Խորհրդարանի նիստը սկսվել է, Բաբայանի կողմնակիցները հավաքվում են հրապարակում

Արցախի խորհրդարանում մեկնարկել է հանրապետության նախագահի ընտրությունների նիստը։ Միակ թեկնածուն՝ չորս խմբակցությունների կողմից առաջադրված Սամվել Շահրամանյանն է։ Մեր թղթակցի փոխանցմամբ՝ նիստը չի հեռարձակվելու ուղիղ եթերում, իսկ ներս մտած լրագրողներին խնդրել են հանձնել հեռախոսները։ Ազգային ժողովի մուտքերը շրջափակված են ոստիկաններով։

Վերածննդի հրապարակում հավաքվում են Սամվել Բաբայանի աջակիցները, ում երեկ մերժել էին նախագահի թեկնածու գրանցել։ Ըստ ականատեսների՝ հրապարակում է նաեւ ինքը՝ Բաբայանը։

Դժվարությունները կոչված են հաղթահարելու, Քրիստինան շատ է կարոտում Արցախը

Քրիստինան ծնվել է Ստեփանակերտում։ Նա մեծացել է զինվորական ընտանիքում։ Նրանց տանը կարգապահությունն ու կարգուկանոնը առաջնային էին։

Քրիստինան շատ շփվող է և ընկերների մեծ շրջանակ ունի։ Նա ծնվել է ուղեղային կաթված ախտորոշմամբ և մանկուց վերականգնողական փուլ է անցել Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնում, որտեղ բազմաթիվ ընկերներ է գտել։ Կենտրոնի մասնագետների շնորհիվ նրա ֆիզիկական վիճակը բարելավվեց, և նա առաջին քայլերն արեց հասարակության հետ ինտեգրվելու ուղղությամբ։

Նա ակտիվորեն հաճախում էր տարբեր խմբակներ և հատկապես հավանում էր խեցեգործության խումբը:

Քրիստինան մասնակցել է Bocce մրցույթներին, որոնք կազմակերպվել են Արցախում և Հայաստանում։ Ունի բրոնզե մեդալ։

Նա կենտրոնի այլ հիվանդների հետ մի քանի անգամ հանգստացել է Սևանա լճում։ Կենտրոնը կազմակերպել է նաև էքսկուրսիաներ, որոնց շնորհիվ Քրիստինան այցելել է Արցախի գրեթե բոլոր տեսարժան վայրերը։

Նա երախտապարտ է Վերականգնողական կենտրոնի ողջ անձնակազմին հսկայական աշխատանքի և այդ երջանիկ օրերի համար։ Քրիստինան աչքերին տխրությամբ հիշում է իր դպրոցական տարիները, դասընկերներին ու ընկերներին, որոնց հետ նա անցկացրել է անմոռանալի մանկություն։

2011 թվականին նա մեկնել է Ռուսաստան, որտեղ ավարտել է դպրոցը և ընդունվել Տվերի պետական ​​համալսարան։ Աշխատել է Tele2-ում, ինչպես նաև առցանց հարթակներում։

Ունի բազմաթիվ հոբբիներ, որոնց թվում առանձնացնում է իր սերը տնային կենդանիների նկատմամբ։ Ապագայում նա նախատեսում է բացել սեփական բիզնեսը ոսկերչական իրերի արտադրության ոլորտում եւ ընտանիք կազմել։

Ռուսաստանում, ինչպես հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում, խնդիրներ կան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար անարգել միջավայրի հետ կապված, սակայն դա չի վախեցնում Քրիստինային, քանի որ դժվարությունները տրվում են հաղթահարելու համար, ասում է նա։

Մարդու օգտակարությունը ամենևին էլ կախված չէ նրա ֆիզիկական հնարավորություններից, նկատում է Քրիստինան։

Քրիստինան շատ է կարոտում Արցախում գտնվող իր հարազատներին ու ընկերներին ու երազում է շուտափույթ հանդիպել նրանց հետ։

Արսեն Աղաջանյան

Քարագլուխ․ հիմա երկու խաչքարերի ճակատագիրն անհայտ է

Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղը հարուստ պատմամշակութային միջավայր ունի, որն ընդգրկում է պատմական տարբեր ժամանակաշրջաններ։ Հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ ունեն գերեզմանոցում պահպանված, ցավոք՝ մեկը ջարդված վիճակում, 2 խաչքարեր, որոնք իրենց զարդաքանդակներով, տեխնիկայով ու չափերով համարվում են Արցախի լավագույն խաչքարերից:

