ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակության ծախսերի դրամական աջակցության ծրագիրը գործնականում արդեն մշակված է

  • 16:18 08.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակության ծախսերը հոգալու դրամական աջակցության ծրագրի մանրամասները մշակելու գործընթացում վերջին օրերին զգալի առաջընթաց կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած  ասուլիսի ընթացքում տեղեկացրեց  ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Մի շարք հանդիպումներ ենք ունեցել գործընկեր նախարարությունների ներկայացուցիչների հետ. գործնականում գաղափարն արդեն մշակված է և պատրաստ է ներկայացվելու կառավարության քննարկմանը: Հուսով եմ, որ առաջիկա հինգշաբթի օրը կառավարության կողմից այդ ծրագիրը ևս կհաստատվի, և մեր բոլոր հայրենակիցները այս աջակցության շահառու դառնալու հնարավորություն կստանան»,- հավելեց փոխվարչապետը՝ նշելով, որ այս աջակցության շահառու կհանդիսանան Հայաստանում գտնվող այն բոլոր բռնի տեղահանվածները, ովքեր չունեն բնակարաններ կամ բնակելի տուն: