Ստեփանակերտի վերականգնողական. մի օր կրկին օգնության կհասնի

  • 11:33 13.10.2023

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը բացվել է 1998 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ, ով մասնագիտությամբ բուժքույր էր և լավ էր հասկանում հետպատերազմյան շրջանում նման կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը։

1999թ.-ի մարտին Ք.Քոքսի հրավերով Արցախ եկավ վերականգնող մասնագետ Վարդան Թադևոսյանը, ով դարձավ Վերականգնողական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը։

Կազմակերպվել է մասնագետների վերապատրաստման մեկամյա դասընթաց, որից հետո 2000 թվականին Կենտրոնը սկսեց գործել։

Սկզբում բուժումն իրականացվում էր հիվանդանոցային պայմաններում, ինչպես նաև ամբուլատոր հիմունքներով։ Կենտրոնը մատուցում էր ծառայությունների լայն շրջանակ՝ վերականգնողական մասնագետի, թերապևտի, հոգեբանի և լոգոպեդի խորհրդատվություն, ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, հիդրոթերապիա, արտ-թերապիա։

Հիմնադրման օրվանից կենտրոնի մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել նաև տնային պայմաններում։ Դրա շնորհիվ լուրջ ախտորոշմամբ ավելի քան 500 հիվանդ կարողացել է ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։

Վերականգնողական կենտրոնն իր գործունեության շրջանակներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։ 2007 թվականին բացվել է մանկական առողջության կենտրոն, որտեղ 25 տարվա ընթացքում տարբեր ախտորոշումներով ավելի քան 200 երեխաներ կարողացել են վերականգնողական փուլ անցնել և ինտեգրվել հասարակությանը։

2017 թվականին բացվել է աուտիզմով երեխաների աջակցության կենտրոն, որտեղ տարեկան բուժվում էր 72 հիվանդ։

Կենտրոնը զբաղվում էր նաև Արցախյան երեք պատերազմների ընթացքում հազարավոր վիրավորների ռեաբիլիտացիայով։

Վերականգնողական կենտրոնը շատերի համար դարձել է երկրորդ տուն։ Շատ հիվանդներ կարողացան կրկին հավատալ իրենց և սկսել նոր կյանք:

2023 թվականի սեպտեմբերին կենտրոնը դադարեց գործել՝ Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայի պատճառով։

Հուսանք, որ ապագայում Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնը կկարողանա վերսկսել գործունեությունը ժամանակավորապես Հայաստանի տարածքում։

Արսեն Աղաջանյան

f