Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախն ամբողջովին բռնազավթվեց ու հայաթափվեց։ Սա Արցախի պատմության մեջ աննախադեպ մի իրավիճակ է, երբ հայկական այդ տարածքը զրկվում է բնիկ էթնոսից։
Պատմական տարբեր հանգրվաններում անշուշտ ժողովրդագրական տեղաշարժեր եղել են տարբեր պատճառներով, բայց որ տարածքը հայազրկվի, առաջին անգամն է։
Հազարամյակների ընթացքում հայերը Արցախի տարածքում թողել են մշակութային արժեքավոր ու հարուստ ժառանգություն, որն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դատելով 44-օրյա պատերազմից հետո բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների հանդեպ կիրառված քաղաքականությունից՝ ֆիզիկական ոչնչացում, պղծում, մշակույթի բռնայուրացում, այսօր առավել քան մտահոգիչ է այդ ժառանգության ճակատագիրը։
Եվ այսպես, ի՞նչ պատմամշակութային ժառանգություն է մնացել թշնամու վերահսկողության տակ 2020 թվականից առ այսօր։ Ըստ Արցախի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակների, թշնամու վերահսկողության տակ է մնացել 4115 հուշարձան, այդ թվում հնագիտական։ Սակայն թիվն աճել է, քանի որ այդ ցուցակները կազմվել են հուշարձանների անձնագրավորման աշխատանքների առաջին փուլի արդյունքներով։ Հետագա աշխատանքների արդյունքները ներառված չենք։
Մինչդեռ ունենք 2000-ից ավելի նորահայտ հուշարձաններ, ասել է թե պետական ցուցակներում չընդգրկված հուշարձաններ։ 500-ից ավել հուշարձաններ՝ խաչքարեր, ավերված եկեղեցիներ, արձանագիր քարեր, տապանաքարեր ու եկեղեցիներ հաշվառվել են 2020 թվականի պատերազմից հետո։ Հետևաբար հուշարձանների քանակը 6000-ից ավելին է։
Մինչ 2020 թվականը Արցախում գործում էր 5 պետական արգելոց, 3 պատմամշակութային՝ “Տիգրանակերտ”, “Տողի մելիքական ապարանք”, “Տյաք” և 2 բնապատմական՝ “Հունոտի կիրճ” և “Ազոխի քարանձավ”։ Ընդ որում “Տիգրանակերտ” և “Տողի մելիքական ապարանք” արգելոցներում գործում էին հնագիտական թանգարաններ, որտեղ ցուցադրվում էին տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները։ Արգելոցները սիրելի վայր էին դարձել ոչ միայն տեղացիների, այլև օտարերկրյա այցելուների համար։
Թշնամու վերահսկողության տակ են մնացել այնպիսի խոշոր, նշանավոր հոգևոր կենտրոններ, ինչպիսիք են Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը, Շուշիի Սբ․ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) և Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները։ Ադրբեջանն այս հայկական բազմադարյա պատմություն ունեցող հոգևոր կենտրոնները հայտարարել է աղվանական, ավելի կոնկրետ ուդիական։ Եվ այսօր վերանորոգման անվան տակ հասկանալի չէ, թե այս պահի դրությամբ ի՞նչ վնաս է հասցվում մեր արժեքներին՝ Ղազանչեցոց, Կանաչ ժամ, Դադիվանք։ Իսկ Գանձասարի վերաբերյալ ադրբեջանական որոշ պաշտոնյաներ արդեն խոսում են հայերի կողմից Գանձասարում “անօրեն” իրականացված շինարարության մասին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Գանձասարի վանքը նույնպես փոփոխությունների է ենթարկվելու։
Արցախի հայկական պատմամշակութային դարավոր ժառանգությունը, որը ոչ միայն մեր պատմական հիշողության կրիչներն են, այլև տարածքի էթնիկ պատկանելիության քարե վկաները, թիրախավորված է Ադրբեջանի հակահայ ու ծավալապաշտական քաղաքականության կողմից։ Արցախի հայ բնակչությանը ցեղասպանության ու բռնի տեղահանության ենթարկելուց հետո, Ադրբեջանն անցնելու է մշակութային ցեղասպանությանը, որի համար նախադրյալներ է ստեղծում։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: