Արցախցի մայրերը ահազանգում են․ Երեւանում երեխաներին մանկապարտեզ չեն ընդունում

  • 09:10 11.10.2023
Քանի օր է զանգում, մոտենում եմ Արաբկիր թաղամասի բոլոր պետական մանկապարտեզներ (մասնավորի գները պարզելուց հետո, դրանք որպես տարբերակ չդիտարկեցի) կրտսեր խմբում զույգ բալիկներիս տեղավորելու հարցով, պատասխանը հետևյալն է.
-Տեղ չունենք, կարգը այնպես է, որ իրավունք չունենք 20 երեխայից ավել խմբեր ունենալ, մեզ հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել միայն այն դեպքում, երբ կա թափուր տեղ:
-Բայց դուք հասկանում եք չէ՞, որ ճգնաժամային իրավիճակում թղթի վրա գրված ստանդարտներով չեն առաջանորդվում:
-Դե, եթե թույլ տան կընդունենք, բայց այս պահին թույլտվություն չկա:
Այսինքն որևէ այլ արտոնություն չկա՞
-Կա, ընդունվելու դեպքում անվճար է։
Բոլոր մանկապարտեզներից բացասական պատասխան ստանալուց հետո, բայց հույս ունենալով, որ հնարավոր չէ լուծման որևէ այլ տարբերակի առաջարկ չլինի, զանգում եմ կրթության նախարարություն: Պատասխանը կտրուկ էր.
-Զանգեք քաղաքապետարան, մենք կապ չունենք, ընդամենը ծրագիր գրող ենք:
Զանգում եմ քաղաքապետարան: Քաղաքապետարանի աշխատակիցը լսելով իմ բացատրությունները՝ սառը տոնով պատասխանում է.
-Այո, ձեզ ճիշտ տեղեկություն են տրամադրել, պետք է հերթագրվեք ու սպասեք ձեր հերթին, տեղերը սահմանափակ են, դիմորդները շատ, ձեզ նման շատ ծնողների երեխաներ դուրս են մնացել ցուցակից, ու էս ասածների մեջ զրո էմոցիա:
Հուզմունքս մի կերպ զսպելով՝ հարցնում եմ.
-Դուք իմ կարգավիճակում հայտնվածներին համեմատում ե՞ք նախօրոք հերթում գրանցված ու դուրս մնացածների հետ: Հասկանում ե՞ք չէ մեզ ինչքան է պետք աշխատելը, միթե՞ որևէ լուծում չկա:
-Ոչ, չկա:
Աչքիս առաջ եկավ սեպտեմբերի 19-ի տեսարանը.
Ճաշի ժամ էր, աշխատանքից վերադարձա տուն, կոշիկներս հանելուն պես պայթունի ձայն լսեցի: Վազելով հասա պատուհանի մոտ. բոլորը վազում էին: Հասկացա՝ նորից պատերազմ է սկսվել: Ամուսինս այդ պահին երեխաներին էր քնեցնում, որոնց մանկապարտեզ չէի ուղարկել հիվանդության պատճառով: Քնաթաթախ, ջերմող երեխաներիս վերցրեցի ու վազելով իջանք նկուղ: Այդ օրը մենք չէին մտածում, որ կորցնում ենք տուն, տեղ աշխատանք, հայրենիք, մենք միայն փրկության մասին էինք մտածում:
Չգիտեմ մտածում եմ, արժե՞ր այդ մի փոքրիկ հատվածը մեր ապրած դժոխքից պատմել այդ աղջկան, գուցե մոտը ապրումակցման նշույլ առաջանար, բայց երևի ճիշտը չպատմելն էր:
Բոլորս շատ լավ գիտենք, որ կարճ ժամանակ հետո մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնալու, երկարաժամկետ լուծումներ են պետք, որոնք ցավոք պետության կողմից չեն ձեռնարկվում: Մասնավոր հատվածը մեծ բեռ է իր վրա վերցրել, որի համար երախտապարտ ենք:
Մենք մուրացկան չենք, ընդամենը պահանջում ենք պայմաններ ստեղծել, կաշխատենք ու մեր գլխի ճարը կտեսնենք:
Խնդրում եմ տարածել գրառումը, գուցե պատկան մարմիններին տեղ հասնի, վստահ եմ, որ իմ կարգավիճակում շատերն են հայտնվել:
f