Իմ վերջին այցից հինգ ամիս անց ես վերադարձա Հայաստան՝ ոչ միայն ցույց տալու մեր բարեկամությունը, այլ նաև Ֆրանսիայի համերաշխությունն ու աջակցությունը հայտնելու Հայաստանին և հայ ժողովրդին այն փորձության պահին, որով անցնում է Հայաստանը։ Այս մասին հոկտեմբերի 3-ին Երեւանում մամուլի ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
«Երկու շաբաթվա ընթացքում դուք Լեռնային Ղարաբաղից ընդունեցիք ավելի քան 100.000 բնակիչների, ովքեր ստիպված էին լքել իրենց պատմական հողերը՝ Ռուսաստանի մեղսակցությամբ՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով, պետք է նաև հիշեցնել՝ 9 ամիս ապօրինի շրջափակումից հետո։ Ապօրինի, քանի որ բոլորս կարող ենք հիշել, որ Արդարադատության միջազգային դատարանը պահանջել էր, որ այս տարածքը բացվի փետրվարին։