«Մարդիկ, որոնք տուժվել են բենզալցակայանի պայթունից, միանշանակ պետք է ունենան սոցիալական երաշխիքներ: Զոհերը և վիրավորները ուղիղ կապ ունեն պատերազմի հետ, քանի որ պայթունը ուղիղ ադրբեջանական ցեղասպանության և պատերազմի հետևանք է»: Այդ մասին Step1.am-ին ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Նախ՝ Ադրբեջանի պահանջով պետական համակարգի և բանակի կազմալուծումը բերել են անկառավարելի իրավիճակի։ Երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը շրջափակման պայմաններում հատուկ ստեղծել է վառելիքի սղություն, և մարդիկ ստիպված էին հայթայթել վառելիք։ Եւ երրորդ պատճառն այն է, որ 10 ամիս շրջափակման, պատերազմի, պետական համակարգի կազմալուծման պայմաններում մարդկանց մոտ սուր վախի զգացողություն է առաջացել, մարդիկ հիմնավորված կասկածներ ունեին, որ ադրբեջանցիները կմտնեն և կցեղասպանեն բնակչությունը։ Հետեւաբար՝ նրանք փորձում էին մի քիչ վառելիք ձեռք բերել փրկվելու համար: Եվ եթե չլիներ խուճապային տրամադրություն, վառելիքի սղություն, կազմալուծված բանակ և պետական համակարգ, այս դեպքը չէր լինի»-, ասել է Արտակ Բեգլարյանը:
Անհետ կորած համարվող քաղաքացիների, զոհերի ու վիրավորների մասով MediaHub-ը զրուցել է Արցախի քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ։ «Ըստ քննչական կոմիտեի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների, պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Հայաստանյան ու արտասահմանյան բուժհաստատություններ են տեղափոխվել հարյուրավոր քաղաքացիներ, նրանց մի մասի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախի փրկարարների կողմից այդ տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանված դիերի մի մասը ճանաչելի են եղել, 150 անճանաչելի դիակ գտնվում է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անհետ կորած համարվող հարազատներ և նրանց մասին որևէ լուր չունեն և դիակների նույնականացման համար դեռևս ԴՆԹ թեստ չեն հանձնել, կարող են մոտենալ Մխիթար Հերացի 5 հասցեով՝ դատաբժշկական և գիտագործական կենտրոն։
Ի դեպ, տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմը պայթյունից հետո վիրավորներ է տեղափոխել Ակնա (Աղդամ) կամ Շուշի, իրականությանը չի համապատասխանում։
Ըստ ականատեսների՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող, ՊՆ-ին պատկանող վառելիքի պահեստի տարածքում 500-ից ավելի մարդ է եղել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նախնական վարկածով պայթյունը և դրան հետևած հրդեհը անվտանգության կանոնների չպահպանման հետևանք է»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: