Month: Սեպտեմբեր 2023
Եթե Ալիևը փաստաթուղթ ունենար, ապա այն կփորագրեր իր հոր հուշարձանների վրա
Բերձոր
Ադրբեջանը պնդում է, որ միջազգային իրավունքի համաձայն, Ղարաբաղը չի կարող լինել անկախ կամ Հայաստանի մաս: Բայց Ադրբեջանը չունի որևէ փաստաթուղթ, որը կհաստատի Ղարաբաղի նկատմամբ Բաքվի իրավունքը։
Պատերազմից 3 տարի անց Բաքուն, միջազգային միջնորդները՝ պաշտոնական Երևանի գլխավորությամբ, փնտրում էին նման փաստաթուղթ և ոչինչ չգտան, բացի 1991 թվականի Ալմա-Աթայի քնձռոտ հռչակագրից։ Ուրիշ ոչինչ չկա, և պարզ չէ, թե ինչ հիմքով են Բաքուն, Անկարան և Մոսկվան պահանջում, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։
Եթե Ալիևը նման փաստաթուղթ ունենար, ապա այն կփորագրեր իր հոր բազմաթիվ հուշարձանների վրա։ Նման փաստաթուղթ չկա։
Ուստի հարցը պետք է լուծվի կա՛մ ուժով (ինչը փորձում է անել Բաքուն), կա՛մ ինքնորոշման իրավունքի միջոցով։ Եթե համաշխարհային հանրությունը դեռ ուժ և կամք ունի պաշտպանելու իր արժեքները, ապա նա չպետք է թույլ տա Ղարաբաղի բռնակցում և պարտավոր է Բաքվին ստիպել լուծել հարցը ինքնորոշման իրավունքի հիման վրա։
Ըստ ամենայնի, Արցախի ժողովրդի ցուցաբերած կամքն ու ոգու ուժը ստիպում են միջազգային միջնորդներին փոխել իրենց հռետորաբանությունը։ Ընդամենը մի քանի օր առաջ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի անունից հայտարարություն տարածվեց, որում նա կոչ էր անում Բաքվին բացատրել ղարաբաղցի հայերին Լաչինի միջանցքից օգտվելու կանոնները»։ Նա նաև կոչ էր անում բացել Ակնայից ճանապարհը։
Այն բանից հետո, երբ նրան հարցրին, թե արդյո՞ք պարոն Միշելը փաստագրական ապացույցներ ունի՝ պնդելու, որ Ղարաբաղը և Լաչինի միջանցքը պատկանում են Ադրբեջանին, ԵՄ-ն փոխեց իր հռետորաբանությունը. ԵՄ նոր հայտարարության մեջ ասվում է. «Մենք ի գիտություն ենք ընդունում այլ ճանապարհներ բացելու Բաքվի պատրաստակամությունը, սակայն կոչ ենք անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը»։
Նիկոլ Փաշինյանը ևս չունի Արցախը «Ադրբեջանի կազմում» ճանաչելու փաստաթղթային հիմք, ինչի պատճառով էլ չի կարող իր բանավոր հայտարարությունը վերածել գրավորի։ Բացի այդ, Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո Փաշինյանը չի կարող որպես «խաղաղության պայմանագիր» ստորագրելու պայման չպահանջել Բերձորի միջանցքի բացումը։ ՄՔԴ որոշումը փաստաթուղթ է, որին դեմ չեն կարող գնալ ո՛չ Միշելը, ո՛չ Փաշինյանը։
Արցախի Հանրապետության պետական նախարար Սամվել Շահրամանյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ
Օրերս ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանը խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:
Քննարկվել են Արցախում օր-օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները:
Հանդիպումներին անդրադարձ է եղել Արցախի ներքաղաքական կացությունը, առաջիկայում սպասվող Հանրապետության նախագահի ընտրությանը, ասվում է ԱՀ ԱԺ հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է համապատասխան բանաձև ընդունել. Արցախի ԱԳ նախարար
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույց է տվել ֆրանսիական Ouest-France օրաթերթին։
Անալիտիկոն․ Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել
Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու տեսանկյունից կարևոր է միաժամանակ ընդհանուր համակարգի մեջ դիտարկել Բաքվի ագրեսիվ գործողությունները և տեղեկատվական գրոհները, որոնք կարևոր դերակատարություն ունեն թե՛ որպես ռազմական ագրեսիայի նախապատրաստական փուլ, թե՛ ագրեսիային ուղեկցող գործիքակազմի մաս։ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ակտերի ընթացքում բազմիցս ականատես ենք եղել տեղեկատվական գրոհների ակտիվացման և համեմատաբար ավելի պասիվ փուլերի։ Ըստ որում, ադրբեջանական քարոզչության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղեկատվական գրոհներում նոր նարատիվների տարածման հարցում առաջնորդող դերը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Իշխանությունների կողմից վերահսկվող, ուղղորդվող մամուլը նշված քարոզչությանը լրացնող դեր է կատարում և սերտաճած է պետական քարոզչությանը։
Մասնավորապես, Արցախի և Հայաստանի դեմ տեղային ռազմական գործողություններին նախորդող փուլերի տեղեկատվական քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա են որոշակի օրինաչափություններ։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ բացառապես նշված գործոնների վրա հենվելով նոր ագրեսիայի մասին հստակ կանխատեսումներ անել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է այն համադրել նաև առկա այլ տեղեկատվական հոսքերի, հետախուզական տվյալների հետ։ Սակայն նմանատիպ ակտիվացման շրջանում ռազմական գործողությունների հավանականությունը զգալիորեն աճում է, հետևաբար պետք է ավելանա նաև զգոնությունը։
Այսպես, մասնավորապես 2022 թ․ մարտին Փառուխի ագրեսիային և սեպտեմբերին ՀՀ դեմ Սոթք-Ներքին Հանդ շփման գծի/սահմանի երկայնքով նախաձեռնած ագրեսիային նախորդող շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգալիորեն ինտենսիվացրել էր Հայաստանի զինված ուժերին հրադադարի խախտումների և սադրանքների մեջ մեղադրող հաղորդագրությունների տարածումը․
- 2022 թ․ սեպտեմբերի 1-12-ը Ադրբեջանի ՊՆ տարածել էր 10 առանձին հաղորդագրություն՝ ՀՀ-Ադրբեջան սահմանի և Արցախի շփման գծի ընդհանուր 12 տարբեր ուղղությամբ ինտենսիվ խախտումների մասին։ Հաղորդագրությունների քանակը ավելի շատ էր, քան օգոստոսին, հունիսին, ապրիլին, հունվարին և գրեթե հավասար մյուս ամիսների հաղորդագրությունների ամսական քանակին։
- 2022 թ․ մարտի վերջին Արցախում Ադրբեջանի ԶՈւ ագրեսիային նախորդած շրջանում նույնպես կտրուկ աճել էր հաղորդագրությունների քանակը։ Հունվարին եղել էր 4, իսկ փետրվարին՝ 14 հաղորդագրություն, մարտին՝ 12 (19 առանձին ուղղությամբ խախտումների վերաբերյալ):
2023 թ․ օգոստոսին նույնպես նկատվում է տեղեկատվական գրոհների ակնհայտ ակտիվացում, ըստ որում՝ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ նկատմամբ։ Ադրբեջանի քարոզչական թեզերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց քայլերը մասնավորապես ուղղված են ստորև նշված նպատակների սպասարկմանը․
- Արցախի վերջնական բռնակցումը հեշտացնելու նպատակով Լաչինի միջանցքում անօրինական անցակետի տեղադրման լեգիտիմացում։ Հիմնական նպատակն այն է, որ այս հանգամանքը լեգիտիմացվի Արցախի և Հայաստանի կողմից, ապա նաև ավելի հեշտացվի միջազգային դաշտում լեգիտիմացումը։ Այդ իսկ նպատակով ներդրվել է նաև այսպես կոչված «Աղդամի ճանապարհի» թեզը։
- Նույն նպատակով Բաքու-Ստեփանակերտ միջազգային ձևաչափով երկխոսության վիժեցում և փոխարենը Ադրբեջանի տարածքում «Կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ – Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներ» ձևաչափի երկխոսության անցկացման փորձ՝ առանց որևէ միջազգային ձևաչափի։
- Նույնպես Արցախի վերջնական բռնակցումը հեշտացնելու նպատակով Արցախի Պաշտպանության բանակի դեմ տեղեկատվական գրոհների ակտիվացում։ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ, պատգամավորների ելույթներում ավելի է ամրապնդվում ՊԲ զինծառայողներին «ահաբեկիչ» մակդիրով դիմելը։ Ակտիվացել են «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու կոչերը։ Պաշտոնական խողովակներով ակտիվացել են «Ղարաբաղից 10 հազար անօրինական զինյալներին դուրս բերելու» վերաբերյալ ելույթները և պահանջները։
- Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով պետական հեռուստաընկերություններով, պատգամավորների, պաշտոնյաների կողմից Հայաստանին «նոր պատերազմ ցանկանալու» մեջ մեղադրելը։
Ըստ որում, ակնհայտորեն նկատելի է, որ տարածվող քարոզչական թեզերի զգալի մասը նախ ձևակերպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օգոստոսի 2-ին Euronews-ին տված հարցազրույցում։ Արդեն օգոստոսի 12-ից սկսած ադրբեջանական ուժային կառույցների հետ կապված ալիքները սկսեցին տեսանյութեր, ինչպես նաև այլ նյութեր հրապարակել «ՀՀ կողմից Լաչինի միջանցի ուղղությամբ զորքեր կուտակելու», «Ղարաբաղում անօրինական զորաշարժերի, ամրաշինական աշխատանքների» վերաբերյալ, ինչին հաջորդեցին պաշտպանության նախարարության կողմից Հայաստանին և Արցախին հրադադարի խախտումներում մեղադրող հաղորդագրությունների ակտիվացումը, տեսանյութերի և լուսանկարների հրապարակումները և այլն։
Մի շարք գործոններ հստակ ցույց են տալիս, որ այս քարոզչական արշավը նախապես լավ պատրաստված է, ինչպես նաև, առհասարակ, հենվում է պատերազմից հետո Ադրբեջանի կողմից զարգացվող քարոզչական թեզերի աստիճանական ծավալման վրա։ Մասնավորապես, հուլիսից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև սկսել էր Արցախին մեղադրել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով քաղաքացիական, այդ թվում միջազգային չվերթների ինքնաթիռների համար խոչընդոտներ, խանգարումներ ստեղծելու համար։ Վերջնարդյունքում նշված մեղադրանքը դարձավ տեղեկատվական գրոհի ընդհանուր «փաթեթի» մաս, այդ թվում ներառվելով ՄԱԿ-ի ԱԽ նիստին նախորդած Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում, ինչպես նաև նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթում՝ որպես Արցախի դեմ հիմնական քարոզչական թեզերից մեկը։
Այսպիսով, Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության ժամանակագրական և փաստական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն հնարավոր չէ պայմանավորել բացառապես ՄԱԿ Անվտանգության խորհրդում ՀՀ կողմից Արցախի շրջափակման հարցը օգոստոսի 16-ին բարձրացնելու հետ։ Չնայած նշված փաստն ակնհայտորեն լրջորեն անհանգստացրել էր ադրբեջանական կողմին, սակայն ոչ թե Արցախի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիան է դրա հետևանք, այլ ՄԱԿ ԱԽ նիստն է Ադրբեջանի նշված քաղաքականության հետևանքով հրավիրվել։ Հետևաբար, վերը նշված հիպոթեզի հարցում կա պատճառահետևանքային շղթայի տրամաբանական խախտում։ Ըստ որում, առկա փաստական տվյալները բավարար չեն պնդում կատարելու, որ այս պահին Ադրբեջանի առաջ քաշած բոլոր պայմանների իրականացումը կբերի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության փոփոխության դեպի դրականը։
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարության հայտարարությունների վերլուծությունը հստակ կերպով ի ցույց է դնում, որ պաշտոնական Բաքուն որպես առնվազն միջնաժամկետ ռազմավարական նպատակներ սահմանել է․
- Արցախի ամբողջական բռնակցումը, ցանկալի է՝ շատ նվազ քանակությամբ հայկական բնակչությամբ՝ առանց հայերին առանձին իրավունքներով օժտելու։
- Հայաստանի անվտանգային միջավայրի զարգացմանը խոչընդոտելը՝ թույլ չտալու ՀՀ ԶՈՒ, տնտեսության, այլ ոլորտների ամրապնդում։ Ամբողջովին Ադրբեջանին ձեռնտու պայմաններով ՀՀ հետ սահմանազատման գործընթացի իրականացում, Հայաստանի տարածքով միջանցքի ապահովում («Զանգեզուրի միջանցք»)։
Նշված նպատակներին հասնելու համար Ադրբեջանը կիրառում է ուժի և ուժի սպառնալիքի քաղաքականություն, ինչը դրսևորվում է ինչպես վերը նշված ագրեսիայի ակտերով, Արցախի շրջափակմամբ, այնպես էլ ուղեկցող տեղեկատվական գրոհներով, որոնք նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախի, Հայաստանի իշխանությունների և բնակչության վրա։
Ադրբեջանն իր քարոզչական արշավները կազմակերպում է՝ հաշվի առնելով տարբեր թիրախային լսարաններ․ ներքին, միջազգային, հայկական։ Յուրաքանչյուր լսարանի համար ուղերձները փաթեթավորվում են տարբեր կերպ։ Հայկական կողմերից նշված քարոզչությանը արդյունավետ դիմակայումը նույնպես ենթադրում է բոլոր նշված ուղղություններով ակտիվ աշխատանք, սակայն կարևոր է նաև համապատասխան «ենթակառուցվածքների» ստեղծումը։ Այսպես, ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում չկա փախստականների մեկ միասնական համայնք, պետական նարատիվներն ամբողջությամբ չեն ուղղորդվում և համակարգվում միասնական պետական համակարգի կողմից, ինչը նշանակում է, որ տեղեկատվական պայքարի սինխրոնացման աստիճանը Ադրբեջանից զգալիորեն ցածր է։ Եթե Ադրբեջանից նույն խնդրի վերաբերյալ տարածվում են միատեսակ դիրքորոշումներ և պահանջներ, ապա Հայաստանի և Արցախի պարագայում առկա է կարծիքների բազմազանություն։
Բնականաբար, այստեղ փորձ չի կատարվում պնդել, թե կարծիքների բազմակարծությունը բացասական երևույթ է, սակայն կարևոր է հասկանալ, որ այս պարագայում պետությունը պետք է անհամեմատ ավելի շատ ջանք գործադրի խնդիրների վերաբերյալ միասնական և հասկանալի դիրքորոշումը տարբեր լսարաններին հասցնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է փախստականների խնդրին, ապա այստեղ Ադրբեջանի քարոզչության «լոկոմոտիվը» պատերազմից հետո ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» է, որն ամբողջովին ուղղորդվում է պետության կողմից։ Նշված կառույցը, որը հանդես է գալիս ՀՀ նկատմամբ ակնհայտ տարածքային պահանջներով, տեղեկատվական պայքարում Ադրբեջանի հարձակողական ռազմավարության էական հենասյուներից մեկն է։
Այս քարոզչությանը ավելի արդյունավետ կլիներ դիմակայել, եթե Հայաստանը իր հերթին ունենար Ադրբեջանի հայ փախստականների միասնական ուժեղ կառույց։ Սա էականորեն կնվազեցներ այս պահին էլ Ադրբեջանի կողմից իրականացվող փորձերը՝ Արցախի հայերի խնդիրներին հակադրելու Հայաստանից ադրբեջանական «փախստականների խնդիրը»։ Ներկա պայմաններում փախստականների բազմաթիվ փոքր կառույցների առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը ունի իր մոտեցումները, ոչ միայն չի նպաստում պետության տեսանկյունից կարևոր խնդիրների բարձրացմանը, այլ նաև հանգեցնում է այլ պետությունների, միջազգային կառույցների շրջանում հայկական տեսակետների շուրջ անորոշության, անհստակության զգացման խորացմանը։ Փոխհամաձայնության հասնելու բոլոր փորձերը, այդ թվում՝ պետության միջնորդությամբ, ձախողվում են։ Առավել արդյունավետ մեխանիզմ կարող է լինել պետության օգնությամբ առանձին նոր կառույցի ստեղծումը, որն արդեն իր շուրջ կսկսի հավաքել ակտիվ գործիչների։
Նույնկերպ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում նաև այլ ճակատներում։ Փաստացի այս պահին քարոզչական պայքարում Հայաստանը և Արցախը առավելապես պատասխանողի դերում են, ինչն էականորեն թուլացնում է հայկական դիրքերը։ Հետևաբար անհրաժեշտություն կա կանխարգելող քայլերի միջոցով չեզոքացնելու ադրբեջանական քարոզչությունը․ ադրբեջանական քարոզչության ուսումնասիրության միջոցով հնարավորինս պետք է վեր հանվեն հետագա հավանական թեզերը, և մինչև դրանց տարածումը մշակվեն հակաթեզեր, ադրբեջանական թեզերը կանխող նարատիվներ, և դրանք դրվեն շրջանառության մեջ։ Ըստ որում, կարևորագույն խնդիրն այն է, որ տեղեկատվական պայքարը պետք է անմիջականորեն համակարգվի պետական կառույցների կողմից՝ ներդաշնակ համագործակցության միջոցով։
Տարոն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Դոնի Ռոստովում ԱԹՍ-ի կործանման պատճառով արտակարգ դրություն Է հայտարարվել
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի լսումները փաստեցին՝ Բաքուն Արցախում ցեղասպանություն է իրականացնում
Ազատություն
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Նյու Ջերսիից կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին լսումներ անցկացվեցին Ղարաբաղի հարցով, ինչպես բացման խոսքում նշեց Սմիթը՝ հասկանալու, թե ինչպես կարող են պաշտպանել Ղարաբաղի բնակիչներին, ինչ կարող է անել ԱՄՆ-ի կառավարությունը:
Լսումներին հրավիրվել էին ու ելույթ ունեցան, հարցերի պատասխանեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, ով 2000 թվականի սկզբներին հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի համակարգողն էր։ Լսումներին մասնակցեցին նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը։
