ՄԱԿ-ի առաքելությունը հայերի տեղահանությունից հետո երկրորդ անգամ այցելեց Արցախ։ Առաքելության կազմը և գտնվելու տևողությունը չի հաղորդվում։
Նախորդ առաքելությունը, փաստորեն, արձանագրել է, որ հայերի տեղահանությունից հետո (որը արևմտյան և ռուսական մամուլում կոչում են «փախուստ», կամ «զարմանալի տեղահանություն»), Ստեփանակերտի ենթակառուցվածքներն ու տները չեն ավերվել, թալան չի եղել, և մարդիկ կարող են “անվտանգ” վերադառնալ իրենց տները:
Իր հերթին, հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կքննարկի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով։
Պահանջներից մեկն այն է, որ «Ադրբեջանը ճանաչի և կիրառի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերը, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքներն ու գրանցամատյանները և չոչնչացնի կամ չբռնագրավի այդպիսի գրանցամատյաններն ու փաստաթղթերը»:
Փաստորեն, եթե հոկտեմբերի 12-ի դատարանը Ադրբեջանին «ստիպի» ճանաչել Արցախի ժողովրդի սեփականության իրավունքները, Բաքուն համաձայնվի դա անել, իսկ ՄԱԿ-ի առաքելությունը հաստատի, որ Արցախի ժողովրդի ողջ ունեցվածքը կարգին է, ապա «հետարտաքսման» հարցը, կամ Արցախում արցախցիների սեփականության իրավունքից վերջնականապես զրկելը միայն տեխնիկայի խնդիր է դառնալու։
ՀՀ կառավարությունը չի ներկայացրել Արցախում գրանցված Հայաստանի քաղաքացիների երկարաժամկետ ինտեգրման ծրագիր, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից տրված փաստաթղթերը, այդ թվում՝ սեփականության իրավունքի, զինվորական ծառայության և այլի մասին։ Հայցը, որով պահանջվում է, որ Ադրբեջանը ճանաչի այդ իրավունքները, նշանակում է, որ Հայաստանը «պատվիրակում է» այդ իրավունքները Բաքվին։
Ի՞նչ կմնա արցախցիներին, եթե նրանք ֆիզիկապես չկարողանան մեկնել Արցախ, իսկ սեփականության իրավունքը փոխանցվի Բաքվին։ ՄԱԿ-ը և ռուսական զորքերը կհաստատեն, որ գույքն ապահով է, և մնում է միայն գալ, վերցնել նոր սեփականության վկայական, նոր անձնագիր և ապրել «անվտանգության մեջ»:
Հայաստանի վարչապետն իր բանավոր հայտարարությամբ Ղարաբաղը «ճանաչեց» որպես Ադրբեջանի մաս, թեև դրա համար իրավական հիմքեր չկան։ Եթե գոնե մեկ նման փաստաթուղթ լիներ, Պուտինն ու Միշելը ոչ թե Փաշինյանի հայտարարությանը հղում կանեին, այլ կցուցադրեին այս փաստաթուղթը։
Հիմա Փաշինյանը ՄԱԿ-ի դատարան հայցով ցանկանում է վերջապես զրկել արցախցիներին Արցախի տարածքում սեփականության իրավունքից։