Բաքուն ցանկանում է խոսել միայն Մոսկվայի հետ. «Կոմերսանտ»-ն ասում է, որ Մոսկվան է “բրդում” “Աղդամի” երթուղին

Ռուսական «Կոմերսանտը» հոդված է հրապարակել, որում, ըստ էության, ասվում է, որ Մոսկվան և Բաքուն թույլ չեն տալիս, որ Արցախի կարգավիճակը քննարկվի օրինական միջազգային ատյաններում, քանի որ դա կբերի Ադրբեջանի կողմից Ղարաբաղի «կորստի» և Ռուսաստանի դուրսբերմանը տարածաշրջանից, այդ թվում՝ Հայաստանից։

Թերթի հետ զրույցում ռուս պաշտոնյան նշել է, որ «Ալիևի վարչակազմը կտրականապես մերժում է Ղարաբաղի հարցի միջազգայնացումը, քանի որ մտավախություն ունի, որ ամեն ինչ կվերադառնա տասնամյակների նախապատերազմական դանդաղ բանակցություններին»։

«Ռուսաստանը միակ երկիրն է, որի հետ Ադրբեջանը ուզում է երկխոսություն վարել։ Իսկ ուրիշի ներկայություն Բաքուն չի պատրաստվում թույլ տալ»,- ասել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ:

“Արևմուտքը սկսեցին զուգահեռ ձևաչափեր կառուցել՝ նախաձեռնությունը զավթելու համար։ Եթե ​​Արևմուտքն օգնի լուծել ամեն ինչ, ինչի՞ համար պետք կլինի այնտեղ Ռուսաստանը: Եվ այնտեղ հայկական կողմը կբարձրացնի նաև Ռուսաստանի ռազմական ներկայության նպատակահարմարության հարցը»,- ասում է ռուս պաշտոնյան։

Խոսելով վերջերս Երևան և Բաքու այցելած Լավրովի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի «մաքոքային դիվանագիտության» մասին՝ «Կոմերսանտի» զրուցակիցն ասում է, որ Ռուսաստանը փորձում է հայկական կողմին համոզել ընդունել Լավրովի սխեման, «ըստ որի բացվում է Աղդամի երթուղին, իսկ Լաչինը սկսում է աշխատել մեկ օրից»:

Բայց ռուսական պետական ​​կառույցներում, թաթախված ղարաբաղյան կարգավորման թեմայի մեջ, ասում են, որ հայերի համար առանցքային կետն է Լաչինով տարածաշրջանի մատակարարումը։ «Կարևոր է, որ Ղարաբաղում պահպանվի Ադրբեջանից անջատ կյանք։ Մյուս կողմից, Բաքուն պետք է «կտրի» և մատակարարումներն անցնի ներադրբեջանական ճանապարհով (Աղդամով): Դա կհեշտացնի ինտեգրումը, կզրկի Ստեփանակերտին պահպանվելու հնարավորությունից։ Այս դեպքում ամեն ինչ կախված կլինի միայն Ադրբեջանից»,- նշում է «Կոմերսանտի» աղբյուրը։

Միրզոյանը զանգել է Գերմանիայի արտգործնախարարին, որին Բաքուն նորերս վիրվորել է

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Անալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում:

Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որը պետք է դատապարտելի լինի միջազգային հանրության կողմից:

Երկուստեք ընդգծվել է դրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի՝ ԼՂ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար հետևանքները և ճգնաժամի հաղթահարման հրատապությունը, ասված է ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանի դիրքորոշումը և ընդգծել այդ ուղղությամբ միջազգային դերակատարների, այդ թվում՝ Եվրամիության կողմից հստակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական ուղերձները՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ դրանք բավարար չեն տեղում դրական փոփոխություն արձանագրելու, Լեռնային Ղարաբաղի փաստացի շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ Բերբոքը կոչ է արել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Ռուսաստանին անհապաղ բացել Բերձորի միջանցքը։ Նա ասել է նաեւ, որ ԵՄ-ը ԱՄՆ-ի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու ուղիները։ Դա առաջացրել է Բաքվի զայրույթը․ Ադրբեջանի ԱԳՆ ասել է, որ Բերբոքը կամ հիմար է ու բան չի հասկանում, կամ հատուկ ի վնաս Բաքվին է գործում։ 

ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտարի իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակման, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային, ինչպես նաև մարդկանց փոխադրումների համար», – ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Մնում է Զախարովային խորհուրդ տալ, որ Բրյանսկի ռուսների համար «մարդասիրական միջանցք» բացեն դեպի Ուկրաինա

Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել՝ կադրերով, որտեղ երևում է շփման գծում ադրբեջանական ուժերի տեղաշարժն ու կենտրոնացումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտնում է, որ «վերջին մի քանի օրվա ընթացքում մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում աճող լարվածությանը և փոխհրաձգությանը»։ «Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին»,- ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրության մեջ։

Տագնապալի տեղեկություններն ուղեկցվում են Բաքվում ռազմատենչ հռետորաբանությամբ, որտեղ խոսում են «հակահաբեկչական» և այլ գործողությունների մասին՝ ոչ միայն Ղարաբաղում, այլև Սյունիքում։

Այս ֆոնին Մոսկվան բացահայտորեն սրում է հարաբերությունները Հայաստանի հետ՝ դրանք հասցնելով առճակատման, նպատակ ունենալով հայ-ռուսական պայմանավորվածությունների շրջանակում օգնություն տրամադրելուց հրաժարվելը ևս մեկ անգամ արդարացնել «Փաշինյանի հակառուսական հարձակումներով”։

Օրեր առաջ Հայաստան էր այցելել ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը (ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ), ով այժմ գտնվում է Բաքվում։ Մարիա Զախարովան այսօր հիշեց այդ մասին՝ նշելով, որ Ռուսաստանը «կողմնակից է Լաչինի և Աղդամի երթուղիներով հումանիտար օգնության անարգել մուտքի օգտին և կոչ է անում խուսափել այդ հարցի անհարկի քաղաքականացումից»։

Պետք է խուսափել քաղաքականացումից, իսկ ռազմականացումից՝ ոչ։ Զախարովան երեւի կհրամայի, որ Բաքուն սովահար հայերին մարդասիրական օգնություն հասցնի Ակնայից տանկերով։ Մնում է Զախարովային խորհուրդ տալ, որ հրթիռակոծվող Բրյանսկից ռուսների համար «մարդասիրական միջանցք» բացի դեպի Ուկրաինա։

Մարիա Զախարովան առաջարկել է նաև ՀԱՊԿ առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում՝ նշելով, որ «ՀԱՊԿ մնացած անդամները համաձայն են»։ Այսինքն՝ Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանը։ Բարեւ ձեզ։

Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, թե Ռուսաստանը կամ չի կարող, կամ չի ցանկանում կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, հիշեցրել է, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում»։ Այսինքն, սպառնում է։

Մոսկվան և Բաքուն իրենց մտցրել են փակուղի, որտեղից երկու ելք կա՝ կամ գլխով ճեղքել պատը, կամ նահանջել։ Ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով ենթադրվում է, որ ոչ Պուտինը, ոչ Ալիևը չեն նահանջում, ինչը նշանակում է, որ մնում է «ճեղքել պատը եւ ջարդել գլուխը»։

Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը շփման գծում. ԱՀ ՊՆ

ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գոտում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի՝ այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժեր եւ կենտրոնացում:

Այս մասին ահայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հաղորդագրության հետ ներկայացնելով նաեւ տեսանյութ:
Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաեւ ապատեղեկատվության շարունակական  տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում:

Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ նամակները Երևանում փոխանցվել են այդ երկրների դեսպանատներին:

