ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները ՀՀ-ում աշխատանքի անցնելիս չեն մասնակցի որևէ մրցութային գործընթացի

  • 23:51 04.10.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները պարտավորված չեն լինի մասնակցել որևէ մրցութային գործընթացի: Ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գիտեք որ ՀՀ դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համալրումը տեղի է ունենում մրցույթով: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի գործուղվեն դպրոցներ։ Այս տարբերակին գնացել ենք, որպեսզի այս գործընթացը ավելի պարզ լինի»,- ներկայացրեց նախարարը:

Նա տեղեկացրեց՝ գործուղման առավելագույն ժամկետը 2 տարի է: Ուսուցիչները հնարավորություն կունենան այս ժամանակահատվածում հարմարվել, տեղավորվել իրենց մասնագիտական աշխատանքը շարունակելու և իրենց պլանների մասին հեռանկարային որոշումներ կայացնելու համար:

Նախարարը հավելեց՝ ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար:

Անդրեասյանը նշեց՝ այս պահին հավաքագրված տեղեկատվության համաձայն կա 1790 թափուր տեղ, որից 450՝ ուսուցչական: Հոկտեմբերի 10-ից հասանելի կլինի էլեկտրոնային հարթակ, որտեղ հնարավոր կլինի տեսնել թափուր հաստիքները:

f