ԵՄ. ոչ ոք չէր սպասում, որ Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը մի քանի օրում կլքի երկիրը

  • 12:20 05.10.2023

Կարծում եմ, բոլոր կողմերի համար բավականին դժվար էր կանխատեսել, որ Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը կարող է լքել երկիրը ընդամենը մի քանի օրում։ Այս մասին news.am-ին տված հարցազրույցում ասել է Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Հայ բնակչությունը ողջամիտ մտահոգություններ ունի անվտանգության հետ կապված, և Բաքուն պետք է անդրադառնա այս խնդրին որպես առաջնահերթություն: Խոսքը միայն հանրությանը իսկապես իմաստալից առաջարկ անելու մասին չէ. այդ առաջարկը պետք է նաև վստահելի լինի: Հասկանալի է, որ ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո մարդիկ վախեցան և որոշեցին հեռանալ։ Այժմ հարցն այն է, թե արդյոք նրանցից ոմանք պատրաստ կլինեն վերադառնալ, և ի՞նչ պայմաններով: Մեզ համար կարևոր տարրերից մեկը կարող է լինել երկարաժամկետ բազմազգ առաքելության կամ ՄԱԿ-ի առաքելության ի հայտ գալը Լեռնային Ղարաբաղում, որի շնորհիվ մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ, կարող են իրենց ավելի վստահ զգալ»,- ասել է Կլաարը։

«Ես շահագրգռված եմ բոլորի վերադարձի համար պայմաններ ստեղծելու, հեռացածների ունեցվածքը պաշտպանելու և մշակութային, կրոնական և պատմական հուշարձանների պահպանմամբ։ Գնդակն այժմ Բաքվի դաշտում է, քանի որ այն պետք է հստակ և ամուր երաշխիքներ տա հայ բնակչությանը կամ մնալու, կամ վերադառնալու համար: Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքը՝ ապրելու այնտեղ, որտեղ նրանք միշտ ապրել են, պետք է երաշխավորված լինի և ապահովվի նրա անվտանգությունը»,- ասաց նա։

Տոյվո Կլաարը ճիշտ կանի արձանագրի, որ արցախահայությունը լքել է իր հազարամյա հայրենիքը ոչ այն պատճառով, որ «վախեցել է». Արցախի պետականության 30 տարիները վկայում են Արցախի ժողովրդի անվախության և իր իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին։ Արցախցիները լքեցին իրենց հայրենիքը, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ արևմտյան հանրությունը քաղաքական երաշխիքներ չտվեցին։

Փաստորեն, ԵՄ-ն հիմա էլ չի առաջարկում քննարկումներ քաղաքական հարցերի շուրջ՝ Արցախի կարգավիճակի և միջազգային քաղաքական երաշխիքների վերաբերյալ։ Ավելին, ԵՄ-ն Բաքվին առաջարկում է ընտրություն՝ «երաշխիքներ տրամադրել հայ բնակչությանը, որպեսզի նրանք կամ մնան, կամ վերադառնան»։

Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Բաքուն, որ «Արցախի բնակչությունը մնա Հայաստանում»։ Արդյո՞ք ԵՄ-ն Բաքվին առաջարկում է փոխհատուցում վճարել հայերի ունեցվածքի համար և “փակել” հարցը։ Արդյո՞ք Եվրամիությունը համաձայն է ընդունել մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության և էթնիկ զտումների փաստը և շարունակել էներգետիկ համագործակցությունը Ալիևի հետ։