Ռուսական զորքերը հեռանում են Արցախից. առաքելությունն ավարտված է՝ Արցախի մահապատիժն ի կատար է արվել

  • 16:02 05.10.2023

Խոստացված հինգ տարին չդիմացան։ Ռուսական խաղաղապահ զորախումբը կլքի Արցախը մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը, իր ալիքում գրել է ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը։

Այն, որ ռուսական զորքերը մինչեւ տարեվերջ կլքեն Արցախը, Ստեփանակերտում ասում էին դեռ գարնանը։ Ինչպես 2020 թվականի ամռանն էին ասում, որ աշնանը պատերազմ է լինելու և ռուս խաղաղապահներ են տեղակայվելու։ Բայց մարդիկ նախընտրում էին դա ասեկոսե ու բամբասանք անվանել, մանավանդ որ Արցախի իշխանությունները շարունակում էին բարեխղճորեն ծառայել Ռուսաստանին։

Դատելով սոցցանցի մեկնաբանություններից՝ ռուսները կարող են հանգիստ հեռանալ տարածաշրջանից՝ ոչ ոք չի հավատում դրանց, ոչ ոք չի համակրում։ Հասարակ մարդիկ ասում են. «Մենք հավատացինք, վերադարձանք 2020 թվականի պատերազմից հետո, բայց նրանք մեզ դավաճանեցին»։ Ավելի սթափ մտածող մարդիկ զարգացնում են, ասելով, որ Արցախում գտնվելու ողջ ընթացքում ռուս խաղաղապահների վերնախավը զբաղված էր փող աշխատելով, հատկապես շրջափակման ժամանակ, պարենային ապրանքները թանկ վաճառելով, բնականաբար, ոչ առանց արցախյան վերնախավի մասնակցության։

Ադրբեջանական կողմն անարգել կրակել է խաղաղ բնակչության վրա։ Ռուսական ուժերը ոչ միայն չկարողացան կատարել պաշտոնապես դրված խնդիրը, այն է՝ Արցախի խաղաղ բնակչության պաշտպանությունը, այլ ի վերջո դարձան արցախցիների մահապատժի անմիջական իրականացնողը՝ կատարելով Արցախի բնիկ բնակիչների բռնի տեղահանումը Հայաստան։

Եւ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կա Արցախի վերնախավի մի քանի տասնամյակների ընթացքում Ռուսաստանին ջանասիրաբար ծառայելուց։ Ի՞նչ կա Ստեփանակերտի հրապարակում ռուսական դրոշներով, իսկ ավելի վաղ՝ «Ղրիմը մերն է» կարգախոսներով հանրահավաքներից։ Նույնիսկ սա չփրկեց արցախյան վերնախավին։

Ռուսները նրանց ոչ միայն չեն փրկել, այլեւ հանձնել են Ադրբեջանին՝ բոլորին նախապես հավաքելով Ստեփանակերտի օդանավակայանում։

Պատմության մեջ կա՞ դեպք, երբ Ռուսաստանի ներկայությունն կապահովեր բնիկ բնակչության զարգացումն ու անվտանգությունը։ Կա՞ն դեպքեր, երբ Ռուսաստանը բարեխղճորեն կատարել է պայմանավորվածությունները։

Ամեն դեպքում, այս երկրի նկատմամբ «խաղաղապահներ» տերմինն օգտագործելը բացարձակապես անտեղի է։

Ա.Գրիգորյան