Մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պաշտոնյաներին կարելի է մեղադրանք առաջադրել ու արդարադատության առաջ կանգնեցնել հենց Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նոր մեխանիզմներ ներկայացրեց։
«Բնականաբար, այդ մարդիկ իրենց կամքով չեն գա ՀՀ, սակայն կարելի է միջազգային գործընկերների և Ինտերպոլի միջոցով հասնել նրանց հետախուզմանն ու հանձնմանը, որ նրանք ֆիզիկապես ներկա գտնվեն մեր դատական համակարգի առաջ։ Մանավանդ, ի տարբերություն Ադրբեջանի, որը շինծու գործեր է կարում, մենք ծանրակշիռ փաստեր ունենք հանցագործությունների մասին, օրինակ` Սև լճի տարածքում ինը հայ զինվորների գնդակահարման փաստը»,– ասաց Սահակյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կազմած «սև ցուցակին», որում 300 հայ է ընդգրկվել, և որոնց նկատմամբ Բաքուն միջազգային հետախուզումներ է հայտարարել, Սահակյանը կարծում է, որ դրանք մերժվելու են քաղաքական լինելու հիմքով։
«Ադրբեջանը ժամանակին դիմել է նման չհաջողված փորձերի։ Միակ խնդիրն այն է, որ ինչպես օրինակ Ալեքսանդր Լապշինի դեպքում, կարող են դիմել իրենց բարեկամ երկրներին ու նրանց միջոցով կալանավորել նրանց»,– նշեց Սահակյանը։