Արայիկ Հարությունյանի ակնարկները. կարո՞ղ են անակնկալներ լինել

Սեպտեմբերի 8-ին Արցախի խորհրդարանը նոր նախագահ կընտրի. թեկնածուների անունները դեռ չեն նշվում, սակայն կարող են առաջանալ ամենաանսպասելի իրավիճակները։ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ դրա վկայությունն է։

“Հունիսից մի քանի անգամ մտածել եմ հրաժարական տալու հարմար պահի մասին, բայց արտաքին քաղաքական կարևոր իրադարձությունների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և օգոստոսի վերջին որոշում կայացրել»,- գրել է Հարությունյանը։ Խոսքը, ըստ երևույթին, վերաբերում է ՄԱԿ-ում և միջազգային դատական ատյաններում արցախյան հիմնախնդրի քննարկումներին, ֆրանսիական նախաձեռնություններին, որոնք, ըստ ամենայնի, կոչված էին վերջնականապես «փակելու» արևմտյան պատուհանը։ Պատահական չէ, որ Բաքվում ասում են, թե Ռուսաստանն Արցախում իշխանափոխություն է անում, որպեսզի չեզոքացնի միջազգային  միջամտությունը։

Հարությունյանը հորդորեց պատգամավորներին «հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել սեփական խղճով և չտրվել տարբեր նեղ խմբերի ազդեցությանը»։ Ի՞նչ խմբերի մասին է խոսքը։ Իսկ ի՞նչ խումբ է ներկայացնում ինքը՝ Հարությունյանը, ով Բակո Սահակյանի վարչակազմում եղել է պետնախարար, հետո նախագահ դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռնադրմամբ։

Խոսելով «նեղ խմբերի» մասին՝ Հարությունյանը, ըստ երևույթին, նկատի ունի «Արցախը ղեկավարող մի քանի հոգու», այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Ինքը՝ Հարությունյանը, պնդում է, որ պատերազմից հետո դուրս է եկել իր «Ազատ հայրենիք» կուսակցությունից և որևէ ազդեցություն չունի խորհրդարանում նրա խմբակցության վրա։ Ի՞նչ նկատի ունի Հարությունյանը սրանով ։ Ասենք, կարո՞ղ է նրա խմբակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, միանակով «նեղ խմբի» մեջ չմտնող Սավել Բաբայանի խմբակցություն հետ, դեմ քվեարկել «նեղ խմբի» թեկնածուին։ Եվ ի՞նչ կլինի այդ դեպքում։

Արայիկ Հարությունյանի կուսակցության դիրքորոշումն, ըստ էության, դառնում է որոշիչ, և հենց այստեղ է «անակնկալը». Հարությունյանը (Փաշինյանի հետ կապով) փաստորեն իր ձեռքում է պահում վերահսկողության բոլոր լծակները։ Նա ասում է, որ լինելու է նոր նախագահի կողքին և իր աշխատանքն ուղղելու է Արցախի անվտանգության ապահովմանը (փակագծերը չբացելով)։

Սա կարևոր է, քանի որ երկիրը մշտապես գտնվում է սպառնալիքի տակ, որ «Երևանը կդադարեցնի սուբսիդիաները», եթե Ստեփանակերտը ներկայացնի Փաշինյանի ոչ լոյալ անձը։ Իսկ «լոյալ» է, ըստ երևույթին, Հարությունյանը։ Փաշինյանը ֆինանսական օղակով ստիպում է Արցախի ղեկավարությանը չշեղվել Արցախի «ինտեգրման» պլանից, որը գրված և ուղղորդվում է Մոսկվայում։

Այս արատավոր «հանգույցը» հնարավոր չէ արձակել, այն միայն կարելի է կտրել։ Իսկ Ստեփանակերտում արդեն մի քանի անգամ զինված մարդկանց միջամտությայն փորձեր են եղել։ «Եթե որևէ անձ կամ խումբ փորձի անկարգություններ հրահրել, դա լուրջ հարված կլինի սահմանադրական կարգին և Արցախի Հանրապետության ապագային»,- զգուշացնում է Հարությունյանը։

Առայժմ ոչ մի ուժ՝ ո՛չ «նեղ խումբը», ո՛չ էլ «Փաշինյանի խմբակցությունը» առաջարկներով չեն հանդես եկել, թե ինչպես են տեսնում հետագա իրադարձությունները՝ Բերձորի միջանցքի բացումը, կարգավիճակի հարցը և այլ բաներ։ Իմիջիայլոց խոսվում է անկախության ճանաչման պահանջի մասին, բայց միաժամանակ՝ այն, որ «Բաքուն այլևս չի հանի իր անցակետը»։

 

Ինչ որոշում կկայացնի Արցախի խորհրդարանը, պարզ կդառնա սեպտեմբերի 8-ին

Արցախում և նրա սահմաններից դուրս իրադարձություններն այնքան դինամիկ են զարգանում, որ դժվար է որևէ վերլուծություն, առավել ևս կանխատեսումներ անելը։

Անցած շաբաթը չափազանց հագեցած էր։

Արցախի նախագահը հրաժարական է տվել՝ երկրի համար նման ճակատագրական պահին իր հրաժարականի պատճառների մասին հստակ բացատրություններ չտալով։

Արցախյան հասարակության մի մասը կարծում է, որ չնայած Արայիկ Հարությունյանի ապաշնորհությանը, ով ինչպես 2020 թվականի պատերազմի օրերին, այնպես էլ առավել եւս՝ պատերազմից հետո երեք տարիներին, պարզվեց, որ չի կարողանում լուծել պետության խնդիրները, նա չպետք է հրաժարական տար, քանի որ դա կարող է ձեռնտու լինել ռուսական և ադրբեջանական կողմին, որը վաղուց հայտարարել է Արցախի պետական ​​կառույցները ապամոնտաժելու անհրաժեշտության մասին։

Մի մասն էլ կարծում է, որ Հարությունյանն ինքն է խոչընդոտ հանդիսանում այսօր Արցախի իշխանությունների ու ժողովրդի առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրների լուծմանը։

Հասարակության մեկ այլ հատված պնդում է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը չպետք է հաստատի Հարությունյանի հրաժարականը, որպեսզի երկրում համակարգային կոլապս չլինի։ Բայց եթե խորհրդարանը, այնուամենայնիվ, վավերացնի նախագահի հրաժարականը, ապա նրա փոխարեն պետք է նշանակվի 2020 թվականի ընտրություններում Հարությունյանից հետո ամենաշատ ձայներ ստացած անձը։

Նրանց խոսքով՝ նոր նախագահը պետք է լինի լավ քաղաքական գործիչ, ունենա դիվանագիտական ​​տաղանդ և հմտություններ, բանակցելու փորձ, այլապես նոր ապաշնորհ անձն ավելի կսրի Արցախի ծանր վիճակը և կհանգեցնի նրա վերջնական կորստի։

Թե ինչ որոշում կկայացնի Արցախի խորհրդարանը, պարզ կդառնա սեպտեմբերի 8-ին.

Սեպտեմբերի 2-ին նշվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը։ Չգիտես ինչու, երեք տասնամյակ այս օրը կոչվում էր Անկախության օր, և շատերը կարծում են, որ հենց այդ որոշումն է մեր ազգային-ազատագրական պայքարը տարել սխալ ճանապարհով, քանի որ այդ որոշումը համարվում է անկախություն Հայաստանից։

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի բնակիչները, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից (Խորհրդային Միության Սահմանադրությունը թույլ էր տալիս ինքնավար սուբյեկտներին և ինքնորոշված ​​ժողովուրդներին անջատվել ԽՍՀՄ-ից այնպես, ինչպես խորհրդային հանրապետություններին), իրենց հանրապետությունը հռչակեցին 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ միավորելով բոլոր հայաբնակ շրջանները։

Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժել է հաստատել ԼՂԻՄ մարզային խորհրդի նստաշրջանի որոշումը՝ Ադրբեջանից անջատվելու և Հայաստանին միանալու մասին, ինչպես նաեւ երբ Հայաստանը հրաժարվեց անկախության հանրաքվեին դրանց մասնակցելուց։

Հենց ԼՂՀ հռչակումն էր հայության ինքնորոշման առաջին քայլը, որը 1921 թվականին անօրինական որոշմամբ հայտնվեց Ադրբեջան կոչվող արհեստական ​​միավորի կազմում։

ԼՂՀ Անկախության Հռչակագիրն ընդունվել է ավելի ուշ՝ 1992 թվականի հունվարի 6-ին, այն բանից հետո, երբ Հայաստանը միացավ ԱՊՀ-ին առանց ԼՂՀ-ի, թեև անկախ Հայաստանի ստեղծումը հիմնված է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ հրամանագրի վրա։

Այսպես թե այնպես, 1991 թվականին Հայաստանի հրաժարումը Արցախից հանգեցրեց երկու հայկական պետությունների ստեղծմանը։

Բայց դա կարող էր փոխվել 1991-94 թվականների պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանը ջախջախիչ պարտություն կրեց, իսկ ԼՂՀ-ն հնարավորություն ստացավ ֆիզիկապես վերամիավորվել Հայաստանի հետ։ Թե ինչու հայկական կողմը հետագայում այդ արդյունքները չամրագրեց թղթի վրա, մեկ այլ թեմա է, որը եւ հանգեցրեց 2020 թվականի աղետին և Արցախի և բուն Հայաստանի ներկայիս անմխիթար վիճակին։

Արցախի նոր նախագահը պետք է պատասխանի այս հարցերին և որոշումներ կայացնի՝ հաշվի առնելով 1989-1991 թվականներին ամրագրված փաստաթղթային և իրավական դաշտը։

Մարգարիտա Քարամյան

Հինգ-վեց օր Ստեփանակերտի ոչ մի փուռ չի աշխատել․ գիշերվանից հնարավոր է որոշները վերսկսեն աշխատանքը․ Փաստինֆո

Ստեփանակերտում հինգ-վեց օր է՝ ոչ մի փուռ չի աշխատում։ Եթե հաջողվի, այս գիշեր որոշ փռեր նորից հաց կթխեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Մաքրությամբ մշտապես բոլորին հիացնող Ստեփանակերտը արդեն քանի ամիս է՝ նաև այս առումով է խեղճացել։ Եթե մինչև շրջափակումը օրական երկու անգամ քաղաքը մաքրվում էր, հիմա երկու օրը մեկ հազիվ են կարողանում։

«Առաջ 18 մեքենա էր աշխատում աղբահանության նպատակով, հիմա՝ 4։ Վառելիքի սղության պատճառով որոշ թաղամասեր երկու-երեք օրը մեկ են մաքրվում, բայց այսօրվա դրությամբ դեռ կարողանում ենք մաքրել, ոչինչ։ Ճիշտն ասած, այդքան շատ աղբ էլ չի հավաքվում, քանի որ այնքան սնունդ էլ չկա, որ աղբ գոյանա․․․»-ասում է Սարգսյանը։

Քանի որ քաղաքային տրանսպորտը վաղուց չի աշխատում, երեք էլեկտրոմոբիլ է գործարկվել՝ անհրաժեշտության դեպքում գոնե հղիներին ծննդատուն հասցնելու համար։

Միակ խնդիրը, որ, ի հեճուկս պաշարման հետևանքով առաջացած դժվարություններին, կարելի է համարել լուծված, մայրաքաղաք Ստեփանակերտի ջրի խնդիրն է։ Քաղաքապետը վստահեցնում է՝ հիմա արդեն խմելու ջուր բնակիչներն ունեն։

 

Բարին անելուց չհոգնենք

Շարունակվող պաշարման ընթացքում արցախցիները հարատևում են բարեգործությունների մեջ:

Արդեն մի քանի ամիս է, որ Ստեփանակերտից մի խումբ կամավորներ սնունդ են հասցնում ծերերին, հաշմանդամներին և բազմազավակ ընտանիքներին՝ անտեսելով բազմաթիվ խոչընդոտներ: Step1. am-ի հետ զրույցում  այդ մասին պատմեց «Ալյանս»-ի անդամ, կամավորական Յանա Ստեփանյանը:

«Շարժումը սկսվել է Արցախի անվտանգության և զարգացման  ճակատի կողմից: Սկզբից մենք փուռերից հաց էինք ստանում և տեղափոխում մեծահասակներին տալու համար, որպեսզի հերթերը թեթևանան: ժամանակի հետ իրավիճակն ավելի է բարդացել և սննդի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել: Ճակատի կողմից մեզ ուտելիք է տրամադրվում, որը տանում ենք սոցիալապես խոցելի խավի համար: Այս պահի դրությամբ ունենք մեծ կամավորական խումբ: Ամեն օր նոր հասցեներ են ավելանում»:

Կամավորների ընդհանուր թիվը հասնում է 120-ի : Նրանց մեջ կան նաև շրջաններից անդամագրվածներ, սակայն վառելիքի սղության պատճառով ոչ միշտ են կարողանում հասնել Ստեփանակերտ և միայն 50 հոգի են կարողանում ակտիվ մասնակցել սննդի մատակարարմանը: Որպես տրանսպորտի այլընտրանք ծառայում են հեծանիվները և ոտքերը:

«Կամավորների թիմը կազմված է դեռահասներից և դպրոցականներից: Ամենափոքր անդամը 12 տարեկան է: Էլեկտրականության պարբերական անջատումների պատճառով նրանք բոլորն էլ կենցաղային մի շարք դժվարությունների են բախվում: Անհրաժեշտ է լինում ամենօրյա անելիքներն այնպես դասավորել, որ ժամանակ մնա  ամեն օր քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար: Ծայրամասային փողոցներում ապրող կամավորները բավականին երկար ժամանակ են տրամադրում մինչև գրասենյակ հասնելու համար: Նրանք բոլորն էլ զոհաբերում են իրենց ժամանակը: Այս պահին ցանկացած աջակցություն մեզ համար կարևոր է»,-ասում է Յանան:

Շոգ եղանակին շուտով փոխարինելու են անձրևներն ու ձյունը, բայց կամավորներին դա չի կանգնեցնի: Նրանց ոգեշնչում է այն, որ ամեն մի դուռ բախելուց հետո լսում են օրհնություններ և երախտիքի խոսքեր:

«Յուրաքանչյուր տատիկի կամ պապիկի տուն մտնելով մենք հասկանում ենք, թե նրանք ինչքան են ոգևորվում, ինչքան են իրենց կարևոր զգում: Մենք միշտ պատրաստ ենք հասնել նրանց, օրվա ցանկացած ժամին»,-ավելացնում են կամավորները:

Շարունակում է ապրել Արցախը՝ անտանելի դարձած իրավիճակում և ծայրահեղ վատ պայմաններում: Շարունակում ենք բարի և օգնող լինել միմյանց հանդեպ, քանզի Սուրբ Գիրքն էլ ասում է.« Բարին գործելուց չթուլանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձենք»:

Տաթեւ Ազիզյան

«Արցախի նախագահի ընտրությունը սեպտեմբերի 8-ին է». խմբակցությունները դեռ չեն հայտնում՝ ում են առաջադրելու

Ազատություն

Արցախի նախագահի հրաժարականից 4 օր անց Ազգային ժողովի խմբակցությունները չեն բացահայտում՝ ում են նախագահի թեկնածու առաջադրելու։ Այս պահին միայն հայտնի է, որ խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիքը», թեկնածու չի առաջադրի, քվեարկությանն էլ չի մասնակցի, նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։

«Ամսի 8-ին ընտրության օրն է որոշված, մեր խմբակցությունն ամբողջովին կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի, մնացած բոլոր նրանք, ովքեր կքվեարկեն, նրանք անմիջապես կրելու են պատասխանատվություն, պատասխանատվություն, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են, շատ լուրջ պատասխանատվություն, պետք է հազար անգամ մտածել, մի անգամ կտրել», – ասաց նա «Ազատության» եթերում։

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունում վարչության նիստ պետք է գումարեն ու որոշեն՝ առաջադրել թեկնածու, թե ոչ։ Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը փոխանցեց՝ մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ ունեն. – «Եվ այդ ընթացքում է որոշվելու՝ մեր սեփական թեկնածուն խմբակցությունը առաջադրելու է, թե ոչ։ Մինչև գործադիրի նիստը չլինի, այդ հարցին որևէ թե՛ խմբակցության անդամ, թե՛ կուսակցութան չի կարող պատասխանել։ Դա մի անձի որոշելիք չի»։

Մյուս երեք խմբակցությունների հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց։ Խորհրդարանի լրատվության բաժնից էլ փոխանցեցին միայն, որ թեկնածուների առաջադրման մասին տեղեկություններ չունեն։

Արցախի Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահին կընտրի խորհրդարանը խմբակցությունների առաջադրած թեկնածուներից։ Ընտրությունը պետք է կազմակերպվի 7-10 օրվա ընթացքում, ընդ որում՝ այն կարող է երկու փուլով անցկացվել։ Սեպտեմբերի 8-ը վերջին ժամկետն է, «Ազատությանն» ասաց խորհրդարանի լրատվության բաժնի պետ Անահիտ Հայրիյանը։

Մինչ այդ նախագահի պաշտոնը լքած Արայիկ Հարությունյանն այսօր խմբակցություններին կոչ է արել չտրվել խմբային ազդեցությունների՝ առանց հստակեցնելու, թե ում և ինչ նկատի ունի։

«Ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը. այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների», – նշել է նա։

Արայիկ Հարությունյանն իր վերջին հրամանագրով պետնախարար նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին, ում անունն ամենաշատն է շրջանառվում որպես Արցախի հաջորդ նախագահի թեկնածու։ Նորանշանակ պետնախարարը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմներից է, հենց նրա պաշտոնավարման տարիներին Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել։ Այսօրվա ֆեյսբուքյան գրառման մեջ պաշտոնից հեռացած Հարությունյանը հիշատակում է Շահրամանյանին, բայց ոչինչ չի ասում նրա թեկնածության մասին. «Նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը»:

 

Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից

ԱՀ նախագահի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի հրամանագրով Վահրամ Բորիսի Բաղդասարյանը ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։

Արայիկ Հարությունյանը բացատրել է, թե ինչո՞ւ ավելի շուտ հրաժարական չի տվել

Սեպտեմբերի 1-ից Արայիկ Հարությունյանը վայր է դրել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ Ազգային ժողովին հղած հրաժարականի դիմումի հիման վրա:  Նա այդ և հարակից զարգացումների վերաբերյալ մի քանի հիմնական հարցի է անդրադարձել։

«1. Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել, քանի որ գործող սահմանադրական կարգավորումները ենթադրում էին, որ իմ հրաժարականի դեպքում պետք է միաժամանակյա նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպվեին, իսկ դրա իրագործման հնարավորությունը խիստ մշուշոտ էր, հատկապես՝ շրջափակման պայմաններում: Ուստի, ես նախաձեռնեցի և Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ռազմական դրության ժամանակ խորհրդարանի կողմից ընտրել անցումային Նախագահ՝ մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը: Սահմանադրության 168.1 հոդվածն ուժի մեջ է մտել հուլիսին, որից հետո քանիցս մտածել եմ հարմար պահի մասին, սակայն կարևոր արտաքին քաղաքական զարգացումների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և որոշումս կայացրել օգոստոսի վերջին:

  1. Ի՞նչ է տեղի ունենալու մինչև Հանրապետության նոր նախագահի ընտրությունը. ինչպես Սահմանադրությունն է կարգավորում, Ազգային ժողովի նախագահը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության նախագահի լիազորությունները, որը պարզապես մի քանի օրվա հարց է: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը:
  2. Ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը. այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի, պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ես դադարեցրել եմ իմ կուսակցական գործունեությունը և որևէ առնչություն չունեմ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ: Ուստի, որևէ կերպ չեմ կարող և չեմ ցանկանում ներգրավվել Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձևավորման գործում, և իրենք ամբողջովին ինքնուրույն կերպով կորոշեն իրենց մոտեցումները:

Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք չունենք միջամտելու այդ գործընթացին: Հորդորում եմ բոլոր քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածություն ցուցաբերել և առաջնորդվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և ժողովրդավարական բարձր քաղաքական մշակույթով:

Սա մեր պետական ու քաղաքական համակարգերի կարևորագույն քննությունն է, որը պետք է անցնենք պատվով ու անցնցում: Եթե որևէ անձ կամ խումբ փորձի ցնցումներ հրահրել, դա կլինի լրջագույն հարված Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին ու ապագային:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից վերջին օրերին հնչող տարաբնույթ հայտարարություններին, որոնք արվում են այս կամ այն հնարավոր թեկնածուի օգտին կամ դեմ, ապա այդ անձանց պարզապես խնդրում եմ չխառնվել ու չխաթարել Արցախի ներքին կյանքի փխրուն կայունությունը՝ այն էլ նման ծանրագույն ժամանակահատվածում:

  1. Ի՞նչ եմ անելու այսուհետ. նախևառաջ, կանգնելու եմ Հանրապետության նորընտիր նախագահի կողքին՝ անկախ անձից, և իմ բոլոր հնարավորություններով աջակցելու եմ նրան առկա ներքին ու արտաքին մարտահրավերներն արժանապատիվ ու արդյունավետ կերպով հաղթահարելու հարցում: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, հիմնական ջանքերս ուղղելու եմ Արցախի անվտանգության ապահովման աշխատանքներին աջակցելուն՝ առանց հրապարակայնորեն փակագծեր բացելու: Իսկ ներքին քաղաքական գործունեությամբ ընդհանրապես չեմ զբաղվելու: Ամեն դեպքում, ընդհատակ չեմ անցնելու և պարբերաբար հանդես եմ գալու նաև հրապարակային խոսքով Արցախի համար կարևոր հարցերի վերաբերյալ»,- Facebook-ում գրել է Հարությունյանը։

 

Արցախը ժողովրդավարության փորձություն է. Կոռնիձորում ֆրանսիական բեռնատարների առկայության ենթատեքստը

Անցյալ շաբաթ տեղի ունեցավ չափազանց կարևոր իրադարձություն՝ Ֆրանսիայից տպավորիչ պատվիրակության ժամանումը Հայաստան, որի կազմում էին Փարիզի, Մարսելի և Ստրասբուրգի քաղաքապետերը, Ֆրանսիայի բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և Ֆրանսիայի մի քանի շրջանների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ։

Նման ազդեցիկ պատվիրակության Հայաստան այցի նպատակն էր` մարդասիրական օգնությամբ 10 ավտոմեքենա ուղեկցել դեպի Կոռնիձոր՝ Արցախի հետ պայմանական սահման։

Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական կողմը չկարողացավ Արցախ ուղեկցել այդքան անհրաժեշտ սնունդը, գեներատորներն ու արևային մարտկոցները, ֆրանսիական պատվիրակությունը մեծ քաղաքական աշխատանք կատարեց։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Գորիսում Հաքարի կամուրջ այցելությունից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իրենք անձամբ են համոզվել, որ Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար բեռներ անցնել Արցախ՝ դրանով իսկ ստիպելով հայերին ենթարկվել։

«Արցախի հայերը պետք է ունենան ինքնորոշման իրավունք»,- ասել է Անն Իդալգոն։

Պատվիրակության կազմում ժամանած Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Բերտրան Քսավյեն ասել է, որ «Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը վերածել բանտի և վտարել նրա բնակիչներին։ Մենք չենք ուզում, որ Լեռնային Ղարաբաղը դառնա վանդակ, մենք ուզում ենք, որ նրա բնակիչները ազատ ապրեն»։

«Մենք տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ ենք, բայց բոլորս պահանջում ենք, որ Ֆրանսիայի նախագահն Արցախի ժողովրդի շահերից բխող բանաձեւ ներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- եզրափակեց Օ դը Ֆրանս շրջանի ղեկավարը։

Սրանք շատ կարևոր քաղաքական հայտարարություններ են, հատկապես հայկական կողմի ճղճիմ պնդումների ֆոնին, որն ամեն կերպ փորձում է արցախյան խնդիրը քաղաքականից վերածել հումանիտարի։

Ֆրանսիական պատվիրակության այցից հետո Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ-ի հետ քննարկվում է Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։

Կարծես թե՝ ինչ օգուտ, որ Հաքարի կամուրջ տանող ճանապարհին կանգնած են ևս մի քանի բեռնատարներ։ Բայց տակը խորը ենթատեքստ կա։

Արցախը՝ ժողովրդավարության փորձություն է։ Տարբեր երկրների դրոշներով մեքենաները ցույց կտան, թե արդյոք այն երկրները, որոնք ժամանակին հռչակել են մարդու իրավունքները, բազմաթիվ կոնվենցիաներ և միջազգային իրավական ակտեր որպես իրենց արժեքներ, պատրա՞ստ են պաշտպանել այդ սկզբունքները փոփոխվող աշխարհակարգում, թե՞ աշխարհը կհայտնվի քաոսի մեջ եւ բոլոր հարցերը կլուծվեն ուժով։

Ժամանակը ցույց կտա։ Միևնույն ժամանակ, իմ հայրենի Արցախի բնակիչները, այդ թվում՝ 30 հազար երեխա, նույնքան ծեր, կանայք, հաշմանդամներ ստիպված են սովամահ լինել, թերսնվել, դեղորայքի հասանելիություն չունենալ, ստանալ իրենց 200 գրամ բլոկադային հացը և դրանով իսկ պայքարել իրենց նախնիների հողի վրա ապրելու իրենց իրավունքի համար:

Մարգարիտա Քարամյան

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով:

Լսումներին հրավիրված է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որի զեկույցը մեջբերել է Ներկայացուցիչների տան հանձնաժողովը։

«Ողջամիտ հիմք կա պնդելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ այժմ ցեղասպանություն է իրականացվում», – ասել է Օկամպոն:

Լսումների երկրորդ բանախոսն է Կոլումբիայի համալսարանի՝ «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիփսը, որը, ըստ Կոնգրեսի հաղորդագրության, Ադրբեջանի Կառավարության մտադրությունների մասին զեկույց է ներկայացնելու:

Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբ․ թույլ չենք տա մեր ճակատագիրը որոշեն մի քանի հոգով

Միջանցքի Ապաշրջափակման Ժողովրդական Շարժման Շտաբ-ը հայտարարություն է տարածել

“08.09.2023 ժամը 10։00-ին Վերածննդի հրապարակ։ Չպետք է թույլ տալ մեր ճակատագիրը որոշեն մի քանի հոգով։ Եկել է ճակատագրական պահը, ՄԱՐՏՈՒՆԻ, քո անելիքի կարիքը ունի ԱՐՑԱԽԸ”։

Իրանը Հայաստանի նկատմամբ հաստատուն դիրքորոշում է հայտնել, և Պուտինն ու Էրդողանը չեն կարող դա անտեսել

Մոսկվայից, որտեղ նա հանդիպել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Թեհրան, որտեղ այսօր Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման նախօրեին փորձել է բանակցել Իրանի հետ։

Աստանայի ձևաչափը, որում սիրիական հարցում համագործակցում էին Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, 2023 թվականի հունիսին հայտարարվեց փակված, սակայն փաստացի դադարեց գոյություն ունենալ Արցախյան պատերազմից հետո։ Տեղյա՞կ էր արդյոք Իրանը գալիք պատերազմի մասին և հավանությո՞ւն է տվել դրան, հայտնի չէ, սակայն պատերազմից հետո Իրանը կտրականապես դեմ էր տարածաշրջանում թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի ներկայությանը։ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, Իրանը հյուպատոսություն բացեց հայկական Կապանում, իսկ Էրդողանը հայտարարեց, որ Իրանն է խոչընդոտում Զանգեզուրի միջանցքի բացմանը։

Ըստ ամենայնի, «Զանգեզուրի միջանցքը», կամ՝ հայ-իրանական սահմանի բռնակցումը Պուտինի և Էրդողանի քննարկման թեմա է դառնալու, և մինչ հանդիպումը Ֆիդանը եկել էր Իրանի հետ բանակցելու։

Դատելով Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում արված Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հայտարարություններից՝ Իրանը մերժել է Թուրքիային։ «Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բանակցությունները, սակայն չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և պատմական տարանցիկ ուղիների արգելափակումը», – ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

«Մենք արձանագրել ենք, որ սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը տարածաշրջանում ոչ այլ ինչի չի հանգեցրել, քան խռովությունների ու տարածաշրջանի երկրների միջեւ պառակտմանը»,- ասել է իրանցի դիվանագետը։

Իրանցի նախարարը խոսել է «իսլամական աշխարհի երկու մասերի» համագործակցության անհրաժեշտության մասին՝ ակնարկելով, որ այժմ նման համագործակցություն չկա։ «Ես Ֆիդանի հետ խոսել եմ Ուկրաինայի, Աֆղանստանի իրավիճակի մասին, Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ տնտեսական ձևաչափի մասին, որը կարող է ձևավորվել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո»,- ասել է Աբդոլլահյանը՝ ակնարկելով, որ Իրանը ոչպես սուննիների առաջնորդ ընկալում է Սաուդյան Արաբիան, այլ ոչ թե Թուրքիան։

Ֆիդանի Իրան այս այցի լույսի ներքո կորոշվի Պուտինի և Էրդողանի «սակարկության» գինը, որում հայկական շահերը՝ միջանցքը և նոր սահմանները տարածաշրջանում, պետք է դառնան «սակարկության առարկա»։ Իրանը հաստատակամ դիրքորոշում է հայտնել, և Պուտինն ու Էրդողանը չեն կարող դա անտեսել։

Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մենք քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, մենք արդեն սկսել ենք դրանք ձեռնարկել։ Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և դեմ ենք սահմանների ցանկացած փոփոխության։ Մենք դեմ չենք կապի ուղիների բացմանը և նման երթուղիներ ենք տրամադրել նաև Ադրբեջանին։ Բայց դրանք բոլորը պետք է լինեն այն երկրների ինքնիշխան վերահսկողության ներքո, որոնց տարածքում են գտնվում, հատկապես Հայաստանի դեպքում»,- ասաց դեսպանը։

Հարցին, եթե Ադրբեջանը փորձի ուժով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ի՞նչ կանի Իրանը, հյուպատոսը պատասխանել է. «Զոռով ոչինչ չի փոխվի»։ «Երբ ասում եմ, որ Իրանը կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ամեն ինչ պարզ է դառնում»,- ասաց նա։

Ստեփանակերտի որոշ դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։

Ինչպես հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով։