատրեք այս վերաբերմունքը՝ հաշվի առնելով, որ խոսքը նույն Միության մասին է, որը փորձում է միջնորդ լինել և հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեծ հավակնություններ ունի։

-Միգուցե, այդ երկուսը փոխկապակցված են: Երկու կողմերին կոչ անելու  քաղաքականությունն անընդունելի է։ Երկու կողմերին նույն հարթության վրա դնելու փաստը հավասարազոր է ագրեսորին, հարձակվողին, հանցագործին ու զոհին շփոթելու, հավասար տեսնելուն: Ինչպես մենք ի վիճակի ենք դատապարտել ագրեսիան, երբ Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա, և մենք չենք խնդրում, որ երկու կողմերը համաձայնեն, այնպես էլ պետք է պարզաբանենք, որ այստեղ կա մի մեղավոր, ով ծրագրում է, կազմակերպում և, ավելին՝ պատասխանատվություն է կրում իր հարձակումների և ագրեսիայի համար։ Իսկ մյուս կողմում կա երկիր ու անմեղ ժողովուրդ, որը ցանկանում է միայն խաղաղ ապրել իր հայրենիքում։ Այնպես որ, մենք չենք կարող երկու կողմերին նույն հարթության վրա դնել, այլապես՝ ինչպես դուք ասացիք, պատրաստ ենք ընդունել, որ Ալիևը հաջողության է հասնում իր առջև դրված խնդրում: Այսինքն՝ բռնությունն ավելի կարևոր է, քան օրենքը, իսկ հանցագործությունը կարևոր է փաստերից։ Եվ, եթե ընդունենք սա, ուրեմն վաղը կապրենք շատ ավելի վտանգավոր աշխարհում։ Կարծում եմ, որ պատճառը եվրոպացի առաջնորդների մի մասի բարեխղճությունն է, ովքեր կարծում են, որ կարող են լինել միջնորդ և համարում են, որ անհրաժեշտ է խուսափել ներգրավված կողմերից մեկի հետ երկխոսության խզումից։ Ես նույնպես կարծում եմ, որ երկխոսությունը կարևոր է, բայց երկխոսությունը չի կարող լինել պարզության հաշվին։ Եվ, իհարկե, մենք պետք է պահպանենք խաղաղությունը, բայց խաղաղության համար պայմաններ ստեղծելը նախ ենթադրում է արդարության երաշխավորում, քանի որ հակառակ դեպքում մենք հերթական անգամ պարադոքսալ կերպով վտանգում ենք խաղաղությունը շատ ավելի մեծ մասշտաբով, քան Կովկասյան տարածաշրջանում։

-Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցավ Ալիևի և Փաշինյանի հետ։ Մինչդեռ ադրբեջանական կողմը Ֆրանսիայի ցանկացած ներգրավվածության դեմ է հանդես գալիս՝ պնդելով, որ Ֆրանսիան հայամետ կեցվածք ունի  և անաչառ լինել չի կարող։ Ո՞րն է Ձեր արձագանքը։  

-Նախ՝ Ադրբեջանին պետք է իրականություն վերադարձնել։ Ադրբեջանն այսօր այնպես է խոսում  եվրոպացի առաջնորդների մասին, կարծես ինքն է, որ կարող է վերահսկել նրանց։ Բայց իրականում, ի հեճուկս այն բանի, ինչին, ցավոք, շատ եվրոպացի պատգամավորներ հավատացին, ոչ թե Ադրբեջանն է պետք Եվրոպային, այլ Եվրոպան է պետք Ադրբեջանին: Ցավալին այս իրավիճակում այն ​​է, որ ի տարբերություն այլ, շատ ավելի հզոր երկրների, ավելի անկախ վարչակարգերի, որոնց վրա պատժամիջոցները, ի վերջո, շատ քիչ ազդեցություն ունեն, Ադրբեջանի դեպքում այդպես չէ, բայց մենք չենք գործում։ Ես համոզված եմ, որ, եթե վճռականորեն իրականացվի խիստ պատժամիջոցների առաջին փաթեթը, պարոն Ալիևն անմիջապես կհասկանա, որ պետք է դադարեցնել այս ամենը։

-ԵՄ ղեկավարներն ամեն առիթով կրկնում և ընդգծում են, որ Ադրբեջանը էներգետիկ կարևոր և հուսալի գործընկեր է։ Հետևաբար, հարց է առաջանում, արդյոք հենց այս դիսկուրսը չէ՞, որ կանաչ լույս ու խիզախություն է տալիս Ադրբեջանին՝ անել այն ամենը, ինչի ականատեսն ենք այսօր։

-Իհարկե։ Նախ, դա սուտ է․ այն, ինչ մենք գնում ենք Ադրբեջանից, հիմնականում ռուսական ածխաջրածիններն են, և, հետևաբար մենք կազմակերպում ենք Ռուսաստանի նկատմամբ մեր իսկ պատժամիջոցների շրջանցումը՝ շատ մտահոգիչ երկակիությամբ։ Բայց, նախևառաջ, Ադրբեջանի կողմից մատակարարվող ծավալները շատ ցածր են, և ներմուծման առաջիկա աճի համատեքստում այդ ծավալները կլինեն բոլորովին ավելորդ։ Եվ պարոն Ալիևն է, որ պետք է անհանգստանա, հասկանա՝ ինքն ունի Եվրոպայի կարիքը։ Բայց վերջին բանը, որ կցանկանայի ասել հետևյալն է՝ մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես Ալիևի նման բռնապետներին, ի վերջո, երբեք չեն գոհացնում այն ​​փոխզիջումները, որոնց մենք փորձում ենք գնալ նրանց հետ: Պարոն Ալիևին ոչ թե առճակատումն է դրդում  առաջ շարժվել, որին նա ենթարկվում է, այլ թուլությունը, որ նա տեսնում է հատկապես արևմտյան ուժերի մոտ։ Ես դա ասում եմ նաև, քանի որ կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է հիմա, պետք է հասկանան բոլոր եվրոպացիները: Շատ եվրոպացիներ արձագանքեցին 2020 թվականի պատերազմին կամ չարձագանքեցին՝ ասելով, որ դա Ղարաբաղն է՝ վիճելի տարածք է, և վերջապես դա նորմալ է՝ գրեթե օրինականացնելով այն փաստը, որ մենք կարող ենք բռնություն կիրառել վիճելի տարածքները գրավելու համար։ Բայց շատ պարզ է՝ եթե ընդունենք, որ բռնությունը խնդիրների լուծման մեթոդ է, ապա պարոն Ալիևի ծրագրի մնացած մասը միանգամայն ենթադրելի է։ Եթե ​​վաղը Ադրբեջանը վերցնի Ղարաբաղը, ապա հաջորդ քայլը հենց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակումն է, ինչպես դա արեց մի քանի ամիս առաջ։ Այսպիսով, բոլորը պետք է նկատի ունենան, որ իրենց աչքաթողությունը կմեկնաբանվի որպես խախտելու թույլտվություն, ավելի առաջ գնալու արտոնագիր, սպանելու և ավելին՝ միջազգային իրավունքը խախտելու լիցենզիա:

-Ֆրանսիան շարունակում է լինել այն եզակի երկրներից, որ ամեն գնով փորձում է հարցին արդարացի լուծում տալու եզրեր գտնել։ Ֆրանսիայի Սենատը, խորհրդարանը բազմիցս են իրենց դիրքորոշումը հայտնել բանաձևերով։ Արցախի ճանաչման հարցն ինչո՞ւ այդպես էլ օրակարգ չի գալիս կառավարության մակարդակով։ Ի՞նչն է խանգարում Ֆրանսիային դա անել։

-Ես կարող եմ խոսել միայն մեր քաղաքական ընտանիքի մասին։ Մենք նախագահական մեծամասնություն չենք, մենք ընդդիմություն ենք, բայց, օրինակ,  Սենատում ունենք մեծամասնություն, և այս մեծամասնության ազդակով է, որ Սենատն առաջինն է Եվրոպայում, որ ճանաչել է Արցախի անկախությունը։ Եվ այս ճանաչումը, կարծում եմ, ազդեցիկ դրսևորում էր։ Այսպիսով, մեր ողջ քաղաքական ընտանիքն այսօր իսկապես շատ պարզ է այս թեմայով:

-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ֆրանսիան  բանաձև է ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որքանո՞վ է ճիշտ այս տեղեկությունը։

-Այո՛, հուսով եմ, որ այդ նախաձեռնությունները կյանքի կկոչվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այդ մասին մի քանի օր առաջ Երևանում խոսելու հնարավորություն ունեցա ԱԳ փոխնախարար պարոն Հովհաննիսյանի հետ։ Դա, անշուշտ, կարևոր լծակ է գործելու և նաև մեր ամերիկացի ընկերներին պարզ և վճռական ընդհանուր դիրքորոշման հարցում որոշման մղելու համար։ Այսպիսով, այո՛, ես հավատում եմ, որ մեզ սպասվում են կարևոր հանգրվաններ: Բայց սարսափելի է, որ սա ավելի շուտ տեղի չունեցավ: Եվ ես դա չեմ ասում, քանի որ հայամետ եմ, ինչպես Ալիևն է մտածում: Ես դա ասում եմ, քանի որ, ի վերջո, Հայաստանին չէ, որ մենք պաշտպանում ենք, մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը, մենք պաշտպանում ենք արդարությունը, անմեղ քաղաքացիներին, ովքեր շրջափակման մեջ են։ Այսօր նրանց միջոցով մենք պաշտպանում ենք մարդասիրական իրավունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եվ, եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, մենք Հայաստանին չենք պաշտպանում, իրականում հայ ժողովուրդն է պաշտպանում այն, ինչից մենք նույնպես պետք է կառչած լինենք։ Մենք ակնհայտորեն պետք է շարժվենք դեպի նոր դիվանագիտական ​​նախաձեռնություններ։ Անվտանգության խորհրդի բանաձևը կպահանջվի՝ չնայած Ռուսաստանի հետ առկա դժվարություններին։ Ամեն դեպքում ոչինչ չի խանգարում Եվրոպային գործել հիմա՝ պատժամիջոցներ կիրառելու համար։ Խորհրդարանն ունի հստակ դիրքորոշում, հիմա Խորհուրդը պետք է լինի նախաձեռնող, և Ֆրանսիան խնդրում է Խորհրդին, որ այդ պատժամիջոցները կիրառվեն Ալիևի ռեժիմի դեմ:

-Միջազգային հեղինակություն ունեցող փորձագետներն ու կառույցներն ահազանգում են՝ Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է։ Այս փաստը ԵՄ-ին որքանո՞վ է հուզում։ Ո՞րն է Ձեր գնահատականը Միության վարած քաղաքականությանը։ Չէ՞ որ միայն խորը մտահոգությունը ցեղասպանություն չի կանխում։

-Միանշանակ, հենց այս մասին մենք խոսում էինք ԵԺԿ (Եվրոպական ժողովրդական կուսակցություն) քաղաքական վեհաժողովում, որը համախմբում է Եվրախորհրդարանի քաղաքական խմբերը եվրոպական մակարդակով, և մենք հստակ կետ նվիրեցինք այս հարցին։ Նպատակը վաղը ռազմական հանցագործությունները հետաքննող տրիբունալ ստեղծելը չէ։ Նպատակն է կանխել այս հանցագործություններն այսօր: Ի վերջո, մենք խոսում ենք 30.000 երեխաների կյանքի մասին, 120.000 խաղաղ բնակիչների կյանքի մասին։ Շատ հստակ նախագիծ է իրականացվում Ադրբեջանի կողմից՝ էթնիկ զտումներ, որոնք, ցավոք, արդեն տեսել ենք 2020 թվականին նրանց կողմից նվաճված տարածքներում. խաղաղությո՞ւն և անդո՞րր Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում. Ոչ ոք սրան չի հավատում, հատկապես բնիկ հայերը։ Նրանց բոլորին կա՛մ ստիպել են փախչել, կա՛մ սպանել են, և, հետևաբար, երբ միջազգային դատարանը, ցեղասպանությունների կանխարգելման ամենաառաջադեմ մարմինները ահազանգում են նման հրատապ թեմայի շուրջ, պետք է ականջալուր լինել և սթափվել։  Եվրոպան պարտավոր է թույլ չտալ նոր ցեղասպանության կրկնություն։ Դա անջնջելի բիծ կլինի եվրոպական խղճի վրա գալիք դարերի ընթացքում։

 

ԱՀ ԱԺ նախագահ Դ. Իշխանյանի նամակը կփոխանցվի Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին

Ինչպես հաղորդում է ԻԻՀ-ում հրապարակվող «Ալիք» օրաթերթը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայության երկու պատգամավորներ Արա Շահվերդյանի և Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նամակը փոխանցվելու է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին։

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Օրեր առաջ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին։

«Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ Իրանի օրենսդիր իշխանությունների կողմից սպասվող հնարավոր արձագանքներին ծանոթանալու նպատակով հեռախոսազրույց են ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հետ և նրանից հետաքրքրվել, թե արդյոք Դավիթ Իշխանյանի կիրառած նոր գործելաձևը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ադրբեջանական արգելափակման վերացման և Իրանի կողմից միջամտության տեսանկյունից:

Արա Շահվերդյանը նախ տեղեկացրել է, որ նամակից մի օրինակ ՀՀ-ում հանձնվել է Իրանի Իսլամական խորհրդանարում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին և արդեն այստեղ երկուսով պատրաստվում են այն հանձնել Իսլամական խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բադեր Ղարիբաֆին:

Ապա պատգամավորն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ շատ կարևոր է տարբեր գործիքակազմերի կիրառումը և ըստ պատգամավորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության առումով:

«Չնայած տարբեր անձանց ու կառույցների կողմից հնչող դատապարտող կոչերին, Բաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից: Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի, Անվտանգության խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԻԵԴ-ի և Հաագայի դատարանի ու այլ միջազգային կառույցների պահանջները, իրագործելով արցախահայության էթնիկ զտման, սադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականությունը», – նշել է Շահվերդյանը, ընգծելով, որ Արցախի 120 000 քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից և ապրում են աղետալի պայմաններում, ոտնահարվում են նրանց հիմնարար իրավունքները, իսկ Ադրբեջանին միջազգային հանրության ուղերձները կառուցողական դաշտ չեն բերում:

Հարցմանը, թե ինչպիսի գործընթացներ է նախատեսում Իրանի Իսլամական խորհրդարանը նման օրակարգային հարցերի առնչությամբ, Արա Շահվերդյանը նշել է, որ իրենք պատրաստվում են որպես միջնորդ հանդես գալ նամակի հանձնման ուղղությամբ, որը նշանակում է, որ ուղղակիորեն այն կստանա խորհրդարանի խոսնակը:

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ որպես իրանահայության զույգ պատգամավորներ, անպայման կշարունակեն հետևողական լինել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության հարցերի նկատմամբ, ընդգծելով, որ որպես երկրի օրենսդիր իշխանության մեկ մասնիկ, բազմիցս դիմել են պետական անձանց ՝ խնդրելով տարբեր քաղաքական ու դիվանագիտական միջոցներ կիրառել, ճնշումներ գործադրել ադրբեջանական սադրանքները զսպելու մեխանիզմներ կիրառելու և Արցախի էթնիկ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արա Շահվերդյանն ընդգծել է, որ հետամուտ են լինելու, որպեսզի Արցախի ԱԺ նախագահ Դ. Իշխանյանի հղած նամակ-պահանջը Իսլամական խորհրդարանի խոսնակի կողմից հասցեական և համապատասխան արձագանք ստանա:

 

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը շարունակում է փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը շարունակում է փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը:

Շարժման ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը Step1.am-ին հիշեցրեց, որ արգելափակման նպատակը մնում է անփոփոխ, ակցիան շարունակվում է, և հավելեց, որ երեկ Ճակատը հայտարարություն է արել և սպասում է Արցախի իշխանությունների արձագանքին։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ցանկացած մեքենայի անցումը Ակնայով (Աղդամ) կարմիր գծի խախտում է, փաստն ինքնին չափազանց վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։ Այնուամենայնիվ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը բաց լինելու և պատասխանատվություն ստանձնելու, դժվար որոշումներ կայացնելու պատրաստակամության  և հասարակության հետ երկխոսություն կառուցելու փորձերի համար։ Համենայնդեպս, ինչպես կյանքը ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն կատարել, այդ թվում՝ Ռուսաստանի»։

Արցախի պաշարմամբ պայմանավորված` համակարգչային տեխնիկայի գործադրմամբ խարդախության դփպքերն աճել են. ՆԳՆ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում՝ Արցախի պաշարման հետ կապված, ավելացել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հանցագործության դեպքերը:

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրի տեղեկատվությամբ` մասնավորապես, սոցիալական ցանցերում Արցախի բնակիչներին հարմար գներով առաջարկում են ապրանքներ և խոստանում այն կարճ ժամանակահատվածում հասցնել Ստեփանակերտ: Կառույցի տարածած հաղորդագրության համաձայն` խարդախության եղանակով գումարը հափշտակելուց հետո արցախցի օգտատերերը հայտնվում են սև ցուցակում: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում այսօրինակ 2 հաղորդում է ստացվել: Խաբեությամբ շահույթ ստանալ ակնկալողները սոցցանցում ստեղծում են տարբեր անվանումներով կեղծ օգտահաշիվներ, որոնցում տեղադրում են գայթակղիչ հայտարարություններ:

Սեպտեմբերի 1-ին տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Բ.-ի դիմումն այն մասին, որ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով, կապ է հաստատել «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով նամակագրության ընթացքում ձեռք է բերել էլեկտրական սկուտերի գնման պայմանավորվածություն, որից հետո «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատերը պահանջել է տերմինալի միջոցով «IDBank» ՓԲ ընկերության 43182900100**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 156.000 ՀՀ դրամ՝ էլեկտրական սկուտերի ձեռք բերման նպատակով:

Նույն օրը Ա. Բ.-ն տերմինալի միջոցով բանակային քարտին 156000 ՀՀ դրամ է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում Արցախի բնակչին պատճառվել է գույքային վնաս:

Սեպտեմբերի 5-ին վարչությունը ստացել է մեկ այլ դիմում՝ Մարտակերտի շրջանի բնակիչ Հ.Ի.-ից: Օգոստոսի 31-ին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով վերջինս կապ է հաստատել «Arustamyan Andrey» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով «Messenger» հավելվածի միջոցով նամակագրության և զանգերի ընթացքում ձեռք է բերել բենզինի, ծխախոտի և ձեթի գնման պայմանավորվածություն, որից հետո վերջինս պահանջել է տերմինալի միջոցով 43182900922**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար։

Պայմանավորված ապրանքը ձեռք բերելու նպատակով, սեպտեմբերի 3-ին Հ․Ի.-ն տերմինալի միջոցով նշված բանակային քարտին ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է ոմն Անդրեյ անունով ներկայացած անձի կողմից, ինչի արդյունքում Հ․Ի.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը կոչ է անում Արցախի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ նմանատիպ գործարքներից և չընկնել ծուղակը, իսկ տուժելու դեպքում դիմել ոստիկանություն։

Մարգարիտա Քարամյան. Արդեն երրորդ անգամ չկարողացա միջանցքով անցնել Ստեփանակերտում ընտանիքիս հետ հանդիպելու համար

Օկուպացված Հադրութից բռնի տեղահանված Մարգարիտա Քարամյանը երրորդ անգամ փորձում է Բերձորի միջանցքով հասնել Արցախ՝ իր ընտանիքին, սակայն ապարդյուն։

«Deutsche Welle-ի նկարահանող խմբի հետ ես ևս մեկ անգամ փորձեցի մեքենայով հասնել Հաքարի գետի կամուրջ: Բնականաբար, մեզ այնտեղ թույլ չտվեցին, քանի որ այս գոտում վերահսկողությունն այժմ ուժեղացված է։ Կարծում եմ՝ այստեղ կայանված բեռնատարների պատճառով։ Բայց, այնուամենայնիվ, կարողացանք արձանագրել, որ երրորդ անգամ եմ մոտենում կամրջին, բայց չկարողացա հասնել ընտանիքիս անդամներին, որոնց 10 ամիս չեմ տեսել»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտա Քարամյանը։

«Ֆրանսիական բեռնատարները նույնպես կանգնած են, թեև 10-ից միայն 2-ն է մնացել, ես լսել եմ, որ դրանցից մի քանիսը վերադարձվել են Հայաստան՝ տեղահանվածների միջև բերված օգնությունը բաժանելու համար, բայց չեմ կարող հաստատել»,- ասաց նա։

Մարգարիտա Քարամյանի խոսքով՝ ադրբեջանական անցակետը կանգնած է, հայերը անցնում են միայն ԿԽՄԿ մեքենաներով, և, ըստ ամենայնի, համարյա բոլորը հետ են գնում Արցախ։

Պատգամավոր Արթուր Հարությունյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սույն թվականի սեպտեմբերի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Իվանի Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ներկայացրել է հրաժարականի դիմում, ասված է հայտարարության մեջ։

Մեր տվյալներով, Հարություննայնը Արցախի պետնախարար կնաշանակվի։

“Ռուսական կարմիր խաչի ավտոմեքենան Աղդամով վերմակներ է բերում”․ Տիգրան Պետրոսյան

Ի միջի այլոց, ռուսական կարմիր խաչի ավտոմեքենան, որը փորձում են անցկացնել Աղդամով, որպես հումանիտար բեռ վերմակներ է բերում…
Մեզ փորձում են նսեմացնել, բայց ցավալին այն է, որ այդ ամենին մասնակից են նաև հայեր…
Հետևությունները թողնում եմ ձեզ…