Ղարաբաղ Տելեկոմը բաժանորդներին զգուշացնում է վայբերի միջոցով հաքերային հաղորդագրությունների մասին

Վերջին օրերին Վայբերով հաքերների կողմից լինքի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել Ձեր հաշիվը:

 Այս մասին տեղեկացնում են Ղարաբաղ Տելեկոմից:
«Զգուշացնում ենք չսեղմել լինքը¸ չպատասխանել զանգին:
Եթե արդեն սեղմել եք լինքը` դուրս հանելու համար մտեք Settings -> Account -> Desktop and tablets:
Եղեք զգոն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կյանքը լի է խոչընդոտներով, բայց նա վճռականորեն որոշել է մնալ Արցախում

Շուշանը ծնվել է 1997 թվականին, հայրը զոհվել է հակատանկային ականի պայթյունից, երբ նա ընդամենը երկու ամսական էր։ Մանկուց նա շատ ակտիվ երեխա է եղել։ Հարազատներին միայն մեկ բան էր անհանգստացնում՝ ժամանակն անցնում էր, իսկ երեխան չէր կարողանում շարժվել առանց աջակցության եւ պահել հավասարակշռությունը: Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում ճիշտ ախտորոշում տալ։ Պարզվելց, որ երեխան մանկական ուղեղային կաթված ունի։

Մանկության մի մասը Շուշանն անցկացրել է մոր հետ Երևանի և Ստեփանակերտի բուժհաստատություններում։ Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում նա համոզվել է, որ ախտորոշումը դատապարտում չէ. Կենտրոնում նրա հետ աշխատել են տարբեր պրոֆիլների մասնագետներ։

Վերականգնումը տվել է դրական արդյունքներ։ Վիճակը նկատելիորեն բարելավվել է։ Կենտրոնում Շուշանը տարբեր խմբակների էր հաճախում։ Նա շատ հոբբիներ ունի: Սիրում է հյուսել և մերսումներ անել: Նա երազում է սեփական սպա-կենտրոն բացելու մասին։ Սպորտով է զբաղվում, մասնակցել է bocce մրցումներին՝ գրավելով առաջին տեղը։

Շուշանը ծնվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում, ապա տեղափոխվել Թողուտ, որտեղ ապրել է մինչև 44-օրյա պատերազմը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա հանգստանում էր Սևանում, երբ լսեց պատերազմի լուրը։ Այդ պահին ժամանակը կարծես կանգ առավ ինձ համար,- պատմում է Շուշանը։

Ընտանիքն այդ ժամանակ Արցախում էր, և նրա համար շատ դժվար էր։ Շուտով նա գնաց Գորիս, որտեղ ճանապարհները խաչվեցին ընտանիքի հետ։ Որոշ ժամանակ անց իմացել են, որ Հադրութի շրջանը գավթվել է։

Նոյեմբերի 9-ին կյանքիս ամենադժվար գիշերն եմ ապրել,- ասում է Շուշանը։ Պատերազմից հետո մեկ տարի ապրել է Գորիսում։ Բայց նա երբեք չի կարողացել ընտելանալ հայրենիքից հեռու կյանքին։ 2021 թվականին նա ընտանիքի հետ վերադարձել է Արցախ։ Շուշանի խոսքով՝ Արցախը ձգում է։ Չեմ ափսոսում, որ վերադարձա, քանի որ միայն այստեղ ապրելով կարող ես ամբողջ աշխարհին ապացուցել, որ հազարավոր զինվորներ իզուր չեն թափել իրենց արյունը, ասում է Շուշանը։

Այժմ նա ապրում է Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում։

Վառելիքի և հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով Ստեփանակերտի հետ կապ չկա, ամենասուր հարցը հացն ու դեղերն են, բայց ոչինչ ինձ չի ստիպի լքել հայրենիքը, վստահորեն պնդում է Շուշանը։

Արսեն Աղաջանյան

Բլինքենն Ալիևին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկնել է Լաչինի միջանցքը բացելու ԱՄՆ կոչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Սեպտեմբերի 1-ին պետքարտուղարը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ գիտակցելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,-ասված է հայտարարությունում:

Պետքարտուղար Բլինքենը ընդգծել է նաև երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունն ու կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Բլինքենը խոստացել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին։

Արցախում քննարկել են անվտանգությանն ու պաշտպանության ապահովմանը, Հանրապետության նախագահի ընտրությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր:

Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի Հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Պետական նախարար Սամվել Շահրամանյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ու խոսել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ քայլերի մասին:

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև առաջիկա ներքաղաքական կարևոր իրադարձությանը՝ Ազգային ժողովի կողմից հանրապետության Նախագահի ընտրությանը: Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի և անցնցում կազմակերպման կարևորությունը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Ստեփանակերտի N10 դպրոց. վիրավոր, բայց երեխաների կենարար ոգով ապաքինվող

Արցախի խորհրդարանի 4 խմբակցությունները նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

Արցախի Հանրապետության Խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ը՝ “Ազատ Հայրենիքը”, ՀՅԴ-ն, «Արդարություն»-ը եւ Արցախի ժողովրդավարական խմբակցությունները առաջադրել են Արցախի պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում:

Ըստ ԱՀ Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Այս անձը Շուշիի ճանապարհի «էկոակտիվիստ» էր, հիմա Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին է

Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցը.

Այս անձը ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։ Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։

Նա կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է կոնկրետ առաջադրանքներով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված։ Երկու սցենարներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունն ու ահաբեկչությունը և Արցախի ժողովրդին սպառնացող խորը վտանգները։

Ինչպե՞ս կարող է հանցագործը դառնալ իր զոհերին մարդասիրական օգնություն տրամադրող»։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է դադարեցվի․ Le Monde

«Le Monde» պարբերականում հրապարակվել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է դադարեցվի» վերնագրով խմբագրական հոդված։

Ի տարբերություն նույն պարբերականում հրապարակվող լրագրողական հոդվածների՝ խմբագրական հոդվածը ներկայացնում է տվյալ պարբերականի հավաքական դիրքորոշումը խնդրո առարկա իրողությունների և երևույթների առնչությամբ, հրապարակվում է առանց կոնկրետ հեղինակի անուն նշելու՝ խմբագրության անունից, և սովորաբար՝ առաջին էջում։

«Արմենպրես»-ը թարգմանաբար ներկայացնում է հոդվածը․

«Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ միջանցքի փակումը և սովը՝ որպես հազարավոր հայերի դեմ զենքի օգտագործելը ոչ միայն ահռելի քաղաքական սխալ է, այլև, և առաջին հերթին, մարտահրավեր է միջազգային իրավունքի ամենատարրական կանոններին:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը որոշեց Լեռնային Ղարաբաղը ենթարկել այլ դարաշրջան հիշեցնող շրջափակման, անցնող յուրաքանչյուր օրը մեծացնում է հումանիտար աղետի վտանգը: Հայկական ուժերի դեմ տարած հաղթանակից երեք տարի անց Իլհամ Ալիևը, կարծես թե, վճռական է տրամադրված առաջ մղելու իր հաջողությունը, որին նպաստում է Մոսկվայի հովանու ներքո ձեռք բերված հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղապահ ուժերի պասիվությունը:

Միջազգայնորեն Ադրբեջանի ինքնիշխանության ներքո ճանաչված, սակայն հիմնականում հայերով բնակեցված և փաստացիորեն ինքնավարության վայելող Լեռնային Ղարաբաղը Խորհրդային միության փլուզման սկզբից ի վեր հանգիստ ժամանակաշրջան չի տեսել: 2020թ․ երկուստեք հազարավոր զոհերի գնով Բաքվի կողմից բուֆերային գոտիների վերանվաճումը և բուն անկլավի մի մասի գրավումը  չհանգեցրին «խիզախների խաղաղության», այլ՝ ընդհակառակը:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին դեռևս կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022թ․ դեկտեմբերից լարվածության կիզակետում է։ Անվտանգային պատրվակով պաշտոնապես արգելապատնեշներ տեղադրելուց հետո Իլհամ Ալիևի ռեժիմը հունիսին որոշեց հերմետիկ ձևով փակել այդ ճանապարհը, ներառյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, որն անկլավ մուտք ունեցող միջազգային մարդասիրական վերջին կազմակերպությունն է: Լեռնային Ղարաբաղում  այս դժվարին պայմաններում ապրում է ավելի քան 100 հազար հայ (այս թիվը վիճարկվում է Ադրբեջանի կողմից):

Առանց մեղքի որևէ զգացումի, օգտագործելով սովի և ի թիվս այլոց նաև բժշկական պարագաներից զրկանքների զենքը, Բաքուն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին ստիպել հուսահատությունից դիմել իրեն։ Հակամարտություններ տեսած այս հողում համակեցության դժվարին ճանապարհը որոնելու փոխարեն, Բաքվի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հայերին առաջարկում է անհնարին գործարք՝ անվերապահ ենթարկում (մինչդեռ Ադրբեջանում հայերին ատում են) կամ աքսոր:

Ադրբեջանի նախագահի կողմից նման անզիջում կեցվածքով դիրքավորվելն ահռելի քաղաքական սխալ է, որի հետևանքով ատելությունը կրճատվելու փոխարեն տասնապատկվում է։ Նրա կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը նախևառաջ մարտահրավեր է միջազգային իրավունքի տարրական կանոններին: Խուլ մնալով Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարին հնչեցված նախազգուշացումների հանդեպ՝ Իլհամ Ալիևը ենթարկվում է լուրջ մեղադրանքների։

Միջազգային անզորությունը

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն արդեն հնչեցրել է մեղադրանքը՝ օգոստոսին հրապարակված զեկույցում վստահեցնելով, որ «Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերի նկատմամբ իրականացվում է ցեղասպանություն»։ Բաքուն անհիմն է համարում այդ մեղադրանքը, բայց ՄԱԿ-ի 1948թ․  կոնվենցիան հստակորեն նշում է, որ «որևէ խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, համարվում է ցեղասպանություն»:

Սպառնալիքի լրջությունն էլ ավելի ողբալի է դարձնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անզորությունը, որն օգոստոսի 16-ին հարցի առնչությամբ նիստ գումարեց՝ առանց որևէ որոշում կայացնելու։ Այս անզորությունն առավել դատապարտելի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացումն այն շատ քիչ հարցերից մեկն է, որի շուրջ Մոսկվայում և Վաշինգտոնում առկա է կոնսենսուս: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը, փաստորեն, վերջին ամիսներին համանման ձևով պահանջում են Լաչինի միջանցքի վերաբացումը:

Միջազգային այս պասիվությունը կամ անտարբերությունը չափազանց երկար է տևել։ Լաչինի միջանցքի վերաբացումը մարդասիրական պարտավորություն է։ Բաքուն պետք է հասկանա, որ շրջափակման պահպանումը միայն կավելացնի անկայունությունը, որից տարածաշրջանն արդեն չափազանց շատ է տուժել»։

Արցախը «բարձրաձայն լռում է» նախագահի թեկնածուների մասին. ինչ է կատարվում

Արցախում տեղի ունեցած «իշխանափոխությունը» որոշակի ճշգրտումներ մտցրեց աշխարհի ուժային կենտրոնների ծրագրերում։

Բաքվում ասում են, որ իշխանափոխությունը Մոսկվան է արել՝ Արևմուտքի միջամտությունը տորպեդահարելու համար։ «Բաքուն կխոսի միայն Մոսկվայի հետ, և Մոսկվան թույլ չի տա, որ Արևմուտքը (որը նույնն է առաջարկում, ինչ Ռուսաստանը) ամեն ինչ ինքնուրույն որոշի, և այդ ժամանակ Ռուսաստանը ստիպված կլինի լքել ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանը»: Այս մասին այսօր սևով սպիտակի վրա գրել է ռուսական Коммерсантъ-ը՝ դիվանագիտական ​​աղբյուրներին հղումով։

Բուն Ռուսաստանում Արցախում «իշխանափոխությունը» «չնկատվեց», թեև Հայաստանում ռուսամետ ուժերը չէին թաքցնում իրենց գոհունակությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պրովայդեր համարվող Արայիկ Հարությունյանի հրաժարականից։ Իսկ Սերժ Սարգսյանը նույնիսկ ասել է, որ «Սամվել Շահրամանյանը լավ նախագահ է լինելու»։

«Ստեփանակերտի կողմից բավականին լուրջ քաղաքական քայլ էր, որ նրանք ասացին, որ այո, մենք պատրաստ ենք մասնակցել բանակցություններին, եթե դա կլինի ինչ-որ միջազգային ձևաչափ, եթե այն կներառի միջազգային միջնորդների ինչ-որ մասնակցություն և այլն։ Եվ հիմա, ինչպես տեսնում ենք, տեղի է ունեցել ղեկավարության փոփոխություն, և առայժմ պարզ չէ, թե ով է լինելու տեղական իշխանությունների անմիջական ղեկավարը և դրանից ելնելով, թե որքան շուտ այս հարցում որևէ դիրքորոշում կձևավորվի», «Ազատությանն» ասել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը։

Սակայն արտաքին գործոնի հետ մեկտեղ Արցախում հաճախ անտեսվում է նաև ներքին գործոնը։ Նախագահի թեկնածուների “բացակայությունը”, քաղաքական ուժերի «բարձրաձայն լռությունը», հատկապես «ինտեգրման և Աղդամի երթուղու» մասին ռուսական բացահայտումների ֆոնին՝ խոսում են ոչ միայն Արցախում շփոթության, այլև «ինքնորոշման» նշանների մասին։ Ստեփանակերտում վերջապես զգացին պատասխանատվության իրենց բաժինը, բայց դեռ ոչ բոլորն են «սուվերեն» դիրքորոշում ձևավորել։

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը անկեղծորեն խոսում է իր դիրքորոշման մասին։ Նա հաստատել է, որ Ադրբեջանին ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղում ծագած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու առաջարկներ», սակայն չի հստակեցրել, թե ում և ինչ ուղիներով է փոխանցել այդ առաջարկները և ինչ արձագանք է ստացել։

«Մենք կգանք լուրջ փաթեթի, դրանից հետո կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, կետ առ կետ կգտնենք լուծումներ, որպեսզի Արցախը, սկսած իր տարածքների վերականգնումից, լինի միավոր, որպես այդպիսին, իր սեփական զորամաս՝ ամեն ինչով»,- ասաց ԼՂ պաշտպանության նախկին նախարարը։ Այսինքն՝ նախ ադրբեջանցիների հետ փոխվստահության հասնել, ապա անցնել քաղաքական լուծման։

Նա ասում է՝ այլընտրանքը «մինչև վերջ պայքարելն է, սովից մեռնելը հանուն Երևանում իշխանափոխության»։

Արցախում ներքաղաքական գործընթացների մեկ այլ դերակատար Ռուբեն Վարդանյանը դժգոհություն է հայտնել Հայաստանի կյանքում Սփյուռքի ակտիվ մասնակցության բացակայության կապակցությամբ։ «Հասկանալի չէ, թե ինչ քայլեր են արվում, որ սփյուռքի հայերը կարողանան ծառայել բանակում, հարկեր վճարել, ինչ փոխադարձ պարտավորություններ ունեն Սփյուռքն ու Հայաստանը միմյանց հանդեպ»,- ընդգծեց Վարդանյանը։

Մոտ մեկ տարի առաջ նրա Արցախ գալը և պետնախարար նշանակվելը դիտարկվել է երկու տեսանկյունից. Վարդանյանին անվանել են ռուսական օլիգարխիկ շրջանակների և հատուկ ծառայությունների շահերի պրովայդեր։ Եվ պատահական չէին նրա հայտարարությունները, որտեղ շատերը նկատում էին Արցախը Հայաստանից կտրելու փորձեր։

Միևնույն ժամանակ Սփյուռքում  նրա ակտիվ աշխատանքը, Դաշնակցության՝ որպես Սփյուռքի ամենաազդեցիկ կուսակցության հետ կապը, Դավիթ Իշխանյանի՝ խորհրդարանի նախագահ նշանակվելը հանգեցնում է այն եզրակացության, որ Ռուբեն Վարդանյանի միջոցով կարող է ակտիվացվել համազգային ռեսուրսը, որը չեզոքացվել է Նիկոլ Փաշինյանի ջանքերով։ Եվ պատահական չէ, որ Էրդողանը ասում է, որ Պուտին-Ալիև-Փաշինյան “խաղաղության” պլանի ճանապարհին կանգնած է Սփյուռքը։

Ո՞ւմ է ներկայացնելու Արցախի նոր նախագահը։ Ո՞ւմ աջակցությունն է հիմա ավելի կարևոր՝ Ռուսաստանին, որն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը, Հայաստանի իշխանությունների՞, թե՞ համայն հայության։ Հիմա քաղաքական խաղերի ժամանակը չէ, և ընտրությունը պետք է լինի ճշգրիտ։

Նաիրա Հայրումյան

«Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ. Մայրիկների համայնքը ի նպաստ Արցախի

Արդեն 5 տարի է, ինչ Արցախում գործում է գրեթե բոլոր մայրիկներին հայտնի «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան հարթակը, որն իր գործունեության ընթացքում հասցրել է համախմբել մայրական համայնքը և իրականացնել մի շարք սոցիալական, բարեգործական ծրագրեր, ինչպես նաև բարձրացրել է երեխաների իրավունքներին առնչվող հարցեր:

Ինչպես Step1.am-ին նշում է հարթակի համահիմնադիրներից Տաթևիկ Խաչատրյանը, 5 տարի հաջող գործունեություն ծավալելուց հետո այս ամենին պետք էր տալ օրենսդրական հենք և բացել ՀԿ, որն առաջին հերթին պետք է գործեր ի շահ կանանց և երեխաներին:

ՀԿ-ի ստեղծումը պլանավորվել էր դեռևս մի քանի տարի առաջ, սակայն պատերազմը, հետպատերազմյան դժվար ժամանակահատվածը և հետո շրջափակումը անընդհատ խաթարում էին մտահղացման իրականացումը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այս պայմաններում ամենախոցելին հենց կանայք և երեխաներն են, որոշվեց, որ ժամանակը եկել է և պետք է սկսել ՀԿ-ի ստեղծման գործընթացը, և այդպես ծնվեց «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ:

ՀԿ-ն լռիվությամբ անկախ է և գործում է բացառապես կամավորության հիմունքներով, բայց և այնպես դա չի խանգարում լինել ավելի էֆեկտիվ և հանրօգուտ ի համեմատ շատ ՀԿ-ների, որոնք ունեն բավականին մեծ բյուջե: Իսկ վերջերս ՀԿ-ն, համագործակցելով Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հետ, սկսել է սեմինար֊միջոցառումների շարք` մայրերի և նրանց բալիկների համար։ Նպատակը շրջափակման առաջացրած կյանքի հետ անհամատեղելի պայմաններում գոյատևելու հմտությունների զարգացումն է։

Հենց առաջին սեմինարը նվիրված էր շրջափակման պայմաններում ծնող֊երեխա փոխհարաբերություններին։ Ներգրավել էր 2 հոգեբան, մեկը` ՀՀ֊ից, մյուսն` Արցախից, որոնց օգնությամբ մասնակիցները սովորել են պատասխանել երեխաների հարցերին, ճիշտ աշխատել սեփական էմոցիաների հետ, ինչպես նաև ծանոթացել են այս պայմաններում ընտանեկան հարմոնիայի պահպանման համար անհրաժեշտ մեխանիզմներին:

Տաթևիկը նաև նշում է, որ ապագայի համար ունեն շատ-շատ ծրագրեր, սակայն դրանք այս պահին իրականացնելը անհնար է՝ պայմանավորված շրջափակման հետ:

Հավելենք, որ արցախյան կանայք ուժեղ և խիզախ են՝ մնալով իրենց ամուսների, որդիների և եղբայրների կողքին, ելք գտնելով և բաց ճակատով կանգնելով դժվարությունների առաջ։

Քրիստինա Ալախվերդյան

Հրատապ զեկույց Արցախի վերաբերյալ․ ինքնորոշման խնդրի լուծում, ռազմական միջամտություն

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հրապարակել է «Արցախում (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի մասին» 126 էջանոց արտակարգ զեկույցը։

«Մենք մտահոգված ենք այն ամենով, ինչ կատարվում է հիմա և կարծում ենք, որ սա ցեղասպանություն է։ Միջազգային հանրությունը կարող է շատ բան անել Հայոց Երկրորդ ցեղասպանությունը կասեցնելու համար, սակայն պետք է գործի համարձակ ու արագ», ասվում է զեկույցում։

Եզրակացություններով և առաջարկություններով երեք էջանոց ամփոփման մեջ ասվում է, որ զեկույցի հիմնական կետն այն է, որ տարածաշրջանում ցանկացած երկարաժամկետ խաղաղություն կպահանջի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի հարցի արդարացի լուծում։

Լեմկինի ինստիտուտը խորհուրդ է տալիս միջազգային հանրության անդամներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի անդամ երկրներին, որոնք ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա, ձեռնարկել հետևյալ գործողությունները՝ կանխելու հայերի սովը և բռնի տեղահանումը, ինչպես նաև ապագայում հնարավոր ցեղասպանական հարձակումները.

– Հրապարակայնորեն ճանաչեք Արցախում և Հայաստանում Հայոց ցեղասպանության սպառնալիքը, ինչի վկայությունն են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, ինչպես նաև նրա վարչակարգի գործողությունները։

– Պահանջել անհապաղ վերացնել շրջափակումը և բացել Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը և՛ Հայաստանին, և՛ արտաքին աշխարհին, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության մեջ և Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարին և հուլիսին կայացված վճիռը։

– Կազմակերպել անհապաղ մարդասիրական ավիափոխադրում Արցախի քաղաքացիներին օգնություն հասցնելու համար, մինչ քաղաքական քննարկումները շարունակվեն։

– Ակտիվ միջամտել՝ պաշտպանելու Արցախը Ադրբեջանի զինված հարձակումից, կանխելու հայերի լայնածավալ ջարդը և բազմաթիվ այլ միջազգային հանցագործություններ, որոնք իրականացվել են Ալիևի ռեժիմի կողմից հայերի դեմ։

– Լիազորել և ֆինանսավորել անկախ հետաքննչական խմբին՝ իրականացնելու Արցախում առկա իրավիճակի մանրակրկիտ փաստաթղթավորում, ներառյալ՝ հետաքննելով ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված վայրագությունները Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո:

– Օգտագործել բոլոր առկա դիվանագիտական ​​միջոցները, ներառյալ պատժամիջոցները և արտաքին օգնության դադարեցումը, որպեսզի վիճարկվի Ադրբեջանում Ալիևի ռեժիմի անպատժելիությունը:

– Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ դադարեցնելու Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ ուղղված սպառնալիքները և ստեղծել ցեղասպանության հանցագործության կանխարգելման ներքին ազգային մեխանիզմ՝ որպես արտաքին ցանկացած աջակցության նախապայման։

– Խրախուսել Ադրբեջանի կրթության և անվտանգության ոլորտների բարեփոխումները, որոնք խորապես պատված են ցեղասպան հայատյացությամբ:

– Աջակցել արցախահայությանը մարդասիրական և տնտեսական աջակցությամբ, մասնավորապես՝ ավերված ենթակառուցվածքների ֆինանսավորմամբ, ինստիտուտների կառուցման և ժողովրդավարության կառուցման ծրագրերի, ինչպես նաև անվտանգության ոլորտի կարողությունների բարձրացմամբ:

– Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վաղեմի և հիմնարար խնդիրը դիտարկել որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք և ընդունել, որ, ինչպես փաստում են տեղում, հայերն ի վիճակի չեն ապրել Ադրբեջանի իշխանության տակ։

– Ճանաչել Արցախի ժողովրդի բազմամյա ջանքերը՝ պետականության միջազգային պահանջներին համապատասխան պետություն ստեղծելու ուղղությամբ, որի արդյունքում ձևավորվել է իշխանության տարանջատման և ժողովրդավարական ներկայացուցչության վրա հիմնված կառավարություն։

Ըստ Լեմկինի ինստիտուտի զեկույցի՝ պատերազմի ավարտը և խաղաղապահների տեղակայումը խաղաղություն չեն բերել տարածաշրջանին։

«Աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը պահպանվում է, քանի որ ադրբեջանական ուժերը մինչ օրս շարունակում են խաղաղ բնակչությանը սպառնալ ոտնձգությունների, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների վրա անկանոն հարձակումների, հայերի սպանությունների և առևանգումների, ինչպես նաև զինադադարի եռակողմ հայտարարության խախտումների միջոցով», – արձանագրում են զեկույցի հեղինակները՝ վկայակոչելով Բաքվի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լաչինի միջանցքի շրջափակումը։

Լեմկինի ինստիտուտի վերլուծաբանները նաև նշում են, որ «Transparancy International» հակակոռուպցիոն կենտրոնն Ադրբեջանը դասակարգել է որպես «Համախմբված ավտորիտար ռեժիմ»՝ 2022 թ․-ին այն դասելով Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կոռուպցիայի առումով ամենավատ ցուցանիշն ունեցող երեք երկրների շարքում, և հակառակ դրա՝ Հայաստանը դասվել է լավագույն երեք երկրների շարքում։

Անդրադառնալով Արցախին՝ զեկույցում նշվում է, որ 2023 թ․-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն այն դասակարգել է որպես «մասամբ ազատ»՝ տալով 37/100 «Ազատության միավոր» այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը նույն տարում ստացել է 35 միավոր, իսկ Ադրբեջանը՝ 9։

«Ադրբեջանի և Արցախի Հանրապետության քաղաքական համակարգերի միջև առկա անհավասարությունը հսկայական խոչընդոտ է ցանկացած համաձայնագրի համար, որն Արցախը կներառի որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, քանի որ բռնապետության քաղաքացիություն ընդունելը նման է սեփական քաղաքացիական ազատություններից հրաժարվելուն և ճնշման ենթարկվելուն համաձայնություն տալուն»,- գրված է զեկույցում։

Ամբողջական զեկույցը՝ այստեղ

«Եվս մեկ կարևոր քայլ միջազգային հանրության կողմից արցախահայության ցեղասպանությունը կանխելու և Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու ուղղությամբ։ Փաստորեն, Ռուսաստանին և Թուրքիային/Ադրբեջանին մնացել են միայն ռազմական գործիքներ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործընթացը խաթարելու համար՝ ոչ թե Ռուսաստանի և Թուրքիայի, այլ միջազգային պայմաններով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը։

«Փաստաթուղթը միանշանակ զգուշացնում է Ռուսաստանին և Թուրքիային, որ միջազգային հանրությունը պատրաստ է ռազմական քայլերի և համարժեք պատասխան կտա։ Ուկրաինայից հետո Էրդողանն ու Պուտինը կուզենա՞ն մեկ անգամ ևս փորձարկել Արևմուտքի վճռականությունը (և Իրանի. Արևմուտքի և Իրանի շահերը Հայաստանում համընկնում են. ) պաշտպանել իրենց շահերը ագրեսիայի ենթարկված երկրին ռազմական աջակցությամբ։ Հուսով եմ՝ ոչ, բայց հայկական ուժերը պետք է առնվազն բարձր պատրաստության վիճակում դրվեն։ Սկսվում են Հայաստանի պատմության վերջին տարիների ամենաինտենսիվ մի քանի շաբաթները։

Իսկ ես մտահոգություն ունեմ միայն Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության և կոնկրետ Փաշինյանի վերաբերյալ։ Հայ ժողովուրդն ի վիճակի է մնացած բոլոր գործոնները վերահսկողության տակ պահել, բացի Նիկոլ Փաշինյանից. Հայաստանի վարչապետին հանրային վերահսկողության տակ վերցնելը ներկա պահի գլխավոր խնդիրն է», -գրել է նա:

 

Ֆուտբոլային դիվանագիտություն – 2. Փաշինյանը կգնա՞ Էսքիշեհիր

Lragir

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիրի մարզադաշտում։ 2023 թվականի մարտի 25-ին Երևանում կայացած Հայաստան-Թուրքիա խաղն ավարտվել է 1։2 հաշվով և անցկացվել է «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների» ֆոնին, սակայն պատճառ չի դարձել, որ թուրք քաղաքական գործիչները գան Երևան։ Ըստ ամենայնի, ամեն ինչ դեռ պատրաստ չէր։

Հիմա շատ բան է փոխվել. Էրդողանը վերընտրվել է նախագահի պաշտոնում և փորձում է «սպիտակներով խաղալ» Պուտինի հետ։ Իզուր չէ, որ Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման օրը Զելենսկին հայտարարեց Ուկրայինայի պաշտպանության նախարարի պաշտոնում Ղրիմի թաթար Ումարովին նշանակման իր մտադրության մասին, «ով խոսում է մի քանի լեզուներով, և ամենակարևորը՝ թուրքերեն» (BBC): Եվ պատահական չէ, որ Թուրքիա-Հայաստան խաղը կանցկացվի Էսքիշեհիրում, որտեղ այժմ բնակչության 80%-ը Ղրիմի թաթարներ են։

Էրդողանը Ղրիմի հարցը դրեց սեղանի վրա, և այս «Ղրիմյան» խաղում Հայաստանը դառնում է գլխավոր «լոտը»։ Պուտինը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն Ղրիմի, իսկ Էրդողանը պահը բաց չի թողնի.

Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Հայաստանում հանկարծակի սրվեցին «հակառուսական» տրամադրությունները՝ ԱԳՆ-ի ու Փաշինյանի հայտարարությունները, որին հաջորդեց ՌԴ ԱԳՆ-ի «դժգոհությունը»։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրին, հայտնում է, որ «նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ օգտագործելով Երեւանը որպես այդ նպատակին հասնելու միջոց»։

Միևնույն ժամանակ տիրաժավորվում է «Հայաստանի ՆԱՏՕ մտնելու» մասին ֆեյքը, իսկ Սեյրան Օհանյանն ասում է, որ ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում՝ Թուրքիան է։ Այսպիսով, ստացվում է հետեւյալ պատկերը՝ Ռուսաստանը «հեռանում է», Արցախը «հանձնվում է» Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային։

Փաշինյանն իր հերթին ասել է, որ Երևանը կարևորում է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը և այս գործընթացը չի կապում Բաքվի հետ հակամարտության կարգավորման հետ։ Փաշինյանը հիշեցրեց, որ Անկարա կատարած այցի և նախագահ Էրդողանի հետ շփումների արդյունքում (հունիսի սկզբին Փաշինյանը գնաց Թուրքիա՝ Էրդողանին շնորհավորելու) «ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ թուրքական կողմը նույնպես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»։ Միաժամանակ Փաշինյանը ասաց, որ «մի օր կարող ենք արթնանալ ու այստեղ Ռուսաստանը չտեսնել»։

Ռուսաստանը Հայաստանում է գտնվում 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի համաձայն՝ դրանց հիման վրա Հայաստանում տեղադրված է ռուսական ռազմաբազան, իսկ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները հսկում են ռուս սահմանապահները։ Ռուսաստանի «դուրս գալը» նշանակում է ՌԴ ԱԱԾ բազայի և սահմանապահ զորքերի դուրսբերում, և դա կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանն ու Թուրքիան սպառված համարեն 1921թ. պայմանագրերը։

Եվ դա կարող է տեղի ունենալ շատ շուտով: Էրդողանը, որը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունիսին, խոստացել է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ընդունել նոր սահմանադրություն և հայտարարել «նոր Թուրքիայի դար», որտեղ, ըստ երևույթին, կախվածություն չի լինի հին պայմանագրերից։ Հիշեցնենք, որ 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Աթաթուրքը Թուրքիան հռչակեց հանրապետություն, և դրա տարածքային ամբողջականությունը մինչ օրս հիմնված է Լոզանի պայմանագրի և 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերի վրա, որոնցով Հայաստանի հողերը Ռուսաստանի կողմից փոխանցվեցին Թուրքիային։

Էրդողանը մտադիր է ապահովել իր տարածքների ամբողջականությունը «ներսից»։ Դա կարելի է անել միայն Հայաստանի «կամավոր» համաձայնությամբ։ Իսկ Փաշինյանը կարող է դառնալ Պուտին-Էրդողան նոր գործարքի «նոտարը»։

Նա կգնա Էսքիշեհիր՞ սեպտեմբերի 8-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան հանդիպմանը։