Ներկայացնելով Արցախի ժողովրդի իրավունքներն ու տիրող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի կողմից կիրառված շրջափակումը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը հայ ժողովրդին սովի մատնելն ու ցեղասպան քաղաքականության շարունակությունն է:

«Հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական քաղաքակրթության ամրոց և վաղ քրիստոնեության կենտրոն: Արցախի ժողովուրդը երկար ժամանակ պայքարել է իր ազատության և ինքնորոշման համար՝ անհաղթահարելի թվացող ուժերի դեմ՝ Օսմանյան կայսրության ցեղասպան ռեժիմի սարսափից մինչև խորհրդային իշխանության ճնշումը։ Եվ այսօր, չնայած Ադրբեջանի դաժան ռեժիմից բխող մշտական սպառնալիքին, մենք կառուցել ենք ժողովրդավարական հասարակություն, որին շատերն են ձգտում»,- շեշտված է նամակում:

Դավիթ Իշխանյանը ակնկալում է, որ այդ երկրների խորհրդարանները քաղաքական ու դիվանագիտական խողովակներով ճնշումներ բանեցնեն ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու և մարդկանց հիմնարար ու անօտարելի իրավունքների պաշտպանության համար:

Կրկին շանտաժ․ Պեսկովը «հիշեցրել է» Ռուսաստանում ապրող հայերի մասին

«Ռուսաստանը այդ տարածաշրջանի (Հարավային Կովկասի ) անբաժանելի, անքակտելի մասն է, հետևաբար ոչ մի տեղ չի կարող հեռանալ։ Ռուսաստանը Հայաստանից չի կարող հեռանալ»,- այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե Ռուսաստանը կարծես ինքն է հեռանում Հարավային Կովկասից։

«Վերջ ի վերջո չմոռանանք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, և նրանց մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության բացարձակապես օրինակելի ու հայրենասիրական տրամադրություններով քաղաքացիներ են»,- ասել է նա։

Ռուսաստանի նախագահի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է հետևողական շատ կարևոր դեր խաղալ իրավիճակը կայունացնելու և հակամարտությունը հարթելու ուղղությամբ և կշարունակի այդ դերակատարությունը։

Պեսկովը շատ կարևոր է համարել հավատարմությունը եռակողմ հայտարարություններին։ Սակայն նա որևէ բառ չի ասել, որ ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, փոխարենը նշելով, որ իրավիճակ է փոխվել։

«Հաջողության գրավականը հավատարմությունն է այդ համաձայնությունների դրույթներին։ Իհարկե, դրանից հետո նոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք փոխել են իրավիճակը, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ կերպ սահմանափակել իր գործունեությունը, ավելին»,- շեշտել է նա․ – «Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի դերը»։

«Պետք չէ մոռանալ Ռուսաստանի ներդրումը ինտեգրացիոն գործընթացներում, որին մասնակցում է նաև Հայաստանը, դրանք, ի դեպ, մեծ մասամբ նպաստել են, որ անցած տարի զարգացման տեմպերով Հայաստանը ԱՊՀ-ում չեմպիոն է դարձել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Այն, ինչ տեղի ունեցավ Տողում 1990-ականների սկզբին, փոխեց ամեն ինչ

Նունե Արզումանյանը ծնվել և մեծացել է Հադրութի շրջանի Տող գյուղում։ Մանկուց հիշում է, որ իրենց գյուղում շատ թորքեր կային (ինչպես արցախցիներն են ադրբեջանցիներին անվանում)։

Նունեն պատմում է, որ ինքն 9 տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, և կտրուկ փոխվեց գյուղի ադրբեջանցիների վերաբերմունքը հայերի նկատմամբ։

Քանի որ գյուղի մանկապարտեզում և դպրոցում կային և՛ հայկական, և՛ ադրբեջանական հատվածներ, նույնիսկ ադրբեջանցի երեխաները սկսեցին վիճաբանել իրենց հայ հասակակիցների հետ, որոնց հետ մի քանի օր առաջ միասին խաղում էին։

Նա հիշում է, թե ինչպես դպրոցում ադրբեջանցի տղան դանակով հարձակվեց իր հայ հասակակցի վրա, իսկ ծեծկռտուքի ժամանակ ընկավ սեփական դանակի վրա ու վիրավորվեց։ Ամբողջ դպրոցը հետևում էր, թե ինչպես է ադրբեջանցի երեխան արյունահոսում, իսկ դպրոցի տնօրեն Նիյազ մուալիմը այդպես էլ թույլ չտվեց նրան տեղափոխել հիվանդանոց, որպեսզի նա մահանա, և սկսվեն հայերի հալածանքնեը՝ գյուղից նրանց հեռացնելու նպատակով։

Ամբողջ օրը հայ երեխաները փակված են մնացել դպրոցի հայկական հատվածում՝ սպասելով մի քանի հարյուր ադրբեջանցիների հաշվեհարդարի։

Միայն ուշ երեկոյան կամավորականների զինված ջոկատներին հաջողվեց ազատել երեխաներին։

Իսկ հետո ադրբեջանական ՕՄՕՆ-ը սպանեց Դանիելյանների ընտանիքի հինգ անդամներին, որոնք ապրում էին այսպես կոչված ադրբեջանական թաղամասում։ Այս սարսափելի դեպքը դարձավ ադրբեջանցիներին գյուղից վտարելու պատճառ։

Նունեն հիշում է Արցախյան առաջին պատերազմը։ Սկզբում նրանք ապրում էին Տողի իրենց տանը։ Սակայն ավելի ուշ գյուղը սկսեց գնդակոծվել «Գրադ» հրթիռային կայաններից։ Գյուղից քիչ հեռու՝ մի բլրի վրա պապիկը հողիմեջ տեղ է սարքել, որի մեջ ռմբակոծությունների ժամանակ հարևան երեխաների հետ թաքնվել են իրենք՝ չորս երեխաներն ու մայրը։ Ձմռան սկսվելուն պես անտանելի դարձավ բլինդաժում ապրելը, և մայրը երեխաներին տեղափոխեց հարևան Տումի գյուղ, որտեղ նրանք ապրում էին հարազատների հետ։

Պապն ու մայրը (հայրը պատերազմում էր) շաբաթը մեկ անգամ իրենց այգուց ուտելիք, ալյուր, մրգեր էին բերում էշով։ Այսպիսով, նրանք գոյատևեցին մի քանի ամիս, մինչև թշնամու կրակակետերը ոչնչացվեցին, և արկերն այլևս չէին հասնում հայրենի գյուղ։

Չափահաս տարիքում Նունեն ամուսնացել է Տումի գյուղում, որտեղ ընտանիքի հետ ապրել է 23 տարի։

Այժմ նա ցավով է հիշում հետպատերազմյան ծանր տարիները։ Բայց մի քանի տարիների ընթացքում մարդիկ նորից հաստատեցին իրենց կենսակերպը, ինքնուրույն ստեղծեցին հարստություն, զբաղվեցին հողագործությամբ և անասնապահությամբ և իրենց երեխաներին կրթություն տվեցին համալսարաններում։

Ապրիլյան պատերազմի օրերին Նունեն անհանգստանում էր ՄՈԲ-ով զորակոչված ամուսնու համար։ Փառք Աստծո, պատերազմը երկար չտևեց՝ նրանք նույնիսկ գյուղից չլքեցին։

2020 թվականի պատերազմն ուրիշ էր. կանայք ու երեխաները ստիպված են եղել լքել գյուղը։ Նունեն պատմում է, որ իր հետ վերցրել է միայն երեխաների հագուստը, քանի որ չեր պատրաստվում գյուղից երկար բացակայել։ Նա այնքան վստահ էր, որ մի քանի օրից կվերադառնա իր տուն, որ իր հետ չվերցրեց փաստաթղթերը (նա երեք կրթություն ունի), ոսկյա իրեր…

Բայց Նունեի համար այժմ ամենամեծ ցավը՝ կրտսեր որդու հիվանդությունն է. որդին՝ Թաթուլը, սթրեսից շաքարախտով է հիվանդացել։ Բայց նա հույս ունի, որ երբ Հադրութը վերադարձնեն ու նա վերադառնա հայրենի Տումի գյուղ, իր հիվանդությունը հետ կգնա։ Նա նորից կբարձրանա իր ձին և կհասնի հայրենի լեռները, որտեղ մաքուր օդը կօգնի նրան ապաքինվել։

 

Ստիպված էի հեռանալ, այդպես էլ չհասկանալով, թե ո՞վ ինչի համար է պատասխանատու

Ալյուրի սղության պատճառով սեպտեմբերի 4-ից Արցախում սկսեցին բաժանվել հացի կտրոններ։

Ըստ կտրոնային համակարգի՝ Արցախի 1 բնակչին օրական հասնում է 200 գրամ հաց։

Կտրոնների բաժանումը իրականացվում է Ստեփանակերտի 9 կետերում, և դրանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ կետերից մեկը` անձնագրով և հանրային ծառայությունների համարանիշով։

Այդ պրոցեսը նկարահանելու նպատակով այսօր այցելեցի կետերից մեկը, որտեղ ինձ խնդրեցին սպասել՝ նկարահանման համար թույլտվություն ստանալու համար։ Առաջին զանգը եղավ սոցապ նախարարություն, որոնք ինչպես պարզվեց, չունեն թույլատրելու արտոնություններ, և խորհուրդ տվեցին կապվել ոստիկանության հետ։ Տեղի ոստիկանության աշխատակիցը կապվեց ոստիկանության ղեկավարության հետ, և պարզվեց,որ վերջիններս նույնպես չունեին թույլտվության արտոնություն։ Ինձ կրկին խորհուրդ տվեցին կապվել սոցապ նախարարության հետ։

Կես ժամ այնտեղ կանգնելուց հետո ստիպված էի հեռանալ, այդպես էլ չհասկանալով, թե ո՞վ ինչի համար է պատասխանատու։

Հայկ Հարությունյան

Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա առթիվ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսականներ

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականներ  Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Դավիդ Վալադաոն:

Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Շնորհավորանքի խոսքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր զորակցությունն ու հանձնառությունն է հայտնում Արցախին՝ անկախության ավելի քան երեք տասնամյակների տոնակատարությունների  կապակցությամբ:

«Մենք շարունակում ենք աջակցել ձեր ժողովրդին, որն անհավանական տոկունություն է ցուցաբերում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների համատարած պակասի պայմաններում: Մենք շարունակում ենք կոչ անել ԱՄՆ-ին էական օգնություն ցուցաբերել Հայաստանում գտնվող Արցախից տեղահանված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում»-ասված է ուղերձում:

Կոնգրեսականները նշում են, որ կշարունակեն ճնշում գործադրել Վարչակազմի վրա, որպեսզի այն օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ դադարեցնելու Ալիևի ռեժիմի անօրինական գործողությունները, որոնք, նրանց խոսքով, հստակորեն համապատասխանում են էթնիկ զտումների սահմանմանը։

«Շարունակվող հումանիտար ճգնաժամը ցույց տվեց միջազգային խաղացողների գործողությունների և Ալիևի վրա ճնշումների ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ստիպելու նրան վերադառնալ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պաշտոնյաների հետ ուղիղ բանակցություններին:

Արցախը պետք է կարողանա անմիջականորեն մասնակցել իր ապագա կարգավիճակի շուրջ բանակցություններին և ապահովել տ7ական ու կայուն խաղաղություն», -ասված է ուղերձում:

 

Շահմասուր․ «Աղոթքով հիշենք Խորիշահին, նրա զավակներին ու մեր բոլոր նախնիներին»

 

Շահմասուր գյուղը գտնվում է Արցախի  Մարտակերտի շրջանում։ Հին ու պատկառելի պատմություն ունեցող գյուղ է, հարուստ պատմամշակութային հուշարձաններով, որոնք թվագրվում են 11-12-րդ դարերով։

15-16-րդ դարերի տվյալներով գյուղը ներկայացվում է “Մսերշին” և “Մսրշին” անուններով։ Ս․ Մելքումյանը գյուղանունը ստուգաբանում է երկու իմաստով  “Շահի մահը սրով” և Հասան Ջալալյան իշխանի մոտ ազգական և այդ տարածքների տիրակալ Շահ Մանսուրի անունով։

Ըստ Սլավա Սարգսյանի, Արցախում նման անձնավորություն գոյություն չի ունեցել, նման անվամբ հայտնի է միայն Խորասանի իշխանը։ Նա գյուղի անվան ծագումը կապում է հյուսիսային կողմից ձգվող “սուրբ” լեռնային բարձունքի հետ։

Շահմասուրի Կտողնութ թալա կոչվող տարածքում ընկած են բազմաթիվ մեծ ու փոքր ժայռաբեկորներ, որոնցից մեկը շատ ուշագրավ է իր վրա քանդակված խաչով ու արձանագրությամբ։ Ժայռաբեկորի չափսերն են  5,3 x3։ Քանդակված է մեկ մեծադիր խաչ, թևերի տակ երկու փոքր խաչեր, ներքևում արձանագրություն։  «Թիվ :ՈԼ: (1181)/: Յանուն Ա[ստուծո]յ, ես Խորեշահ/ կանգնեցի զխաչս ի բարեխաւս/ հոգոյ իմոյ եւ զաւակաց/ իմոց` բարեխաւս առ/ Ք[րիստո]ս: Աղաւթս յիշեցէք» Հ․Պ: Նման արձանագիր ժայռաբեկորների հանդիպում ենք Հարավ, Առաջաձոր և այլ գյուղերի տարածքներում։

Աղոթքով հիշենք Խորիշահին, նրա զավակներին ու մեր բոլոր նախնիներին։

Արտակ Բեգլարյանի հայտարարությունը

ԱՀ պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է․

«Պարզվում է՝ երեկ մի տելեգրամյան ալիք բացարձակ կեղծ տեղեկություն է հրապարակել, թե իբր տարբեր ներքին ու արտաքին ուժեր լոբբինգ են անում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ թեկնածության օգտին:

Կարող եմ միանշանակորեն պնդել, որ ընդհանրապես նման թեմա չեմ քննարկել որևէ մեկի հետ, նույնիսկ այդպիսի գաղափար չի անցել մտքովս, քանի որ նման ցանկություն ո՛չ ունեմ, ո՛չ էլ ունեցել եմ: Իսկ արտաքին որևէ ուժի հետ ինձ կապողները թող իրենց պատվիրատուների մասին մտածեն: Ես ձեր տեսակից չեմ, որ ներքին որևէ հարց լուծելու համար արտաքին ուժի դիմեմ:

Ավելին կասեմ, ես ինքս ինձ չեմ համարում Նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով: Ես պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս իմ ողջ կարողություններով, բայց յուրաքանչյուր ոք պետք է իրեն համապատասխան դիրքում ու միջոցներով ծառայությունն իրականացնի:

Ով էլ ընտրվի Հանրապետության նախագահ Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ես պատրաստակամ եմ հնարավորինս աջակցելու նրան, որ հատկապես այս ծանրագույն շրջանում կարողանա Արցախն առաջնորդել մեր առջև ծառացած ահռելի մարտահրավերները պատվով հաղթահարելու ուղով:

Ես ինչի մասին եմ մտածում, ոմանք՝ ինչի»: