Ադրբեջանը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին․ նրա կինը հայտարարություն է տարածել

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»,- նշել է նա։

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հաստատել է Արցախից հեռանալու փորձի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը և հրապարակել է համապատասխան լուսանկար։

Արցախում պայթյունի վայրում գտել են մասունքներ և անձնական իրեր

Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն տարածքից հայտնաբերվել են հետևյալ անձնական իրերը.

Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զախարովան ասել է, որ “ժամանակը չէ քննարկել” “Զանգեզուրի” պատկանելիությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծավալուն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիեւի հավակնությունները Սյունիքի հանդեպ եւ նրա պնդումները, թե Խորհրդային Միությունը «Զանգեզուրը տվել է Հայաստանին»։

Նրա խոսքով՝ այժմ ժամանակը չէ մեկնաբանելու պատմությունը՝ տեղերում իրավիճակի դինամիկ զարգացումը հաշվի առնելով։ «Այժմ իրավիճակը դինամիկ զարգանում է, եւ այն պահանջում է ավելի շատ օպերատիվ մեկնաբանություններ, քան դա պահանջում է պատմությունը»,- նշել է նա։

Զախարովան հայտնել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Նրանք կառաջնորդվեն այդ սկզբունքով իրենց գործողություններում։ Այս մասին կողմերը հայտարարել են։ Ռուսական կողմը շահագրգռված է Անդրկովկասում կայուն իրավիճակով, նա հանդես է գալիս բոլոր վիճելի հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Ընդ որում, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մեզ դաշնակից երկրներ են։ Երեւանի հետ մեզ կապում են պարտավորություններն անվտանգության ոլորտում ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում։ Բաքվի հետ հաջողությամբ իրականացվում է դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը։

Ինչ վերաբերում է  տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային,  այդ հարցը ամենամանրակրկիտ ձեւով դիտարկվում է եռակողմ աշխատանքային խմբի գծով՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։

Մենք համոզված ենք, որ հենց այս ձեւաչափով կարող է եւ պետք է գտնվի փոխընդունելի որոշումը, որը կերաշխավորի երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը այն երթուղիների հանդեպ, որոնք անցնում են նրա ազգային տարածքով։ Նման պայմանավորվածությունները՝ հիմնված շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարեւաններին, ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը»,-  նշել է նա։

Ի՞նչ է տեղի ունեցել Ռուբեն Վարդանյանի հետ. նրա կինը հանդես կգա հայտարարությամբ

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Լաչինի միջանցքով անցնելիս ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանի գրասենյակից NEWS.am–ին փոխանցեցին, որ առաջիկայում Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես կգա հայտարարությամբ:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Վերոնիկա Զոնաբենդը տեղեկացրել է, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրերը տեսել է ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել։

Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում. Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչպես Կոռնիձորում, այնպես էլ Գորիսում գործող մեր հաշվառման կայաններում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Հաշվառումից հետո հասկանում ենք, թե ով միանգամից տեղավորվելու կարիք ունի։ Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում։ Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրնց նախընտրած վայրը գնալ, իրենք ազատ են որոշելու, թե  որտեղ պետք է տեղակայվեն։ Բայց դա չի նշանակում, որ մենք իրենց հետ կապ չենք պահպանում և իրենց խնդիրներին չենք արձագանքում։ Այս օրերին գործարկել ենք առաջնային կարիքի հարթակ,  ԼՂ մեր հայրենակիցները կարող են արձանագրել իրենց կարիքները։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 3000 դեպք և դրանց մասով գնահատում է իրականացվելու և մենք աջակցություն ենք տրամադրելու։ Դրանք կարող են տարբեր լինել՝ սննդի կարիք, հագուստ, սոցիալական որոշակի աջակցություն»,-նշեց նախարարը։

Մկրտչյանը նաև ավելացրեց, որ նոր հարթակ են գործարկել. սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակը. «Մենք գիտենք, որ տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ ցանկություն են հայտնել աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը և որպեսզի մենք նրանց հնարավորություն տանք նեցուկ լինել այց գործընթացին և ճիշտ տեղաբաշխենք ռեսուրսները, այս հարթակում արդեն 170 առաջարկ ենք ստացել, կրկին կգնահատենք կարիքները և դրանք համապատասխան կուղղորդենք»։

Նա նշեց, որ նախարարությունն աշխատանքները պլանավորում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով.«Այս պահի դրությամբ մեր խնդիրն է, որպեսզի արցախահայերին հնարավորություն տանք տեղակայվելու։ Մենք գործարկել ենք նաև թեժ գիծը՝ 114, և այս ընթացքում ավելի քան 6000 զանգ ենք ստացել ամենատարբեր խնդիրներով:

Եվ Գորիսում, եւ Կոռնիձորում բազմաթիվ կամավորներ կան եւ մենք գործարկեցինք կամավորների հերթագրման հարթակ: Այս պահին այդտեղ գրանցված են 650 կամավորներ: Այդ հավաքագրումը շարունակվում է եւ վստահ ենք, որ այդ թվերը կմեծանան»,-ընդգծեց նախարարը:

47․115 անձից միայն 4002-ն են օգտվել պետության տրամադրած կացարաններից

Առավոտյան 8-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 47․115 անձ է գրանցվել, որից 22․800-ն արդեն իսկ հաշվառվել է, այս մասին  տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ Կոռնիձորի անցակետը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կա՛մ Գորիսի, կա՛մ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխում.«Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից։ Սյունիքում տեղավորվել է 1․465 անձ, Վայոց ձորում՝ 810,  Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։ Մյուս քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել։ Բայց սա բնավ չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրժարվում է»։

Գանձասարում այժմ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները. Մատենադարան

44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մատենադարանը՝ վստահեցնելով, որ բոլոր բնօրինակները Մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար։ Այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները։

ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան արձանագրեցին՝ Ռուսաստանը հանցակից է Բաքվին

Lragir

Արցախի դեմ Ռուսաստանի առաջնորդությամբ Բաքվի լայնածավալ հարձակումից եւ բնիկ մեծամասնության տեղահանության մեկնարկից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ «Ռուսաստանն է աջակցել Բաքվին, Ռուսաստանը հանցակից է Բաքվին»։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Արցախում ստեղծված իրավիճակի եւ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի համատեքստում հայտարարեց, որ «Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ»։

Ռուսաստանի հանցակցության փաստը ավելի ու ավելի է ընդգծվում համաշխարհային, այդ թվում ռուսական, մամուլի հրապարակումներում եւ Եվրոպական խորհրդարանի քննարկումներում։ Ռուսաստանը ամուր կապվում է ազերբայդժանին եւ հռչակվում նրան հանցակից։ Հեռու չէ օրը, երբ Ռուսաստանին կարող է նեկայացվել ամբողջական մեղադրանքը՝ Հայաստանի (Արցախը ներառյալ) դեմ ահաբեկչական ռազմական արշավի եւ ցեղասպանական գործողությունների նախաձեռնող եւ երաշխավոր։

Սա վաղուց պետք է արվեր, եւ չի արվել բացառապես ՀՀ իշխանության մեջ ներդրված նիկոլ-քպ ագենտուրայի եւ նրա հենակ ռուսապատկան «ընդդիմության» ջանքերով՝ միջազգային հնարավոր ու անհնար ատյաններում հայկական իրավունքների եւ դրանց հիմքով Արցախի խնդրի քաղաքական կարգավորման հնարավորությունների հետեւողական չեզոքացմամբ։ Անտեսվել են միջազգային կառույցների բանաձեւերը, որոնցում արձանագրված է միջազգային երեք հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի խնդրի կարգավորման անհրաժեշտությունը։

Քաղաքական խնդիրները նենգափոխվել են հումանիտարով, կոպիրկինյան խորհրդարանը հրաժարվել է հայկական իրավունքների հիմնարար խնդիրների շուրջ քննարկումներից ու որոշումների կայացումից։ Ամեն ինչ արվել է Հայաստանի դեմ Մոսկվայի ցեղասպան արշավի «օրինականացման» համար, այն պարագային, երբ իրավունքը ամբողջովին հայկական կողմում է, առավել եւս հիմա, որքան էլ տարօրինակ թվա։

Ռուսաստանի հեռանալու գինը Արցախը ու Հայաստանի պետականությունը չպետք է լինի ու չի լինելու, իսկ «Արցախի կորստի» վրա դիակապտությամբ զբաղվողները դաժան պատժի են ենթարկվելու։

Ալիեւի հրոսակները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ

Ալիեւի երկու հրոսակ կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ: Դա երևում է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպության՝ X-ում (նախկին Թվիթեր) տարածած տեսանյութում։ Տեսանյութից պարզ է դառնում, որ վանքի վրա կրակում են անգամ զրահափոխադրիչից։

«Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցները, դրանք պետք է հետաքննվեն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն», նշված է գրառման մեջ։

Եռամյա պատերազմ և Արցախի օկուպացիա. ո՞ւմ է Ալիեվը ցույց տալու

Այսօր 44-օրյա, բայց իրականում՝ 3-ամյա պատերազմի մեկնարկի օրն է, որն ավարտվում է Արցախի օկուպացմամբ։ Ոչ թե ժողովրդին ենթարկելով, ինչպես ակնկալում էին Ալիևն ու իր կամակատարները, այլ հող զավթելով։

Արցախից հայերի արտագաղթը իշխանությունների կողմից չի կազմակերպվել, մարդիկ չեն հավաքվել ընդհանուր որոշում կայացնելու համար. յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշել՝ ապրել մի երկրի լծի տակ, որը նույնիսկ վերջին օրով կրակի մեջ սպանել է մի քանի հարյուր ապստամբ հայ տղամարդկանց, թե՞ ժամանակավորապես լքել իրենց նախնիների երկիրը։

Ստեփանակերտից Գորիս ճանապարհը խցանված է որոշում կայացրած մարդկանցով։ Մնացածները պատրաստվում են հեռանալ։ Ստեփանակերտի տների կեսում ջուրն անջատվել է, այսօր կանջատվի ինտերնետը։ Վերջին հիվանդներին ու վիրավորներին տարհանում են հիվանդանոցներից։

Ալիևը Բլինքենին ասում է, որ պատրաստ է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հրավիրել Ղարաբաղ։ Նրա օգնականը՝ դիակի դեմքով, խոսում է «ինտեգրման» պատրաստակամության մասին և հերքում՝ Բաքուն չի ստիպում հայերին հեռանալ։

Ո՞վ կմնա Արցախում։ Իհարկե, կարող են ինչ-որ մասովկա բերել: Կամ «բացահայտել» գործակալներին, ովքեր տարիներ շարունակ աշխատում են Արցախում և Հայաստանում հայկական քողի տակ։ Ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիյում և բանակում։ Քանի՞ հայկական անձնագիր է տրվել նման գործակալներին։ Սա երբևէ պարզ կդառնա՞:

Երեք տարի Արցախը կռիվ է տվել երկու կայսրությունների և 2 չպետությունների հետ՝ 44 օր ռազմական գործողություններ, հազար մարդու մահ, սրբազան տարածքների կորուստ, շրջափակում, սով, ռուս «խաղաղապահների» օգնություն թշնամուն, «Արցախի ճանաչում որպես Ադրբեջանի մաս» Պուտինի և Փաշինյանի կողմից, ագրեսիա՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգություն՝ սեպտեմբերի 24-ին և… 36 ժամ Գորիս տանող ճանապարհին։

Ռուս խաղաղապահները նույնպես պատրաստվում են ճանապարհ ընկնել, հավանաբար Հյուսիսային Կիպրոս՝ թուրքական համայնքը հույներից փրկելու համար: Թեեւ Վրաստանը հավանաբար ավելի մոտ է։ Այնտեղ էլ փրկելու բան կա։

Ալիևը հպարտությամբ ցույց կտա ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Թուրքին և ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանիին Շուշիի հայկական եկեղեցին, որը վերածվել է մզկիթի։ Նրանք հավանությամբ գլխով  կանեն։

Իսկ Երեւանում Սեբաստիայի, Մալաթիայի ու Զեյթունի կողքին կհայտնվի փոքրիկ Ստեփանակերտը։ Կամ ​​չի հայտնվի:

Արցախյան պատերազմի արդյունքում ավերվել է աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը. CSI

Գանձասար

Արցախյան պատերազմի հետեւանքով ավերվել է աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Աշխարհի հնագույն եկեղեցիներից շատերն այժմ գտնվում են պղծման կամ քանդման սպառնալիքի տակ: Այս մասին ասվում է Christian solidarity International (CSI) կազմակերպության հաղորդագրության մեջ։

«CSI-ի հավատարմությունը հայ ժողովրդին` առաջին քրիստոնյա ազգին, շարունակվում է: Մենք շտապ օգնություն ուղարկեցինք Հայաստանի հարավ՝ Լեռնային Ղարաբաղից 120,000 փախստականների կարիքները հոգալու համար։ Նրանց ճանապարհը դեպի վերաբնակեցում կլինի երկար ու դժվար։ Այս կարիքները բավարարելու համար մենք աշխատում ենք Հայաստանում գործընկերների հետ:

Մենք բանակցում ենք նաև Հայաստանում Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնի վերականգնման շուրջ։ Ավելի քան 20 տարի Կենտրոնը ժամանակակից օգնություն է ցուցաբերում 1988-1994, 2016 և 2020 թվականների Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմների հետևանքով հաշմանդամություն ունեցող և վիրավորներին։ Տա Աստված, որ այս գործը շարունակվի։

Հայ ժողովրդին սպառնացող վտանգը չի անցել. Հայոց ցեղասպանությունը փուլ առ փուլ տեղի է ունեցել 1894 թվականից։ Իսլամական գերակայության և պանթյուրքիստական ​​ազգայնականության գաղափարախոսությունները կարծես պահանջում են ոչնչացնել այս ազատ քրիստոնյա ժողովրդին: Թուրքիան և Ադրբեջանն արդեն սպառնալից քայլեր են անում Հայաստանի հարավի նկատմամբ, իսկ ադրբեջանական պետական ​​քարոզչությունը Հայաստանի Հանրապետության մեծ մասը կամ ամբողջը հռչակել է «Արևմտյան Ադրբեջան» եւ հայտարարել՝ «մենք պետք է այնտեղ վերադառնանք»։

Արդեն ծնվել է առաջին երեխան միջանցքում, ու արդեն մահացել է առաջին տարեցը․ Շտապ միջոցներ են պետք

Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը գրել է․

«SOS… Փորձությունները շարունակվում են․ հիմա էլ հումանիտար մեկ այլ աղետի վտանգ կա, այս անգամ՝ միջանցքում, որտեղ հազարավոր մեքենաներ են կուտակվել՝ տասնյակ հազարավոր մարդկանցով։ Մարդիկ օրերով ճանապարհին են, սպառվել է առանց այն էլ սուղ պարենը, ջուրն էլ սպառվում է։ Սանիտարահիգիենիկ պայմանների մասին էլ չեմ խոսում…Իսկ այնտեղ երեխաներ, այդ թվում ծծկեր երեխաներ կան ու նվազագույն դիմադրողականություն ունեցող տարեցներ։ Արդեն ծնվել է առաջին երեխան միջանցքում ու արդեն մահացել է առաջին տարեցը։

SOS… Շտապ միջոցներ են պետք՝ խուսափելու ևս մեկ հումանիտար աղետից։ Նախ՝ ՀՀ իշխանությունները կարող են շատ կամավորների ներգրավել և արագացնել մարդկանց ընդունման գործընթացը՝ նվազեցնելով խցանումը։ Բացի դրանից, կարող են Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ մթերք, ջուր, առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնել մարդկանց։ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը չեմ հիշատակում, քանի որ Ստեփանակերտում մթերք գրեթե չի մնացել։ Բայց Ստեփանակերտը երկու բան կարող է անել. նախ՝ փորձի կարգավորել մեքենաների հոսքը և ապա փորձի խաղաղապահներին ներգրավել մարդկանց հումանիտար օգնություն ցուցաբերելու գործում։

SOS..Ինչ արվի՝ պիտի արվի շտա՛պ, ա՛ն-հա՛-պա՛ղ»։