Կայծքարից կերտված խաչքարի վրա կիրառված  արտահայտչամիջոցները վկայում են դասական քանդակագործության մասին։ Բուն խաչքարի բարձրությունը 2.5 մ է, լայնությունը` 0.82, իսկ հաստությունը` 19.20 սմ: Քիվի ամբողջ մակերեսը և խաչաթևերի շուրջը ծածկված են մանվածո զարդանախշերով, բուսական մոտիվներով: Շատ հետաքրքիր է հատկապես հուշարձանի ստորին մասը, ուր ներկայացված են մատուցարանն իր պարունակությամբ և կնոջ ու տղամարդու պատկերներ: Սա կարծես թե հերթական հաղթանակից վերադարձած տղամարդուն (իշխանին) դիմավորելու տեսարան լինի: Կինը մատուցարանով դիմավորում է տղամարդ ուն, իսկ վերջինս ձախ ձեռքով միրգ է վերցնում, իսկ աջով բռնել է գինու գավը:

Կյանքի հարատևությունը խորհրդանշող գունդը (շրջանակը) այստեղ արտահայտված է կենցաղային մոտիվներով  որը Արցախում, մասնավորապես Խաչենում հազվադեպ երևույթ չէ:  Հարկ է նշել, որ մարդու պատկերներով խաչքարեր առաջին անգամ հայտնաբերվել են Խաչենում` Հայաստանի այն մասում, որտեղ ընդհանրապես նախասիրված էր քանդակներով զարդարանքը, ուր վանքերի պատերին, սովորական դարձած կտիտորական խմբերի հետ միասին հանդիպում են բավականին մեծ բարձրաքանդակներով պատկերներ: Այս առումով, տեղի խաչքարերը արժևորվում են ոչ միայն քարարվեստի տեսանկյունից, այլև կարևոր նյութ են պարունակում ժամանակաշրջանի կենցաղը, տարազը և կյանքի որոշ մանրամասնություններ ուսումնասիրելու համար:

Խաչքարի դիմային մասում՝ մատուցարանից ներքև պահպանվել է աղճատված արձանագրություն, որը հավանաբար  գրվել է նախքան խաչքարը պատվանդանի մեջ դնելը և այդ պատճառով հինգերորդ տողի կեսը և շարունակությունը մտել են պատվանդանի փոսորակի մեջ: «Մեք/՝ Հևետ/իքայ որ/դիքս՝ Պապա/[ք], Սնպատ, Սարգիս…» (ԴՀՎ 5, 140):

Երկրորդ խաչքարը նույնպես աչքի է ընկնում կատարողական վարպետությամբ և իր զարդամոտիվներով նման է առաջինին։

Խաչքարը հատկապես արժևորվում է թիկունքին փորագրված թվակիր, տասնվեց տողանոց արձանագրությամբ․ «Թի[ւն] ։ՉԲ։ (1253 թ.)։ Իշխանո/ւթի[ւն] Հասանա/յ, ես՝ Սնպատ և/ եղբարք իմ կա/նկեցի զխաչս/ բարէխաւս ա/ռ Ք[րիստո]ս ինձ և ամ/ուսին իմոյ Կատ/ային, զոր ետ պա/րոն մեզ հայրեն/իք և գերեզմա/նայտեղ։ Ք[րիստո]ս/ աւգնէ իւ/ր որդեա/ցն, ամ/են» (ԴՀՎ 1982,140) Այստեղ նույնպես շատ հետաքրքիր է խաչքարի ներքնամասը, ուր շրջանակի փոխարեն կլոր սեղան է, որի վրա շարված են զանազան ուտելիքներ, շուրջը նստած տղամարդ և կին` երեխան գրկին, որը հավանաբար արձանագրության մեջ հիշատակված Սմբատն է, իր կինը Կատան և որդին։

Երկու խաչքարերի վրա ընտանեկան խնջույք է պատկերված, որը Արցախի խաչքարային և տապանաքարային  պատկերաքանդակների տարածված թեմաներից մեկն էր։

2022 թվականի մարտի 24-ին, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Ադրբեջանը բռնազավթել է Քարագլխի բարձունքն ու երբեմնի գյուղը։ Այժմ խաչքարերի ճակատագիրն անհայտ է։

Տողի Քաջիկը. կյանքը զրոյից սկսում է միայն նախնիների երկիր վերադառնալու հույսով

Քաջիկ Ամիզյանը ծնվել և մեծացել է Հադրութի շրջանի Տող գյուղում։

Նա երեխա էր, երբ սկսվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը։ Քաջիկի ընտանիքն ապրում էր գյուղի այն հատվածում, որտեղ բազմաթիվ ադրբեջանցիներ էին ապրում։

Երբ շարժումը սկսվեց, նրա ադրբեջանցի հարևանը հորը զգուշացրեց, որ երեխաներին գյուղի այս հատվածից հանի, քանի որ ադրբեջանցիների մեջ ապրելը դառնում է վտանգավոր։

Հայրը երեխաներին տարել է Հին Թաղեր գյուղ, որը գտնվում է բարձր լեռներում։ Բայց նույնիսկ այստեղ պարզվեց, որ ամբողջովին անվտանգ չէ։

Հարևան ադրբեջանական ոչխարաբուծական բնակավայրի բնակիչները սկսել են անասուններ գողանալ և սպանել մարդկանց։

Գյուղի բնակիչներից մեկին, որը վառելափայտով բարձված էշով վերադառնում էր անտառից, սպանել են, թաղել անտառում ու գերեզմանը խոտով ծածկել, որ դժվարանա հայտնաբերել։ Սակայն գյուղացիները գտել են համագյուղացու թաղման վայրը։

Քաջիկին երկու անգամ պատանդ են վերցրել։ Առաջին անգամ 1990թ. Քաջիկին գյուղի 50-ամյա բնակչի հետ, որը կոլտնտեսային կովեր էր պահում, շրջապատել էին ադրբեջանցիներ և նրանց ուղեկցող խորհրդային զինվորներ։

Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները հովվին լավ ճանաչում էին, քանի որ նրա հետ աշխատում էին նույն կոլտնտեսությունում, հրամայեցին անասուններին քշել իրենց բնակավայր։ Այս մարդուն այլևս երբեք ոչ ոք չի տեսել, և նա դեռևս համարվում է անհետ կորած:

Քաջիկի մոտ կանգնած ադրբեջանցին ասել է, որ 11-ամյա տղային բաց կթողնի միայն ականջը կտրելուց հետո։ Քաջիկը վախից փախուստի է դիմել, և նրան հաջողվել է հասնել գյուղ, որտեղ պատմել է կատարվածի մասին։ Գյուղի բնակիչներն անհետ կորած համագյուղացուն փնտրել, սակայն նրան ո՛չ ողջ, ո՛չ մահացած չեն գտել։

Երկրորդ անգամ Քաջիկին պատանդ են վերցրել 1991թ.: 1991 թվականի մայիսի 16-ից մայիսի 19-ը «Օղակ» գործողության շրջանակներում տեղահանվել են Հադրութի շրջանի 14 գյուղերի բնակիչներ։

Քանի որ խորհրդային զորքերն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը վտարել են գյուղերի բոլոր բնակիչներին, իսկ նրանց ողջ անասունը տարել են, հերթը հասել էր հեռավոր գյուղերին։

Վաղ առավոտյան Քաջիկը գյուղի ևս երկու բնակիչների հետ իրենց անասուններին հանել են արածելու։ Քաջիկի խոսքով, զինվորներն ու ՕՄՕՆ-ը հայտնվել են ասես ընդհատակից։ Նրանք շրջապատեցին հովիվներին ոչխարների, այծերի և կովերի հոտի հետ միասին։ Կովերով մարդուն առաջ են տարել, Քաջիկին հրամայել են քշել այծերին, իսկ երրորդը, ով պետք է քշեր ոչխարներին, փախել է։

Որոշ ժամանակ անց Քաջիկին հաջողվել է փախչել դիրքեր (այս պահին գյուղի մոտակայքում արդեն պաշտպանություն էր կազմակերպվել և 24-ժամյա հսկողություն էր իրականացվում)։ Քաջիկը զգուշացրել է միլիցիային կատարվածի մասին։ Հովվի մնացորդները հայտնաբերվել են միայն մի քանի ամիս անց կիրճում։

Հետո Քաջիկը ստիպված եղավ անցնել երեք պատերազմների միջով։ Բայց վերջինը՝ 2020 թվականի պատերազմը, ճակատագրական ստացվեց։ Քաջիկը առաջին անգամ ստիպված է եղել լքել հայրենի գյուղը, քանի որ ամբողջ Հադրութի շրջանն այժմ օկուպացված է։

Քաջիկը դժվարանում է նորից զրոյից սկսել առանց այն էլ դժվարին կյանքը։ Հաստատվելով Հայաստանի գյուղերից մեկում՝ նա փորձում է ինչ-որ բան անել։ Բայց հարազատ հողի, նույնիսկ աղքատ տան կարոտը կրծում է հոգին: Եվ միայն այն միտքը, որ նա դեռ մի օր կվերադառնա իր նախնիների երկիր, ստիպում է նրան ապրել ու առաջ նայել։

Քիմ Քարդաշյանը և Էրիկ Էսրայիլյանը կոչ են արել Բայդենի վարչակազմին անհապահ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ամերիկահայ հայտնի բժիշկ Էրիկ Էսրաիլյանը «Rolling Stone» պարբերականում հոդված են հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին։ «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ․

«ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում խոսել ապագայում ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ հիշատակի հավերժացման մասին:

Անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախի (հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) բնիկ քրիստոնյա հայերին արտաքին աշխարհի հետ կապող փրկության միակ ճանապարհը: Նրանք տարիներ շարունակ կախված են եղել Լաչինի միջանցքով պարենի, դեղորայքի և մարդասիրական օգնության փոխադրումից։ Ուկրաինայի պատերազմն Ադրբեջանին որոշ երկրների համար ռուսական նավթի ու գազի թվացյալ ավելի շահավետ այլընտրանք դարձրեց։ Սակայն այդ հանգամանքը համարձակություն է տվել ադրբեջանական ավտոկրատ կառավարությանը սովը որպես զենք օգտագործել տարածաշրջանի հայ բնակչության դեմ։ Այլևս ժամանակ չկա մտածելու, աղոթելու կամ անհանգստանալու համար:

2020 թվականի պատերազմը, այն բանից հետո, երբ Ադրբեջանն առանց որևէ պատճառի հարձակվեց Արցախի հայերի վրա, երբեք չի անհետացել աշխարհասփյուռ հայության գիտակցությունից: Չնայած հրադադարի պայմանավորվածության, հայ զինվորների վրա հարձակումները եղել են մշտական և անհետևանք: Հայատյաց քաղաքականությունը մշակվել և լայնորեն քարոզվում է Ադրբեջանի կառավարության և այլ երկրների կողմից: Տարածաշրջանային խաղաղությունը չպետք է ենթադրի Արցախում հայերի ինքնիշխանության զոհաբերում, բայց անկախ նրանից, թե ինչ է մտածում որևէ մեկը մեր կարծիքի մասին, պարզ է, որ այս անողոք շրջափակումը հատել է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի բոլոր կարմիր գծերը: Իրավապաշտպան կազմակերպությունների արգելափակումը, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), և շրջափակմանը ուղեկցող ատելության հռետորաբանությունը ցեղասպանություն իրականացնելու մտադրության նշաններ են:

Ադրբեջանի կառավարությունն ու նրա դաշնակիցները պնդում են, որ գոյություն ունեն այլընտրանքային երթուղիներ, որոնք պետք է օգտագործել: Պաշարների երբեմն մատակարարման համար Ադրբեջանի կողմից վերահսկվող առանձին ճանապարհի օգտագործումը լավագույն դեպքում անկեղծ չէ։ Ամենայն հավանականությամբ, սա Արցախի հայերի և քրիստոնյաների համար վերջի սկզբի ազդանշան կլինի։ Այս ճգնաժամի սկզբում երկրում ապրում էր մոտ 120 000 հայ, այդ թվում ՝ 30 000 երեխա։ Դժբախտաբար, սովի և համապատասխան բժշկական օգնություն ստանալու անկարողության պատճառով արդեն տեղի են ունեցել զգալի և ողբերգական մարդկային զոհեր, և առանց անհապաղ գործողությունների, իրավիճակը միայն կվատթարանա: Նրանց համար, ովքեր գոյատևում են, հետևանքները անդառնալի կլինեն: Թեև կեղծավոր փորձ արվեց շրջափակումը ներկայացնել որպես բնապահպանական խնդիրների հետ կապված, սակայն հայերն ու միջազգային դիտորդները գիտեին, որ նրանց նպատակն էր երկիրն ապրելու համար այնքան անտանելի դարձնել, որ մարդիկ կամ մահանան, կամ համաձայնվեն հեռանալ:

Միևնույն ժամանակ, սովի մատնելու կողմնակիցները օգտագործում են համակարգված սոցիալական լրատվամիջոցների արշավներ՝ ձևացնելու համար, որ շրջափակումը տեղի չի ունենում: Այս հակաուտոպիական քարոզչությունը կարող է անհեթեթ թվալ գիտելիք ունեցողների համար, բայց մարդու իրավունքների այս խախտումների պաշտպանները փորձում են մարդկանց շփոթեցնել ՝ հաշվի առնելով այն ամենը ինչ կատարվում է աշխարհում։

Ցեղասպանության վերահսկման բազմաթիվ խմբեր և ՄԱԿ-ի անկախ հատուկ զեկուցողները, այդ թվում՝ ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական, պրոֆեսոր Խուան Մենդեսը, ամիսներ շարունակ փորձում են աշխարհին ահազանգել այս վերահաս վայրագությունների մասին: Անցյալ ամիս Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակեց իր անկախ զեկույցը։ Նա եզրակացրեց, որ ցեղասպանությունն արդեն ընթանում է, քանի որ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ Ադրբեջանը «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմաններ է միտումնավոր ստեղծում, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Մարդու իրավունքների համալսարանական ցանցը, համագործակցելով մի շարք ինստիտուտների, իրավաբանների և գիտնականների հետ, 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում անցկացրել է երկու ճանաչողական այց դեպի Լեռնային Ղարաբաղ և չորսը՝ Հայաստան։ Նրանց վերջերս հրապարակված տեղեկատվական փաստաթղթում ասվում է. «Ավելին, խախտումները, որոնք մենք արձանագրել ենք, իրար հետ կապ չունեցող իրավունքների զուտ խախտումներ չեն. միասին վերցրած՝ այս խախտումները բացահայտում են Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի որոշ մասերը հայաթափելու շղթան, համապարփակ արշավը»։

Անհատների, կառավարությունների և կառավարական կազմակերպությունների հավաքական լռությունը կամ անգործությունը, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպությունը և Եվրամիությունը, հավերժացրել են ճգնաժամը: Անցնող յուրաքանչյուր օր ավելի ու ավելի շատ կյանքեր է վտանգում: Ամերիկացի հարկատուների դոլարները ներկայումս նպաստում են այս վարքագծին՝ նավթով հարուստ երկրին օտարերկրյա օգնություն տրամադրելով: Տնտեսական պատժամիջոցների, Ադրբեջանին օտարերկրյա օգնության դադարեցման, Ադրբեջանում միջազգային միջոցառումների բոյկոտի (օրինակ ՝ համերգների և սպորտի, ինչպիսիք են ֆուտբոլը և Ֆորմուլա 1-ը), ինչպես նաև միջազգային դատարաններում վարույթների միջոցով մենք կարող ենք հավաքականորեն արդյունքի հասնել, բայց գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում, և ժամանակը սպառվում է: Որպես քաղաքացիներ, մենք դիմում ենք այնպիսի առաջնորդների, ինչպիսիք են նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինքենը և նրանց գործընկերները ՝ կոչ անելով անհապաղ դիրքորոշում արտահայտել: Նրանք պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը միջանցքը բացի առանց նախապայմանների։

Արցախի ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել։ Հիմա իսկական առաջնորդության ժամանակն է: Մեզ անհրաժեշտ է, որ նրանք, ովքեր նշանակալի դեր են խաղում այդ գործերում, անհապաղ պահանջեն բացել Լաչինի միջանցքը, որպեսզի կանգնեցնեն հերթական ցեղասպանությունը։ Մենք ցանկանում ենք ավելի շատ ուշադրություն հրավիրել ճգնաժամի վրա և կոչ անել մեր կառավարության անդամներին, ովքեր իսկապես հոգ են տանում մարդկության մասին, միջամտել: Միացյալ Նահանգները պատասխան միջոցները մոբիլիզացնելու հնարավորություն ունի: Առաջնորդներին, ովքեր արդյունավետ են և օգնում են մեր ժողովրդին, կհիշեն իրենց հերոսության համար։ Նույնիսկ եթե նրանք գործում են լավագույն նպատակներով, նրանք, ովքեր իներտ են և անարդյունավետ, կհիշվեն այն բանի համար, որ թույլ են տվել, որ ցեղասպանությունը տեղի ունենա իրենց աչքի առաջ: Ընտրությունը իրենցն է»։

Արցախի ՊԲ-ն Շուշիի շրջանում ամրաշինական աշխատանքներ չի կատարել. Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին, ժամը 19:05֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։

Արցախի ԱԳՆ-ը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումները

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ:

«Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակման վերաբերյալ արտակարգ լսումների անցկացումը: Բարձր ենք գնահատում Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահներ՝ Կոնգրեսականներ Սմիթի եւ ՄակԳովերնի ակտիվ ջանքերը՝ Արցախում ստեղծված մարդասիրական աղետը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ։

Կարեւորում ենք, որ լսումների ընթացքում բանախոսների կողմից Ադրբեջանի գործողություններին տրվել է հստակ իրավական եւ քաղաքական գնահատական՝ դրանք բնորոշելով որպես Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանություն: Այս համատեքստում բանախոսները կոչ են արել ԱՄՆ իշխանություններին անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:

Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի եւ մյուս միջազգային դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի՝ պարտադրելով Ադրբեջանին անհապաղ եւ անվերապահորեն դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու վերականգնել միջանցքի գործունեության ռեժիմը՝ համապատասխան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների եւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների:

Ցեղասպանության կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների ինչպես անհատական, այնպես եւ հավաքական պարտավորությունն է, ինչը ենթադրում է հստակ եւ գործուն քայլերի ձեռնարկում։ Համոզված ենք, որ Արցախում ցեղասպանության կանխումն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի անպատժելիությունը վերացնելու, այլեւ մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունն աշխարհի այլ անկյուններում բացառելու համար »,- հայտարարել է ԱՀ ԱԳՆ-ն:

 

ՌԴ ԱԳՆ բողոքի նոտա է հղել Հայաստանին

ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը։

Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝  Կիևի նացիստական ​​ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։

Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրան կոշտ հայտարարություն է ներկայացվել։ Բացի այդ, բողոքի նոտա է փոխանցվել, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին: Մտահոգություն է հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Մ.Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոյի տեսաբան Ա.Գևորգյանի ձերբակալությունների առիթով։

Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման  բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։

Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար։

«Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը լուրջ և, ստեղծված իրավիճակով պայմանավորված, չափազանց պատասխանատու առաքելություն է խորհրդարանի բոլոր պատգամավորների համար: Հենց այդ պատասխանատվությունն է ուղղորդել մեզ ընդունելի թեկնածու առաջադրելու գործընթացում, ինչն էլ իրականացվել է մեր երկրի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Մեր խորին համոզմամբ, այսօր, մեր ժողովրդի առջև կանգնած գոյաբանական սպառնալիքների պայմաններում, մեզ համար գլխավոր խնդիրը Արցախի ժողովրդի կողմից թանկագին կորուստների գնով, ծանր զրկանքներով ստեղծված պետականության պահպանումն ու ամրապնդումն է, որը մեզ թույլ կտա շարունակել պայքարը՝ հայրենի հողում արժանապատիվ, անկախ ու անվտանգ ապրելու մեր անօտարելի իրավունքի համար:

Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները կոչ ենք անում մեր ժողովրդին՝ մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր նրանց, ում համար այս հողի վրա ապրելը վեր է բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական խարդավանքներից, զերծ մնալ մեր պետականությունը կասկածի տակ դնող գործողություններից։

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցությունը Արցախի հարցով նամակ է հղել Կանադայի արտգործնախարարին

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսը սեպտեմբերի 6-ին նամակով դիմել են Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

«Կանադայի Օնթավիայի գրասենյակից տեղեկացրել են, որ նամակում  խոսվում է Հարավային Կովկասում Արցախի շուրջ ծավալված ճգնաժամի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական ու տնտեսական ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչության նկատմամբ:

Նամակի մեջ ընդգծվում է, որ, ըստ Genocide Watch կազմակերպության, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մտել է «Հալածանք»-ի փուլ, հատկապես սկսած  2023 թվականի հունիսի 14-ից, երբ արգելափակված էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքը Արցախ ՝ սննդամթերքի ու բժշկական տարրական օգնություն տեղափոխելու համար:

Ռուսական խաղաղապահ զորախումբը, որին վստահված է Լաչինի միջանցքի պաշտպանությունը, ցավոք, չի կարողանում վերահսկել միջանցքը՝ խախտելով եռակողմ հրադադարի համաձայնագրով նախատեսված  իր պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նշում է, որ, նամակի համաձայն, Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակումը բնիկ հայերի նկատմամբ գործադրված մարդու իրավունքների խախտումների շարքին է դասվում: Այդ խախտումների շարքում են  ռազմական գործողությունների ժամանակ  վարձկանների օգտագործումը, ինքնիշխան հայկական տարածքների վրա հարձակումն ու բռնագրավումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ  ուժի կիրառումը:

«Կանադայի համար որոշիչ պահ է:  Հրամայական է, որ Կանադան պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի բռնապետական կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք խախտել են խաղաղությունն ու անվտանգությունը՝ միաժամանակ կատարելով մարդկային իրավունքների կոպիտ և համակարգված խախտումներ:

ՄԱԿ-ի «Պաշտպանելու պատասխանատվությունը»( R2P) պարտավորության համաձայն՝ Կանադան պատասխանատու է Արցախի բնակչությունը պաշտպանելու այնպիսի վայրագություններից, ինչպիսիք են հալածանքները և էթնիկ զտումները: Ադրբեջանի այս ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ են բոլոր համապատասխան միջամտությունները՝ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներից մինչև միջազգային քրեական հետապնդումները և որպես վերջին միջոց՝ ռազմական գործողությունները»,- նշել են Արցացի ԱԺ-ից՝ վկայակոչելով Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսի Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին ուղղված նամակը:

Ըստ աղբյուրի՝  Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահները նամակի ավարտին Կանադայի իշխանություններից խնդրել են ուժեղացնել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող հալածանքները դադարեցնելուն  ուղղված աշխատանքները՝ վերստին շեշտելով, որ նրանք պահանջեն պատժամիջոցներ սահմանել ադրբեջանական իշխանությունների նկատմամբ և ստիպեն Բաքվի կառավարությանը ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության հայտարարությունը

«Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու Հանրապետության նախագահի թեկնածուի քվեարկությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնական հայրենիք» կուսակցությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Նախորդ ամիսներին, օրենսդրական փոփոխություններով իրավական հիմքեր ապահովելուն զուգահեռ, արցախյան ներքաղաքական ետնաբեմում ընթացող խմորումները գագաթնակետին հասցվեցին Արցախի Հանրապետության չորրորդ նախագահի հրաժարականով եւ, ըստ նախատեսվածի, հանգուցալուծում պիտի ստանան սեպտեմբերի 9-ին՝ պայմանավորվածության արդյունքում առաջադրված թեկնածուի նշանակմամբ։

Խորհրդարանում ներկայացված չորս խմբակցությունները շարունակաբար ստեղծում են իրավաքաղաքական այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն սահմանափակում, այլեւ ոտնահարում են մարդու արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ժողովրդական լայն զանգվածների կարծիքի շրջանցմամբ Հանրապետության նախագահի ընտրությունը ոտնձգություն է սահմանադրական կարգի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը,

հավատարիմ մնալով 2020թ․ ընտրությունների արդյունքում ստացած վստահության քվեին,

դատապարտելով անհավասար մրցակցային պայմաններն ու կանխորոշված ընտրական արդյունքը,

անմասն մնալով Արցախի քաղաքական ուժերի կոլեկտիվ արկածախնդիր անհեռատեսությունից,

ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության ֆոնին ստեղծված հանրային անհանդուրժողականության մթնոլորտը,

հայտարարում է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու Հանրապետության նախագահի թեկնածուի քվեարկությանը։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը փոխադարձում է սթափության, հավասարակշռության եւ արկածախնդրության չտանելու կոչերը՝ գործող դերակատարներից պահանջելով դուրս չգալ լիազորությունների շրջանակից, ապահովել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, իսկ քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն եւ իրացնել Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները։

Միեւնույն ժամանակ «Միասնական հայրենիք» կուսակցությունն այն համոզմունքին է, որ ներքաղաքական լարվածությունն ու անհանդուրժողականությունը հետեւանք են մի կողմից օտարերկրյա ազդեցության գործակալների երեք հոգանոց խմբակի՝ Արցախի ճակատագիրը սեփականացնելու, մյուս կողմից բոլոր հնարավոր մեթոդներով Սամվել Բաբայանի՝ Հանրապետության նախագահի թեկնածությունը մերժելու փորձերի։ Ուստի իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները՝ Հանրապետության նախագահի պաշտոնակատարի գլխավորությամբ»: