Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ և 83-ամյա տղամարդ են կորել

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել տեղի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Երեխան` Մանիկա Վանյանն, ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։

Տարեց տղամարդն 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարին»,- ասված է հայտարարության մեջ:

Հարությունագոմերի մեկ շաբաթ անհետ կորած 6 բնակիչներին գտել են Ասկերանի Խաչեն գյուղի տարածում եւ տեղափոխել Ստեփանակերտ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Այս մասին տեղեկանում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

«Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։

Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության գոյությունը 2024 թ․ հունվարի 1-ից դադարեցվում է

Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր Արցախի տարածում բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները լուծարելու վերաբերյալ։ այս մասին հայտնում է Տեղեկատվական շտաբը։

Հրամանագրում նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը և ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն այն մասին, որ հաշվի է առնվելու ԼՂ բնակիչների՝ սեփական ունեցվածքով ու տրանսպորտային միջոցներով ազատ, կամավոր և անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով, որոշվել է․

«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։

Հրամանագրում նշվում է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»:

Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է տեղափոխվել ՀՀ

Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից:

Տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակն, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին:

Բռնի տեղահանման եւ մարդկանց սպանություններով Բաքվի դեմ հարյուր հազարավոր հայցեր են ներկայացվելու ՄԻԵԴ․ Սահակյան

Արցախի դեմ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետեւանքով մարդկանց բռնի տեղահանման եւ դրա հետեւանքով սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ դեպքերով մասսայական գործեր են ներկայացվելու Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), դրանք իրենց մեջ պետք է պարունակեն նաեւ փոխհատուցման պահանջներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Նա ասաց, որ այժմ իրենք փաստահավաքություն են իրականացնում, ուսումնասիրում են ապացուցողական բազան, դրան հաջորդելու է բռնի տեղահանվածների հետ հանդիպումները, անմիջականորեն զոհերից ապացույցների հավաքագրումը, այդ թվում՝ նրանց վկայությունները, եւ վերջին փուլում կլինի դատական գործընթացի նախաձեռնում․

«Բռնի տեղահանումը միջազգային հանցագործություն է, մենք ուշադրությամբ հետեւում ենք նաեւ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացներին, եւ այս առումով նաեւ գործունեություն է իրականացվելու այդ հանցավոր արարքները փաստագրելու, հավաքագրելու տեսանկյունից, որպեսզի բաց չթողնենք ինչ-ինչ հանգամանքներում նաեւ Միջազգային քրեական դատարանի գործարկման հնարավորությունը։ Իհարկե, գոյություն ունի քաղաքական գործոնների մաս, եւ որքանով այդ քաղաքական նախադրյալները բարենպաստ կլինեն՝ ի պաշտպանություն հայերի, դեռ պետք է քննարկել եւ սպասել առաջիկա զարգացումներին։ Այս գործընթացները, որոնք մենք իրականացնելու ենք, անհատական գանգատների շրջանակներում ենք ներկայացնելու։ Նկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը՝ չենք բացառում դրանց խմբավորում, այսինքն՝ կոլեկտիվ հայցերի տեսքով»։

Սահակյանի խոսքով՝ այդ օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից առանձնակի դաժանությամբ սպանությունների դեպքերով նույնպես աշխատանքներ տարվում են․

«Այդ ցուցադրական եւ կամայական սպանությունները մեծացրել են խոցելիությունը եւ անմիջական անվտանգային խնդիրներ են առաջացրել։ Այդ միջադեպերն են, որ հիմա հանգեցրել են մասսայական բռնի տեղահանումների, ինչը միջազգայի հանցագործություն է։ Հարյուր հազարավոր հայցեր են ներկայացվելու ՄԻԵԴ։ Ծավալը մեծ է, փորձում ենք հասկանալ, թե ինչ խմբավորումներ կարող ենք տալ։ Բնականաբար խմբավորումներ չեն լինելու այն պարագաներում, երբ մենք առնչվել ենք կյանքի իրավունքի եւ խոշտանգումների հետ․ դրանց անհատականությունը միշտ պահվում է եւ ներկայացվում է առանձնացված, բայց հասկանալի է, որ մենք տասնյակ հազարավոր գործերի հետ ենք առնչվելու»։

Հարցին, թե ի՞նչ է տալու Եվրոպական դատարանի վճիռը տուժած քաղաքացիներին, եւ ի՞նչ է ցույց տվել նախկինում ունեցած փորձը, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․

«2020 թվականի պատերազմով այդ սեփականության իրավունքի պաշտպանությունը միջպետական գանգատի շրջանակներում է իրականացվել, եւ փաստաբանական մեր խումբը զերծ է մնացել նմանատիպ խնդիրներով զբաղվելուց։ Մեր առաջնահերթությունը եղել է ռազմագերիները եւ հիմնարար իրավունքների խախտումներ պարունակող միջադեպերը, խոշտանգումները, գլխատումները, առեւանգումները եւ ատելության տարրեր պարունակող այլ վարքագիծը, որը հանգեցրել է մասսայական բռնությունների գործադրման։ Իմ կարծիքով՝ այս գործերի ներկայացման միջոցով Եվրոպական դատարանը եւ միջազգային կառույցները ավելի վաղ փուլում փաստական տվյալներ ստացան եղելության վերաբերյալ, եւ միջազգային արձագանքը կապված է նաեւ տեղեկատվության գոյության հետ։ Այս գործերի միջոցով նրանք վերականգնում են խճանկարը եւ հասունանում է պատշաճ միջազգային արձագանքի հրամայականը։ Մյուս կողմից մենք ունենք անհապաղ միջոցներ, որոնք կիրառվել եւ դրանց շրջանակում այս խնդիրը ծանուցվել է քաղաքական մարմիններին եւ բազմաթիվ քննարկումներ են քաղաքական մակարդակում գեներացվել։ Մենք չենք թույլատրում, որ պատերազմական հանցագործությունները լինեն չփաստաթղթավորված, վերացվեն դրանց հետքերը, եւ չլինի միջազգային արձանագրում։ Այդ դատական գործընթացները օգնելու են, որ պատմության մեջ ամրագրվեն այս ցեղասպանական քայլերը, արձանագրվեն հայերի իրավունքների խախտումները եւ գուցե նաեւ անհատները ստանան փոխհատուցում խախտված իրավունքների համար։ Այդ խախտումներն աննկատ պետք է չմնան»։

Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելությունն ավելի է խորանում, որն իր մեջ պարունակում է վրեժխնդրության, ծաղրանքի, նսեմացման տարրեր․

«Մենք առանձին ուսումնասիրության առարկա ենք դարձրել սեպտեմբերյան մարտերից հետո հակահայկական քաղաքականությունը եւ ատելության նոր դրսեւորումները։ Այդ ատելությունն ավելի է խորանում, իր մեջ պարունակում է վրեժխնդրության, ծաղրանքի, նսեմացման տարրեր։ Անգամ խոցելի, անօգնականի առնչությամբ երբ որպես կանոն՝ անկախ ազգությունից կարեկցելու մարդկային մղումն է առաջանում, այս դեպքում խոցելիությունն օգտագործվում է գործոն՝ ավելի ուժգին հանցագործություններ իրականացնելու նպատակով»։

Արցախի հիվանդանոցներից Հայաստան են տեղափոխվել բոլոր 349 վիրավորները 27 սեպտեմբերի

Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:

Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:

Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:

UCOM-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին

«Յուքոմ» ընկերությունն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ սեպտեմբերի 28-ից ՀՀ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կկարողանան 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։

Ինչպես տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից՝ միանալով Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանին՝ բաժանորդները 30 օրը մեկ կստանան 450 րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 8 ԳԲ՝ գերարագ շարժական ինտերնետից օգտվելու, ինչպես նաև 300 SMS՝ տեղական բոլոր ցանցեր և Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար։

Բացի այդ, բաժանորդները կկարողանան օգտվել 28 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Messenger-ը, WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Zangi-ն կամ gg-ն՝ չսպառելով ներառումների մեգաբայթերը։ Իսկ Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանն ընտրելով՝ բաժանորդները 30 օրը մեկ կստանան 200 րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 6 ԳԲ՝ գերարագ շարժական ինտերնետից օգտվելու, ինչպես նաև 200 SMS՝ տեղական բոլոր ցանցեր և Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար։

Ավելին, բաժանորդները կկարողանան օգտվել 19 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Messenger-ը, Zangi-ն կամ gg-ն՝ չսպառելով ներառումների մեգաբայթերը:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի գրանցումով մեկ անձնագրով հնարավոր է ձեռք բերել առավելագույնը 2 SIM-քարտ, իսկ տրամադրվող հեռախոսահամարը կակտիվանա անմիջապես՝ քարտի ձեռք բերման պահից։

Փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին դպրոց ընդունելու հարցում․ ԿԳՄՍ նախարար

Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացի դիմել է դպրոց՝ երեխայի ուսումը կազմակերպելու հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Իհարկե հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես առաջնային է, և պետք է առանց ժամանակ կորցնելու նաև իրականացնենք քայլեր՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը:

Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ տարբեր մարզերում: Մեր դպրոցները պատրաստված են դրան: Մենք ուղարկել ենք շրջաբերական գրություն, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը, մասնավորապես, ուզում եմ տեղեկացնել, որ որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի, և այն ժամանակահատվածում, որ երեխաները կլինեն դպրոցում, առանց որևէ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու նրանց ընդունումը դպրոց տեղի կունենա»,-  ընդգծեց Անդրեասյանը:

Նախարարը հայտնեց նաև, որ միևնույն ժամանակ կարգավորումներ են նախատեսվել բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք:

«Բոլորս հասկանում ենք, որ նրանք անցել են բարդ հոգեբանական դրության, փորձությունների միջով, և կրթության գործընթացն արդյունավետ լինելու համար նաև պետք է դառնա այն դրական ու ապահով միջավայրը, որը կստեղծի նաև սովորելու հնարավորություն: Այդ աշխատանքն անելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Գիտեք, որ ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ. բոլոր մասնագետները պատրաստ են, եկող շաբաթից կմեկնարկենք նաև վերապատրաստման ծրագրեր ուսուցիչների համար՝ աջակցելու նրանց այս իրավիճակում կարողանալ նաև համապատասխան միջավայր ձևավորել երեխաների համար: Կարծում եմ՝ մեր բոլոր դպրոցները, ուսուցիչները, սովորողները ջերմությամբ, հոգատարությամբ կընդունեն ցանկացած երեխայի, որն այսօր այս դժվարին իրավիճակում հայտնվում է մեր դպրոցներում»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝  Հայաստան մուտք գործող ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանցից ամեն երրորդն անչափահաս է։

«Բնականաբար, սա նշանակում է, որ դպրոցներում շատ անելիք կունենանք այս ուղղությամբ»,- հավելեց Անդրեասյանը։

Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական մուտքի հարցով զբաղվում է Հայաստանի ԱԳՆ-ն

Հայաստանի արտգործնախարարությունը լուծում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական մուտքի հարցը, գերատեսչությունը կպաշտպանի իր քաղաքացու իրավունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Երեւանում դիվանագիտական աղբյուրը։

Վարդանյանն այսօր ձերբակալվել է ադրբեջանցի սահմանապահների կողմից՝ Արցախից Հայաստան մուտք գործելու ժամանակ:

«Վարդանյանի հետ հյուպատոսական մուտքի հարցով զբաղվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների իրավունքները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Պեսկովը տեղեկություններ չունի Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը։