Բռնի տեղահանված ուսուցիչները, բացի աշխատավարձից, կստանան նաև 30 տոկոս հավելում

  • 13:25 12.10.2023

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում հաստատեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը:

ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս պահին կա 1500 թափուր աշխատատեղ, որտեղ գործում է արտամրցութային կարգը։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կարող է ընտրել թափուր աշխատատեղը ու հայտ ներկայացնել` այդ տեղը զբաղեցնելու համար։

«Բացի աշխատավարձից, ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կունենա նաև 30 տոկոս հավելում իր աշխատավարձին։ Դա, ըստ ընդհանուր կարգի, տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախարարությունն ուսուցչին գործուղում է որևէ մարզ»,– պարզաբանեց Խաչատրյանը։

Նա ավելացրեց, որ ՀՀ կառավարությունն առանձնացրել է նաև այն բնակավայրերը, որտեղ բացի այդ 30 տոկոսից, կլինի նաև լրացուցիչ 50 հազար դրամ հավելում։ Դրանք են՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը, Գեղարքունիքի, Ճամբարակի, Վարդենիսի բնակավայրերը, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդավան բնակավայրերը։

«Այսինքն, խրախուսելով մարդկանց ընտրությունը` երկարաժամկետ հատվածով դեպի սահմնամերձ հատվածներ գնալը կամ այն մարզեր, որտեղ մենք կցանկանայինք, որ նրանք գնային, մենք այդ ուղղություններով նաև մտածում ենք տարբերակված մոտեցում ունենալ բնակարանային ապահովության ծրագիր կազմելու առումով։ Սրանք որոշակի խթաններ կլինեն, որ մարդիկ իրենց որոշումներում այս հանգամանքը հաշվի առնեն»,– ընդգծեց նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ասաց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչների դեպքում թափուր տեղերի համար դիմելու պայմանները հնարավորինս հեշտացված են։

Նրա խոսքով` էլեկտորնային հարթակը վաղվանից գործելու է, ու ուսուցիչներն, իրենց տվյալները մուտքագրելով, կարող են գրանցվել, տեսնել առկա թափուր աշխատատեղերը` ըստ դասավանդման առարկաների ու բնակավայրերի։

ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեից ակնկալվում է իրականացնել հատկացումներ տարեկան շուրջ 309 մլն դրամի չափով։

Ըստ կանխատեսումների, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թվով մոտ 1500 ուսուցիչներից մոտ 1000-ը կօգտվեն նախագծով նախատեսվող միջոցառումից։ Հաշվի առնելով այն, որ ուսուցչի թափուր տեղերի ժամերը կազմում է շաբաթական միջինը 9,35 ժամ (0,42 դրույք)՝ դրույքաչափի 30 տոկոսի չափով լրացուցիչ հատկացվող լրավճարի գումարը 1 ուսուցչի հաշվարկով տարեկան կկազմի 125,0 (ուսուցչի միջին դրույքաչափ) x 0,42 (թափուր հաստիքների միջին դրույք) x 0,3 (լրավճար 30%) x 12 (տարեկան ամիսների քանակ) = 189,0 հազ դրամ, իսկ 1000 ուսուցչի հաշվարկով՝ 189,0 մլն դրամ։

Հաշվի առնելով նաև այն, որ նախագծով նախատեսվում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հաստատություններ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատությունների սույն ծրագրից օգտվող  ուսուցիչներին տրամադրել ևս հիսուն հազար դրամ ֆիքսված լրավճար, ինչը կազմում է ներկայիս թափուր տեղերի մոտ 20 տոկոսը, ըստ կանխատեսումների այդ ուսուցիչների թիվը կկազմի 200 (1000-ի 20%-ը), որի տարեկան ծախսը կկազմի մոտ 120,0 մլն դրամ։

f