Ստեփանակերտում պայթյունի հետևանքով զոհերը ժամը 22:00-ի դրությամբ 68-ն են, պարզվել է միայն 21-ի ինքնությունը․ Վիրավորները 290-ն են, 105 հոգու ճակատագիրն անհայտ է

Վառելիքի պահեստարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ), հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։

Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

Տվյալների հավաքագրումը շարունակվում է»- հայտնել է Արցախի ՄԻՊ-ը։

Ֆրանսիան բուժսարքավորումներ կուղարկի պայթյունից տուժածների, նաև 7 մլն եվրո՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը՝ դժվարին իրավիճակներում Հայաստանի կողքին լինելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Դեսպան Դըկոտինյին ևս, ընդգծելով հումանիտար ճգնաժամի հաղթահարման կարևորությունը, նախարարին հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։

Դեսպանի խոսքով՝ ֆրանսիական կողմը պատրաստվում է նաև ՀՀ ուղարկել բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ՝ ԼՂ-ում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

Գուտերեշը, Օսմանին ու Թյուրքը մտահոգված են Ղարաբաղից փախստականների հետ կապված իրավիճակով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի մեծ թվով բնակիչների Հայաստան տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակով, կազմակերպությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հակը։

«Գլխավոր քարտուղարը շատ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց տեղափոխությամբ դեպի Հայաստան։ Կարևոր է, որ տեղահանված բնակչության իրավունքները պաշտպանված լինեն, և նրանք ստանան իրենց անհրաժեշտ մարդասիրական օգնությունը, ինչպես նաև պաշտպանությունը փախստականների մասին միջազգային իրավունքի համաձայն», – ասել է նա:

«Այս պահին մենք մարդասիրական աշխատանքով չենք զբաղվում։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի և փախստականների հարցերով վարչության ներկայացուցիչները, այնուամենայնիվ, այնտեղ են՝ Հայաստանի հարավում, ուր գնում է տեղահանված բնակչության մեծ մասը»,- շարունակել է նա։- «Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղից է այն շարժվում, որքան գիտեմ, այնտեղ կան ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Ժնևում տարածված հայտարարության մեջ նա կոչ է արել պաշտպանել էթնիկ հայ բնակչության իրավունքները։

«Ես մտահոգությամբ եմ հետևում փխրուն հումանիտար իրավիճակի զարգացմանը։ Կարևոր է, որ էթնիկ հայ բնակչության իրավունքները պաշտպանված լինեն տեղերում, և բոլոր գործողությունները հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա»,- նշել է Թյուրքը։ «Բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն։ Տուժածներին պետք է հասանելի լինի մարդասիրական օգնությունը»,- ընդգծել է նա։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ պետությունների պարտականությունն է երաշխավորել էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների «սեփական մշակույթը զարգացնելու, սեփական կրոնը դավանելու կամ սեփական լեզուն կիրառելու» իրավունքը: «Յուրաքանչյուր պետություն պետք է նաև պաշտպանի իր տարածքում գտնվող փոքրամասնությունների գոյատեւումն ու ազգային կամ էթնիկական, մշակութային, կրոնական և լեզվական ինքնությունը», – հայտարարել է Թյուրքը։

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կոչ է անում ապահովել անհրաժեշտ հումանիտար մուտք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերվի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյունից տուժածներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության X-ի պաշտոնական միկրոբլոգում:

ԵԱՀԿ գործող նախագահն է Բույար Օսմանին։

Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից ՀՀ մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ, 3 253-ն ապահովվել է կացարանով

Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

Ըստ աղբյուրի՝ բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Նշվում է, որ 3 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիքում՝ 1 305, Վայոց ձորում՝ 700, Գեղարքունիքում՝ 833, Տավուշում՝ 268, Արմավիրում՝ 147 անձ:

ԼՂ-ից 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան. առաջիկայում կսկսվի նույնականացման գործընթաց

ԼՂ-ից զոհվածների 125 աճյուն սեպտեմբերի 26-ին տեղափոխվել է Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ առաջիկայում կսկսվեն նույնականացման գործընթացները:

«Այս պահին կարողացել ենք աճյունների տեղափոխման հարց լուծել: Առաջիկայում կսկսվեն նույնականացման աշխատանքերը: 125 աճյուն այսօր տեղափոխվել է Հայաստան՝ դատաբժշկական փորձագիտական կենտրոններ»,- նշեց նա:

ԼՂ քննչական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել` դիմելով սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհված և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հարազատներին:

«Սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ ԱՀ քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։ Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը»։

«Օհանյան» կրթահամալիրը պատրաստ է անվճար ընդունել 5 արցախցի աշակերտի

«Օհանյան» կրթահամալիրը արցախցիների աջակության շրջանակներում պատրաստ է անվճար ընդունել բարձր առաջադիմություն ունեցող ավագ դպրոցի 5 աշակերտի: Ինչպես նաև ծնողական համայնքի, կրթահամալիրի շահառուների, համագործակիցների և բարերարների առաջարկը՝ ստեղծվել է կրթաթոշակային ավելի մեծ ֆոնդ: Հավելենք նաև, որ ցանկացողները կարող են իրականացնել նվիրաբերություն:

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

« 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը։ Ինչպես նշեցի, 19 հազարից 2500-ը արդեն գտնվում է իրենց տեղակայման վայրերում, այն մարդիկ, ովքեր դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար։ Այս պահին Գորիսում գտնվում են 1200 մարդ, ովքեր դեռևս գտնվում են տեղավորման գործընթացում, դա հասկանալի պատճառներով որոշակի ժամանակ է պահանջում։ Մնացած մարդիկ ասել են, որ ունեն իրենց համապատասխան բնակության վայրերը։ Նրանք ասել են, որ մեր աջակցության կարիքը չունեն։ Հասկանալով, որ դա մարդկանց կամքն է և ընդառաջ գնալով այդ հանգամանքին, համաձայնել ենք, որ նրանք գնան այն հասցեներով, որտեղ իրենք նախապես որոշել են»,- նշեց Խաչատրյանը։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով, ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը նախապես գույքագրել էր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գտնվող հյուրատները և հյուրանոցները, որտեղ մարդկանց առաջին իսկ դիմումով կարող են մարդկանց տեղավորել։

« Մենք այս երեք օրերի ընթացքում արդեն իսկ 2500-ից ավելի անձանց կեցավայրով ենք ապահովել։ Նրանցից մոտ հազարը տեղակայված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքի մարզում։ Եվ այս ժամերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում մարդկանց տեղակայումը։ Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ»,- ասաց Խաչատրյանը։

ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների բժշկական սպասարկումն իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում. ՀՀ ԱՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ` ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:

Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Եվրահանձնաժողովն ակնկալում է Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ելք դեպի Հայաստան և ստեղծված ճգնաժամով պայմանավորված՝ 5 միլիոն եվրո կտրամադրի մարդկանց աճող կարիքների բավարարման համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունը։

5 միլիոն եվրոյից 500 000-ը կուղղվի արտակարգ աջակցությանը, որի մասին հայտարարվել է անցյալ շաբաթ, իսկ 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցությունը կհատկացվի հետևյալ նպատակների համար՝

– աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված մարդկանց։ Այս օգնությունը կմատակարարվի Հայաստանում գործող ԵՄ գործընկեր տարբեր հումանիտար կազմակերպությունների միջոցով և կհասնի շուրջ 25 000 մարդու։ Առաջնահերթությունն է տրամադրել կանխիկ դրամական օգնություն, օթևան, ապահովել պարենային անվտանգություն և ապրուստի միջոցների աջակցություն։

– Աջակցություն Լեռնային Ղարաբաղի ներսում խոցելի մարդկանց։ Այս օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի շուրջ 60 000 մարդու օգնել սննդով, բուժօգնությամբ, ապաստանով և լոգիստիկայով։

«Մենք պետք է պատրաստ լինենք՝ աջակցելու հազարավոր մարդկանց, որոնք որոշել են փախչել Լեռնային Ղարաբաղից, հատկապես հաշվի առնելով, որ առաջիկա ձմեռը, ամենայն հավանականությամբ, փախստականներին կկանգնեցնի լրացուցիչ մարտահրավերների առաջ: ԵՄ-ն կտրուկ ընդլայնում է իր հումանիտար օգնությունը տարածաշրջանում՝ արտակարգ աջակցություն տրամադրելու կարիքավոր մարդկանց ինչպես Լեռնային Ղարաբաղի անկլավում, այնպես էլ այժմ Հայաստան տեղահանված մարդկանց: ԵՄ-ն հանձնառու է համակարգել մարդասիրական ջանքերը տեղում՝ օգնելու այս հակամարտությունից տուժածներին», – ասել է Ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Ջանեզ Լենարչիչը։

Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում, որը տեղում կաշխատի մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելու արագ արձագանք ճգնաժամին։

ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար

ԱՄՆ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու նպատակով կհատկացնի 11.5 մլն դոլար հումանիտար օգնություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

«Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները: Շատերը հրետակոծության ներքո հեռացել են իրենց համայնքներից, գյուղական բնակավայրերից»,-ասաց Փաուերը:

Նա նշեց՝ խոսել են բժիշկների հետ, և ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շատերի մոտ թերսնում է:

«Հաշվի առնելով այն կարիքները, որ այժմ ունի ԼՂ բնակչությունը՝ ես այսօր հայտարարում եմ, որ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով հատկացնում է 11.5 մլն դոլար: Այս աջակցության միջոցներով կապահովվի սննդամթերքից սկսած մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ հաշվի առնելով այն ծանր հոգեբանական վիճակը, որում գտնվում են այս մարդիկ»,-ասաց Փաուերը:

Փաուերը նաև հանդիպել է մարդկանց, որոնք տեղյակ չեն, թե որտեղ են իրենց ընտանիքի անդամները: Եվ այդ աջակցությունը նաև կօգտագործվի՝ աջակցելու այն ջանքերին, որոնք միտված կլինեն ընտանիքների միավորմանը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը անհրաժեշտություն համարեց, որ միջազգային դիտորդները, հումանիտար կազմակերպությունները կարողանան հասնել ու աջակցություն ցուցաբերել ԼՂ ժողովրդին հենց տեղում: «Մենք գիտենք, որ վիրավոր քաղաքացիական անձինք կան ԼՂ-ում, որոնք տարհանման կարիք ունեն»,-ասաց Փաուերը:

Աջակցության ցանկերը մեկտեղվել են reArmenia և Tikunq.am թվային հարթակներում

Արցախից բռնի տեղահանվածներին աջակցություն տրամադրող կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների ցանկը մեկտեղվել է reArmenia և Tikunq.am թվային հարթակներում: Աջակցման ցանկերը պարբերաբար թարմացվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ reArmenia հարթակի ցանկում առանձնացված են հետևյալ ենթաբաժինները՝ հումանիտար, կացության ապահովում, հոգեբանական աջակցություն և բժշկական օգնություն: Tikunq.am-ը համալրված է որոնողական համակարգով՝ հեշտացնելու փնտրվող աջակցության տեսակը:

Tikunq.am-ից Արման Աթոյանը տեղեկացնում է՝ յուրաքանչյուր անհատ կարող է մուտք գործել հարթակ և մուտքագրել առաջարկվող իր աջակցությունը՝ կցելով տեղակայման վայրը: Այս պահին գրանցված 26 առաջարկ ունեն, թիվն անընդհատ աճում է: ԼՂ-ից բռնի տեղահանվածներն էլ որոնման դաշտում իրենց անհրաժեշտ աջակցությունը կարող են փնտրել:

reArmenia հարթակում այս պահին առաջարկվում է հումանիտար 22 օգնություն, հոգեբանական և բժշկական՝40, կացության ապահովման 18 օգնություն: Առանձնացվել են կացության ապահովման միայն խոշոր նախաձեռնությունները: reArmenia-ից էլ նշում են, որ հարթակում չներառված նախաձեռնություններ տեսնելուն պես կարող են կապվել իրենց հետ:

Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի․ Արցախի ԱԻՊԾ

Տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում  սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից՝ մեկ տարեց կին։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացու տարհանել են Վանք գյուղից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։

Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողմը փոխանցել է հայկական կողմին։

Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։