Իրանի ԱԳՆ-ն՝ Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի մասին

  • 15:57 09.10.2023

Սա նոր հարց չէ։ Իրանը վերջին 34 տարիների ընթացքում Ադրբեջանին տարածք և միջանցք է տրամադրել համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ պատասխանելով միջանցքի մասին հարցին, որը Ադրբեջանին Իրանի տարածքով կկապի Նախիջեւանը, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով, համագործակցությունը շարունակվում է հենց վերը նշված շրջանակներում, սակայն «հաշվի առնելով տարածաշրջանի նոր պայմանները, հնարավորություն է ստեղծվել նոր աշխարհագրությանը համապատասխան նոր համագործակցություն հաստատել, ադրբեջանական կողմը համագործակցություն է խնդրել Իրանից, և Թեհրանը ողջունել է: Պարոն Բազարփաշի (Իրանի տրանսպորտի նախարարության ղեկավար Մեհրդադ Բազարփաշի – խմբ.) այցը (Ադրբեջան) և նոր կամրջի բացումը (Արաքս գետի վրայով – խմբ.) Իրանի ևԱդրբեջանի համագործակցության նույն շրջանակներում են։ Մենք սկզբունքորեն աջակցում ենք տարանցիկ և տարածաշրջանային միջանցքների ոլորտում համագործակցության քննարկմանը, սակայն ընդգծում ենք, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանությանը և միջազգային իրավունքին համապատասխան։ Այցի ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին, օկուպացված Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում, Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողություն էր տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։

Կողմերի կարծիքով՝ «ստեղծված ավտոմոբիլային և սահմանամաքսային ենթակառուցվածքը կծառայի բեռնափոխադրումների ավելացմանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն մուտքն ու ելքը հեշտացնելուն»։

f