Արտակ Բեգլարյան. Ի՞նչ է պետք անել Արցախը պահպանելու համար

  • 23:16 13.10.2023

Արցախի նախկին պետնախարար, այժմ հասարակական գործիչ Արտակ Բեգլարյանը ընդգծում  է, որ տեղի է ունեցել ցեղասպանություն: Սկզբում ցեղասպանությունը ընթանում էր շրջափակման տեսքով, հետո վերջին փուլն է տեղի ունեցել՝ բռնի տեղահանման տեսքով, որը ինքնին ցեղասպանական ակտ է, ըստ միջազգային փաստաթղթերի՝ նաև հանցագործություն է մարդկության դեմ:

“Այստեղ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի իշխանությունը կոնկրետ և նպատակաուղղված նախապատրաստվել է այդ ցեղասպանությանը․ որպես փաստ՝ 10 ամիս տևողությամբ տոտալ շրջափակումն է, եւ այս ամենը միանշանակ փաստում է, որ տեղի է ունեցել արցախցիների ցեղասպանություն:

Ինչու այդպես ստացվեց՝ հարցը շատ համապարփակ է: Կարճ կարելի է ասել, որ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների հետևանք է, իսկ եթե փորձենք ավելի կոնկրետացնել՝ բոլոր դերակատարները, և ՌԴ, և Արևմուտքը ունեն իրենց մեղավորության, մեղսակցության բաժինը: Նրանք թույլ են տվել սկզբում շրջափակումը, հետո ռազմական ագրեսիան, որոշակիորեն նաև աջակցում էին, ունեին իրենց շահերը՝ ՌԴ-ն իր շահերն ուներ, Արևմուտք՝ այլ շահեր:

Այս ամենում իհարկե մեծ դեր է խաղացել ՀՀ ռազմավարական ձախողումը:

Արցախի և ՀՀ իշխանությունները շատ արագ պետք է քաղաքական օրակարգ ձևավորեն ու հումանիտարից անցնեն այլ հարցերի, իհարկե, հումանիտարը կարևոր է մարդկային տառապանքները մեղմացնելու տեսանկյունից, բայց պատճառը չի թիրախավորում, հասցեավորում է հետևանքը, բայց պատճառի մասով պետք է Արցախի և Հայաստանի իշխանությունները շատ արագ քաղաքական օրակարգ ձևավորեն:

Հստակ տեսակետ է, որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա Արցախ և անվտանգ արժանապատիվ պայմաններ ունենա իր հայրենիքում ապրելու համար։ Դրան ուղղված կոնկրետ պայմաններ, միջոցառումներ պետք է լինեն, և այդ ամենը ենթադրում է միջազգային բարձր երաշխիքներ, հստակ ինքնավարության, ներքին իրավունքների պաշտպանության կամ իրացման մեխանիզմների ներդրումներ:

Այս մասով կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պետք է քննարկվեն”,- ասել է Արտակ Բեգլարյանը։

f