Լուիս Օկամպոն իր խոսքում նշեց, որ հիմա հրատապը Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելն է։ Չպետք է սպասել ցեղասպանության լիակատար իրականացմանը, պետք է անհապաղ գործել այն կանխելու համար։
«Լեռնային Ղարաբաղի հայերը ձեր կարիքն ունեն, որ ցեղասպանությունն այլևս երբեք իրականություն չդառնա, իսկապես՝ երբեք նորից, որովհետև այն նախկինում տեղի է ունեցել 1915 թվականին», – Մարդու իրավունքների հանձնաժողովում ասաց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը։
«Մենք արդեն ուշացել ենք, հունվարին արդեն զգացվում էին ցեղասպանության վտանգները», – ասաց Օկամպոն՝ նշելով Լաչինի ճանապարհի փակումը էկոակտիվիստների կողմից, որոնք հեռացան միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն անցակետ տեղադրեց։
Օկամպոն առաջարկեց, որ հանձնաժողովը տեղեկատվություն ուղարկի գործադիր մարմնին, տեղեկացնի, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում։ Դա կարևոր է, քանի որ ԱՄՆ-ը խորապես ներգրավված է բանակցություններում, բայց Ալիևը ցեղասպանությունը որպես գործիք է օգտագործում բանակցությունների համար։ Պետք է դադարեցնի ցեղասպանությունը, հետո նոր բանակցություններ ընթանան, ընդգծեց նա:
Դեյվիդ Ֆիլիպսն ասաց, որ Ադրբեջանը ցեղասպան մտադրություններ ունի, գործողությունների նպատակն է ֆիզիկապես բնաջնջել մարդկանց, վերացնել հայերի մշակութային և կրոնական ներկայությունը Ղարաբաղում ու վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունում։ Որևէ կասկած չկա նրանց ցեղասպան մտադրությունների մասին, ասաց Ֆիլիպսը՝ նշելով, որ Ադրբեջանում Ալիևի ստեղծած մթնոլորտում ադրբեջանցիները կարծում են, որ հայերը կա՛մ պետք է մահանան, կա՛մ տեղահանվեն։
Ջոն Էվանսն ասաց, որ Արցախից ստացվող մեսիջները տագնապալից են, ինչպես նաև այդ խեղճ մարդկանց իրավիճակը: Ներկա պահին իրավիճակը շատ լուրջ է։
Ելույթների ընդհանուր եզրահանգումն այն էր, որ Արցախում ցեղասպանություն է իրականացվում, որը պետք է շտապ կանխվի։ Հանձնաժողովը նամակ կուղարկի գործադիր մարմնին։
Արցախի ժողովրդի ամուր կամքը հանգեցրեց իշխանափոխության, և հիմա փորձում են այդ կամքը “հեծել”
Արցախի խորհրդարանի 5 կուսակցություններից 4-ը, այդ թվում՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կապված «Ազատ հայրենիք» կուսակցությունը, նախագահի թեկնածու են առաջադրել ԱԱԾ նախկին պետ Սամվել Շահրամանյանին։
Ինտրիգը հենց Հարությունյանի կուսակից պատգամավորների դիրքորոշման մեջ էր, թեև ինքը՝ Հարությունյանը, հրաժարականից մի քանի օր անց հայտարարություն արեց և հրաժարվեց այս կուսակցության որոշումների վրա ազդելուց՝ ասելով, որ սատարելու է ցանկացած ընտրված նախագահի։
Դեռ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի քվեարկությունը, սակայն Հարությունյանի կուսակցության կողմից Սամվել Շահրամանյանի թեկնածությանը սատարելը հուշում է, որ կոնսենսուս է ձեռք բերվել։ Հարցն այն է, թե որն է կոնսենսուսի առարկան։
Ընտրությունները և «իշխանափոխությունն» Արցախում դիտարկվում են հիմնականում արտաքին քաղաքական ազդեցության (Երևան, Մոսկվա) կամ բուն Արցախում կլանների միջև ներքին բախումների լույսի ներքո։ Այս գործոններն անշուշտ առկա են, բայց այն պայմաններում, երբ գոյատևման էքզիստենցիալ հարց է առաջանում, որպես կանոն, որոշիչ է դառնում երրորդ գործոնը՝ ինքնապահպանման հավաքական բնազդը և կամքը։
Արցախում որոշումը կկայացվի առաջին հերթին՝ հաշվի առնելով այն, որ սեղանին է դրված ճակատագրական հարց՝ Արցախի լինել-չլինելը, և այս ֆոնին իշխանության, բյուջեի, դրսից ճնշումների հարցերը դառնում են երկրորդական՝ իրենց տեղը զիջելով հավաքական կամքին։
Ինքնապահպանման բնազդն ու սեփական հողի վրա ապրելու իրավունքը պահպանելու կամքը առաջնորդեցին արցախցիներին 1990-ականների սկզբի Առաջին պատերազմի ժամանակ, երբ թվում էր, թե Արցախը պատերազմում է ողջ աշխարհի հետ։ Բայց «Արցախի հայկական լինել-չլինել» հարցը ստիպեց որոշումներ կայացնել, որոնք ի վերջո կոտրեցին տարածաշրջանի անսասան թվացող անվտանգության համակարգը։ 30 տարի Արցախն է որոշել այս համակարգը՝ հետ պահելով ամբողջ կայսրություններ։
Այս ընթացքում Արցախն իր կամքն ու ինքնապահպանման բնազդը պատվիրակեց ուրիշներին՝ Մոսկվային, Երևանին, և դա անխուսափելիորեն հանգեցրեց աղետալի հետևանքների՝ կործանարար պատերազմի։
Հետպատերազմյան շրջանը, երբ Արցախն իր անվտանգությունը պատվիրակեց ռուս խաղաղապահներին և Փաշինյանի «խաղաղ» օրակարգին, ավարտվեց լիակատար շրջափակմամբ և Ակնայից ճանապարհ բացելու փորձերով։ Մոսկվան, իսկ դրանից հետո Եվրոպան սկսեցին խոսել այս ճանապարհների համարժեքության, այսինքն՝ Արցախի մոտալուտ վերջի մասին։
Սակայն Արցախում արթնացավ «բնազդը»՝ ոչ թե իշխանությունների, այլ հասարակ քաղաքացիների մոտ. մարդիկ հայտարարեցին, որ թույլ չեն տա բացել «Աղդամի» ճանապարհը, կոտրեցին իրենց վախը ռուսների հանդեպ և սկսեցին ստուգել խաղաղապահների մեքենաները՝ հայտարարելով, որ սա մեր հողն է, և մենք ենք այստեղ տերը։
Արցախի սահմանին հերթապահություն անող տղաների, մարդկանց, որոնք կոչ են անում շարասյունով գնալ ու բացել Բերձորի միջանցքը, Ասկերանի մոտ կանգնած քաղաքացիների, այն մարդկանց, ով պատրաստ է սովամահ լինելու, բայց չհնազանդվելու ուժեղ կամքն էր, որ հանգեցրեց Արայիկ Հարությունյանի հեռանալուն, ով մարմնավորում է պարտությունը՝ պատերազմում և դրանից հետո։ Նրանք, ովքեր նստած են Մոսկվայում և Երևանում, զգացել են այս կամքի ուժը և փորձում են հեծել այն։
Ինքնապահպանման բնազդով ամրապնդված այս կամքը կհանգեցնի նրան, որ Արցախի եւ ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը կրկին կորոշվի Արցախում։
Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա. ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի թեմայով։ Բանախոսները միաբերան պնդում են՝ տեղի ունեցողը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը շեշտեց՝ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով
«Այս սարսափելի հանցագործությունը, այս ցեղասպանական հանցագործությունը ծրագրվել և իրականացվում է Ադրբեջանի կառավարության կողմից, ես կասեի՝ նախագահ Ալիևի կողմից, ով ղեկավարում է Ադրբեջանը՝ որպես բռնապետ: Ես Ալիևին հանդիպել եմ երկու անգամ Բաքվում, նրա հետ շատ անկեղծ եմ խոսել իր կառավարության և հենց իր կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների մասին…»,-ասաց նա:
Քրիստոֆեր Սմիթը նաև հայտնեց Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների առնչությամբ նոր օրինագծի պատրաստման մասին, դրա ուղղությամբ հիմա աշխատում են:
Իր փորձագիտական կարծիքը ներկայացրեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:
Նա դիմեց հավաքվածներին՝ Լեռնային Ղարաբաղում հայերը ձեր կարիքն ունեն, որ դուք «այլևս երբեք»-ն իրականություն դարձնեք՝ հիշեցնելով 1915-ի ցեղասպանության մասին:
Ամփոփելով իր զեկույցը՝ նա ասաց. «Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա: Սովորաբար մարդիկ մտածում են, որ ցեղասպանության ժամանակ շատ մարդ պետք է սպանվի, մահանա: Սակայն ցեղասպանության իրականացման տարբեր ձևեր կան: Մի ձևը 0 զոհ է պահանջում, պարզապես պայմաններ ստեղծելով՝ մարդկանց ոչնչացման համար»:
Նա հիշեցրեց, որ դեռ հունվարին Բլինքենը կոչ է արել Ալիևին բացել միջանցքը, սակայն Ալիևը չի լսել: Ալիևը գիտի, որ շրջափակումը մահվան վտանգ է պարունակում, սակայն դա անում է: «Այս փուլում կասկած չկա, որ ցեղասպանության մտադրություններ կան»,-նշեց նա:
Խոսելով ԱՄՆ դիրքորոշման մասին՝ Լուիս Մորենո Օկամպոն նշեց, որ ԱՄՆ-ն, ինչպես Հայաստանը և Ադրբեջանը Ցեղասպանության հանցագործության կանխման կոնվենցիայի մասնակից պետություն են, ինչը ենթադրում է կանխել ու պատժել: Նա ընդգծեց այն հրատապ կերպով կանխելու անհրաժեշտությունը:
Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսն էլ շեշտեց՝ Ալիևի և նրա պաշտոնյաների խոսքերը որևէ կասկածի տեղ չեն թողնում նրանց ցեղասպանական մտադրության վերաբերյալ:
Ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար․ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին, ժամը 19։50-ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն. ԵԽ-ում քննարկվել է Արցախի հումանիտար ճգնաժամը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը սեպտեմբերի 6-ին քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը և հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը Նախարարների կոմիտեին ներկայացրել է մայիս-հուլիսին ԵԽ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքները։
Մի շարք պատվիրակություններ, այդ թվում նաև՝ Եվրոպական միության պատվիրակությունը, հանդես են եկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով։
Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստան այցի ընթացքում ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը, մեկնելով Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ականատես է դարձել Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակմանը։ Ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումը, ինչն անհամատեղելի է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների հետ։
Դեսպանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամը րոպե առաջ կասեցնելու անհրաժեշտությունը: Հորդորել է Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը և լիարժեք կերպով կատարել Միջազգային արդարադատության դատարանի և ՄԻԵԴ իրավականորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները։
«Որպես առաջնային հրատապ քայլ՝ Եվրոպայի խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն գործուղի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Փաստահավաք առաքելություն հայցվել է նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևում, իսկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հաստատել է պատրաստակամությունը մեկնելու Լեռնային Ղարաբաղ»,- նշել է դեսպան Խաչատրյանը։
Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը պետք է լուծում գտնեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում:
Նախարարների կոմիտեի օրակարգային մեկ այլ կետի ներքո քննարկվել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ «Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին» զեկույցը։ ԵԽԽՎ պատգամավոր Պիետեր Օմցիգին գրավոր հարց էր ուղղել ԵԽ նախարարների կոմիտեին, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարների կոմիտեն՝ կանխարգելելու հայերի դեմ ցեղասպանության իրականացումը, և արդյոք առկա սպառնալիքը հետևանքներ ունի ԵԽ անդամ Ադրբեջանի համար։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Օկամպոյի զեկույցին և ներկայացրել է դրա եզրակացությունը, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի։
Նա տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգների վերաբերյալ առկա են նաև այլ հեղինակային կարծիքներ և զեկույցներ, ինչպես օրինակ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի զեկույցը։
Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հակասում են ԵԽ սկզբունքներին և արժեքներին: Եվրոպայի խորհուրդը չի կարող անհետևանք թողնել Ադրբեջանի անդամակցության և կոնվենցիոն պարտավորությունների ակներև խախտումները։
ԵՄ-ն արդեն չի պահանջում, որ “Բաքուն Ղարաբաղի հայերին բացատրի Լաչինի միջանցքից օգտվելու կանոնները”
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածության մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ի կայքէջում տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգային լուրջ հետևանքներին:
ԵՄ-ն հիշեցնում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների:
«Արդյունքում դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար»,- ընդգծվում է ԵՄ-ի հայտարարության մեջ։
ԵՄ-ն ցավում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվել է, և կոչ է անում այն լիարժեք և արագ վերականգնել՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը:
«ԵՄ-ն կրկնում է իր կոչը, որով հուլիսի 26-ին հանդես է եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չի սրվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի ժամանակավոր միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշման։
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամ քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած պատրաստակամությունը։ ԵՄ-ն հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն»,- ասված է հայտարարության մեջ։
Վերջին ամիսներին ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը։ ԵՄ-ն արձանագրում է, որ հրաձգության հետ կապված միջադեպերի մասին հաղորդագրություններ են ստացվում գրեթե ամեն օր:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության»,- նշված է հայտարարության մեջ։
ԵՄ-ն հիշեցնում է նաև, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) տեղերում իրավիճակի մասին զեկույցներ ներկայացնելու և դիտարկելու նպատակով պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմից, որի նպատակն է նպաստել հակամարտության կարգավորմանը և ամրապնդել վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«ԵՄ-ն կրկնում է զսպվածություն ցուցաբերելու և ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության շուտափույթ հաստատումը վճռորոշ նշանակություն ունի, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության և այլ հարցերի տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԵՄ-ն նաև նշում է, որ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր համապատասխան կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները:
« ԵՄ-ն, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ակտիվորեն մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն:
2023 թվականի հուլիսի 15-ին ԵԽ նախագահ Միշելի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված վերջին եռակողմ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հաստատակամ հանձնառությունը խաղաղության գործընթացին: Նրանք մասնավորապես վերահաստատել են իրենց լիակատար հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և իրենց ոչ երկիմաստ հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների սահմանազատման քաղաքական շրջանակ: Սահմանի վերջնական դելիմիտացիան պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով։ Դելիմիտացիայի հարցում հետագա էական առաջընթացը միջազգային սահմանին լարվածության նվազեցման, թյուրիմացությունների և միջադեպերի կանխարգելման կարևոր գործոն է։
Բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն, որպեսզի ստեղծվի այնպիսի միջավայր, որը նպաստում է խաղաղությանը և կարգավորման բանակցություններին: Նրանց հանձնառությունը բարեխիղճ երկխոսությանը մնում է նույնքան արդիական, որքան նախկինում: Այն պահանջում է բոլոր կողմերի իրական նվիրվածությունը համաձայնեցված արդյունքների հասնելու համար: Մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն, և անհրաժեշտ է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար։
ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: Մենք չպետք է կորցնենք վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար ձեռք բերված ազդակը։ Կարևոր է շարունակել բանակցությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, մի քանի օր առաջ Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելի անունից հայտարարություն էր տարածվել, որտեղ ասված է, որ “Բաքուն Ղարաբաղի հայերին պետք է բացատրի Լաչինի միջանցքից օգտվելու կանոնները”։