Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Սեպտեմբերի 19-ի ահասարսուռ իրադարձությունները դաջված են սզնեքցի Էլլադա Մուսայելյանի աչքերի մեջ: Դառն ապրումներ, վախ, սարսափ, որ երբեք չի կարողանա մոռանալ: Սարսափելի էր, աննկարագրելի դաժան…
-Հրետակոծությունն սկսվեց կեսօրվա մոտ, հանկարծակի: Թիրախավորվել էին գյուղի դիրքերը: Մոտավորապես մեկ ժամ անընդմեջ խփում էին դիրքերի ուղղությամբ: Մեկ րոպե անգամ չէին դադարում կրակոցները, թշնամին օգտագործում էր ամեն տեսակի զենք: Մի քանի ժամից հետո աշխարհազորայինները նահանջեցին դիրքերից: Այլևս հնարավոր չէր պայքարել: Ուժերն անհավասար էին…
Գյուղի կանայք, ծերերը և փոքրիկ Մանեն /այդ պահին գյուղի միակ երեխան/ ոտքով անտառների ու դաշտերի միջով գլխապատառ փախան դեպի հարևան Խաչմաչ: Այդ ընթացքում ևս չէին դադարում հրետակոծությունները: Թշնամին ամենուր էր՝ մեծ խմբերով…Թե ինչպես հասանք Խաչմաչ, այսօր դժվարանում եմ ասել. վազելով, ընկնելով, թաքնվելով ծառերի տակ…Տարեց մարդկանց մեքենաներով տեղափոխեցին: Բոլորս հայտնվեցինք տարբեր նկուղներում: Նույն գիշերը մի մասը տեղափոխվեց Ստեփանակերտ, իսկ մի մասը մնաց Խաչմաչում: Զինադադարից հետո հասկացանք, որ մեր գյուղացիներից մի քանի հոգի մնացել են Խաչմաչում ու գերեվարվել: Բարեբախտաբար, երկու հոգի վերադարձել են: Վաստակաշատ մանկավարժ Արտյուշա Միքայելյանին մահացած են գտել, մարմինը վերադարձվել է և հուղարկավորվել Էջմիածին քաղաքում: Երկու հոգու ճակատագիր դեռևս անհայտ է /Ռոբերտ Մուսայելյան, Շուրա Մանասյան/: Չորս աշխարհազորայիններ ևս գերեվարված են, սակայն նրանց հետ կապ է հաստատվել, հույս ունենք, որ շուտով ազատ կարձակվեն:
Գյուղից դուրս ենք եկել խուճապահար, չէինք մտածում, որ ողջ կմնանք, սակայն արցախցին ամուր է, և այսօր հայտնվելով Մայր Հայաստանում, գտել ենք ժամանակավոր կացարաններ, մտադիր ենք ապրել… Իհարկե, շատ դժվար է: Երբեք չենք կարողանա մոռանալ մեր հարազատ գյուղը և այն ահուսարսափը, որ ունեցանք վերջին օրերին: Արցախին հրաժեշտ տվեցինք միանգամից, ամենացավալի կերպով,-ասում է դժոխքի միջով անցած կինը:
Համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանի ցավը խորն է. գերեվարված ծերունիներից մեկը իր հայրն է՝ 82-ամյա Ռոբերտ Մուսայելյանը:
-Այս պատերազմն այնքան հանկարծակի սկսվեց, որ չկարողացանք գյուղի բնակչության տարհանումը կազմակերպել, անասելի ցավ եմ ապրում դրա համար: Այդ պահին, երբ գյուղը տարհանվում էր, գտնվում էի դիրքերում՝ աշխարհազորայինների հետ: Սզնեքցին հարազատ բնօրրանը լքեց անասելի ցավոտ պայմաններում: Ով կպատկերացներ…
Գյուղացիների հետ կապ եմ պահպանում, գիտեմ նրանց ժամանակավոր բնակության վայրերը: Ամենամտահոգիչն այսօր մեր անհայտ կորածների ճակատագրերն են. ո՞րտեղ են, ի՞նչ է կատարվում նրանց հետ,-ասում է համայնքի ղեկավարը և ավելացնում,-Արցախն այսպիսի ճակատագիր չպետք է ունենար…
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: