Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով

Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի կայքից:

Հելեն Դադայանի մայրը հույս ունի ստանալ իր բաց նամակի պատասխանը

Ինչպես գրել էր Step1.am-ը, Ստեփանակերտում ԿԽՄԿ շենքի մոտ ակցիայի ժամանակ Գյումրու մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի հարազատները հանդիպել են ՃՇՇ ռուս խաղաղապահների այն ժամանակվա հրամանատար Ա.Լենցովին, ԿԽՄԿ ներկայացուցիչներին, տեղական իշխանություններին, որոնք խոստացան անել հնարավորը, որպեսզի 20-ամյա Հելեն Դադայանի աճյունը տեղափոխվի Արցախ և հուղարկավորվի Ճարտարում։

Մահացած աղջկա հարազատն ասաց, որ «այս ամբողջ ընթացքում կողմերն անընդհատ զանգել են հարազատներին, ինչ-որ փաստաթղթեր են պատրաստել, անընդհատ նորից հարցրել, թե որտեղ է ծնվել մեր Հելենը։ Գեներալ Լենցովի հետ հանդիպմանը հավաստիացումներ են եղել, որ աճյունը կբերեն, կամ մորը կտեղափոխեն Հայաստան, որպեսզի այնտեղ հրաժեշտ տան դստերը։ Բայց գեներալ Լենցովը փոխվել է, մեր նախագահը հրաժարական է տալիս, Կարմիր Խաչը լռում է։ Մենք ուղղակի շփոթված ենք։

Օգոստոսի 14-ից ցավակցություններ ենք ստանում, բայց մեր աղջկան հուղարկավորել հնարավոր չէ։ Հելեն Դադայանի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը, օգոստոսի 28-ին դիմել է Հայաստանի իշխանություններին՝ իրենց պարտականությունները կատարելու և թույլ չտալու խնդիրը քաղաքականացնել։ Ահա թե ինչ է նա գրել Հայաստանի վարչապետին և ԱԳ նախարարին ուղղված բաց նամակում. «աղջկաս դին, իմ տան սուգը քաղաքական հարց պիտի դառնա՞»։ Բայց նույնիսկ այս նամակին պատասխան չկա, արձագանք չկա։ Հարազատները, հատկապես ծնողները, ուղղակի շփոթված են.

«Սեպտեմբերի 3-ին Հելենը կդառնար 21 տարեկան։ Մենք՝ հարազատներս, ընկերներս, որոշեցինք այդ օրը չհեռանալ Հելենի մորից, լինել նրա հետ։ Հելենի ծնողներն ամեն ինչ անում են»,- մեզ հետ զրույցում ասաց հարազատներից մեկը:

Նամակը՝ ստորև․

Արցախի Հանրապետության բնակիչ Ալվարդ Սաֆարյանը՝ Գյումրու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած 20 ամյա Հելեն Դադահի մայր, դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Բաց նամակ: Արդեն 14 օր է, ինչ իմ աղջկա՝ Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությամբ սարքել են իրենց քաղաքական թեման»: Արդյո՞ք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ -որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է: Խոսում եք միջազգային մարդասիրական իրավունքից, Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում կուրծք է ծեծում, թե արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իր առաքելությունն է, սա՞ է ձեր պաշտպանած մարդասիրական իրավունքը: Փաստացի Ալիևը հրաժարվում է Արցախից և արցախահայությունից։Այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իմ ուզածը մի բան է. 20 տարեկան աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ: Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան, կատարեք ձեր պարտականություները՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի՛ քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը: Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ  մինչև իմ աղջիկը գա իմ կողքը: Գործե՛ք, Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան:

 

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կկայանան

ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին կքննարկի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը։

Լսումներին իր փորձագիտական կարծիքը կներկայացնի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:

Իսկ Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա Ադրբեջանի կառավարության մտադրությանն առնչվող փաստերի մասին։

Լսումները կկայանան սեպտեմբերի 6-ին, կհեռարձակվեն հանձնաժողովի կայքում։

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։

«Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ»,- ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական զինված ուժերի հետ բախման ընթացքում երեք զինծառայողի վիրավորվելու մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե հայկական զինված ուժերը մեծ քանակությամբ զենք ու ռազմական տեխնիկա են կուտակում Սոթքի հատվածում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:  Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել:

«Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն». Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կրկին պնդել է՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականցվում է ցեղասպանություն: Այս տեսակետն անընդունելի է բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնի համար, գրում է Ամերիկայի ձայնը։

Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պնդել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Հայկական կողմի խնդրանքով նա իր փորձագիտական կարծիքն էր ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին:

Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրեց մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն:

«[Արդարադատության միջազգային դատարանի] 15 դատավորներ միաձայն որոշեցին, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում [բնակվող] մարդկանց կյանքին»,- ասաց նա:

Նրա կարծիքով, ադրբեջանական կողմի մտադրություններն ակնհայտ են. Բաքուն շարունակաբար մերժում է Լաչինի միջանցքը վերաբացելու միջազգային հանրության կոչերը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Լուիս Մորենո Օկամպոն կարևորեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ միջազգային հանրությանը, հատկապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ահազանգելու համար, որոնք ներգրավված են ղարաբաղյան բանակցային գործընթացում:

«Եթե գործ ունենք մարդասիրական ճգնաժամի հետ, ապա նրանք [միջազգային հանրությունը] կարող են կոչ անել քաղաքական բանակցություններ վարել, կարող են այլ որակովորումներ տալ, սակայն եթե դա ցեղասպանություն է, ապա ունենք այլ իրավիճակ»,- նշեց նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի շուրջ ծավալված քննարկմանը, և այն, որ հայկական կողմից զատ, որևէ այլ երկիր զերծ մնաց տեղի ունեցածը որակել «ցեղասպանություն», Օկամպոն հիշեցրեց, որ 1990-ականներին՝ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր «զանգվածային սպանությունները»՝ խուսափելով դրանք կոչել «ցեղասպանություն»:

Նրա խոսքով, պետությունները չեն ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, քանի որ ճանաչման դեպքում պետք է դիմեն որոշակի գործողությունների:

«[ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդում յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, իսկ այստեղ՝ այդ առումով շահ չունեն: Իրավական առումով ամեն ինչ պարզ է: Քաղաքական տեսանկյունից է բարդ, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին՝ Իրանի հետ հակամարտությունում։ Եվրոպային անհրաժեշտ են տարածաշրջամնից եկող էներգակիրներ։ Այսպիսով, առկա են բազմաթիվ քաղաքական շահեր, որոնք ազդում են իրավական արձագանքի վրա»,- ասաց Օկամպոն։

Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան գալով համաձայնության Լեռնային Ղարաբաղի հարցում՝ կարող են ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ և արագորեն հասնել Լաչինի միջանցքի վերաբացմանը:

«Դա ամենադյուրին ճանապարհն է: Եթե դա չի աշխատում, իհարկե, առկա է օդային կամրջի միջոցով բնակչությանը պարենով ապահովելու տարբերակը: Բայց կարծում եմ, որ դա պլան Բ-ն է»,- փոխանցեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը։

Արգենտինացի փաստաբանի ներկայացմամբ, Միացյալ Նահանգներն ունի բավականաչափ լծակներ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու համար։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պարզապես չի կարող աջակցել Բաքվին՝ ճնշումներ գործադրել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, քանզի նման քայլը ԱՄՆ-ն կդարձնի մեղսակից:

Օկամպոյին հակադարձում է ադրբեջանական կողմի խնդրանքով իր փորձագիտական կարծիքը ներկայացրած բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնը՝ նախկին գլխավոր դատախազի հեղինակածը որակելով «քաղաքականացված և անհիմն», քանզի «բացակայում են ցեղասպանությունը հաստատող ապացույցներ»:

«Չկա որևէ ապացույց, որը կհիմնավորի, թե առկա է ցեղասպանության տարր: Խոսքը՝ որևէ խմբի ամբողջությամբ կամ մասնակի ֆիզիկապես ոչնչացնելու հատուկ մտադրության մասին է: Մորենո Օկամպոյի ներկայացրածում տեղ գտած հղումները չեն վերաբերում այս հիմնարար պահանջին»,- ընդգծեց Դիքսոնը:

Նրա կարծիքով, Օկամպոյի տեսակետն ամբողջությամբ խեղաթյուրում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

«Անգամ մի կողմ դնելով այն, որ այս գործերը (Ադրբեջանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի և մյուսը՝ Հայաստանի հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի) ամենևին էլ ցեղասպանության մասին չեն, ապակողմնորոշիչ է ենթադրել, որ դատարանը որպես փաստ արձանագրել է, թե Ադրբեջանի կողմից իրականցվում է որևէ շրջափակում»,- նշեց բրիտանացի փաստաբանը։

Ռոդնի Դիքսոնը շարունակեց, թե Մորենոն նաև չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հայությանն այլընտրանքային ճանապարհով՝ Աղդամով, մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի առաջարկին: Ընդհանուր առմամբ, Դիքսոնը թերի, ոչ ճշգրիտ որակեց Օկամպոյի վերլուծությունը՝ հավելելով, թե այն խոչընդոտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը:

Լուիս Մորենո Օկամպոն անընդունելի համարեց Դիքսոնի հնչեցրած քննադատությունը՝ հիշեցնելով, որ միջազգային արդարադատության համաձայն, Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, և փակելով ճանապարհը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը վերածում է համակենտրոնացման ճամբարի:

Արգենտինացի փաստաբանը ուշադրություն հրավիրեց՝ խնդիրը միայն սնունդը չէ, և այլընտրանքային ճանապարհով մեկ անգամ սնունդ տեղ հասցնելով հարցը չի կարող լուծված համարել:

«Որևէ պատճառ չկա, որը թույլ չէ տալիս Ադրբեջանին իրագործել միջազգային դատարանի որոշումը»,- ասաց նա:

Բարությունն էլ բրենդ է․ սուխարիկներ Ստեփանակերտում՝ ի ուրախություն երեխաների

Svetlana Danielyan-ը գրում է․

Երեկ բարձրանալով գրասենյակ  տեսա, թե ինչպես են երեխաները թղթե տոպրակներ ձեռքներին դուրս գալիս խանութից։ Հարցնում եմ՝ ի՞նչ է։ Պատասխանում են՝ «три корочки».

Ինչ-որ մեկը փորձել  էր ուրախացնել երեխաներին, իսկ երեխաները վերցրին այն՝ սովորական “սուխարիկն” անվանելով բրենդային անունով: Թող փաթեթավորումը և պարունակությունը բրենդ չի, բայց բրենդ է բարությունը: Թեկուզ վաճառվում է։

Ափսոս միայն այն է, որ դա վերջին սուխարիկներն են, քանի որ հաց չկա։

Թող մեր երեխաները, ովքեր ինչ-որ հրաշքով ուժ կգտնեն իրենց ուսման վրա կենտրոնանալ, կյանքում ամեն ինչ շատ ունենան՝ բարություն, խաղաղություն, ջերմություն, նաև կերակուր, սնունդ և ջուր:

Արցախում երեխաների կրթության իրավունքը առաջնահերթություն է՝ կրկին դպրոց

Սեպտեմբերի 1-ին Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում մեկնարկել է ուսումնական տարին։ Ավելի քան 2000 երեխա ամեն տարի գնում է առաջին դասարան։

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նշել է, որ չնայած գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, սննդի, դեղորայքի և տրանսպորտի սղությանը, որոշվել է չխախտել երեխաների կրթության իրավունքը և սկսել ուսումնական գործընթացը սեպտեմբերի 1-ին։

Առաջիկա օրերին կիրականացվի մոնիտորինգ, այնուհետեւ որոշումներ կկայացվեն՝ շարունակել, թե դադարեցնել ուսումնական գործընթացը։

Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախում գործել է 220 դպրոց. Այժմ կա մինչև 105 դպրոց՝ գրեթե 20 հազար աշակերտով։

Մենք ենք մեր հողի տերը. հուսով եմ, որ ի վերջո կգանք միասնական հայկական պետության

Ասկերանի բողոքի ակցիայի մեջ ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ երիտասարդներն ասում էին, որ իրենք են մեր հողի տերը և թույլ չեն տա, որ որևէ մեկը՝ թե՛ խաղաղապահների, թե՛ մեկ ուրիշի օգնությամբ, վնասի ժողովրդին ու հողին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։

Անհատականության և սեփականատիրոջ զգացումը, մեղմ ասած, հավանության հարգի չէին մեր դպրոցական տարիներին և, ցավոք, հետագայում դրանք փոխարինվեցին ոմանց սանձարձակությամբ ու ամենաթողությամբ, իրավունքի բացակայությամբ և ոմանց՝ ստրկական հնազանդությամբ, հետո ամեն ինչ առևտրականացվեց, նշել է նա։

Այսօր դժվար է Արցախի և Հայաստանի համար, բայց մենք տեսել ենք ավելի վատ ժամանակները։ Երբ գան տերերը՝ պատասխանատու և ազգային արժանապատվության զգացումով, այն ժամանակ խորհրդարանը հայկական պետության մեջ այլ կլինի։ Հույս ունեմ, որ ի վերջո մենք կգանք միասնական հայկական պետության։

Ասկերանի շրջանը խորապես խորհրդանշական վայր է, նշել է Կարաբեկյանը։ 1988 թվականի փետրվարին Ասկերանի եւ Աղդամի շրջանների սահմանին տեղի ունեցած բախումներից փաստորեն Արցախում սկսվեց ազգային-ազատագրական շարժման նոր փուլը, ժողովուրդը խնդրագրերից սկսեց անցնել պայքարի նոր մեթոդների ու կարգախոսների։

Դա խոր տեկտոնական գործընթացներ առաջացրեց նախկին ԽՍՀՄ տարածքում, որոի գոյությանը մնացել էր երեք տարի:

Երեւանում, ըստ երեւույթին, ավելի ու ավելի հստակ են հնչելու Փաշինյանի հրաժարականի եւ ՔՊ կուսակցության քաղաքական ասպարեզից հեռանալու պահանջները։ Ավելին, քաղաքական տրամադրությունների բևեռացման պայմաններում փոխզիջումային ուժը դադարում է “սազել” և՛ արտաքին, և՛ ներքին ուժերին, ասում է նա։

Աշխարհաքաղաքական առաջատար դերակատարները մի կողմ չմնացին. Ասկերանի և Կոռնիձորի մուտքերի մոտ մարդասիրական օգնությունով բեռնատարներեն կանգնած։ Իհարկե, մեր տարածաշրջանը Ուկրաինան չէ, բայց պակաս կարևոր չէ, և վերը նշված դերակատարները շուտով վարպետության դաս կցուցադրեն։

Հին փլուզումը և նոր աշխարհակարգի ստեղծման սկիզբը կսկսվի Արցախից, և այն պետությունները (ռեժիմները) ու առաջնորդները, որոնք խառնաշփոթ են սարքել 2020թ. ու դարձան մեր 30 տարվա տառապանքի պատճառը, դառը կփոշմանեն, քանի որ հատուցումը դաժան է լինելու, նշել է Կարաբեկյանը։

Մնում է վերջինը՝ համայն հայության համար ծանր փորձությունների միջոցով միասնական հայկական պետության վերականգնում, միջազգային անվտանգության նոր համակարգի, աշխարհի նոր կառավարման հաստատում։

Ախտորոշումը խոչընդոտ չէ. Արփինեն սպասում է Արցախում հարազատների հետ հանդիպելուն

Արփինեն ծնվել է 1994թ.։ 29 տարվա ընթացքում նա շատ բանի միջով է անցել։ 2009 թվականին նա հանկարծակի հիվանդացավ։ Մի առավոտ չկարողացավ վեր կենալ անկողնուց մեջքի դժոխային ցավի պատճառով, կորցնելով  ոտքերի զգացողությունը: Նրա մոտ ախտորոշվել է սուր միելիտ։ Այդ ժամանակից ի վեր նրա կյանքում սկսվել է փորձությունների շրջան:

Արփինեն երկար ժամանակ չէր կարողանում համակերպվել ախտորոշման հետ՝ խորը հոգեբանական տրավմա ապրելով, սակայն ժամանակի ընթացքում, ինչպես ինքն է պնդում, ստիպված է եղել ընկերանալ սայլակի հետ, հաշտվել իրականության հետ ու առաջ գնալ։

Հարազատների ու ընկերների վիթխարի աջակցության, ինչպես նաև Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների աշխատանքի շնորհիվ, որտեղ նա վերականգնողական փուլ էր անցել, Արփինեն հաղթահարեց բոլոր դժվարությունները։

Նրա խոսքով՝ ինքը նորից սովորել է ապրել։ Սովորել է տան պայմաններում, ավարտել միջնակարգ դպրոցը և ընդունվել համալսարան։ Արփինեն սկզբում սովորել է հեռակա բաժնում։ Նա չէր կարող ամեն օր համալսարան հաճախել, քանի որ Արցախում չկա արգելքներից զերծ միջավայր, ուսումնական հաստատությունները հարմարեցված չեն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Սակայն շուտով, հաշվի առնելով Արփինեի ինտելեկտուալ բարձր կարողությունները, ինչպես նաև ակադեմիական հաջողությունները և մշտական ​​սովորելու մեծ ցանկությունը, համալսարանի ղեկավարությունը գնաց Արփինային ընդառաջ։

Նա տեղափոխվել է հեռակա բաժնւց։ Դասընթացը կազմակերպվում եին շենքի առաջին հարկում գտնվող հարմարավետ դահլիճում։

Արփինեն հակում ունի դեպի տեխնիկական առարկաները. ելնելով դրանից՝ ընտրեց <<Կառավարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում>> ֆակուլտետը՝ հետագայում հարմար և սիրելի աշխատանք գտնելու համար։

Նա գտավ իր առաջին աշխատանքը Ք․ Կոկսի անվան Վերականգնողական կենտրոնում /C. Cox Rehabilitation Center/, որը դարձավ նրա տունը: Աշխատանքին զուգահեռ նա ծրագրավորման դասընթացներ է անցել Zealous-ում, որտեղ հետագայում աշխատանքի է անցել։

Արփինեն ակտիվ կենսակերպ է վարում։ Մեքենա է քշում: Սիրում է ճանապարհորդել, սիրում է նաև էքստրեմալ սպորտաձևեր և գրքեր կարդալ։

Նա ցավում է, որ չի կարողացել ամբողջությամբ ծանոթանալ Արցախի հարուստ մշակութային և պատմական ժառանգությանը։ Արփինեն նույնիսկ հասցրել է մասնակցել Միսս Հայք գեղեցկության մրցույթին, արժանացել է <<վիցե միսս>> կոչմանը։ Մրցույթին մասնակցում էին ֆիզիկական հաշմանդամություն ունեցող աղջիկներ ամբողջ Հայաստանից։

Մրցակցությունը թույլ է տալիս հասկանալ, որ կանացի գեղեցկությունը կախված չէ ֆիզիկական հնարավորություններից։ Մենք պետք է մեզ գնահատենք այնպես, ինչպես կանք, ասում է Արփինեն։

Հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենք պետք է պաշտպանեն իրենց շահերը հասարակության մեջ։ Խոսեք ձեր խնդիրների մասին, բարձրացրեք ամենահրատապ խնդիրները և փորձեք ինքներդ լուծումներ գտնել:

Հասարակության մեջ կան տարբեր կատեգորիաների մարդիկ, ոմանք մեզ համարում են հասարակության լիարժեք անդամ և պատրաստ են աջակցել մեզ բոլոր հարցերում, իսկ մյուսները խղճահարությամբ են վերաբերվում և անօգնական են համարում։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ մարդիկ քիչ բան գիտեն մեր մասին, ուստի հասարակության հետ ինտեգրվելու առաջին քայլը մենք պետք է անենք, ասում է նա։

Արփինեն այժմ ապրում է Երևանում, նա Արցախի Մարտունու շրջանի Կալխոզաշեն գյուղից է։ Նրա ընտանիքն այժմ գտնվում է Արցախում՝ շրջափակման մեջ։ Արփինեի համար հեշտ չէ ընտանիքից հեռու լինելը, բայց նա անկեղծորեն հույս ունի, որ շուտով կկարողանա տեսնել իր հարազատներին ու ընկերներին։

Արսեն Աղաջանյան

Անհրաժեշտ է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը հանդիսանում է նրա գոյատևման պարտադիր (sine qua non) պայման․ Ֆրանսիայի քաղաքական գործիչներ

Հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու համար օգոստոսի 29-ից 31-ը Հայաստան ժամանած ֆրանսիայի քաղաքական մի խումբ գործիչներ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամիը, ինչպես նաև Մարսել, Լիոն քաղաքների, Լուարի երկիր, Օքսիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնների ներկայացուցիչները  Լաչինի միջանցքի սկզբնամաս կատարած այցելության արդյունքում հանդես են եկել հայտարարությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի «Twitter»-ի էջը, Ֆրանսիայի քաղաքների և ռեգիոնների ղեկավարներն արձագանքելով Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության իշխանությունների կոչին՝ հրատապ մարդասիրական օգնություն են հավաքագրել՝ ի աջակցություն Արցախի հայերի։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքը, միակողմանիորեն արգելափակել է Լաչինի միջանցքը, որը Արցախը կապում է Հայաստանին և հետևաբար նաև՝ ողջ աշխարհին։ Այս իրավիճակը ստեղծում է հումանիտար մեծ ճգնաժամ՝ մեկուսացնելով 120 000 խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ 30 000 երեխաներին, զրկելով նրանց կենսական նշանակություն ունեցող առաջնային անհրաժեշտության, առողջապահական ենթակառուցվածքների, էներգետիկ ռեսուրսների և ջրի հասանելիությունից: Ավելի քան 9 ամիս շարունակ արցախահայությունն ապրում է սննդի աննախադեպ սղության և հուսահատության պայմաններում՝ սահմանին տեղակայված ադրբեջանական ուժերի կրակի ամենօրյա սպառնալիքի ներքո։ Հազարավոր անմեղ մարդիկ խեղդամահ են լինում, իսկ մարդասիրական կազմակերպություններին թույլ չեն տալիս միջամտել՝ չնայած համատարած սովին և ահագնացող առողջական ճգնաժամին»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը փաստում է, որ արձագանքելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կոչին՝ որոշել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համակարգմամբ Հայաստան ուղարկել մարդասիրական շարասյուն՝ բաղկացած առաջին անհրաժեշտության չփչացող ապրանքներից, մասնավորապես՝ մանկական կաթ, էլեկտրական գեներատորներ, արևային վահանակներ ու ջրատաքացուցիչներ և այլն։ 10 բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը համապատասխանում է Արցախի Հանրապետության իշխանությունների արտահայտած կարիքներին՝ խաղաղ բնակչությանը գոյատևելու և տարածաշրջանում հատկապես ծանր ձմեռային պայմաններին դիմակայելու, ինչպես նաև երեխաների թերսնման ահագնացող սպառնալիքը կանխարգելելու համար։

Ֆրանսիացի պաշտոնատար անձինք արձանագրում են, որ այս ամառվանից ի վեր միջազգային հանրության, առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, որն օգոստոսի 16-ին հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտակարգ նիստ էր հրավիրել, հնչեցվող ահազանգի պայմաններում եկել է գործելու ժամանակը: Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները մասամբ բնութագրում են ցեղասպանությունը՝ սով, կենսական միջոցներից զրկում և հրատապ հումանիտար միջամտությունների խոչընդոտում։ Զեկույցը պնդում է էթնիկ զտումների ցեղասպան սպառնալիքի մոտալուտ լինելու փաստը։

«Մենք չենք կարող անտարբեր մնալ այնպիսի իրավիճակի նկատմամբ, որը հիշեցնում է Հայաստանի պատմության ամենավատ շրջանը։ Աշխարհում բազմաթիվ կողմերից ահազանգում են և կոչ անում Ադրբեջանին՝ առանց հապաղելու վերացնել այս շրջափակումը։ Դիվանագիտական ​​հայտարարությունների ժամանակն ավարտվել է։ Ահա թե ինչու ողջ ֆրանսիական տարածքը և տարբեր քաղաքական ընտանիքներ ներկայացնող շուրջ քսան ընտրված պաշտոնյաներ ցանկացան ուղեկցել այս մարդասիրական շարասյունը դեպի սահման՝ պահանջելու Լաչինի միջանցքի բացումը։ Արձանագրելով ադրբեջանական իշխանությունների մերժումը՝ թույլ տալու, որ ավտոշարասյունը հասնի՝ փաստացի թակարդում գտնվող Արցախի հայ ժողովրդին, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի նախագահին սեղմ ժամկետներում հանդես գալ Անվտանգության խորհրդում բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ՝ պահանջելով Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացումը՝ հումանիտար օգնության առաքումը և ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժը թույլ տալու համար։ Այս մտահոգիչ հումանիտար իրավիճակից զատ պետք է հարգվի 2020 թվականի վերջին ընդունված համաձայնագրերով հաստատված խաղաղության գործընթացը, ինչպես նաև Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը հանդիսանում է նրա գոյատևման պարտադիր (sine qua non) պայման, այս իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպան նկրտումները»,-նշված է հայտարարության մեջ։

 

Փաշինյանը հետ կկանչի՞ «ճանաչման» մասին իր անհեթեթ հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել Ֆրանսիային Արցախին օգնություն ցուցաբերելիս հաշվի առնել «Հայաստանի և Ադրբեջանի» շահերը։ Նա նաև ասել է, որ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը՝ պաշտոնական Երևանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչման» հետևանք է։

Անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանը քաղաքական և իրավաբանորեն զավեշտալի հայտարարություն արեց, որ «ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը՝ նեռարյալ Ղարաբաղը»։ Ոչ ոքի չի հետաքրքրել, թե նա ինչ լիազորություններ ուներ դրա համար, բոլորը անմիջապես բռնեցին այս հայտարարությունն ու սկսեցին այն օգտագործել որպես իրենց հակահայ քաղաքականության հիմնավորում։

Ինքը՝ Փաշինյանը, ասել է, որ դա անում է «խաղաղության օրակարգի» շրջանակներում, որպեսզի Բաքուն ճանաչի «29.8 հազ․ քառ. կմ-ոց Հայաստանը”։ Սակայն որոշ ժամանակ առաջ Հայաստանի ԱԳՆ-ն խոստովանեց, որ Բաքուն հրաժարվում է ճանաչել Հայաստանի ամբողջականությունը՝ ակնարկելով, որ «Փաշինյանի ծրագիրը» ձախողվել է։ Տրամաբանորեն սա պետք է նշանակեր, որ Փաշինյանը հետ կկանչի իր հայտարարությունը։

Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Զախարովային, երեկ հայտարարեց, որ «Ռուսաստանի Դաշնությունն ինքը բազմիցս, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։

ԱԳՆ-ն, ըստ էության, չի ասում, որ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, այլ միայն «մեղադրում» է Մոսկվային «առաջինը ճանաչելու» մեջ։ Սա ուղղակի աջակցություն է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշմանը, իսկ այս դիրքորոշումը հետևյալն է՝ աջակցություն «Ղարաբաղի հայերի՝ որպես ազգային փոքրամասնության ինտեգրմանը Ադրբեջանի օրենսդրության համատեքստում»։

Պաշտոնական Երեւանի այս մոտեցումը դառնում է արցախյան հիմնախնդրի հետագա քաղաքական գործընթացի գլխավոր խոչընդոտը։

Հայաստանի ընդդիմությունը կոչ է արել Փաշինյանին հետ կանչել հայտարարությունը։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Փաշինյանի հայտարարությունը հետ կանչելու պահանջարկ կա Արեւմուտքում, մասնավորապես Ֆրանսիայում, որը մտադիր է նպաստել Արցախի ինքնորոշման իրավունքին։

Փաշինյանն, ըստ ամենայնի, հուսահատ դիմադրում է։ Երեկ մի քանի աղբյուրներ հայտարարեցին, որ իբր Փաշինյանը Ջերմուկի մոտ սեպտեմբերյան իրադարձություններից հետո է արել «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին» իր հայտարարությունն, որպեսզի այդ գործընթացը չտարածվի մնացած Հայաստանի վրա։ Նույն ակնարկն է նաեւ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ինչո՞ւ Փաշինյանը չի կարող հետ վերցնել իր հայտարարությունը, մանավանդ որ սա իրավական ակտ չէ։ Որովհետև դա արվել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Արցախի քաղաքական կարգավիճակի և Հայկական հարցի քննարկումը միջազգային կառույցներում տորպեդահարելու համար։ Եվ այս խնդիրը չի փոխվել։

Փաշինյանը հետ վերցնելով իր հայտարարությունը, հնարավորություն կբացի քննարկելու այդ հարցերը, ինչը ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային։ Արդյո՞ք Արցախի նոր իշխանությունը կպահանջի հետ կանչել այս հայտարարությունը։