Լիա Գրիգորյանը 16 տարեկան է, իր ողջ կյանքը ապրել է Արցախի Հերհեր գյուղում, որի մոտ գտնվում է հանրահայտ Ամարասի ամառանոցը։
Պատմում է, որ սեպտեմբերի 19-ին սովորականի պես դպրոցում էր, երբ լսվեց առաջին պայթյունի ձայնը, հաղորդակցություն ստացավ, որ նորից պատերազմ է, հասցրեց տուն հասնել, բայց ասում է, որ ամեն րոպե ավելի բարձր էին լսվում ձայները։
Նույն օրը կապերը արդեն խզվել էին, կապ հաստատել բարեկամների հետ չէր ստացվում։ Մնացին տանը մինչ այն պահը, երբ ռումբը հայտնվեց հենց նրանց բակում:
Ասում է, որ հրաշքով փրկվեցին, և արդեն գյուղի ողջ բնակչությունը տեղափոխվեց դպրոց, որը համեմատաբար ապահով էր։
Այդ մի քանի օրերը իրենց կյանքի ամենադժվար և ամենադաժան օրերն էին։ Հետո արդեն հայտարարվեց, որ այլևս գյուղում անհնար է մնալ, թուրքերը գրեթե գյուղում են, իսկ դուրս գալու համար վառելիք չկա։
Գյուղացիների միահամուր ուժերով և տրակտորներով կարողացան մեքենաները քարշ տալով հասցնել Ճարտար գյուղ, որտեղ գյուղապետը կարողացավ որոշակի վառելիք գտնել մինչև Ստեփանակերտ։
Ստեփանակերտում մնացին 1 օր, մինչև վառելիք գտան և ընդամենը մի քանի ճամպրուկով, կարոտով լցված սրտով ճանապարհ բռնեցին դեպի Գորիս, թողնելով տունը, դպրոցը, նախնիների գերեզմանները և 16 տարիների լավագույն օրերը։
Նյութին կից Լիայի ֆոտոշարքն է հարազատ գյուղից, որը արվել է երկար հրաժեշտից առաջ։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: