Պուտինն ու Միշելը պատրա՞ստ են Նախիջևանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը.

  • 14:14 06.10.2023

Երբ Պուտինն ասում է, որ Փաշինյանը «Եվրոպայի ցուցումով» ճանաչել է Ղարաբաղի կարգավիճակը, ի՞նչ նկատի ունի։ Երբ եվրոպացի առաջնորդները Փաշինյանի հետ «հռչակագիր» են ստորագրում Հայաստանի 29,8 հազար և Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքի վերաբերյալ, ի՞նչ նկատի ունեն։

Եթե ​​Արցախի պատկանելիությունը որոշվում է Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությամբ, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքը՝ կասկածելի հռչակագրերով, ապա վայ միջազգային իրավունքին։ Ի վերջո, վաղը Փաշինյանը կարող է հայտարարել, որ Արցախը Հայաստան է, Նախիջևանը և Կարսը Հայաստան են, իսկ Ադրբեջանն ընդհանրապես տարածք չունի։

Պուտինը, Միշելը և մյուսները պատրա՞ստ են Փաշինյանի նոր հայտարարություններին։ Նրանք, իհարկե, գիտեն, որ Փաշինյանը մահվան սպառնալիքի տակ էլ չի ասի դա, իսկ եթե՞։ Չե՞ն հասկանում Պուտինն ու Միշելը, որ վաղը ինչ-որ մեկը կարող է հարց տալ՝ երբվանի՞ց Փաշինյանն ու նրա հայտարարությունները դարձան գերագույն ճշմարտություն և միջազգային «իրավունքի» հիմք։

Արցախյան հիմնախնդիրը թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի և թե՛ ԱՄՆ-ի համար շատ շուտով լուրջ «մարսողության խանգարման» պատճառ է դառնալու, քանի որ քաղաքական և իրավական իմաստով Արցախը «Ադրբեջանի կազմում» ճանաչելու ոչ մի հիմք չկա։ Հակառակ դեպքում, բազմաթիվ հանդիպումների  եւ Կոստանդնուպոլսում գաղտնի «հավաքների» ժամանակ այդ հիմքերը կհրապարակվեին, Նիկոլին էլ հղումներ չէին արվի։

Պուտինը, Միշելը և մյուսները ստիպված են “ծնկով կոտրել” Հայաստանն ու Արցախը ՝ խախտելով միջազգային բոլոր նորմերը։ Բայց միջազգային նորմերի խախտումը սովորություն ունի բումերանգով հետ վերադառնալ։ Այն, թե ինչպես են Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ը փորձում «լուծել» Արցախի հարցը, կրկնվելու է Ռուսաստանով, Եվրոպայով և ԱՄՆ-ով։

Ղրիմ, Աբխազիա, Կարս, Նախիջևան, Կիպրոս, Չեչնիա, Կոսովո…